Զանգի զիլ ձայնը խախտեց լռությունը: Դասամիջոցն սկսվեց: Բարձր դասարանցիները հավաքվեցին իրենց սիրած անկյունում: Այնտեղից ամեն բան երևում է, բայց խանգարող չկա:
-Հոգնել եմ էս դասերից,-ասաց Էդգարը:
-Նամանավանդ էս քիմիան,-համաձայնվեց Արամը:
Պատասխանելու անգամ հավես չկա: Զրույցը չէր ստացվում:
-Էն Կարենը ո՞ւր կորավ, է,- կարծես սրա համար էլ Կարենն է մեղավոր:
-Սիրահարվել է,-պարզաբանեց Միքայելը:
-Ու՞մ:
-Զուգահեռ տասերից մի աղջկա: Անունն Աննա է:
-Հա, ճանաչում եմ: Ըհը, գալիս է, էլի երևի չկարողացավ բացատրվել,- մրթմրթաց Էդգարը, հետո դիմեց մոտեցող Կարենին:
-Ճի՞շտ է:
-Ի՞նչը:
-Սիրահարվե՞լ ես:
-Աաա~, եսի՞մ: Դեռ ոչ մեկին բան մի ասեք: Ի՞նչ եք էստեղ ցցվել, եկեք մի քիչ դուրս գանք դպրոցից:
Էդգարը ծխախոտ հանեց:
-Երեկ ֆուտբոլը նայեցի՞ք:
-Չէ, մեր թաղում լույս չկար: Երեկ էլեկտրակայանն են պայթեցրել:
Արձագանքող չեղավ: Չգիտես որտեղից, հայտնվեց Կարենի կրտսեր եղբայրը, տագնապած նայեց եղբոր ծխախոտին: Հանկարծ նրանց հայացքները խաչվեցին:
-Մամային չասես:
Արմենը լռեց:
-Դասի գնալու հավես չկա, ուզում եմ տուն գնալ,-լռությունը խախտեց Էդգարը:
-Այսօր դաս չպետք է լիներ, մարդկանց չեն ուզում դուրս թողնել: Երևի այդպես են անում, որ մարդկանց խուճապի չմատնեն,- ասաց Կարենը:
-Ի՞նչ կապ ունի, տանը, թե՝ այստեղ:
-Ո՞նց, դպրոցը ամեն երկրի ապագան է: Կենդանի թիրախ…
-Ամենադաժան թշնամին էլ խիղճ ունի, ի վերջո, հանգստացիր:
-Ես լսել եմ, որ Հյուսիսային պողոտայում փակ խանութներ էին թալանում,-ասես ինքն իրեն խոսեց Միքայելը:
-Փողոցում գրեթե մարդ չկա:
-Մաման չէր ուզում Արմենին դպրոց թողնել…,-ասաց Կարենը:
-Հորիցդ դեռ նամակ չկա՞,- անհանգստացած հարցրեց Էդգարը:
-Չէ:
-Նրան էլ ե՞ն տարել,-հարցրեց զուգահեռ դասարանից մի տղա:
Արմենը գլուխը թաքցրեց բարձրահասակ տղաների հետևում:
-Ես չգիտեի: Հուսով եմ կվերադառնա, Կար ջան,- փորձեց մխիթարել նա:
Մինչդեռ երեկ հենց այս նույն տեղում ծեծկռտվում էին:
-Դու ինչո՞ւ ես մեծերի կողքին կանգնել,- Կարենը փորձեց հուզմունքը թաքցնել և բղավեց եղբոր վրա,- գնա դասարան:
-Ավելի լավ է՝ տուն գնանք,- էլի սրտնեղեց Էդգարը,- Հիմա նորից պիտի ստիպեն հակագազ հագնել, հետո՝ թե ինչպես թաքնվել ռմբակոծության ժամանակ: Ինչ լինելու է՝ կլինի: Չեմ ուզում վախեցած ապրել:
Մուտքի մոտ տղաները բաժանվեցին Էդգարից:
-Հաջող,-ասաց նա,- հուսով եմ, վաղը կհանդիպենք:
-Ըհը,- ասես իր ասածին չհավատաց Կարենն ու շրջվեց:
-Կարեն,-ձայն տվեց Էդգարը:
-Ի՞նչ:
-Աննային ասա, որ սիրում ես, անպայման ասա: Գուցե վաղը…
Էդգարը խոսքը կիսատ թողեց: Կարենը նայում էր նրա հետևից, գիշերային ռմբակոծությունից հետո դեռ մխացող փողոցում նա մենակ էր:
Արսեն Բաբաջանյան, 16. 2003