valentina

Վաչոն՝ որպես հավաքական կերպար

-Ուղղակի ինքը ուրիշ ա։ Ինքը Վաչոյի պես չի։

-Վաչոն ո՞վ ա։

-Վաչոն իմ բոլոր սերերի հավաքական կերպարն ա։

-Հա, բայց ինչի՞ Վաչո։

-Որովհետև բոլորն էլ Վաչո են՝ անդուր, հիմար ու տգետ։ Էդքանը։

-Չեմ հասկանում։

-Ես էլ, բայց ինքը ուրիշ ա։

Սկսում ես հետաքրքրվել ֆուտբոլով, անգիր ես անում Ռեալ Մադրիդ թիմում խաղացող բոլոր ֆուտբոլիստների անունները (11 թե 13, թե գրողի տարած 14 հոգու անուններ), տարբերում ես անկյունայինը շրջանայինից (թե՞ ֆուտբոլում շրջանային չկա), ինքդ քեզ հաղթահարում ես էն փաստի համար, որ միայն ռադիատորն է եռում ու վերջապես սովորում ես, որ ձվածեղ սարքելու համար սկզբից ձեթն են լցնում, ոչ թե ձուն։ Խոսքով չես կծում, որ մերսեդես է սիրում, անգամ սկսում ես մեկ-մեկ քո սիրելի «բեմվե» մակնիշի մեքենայի թերությունները նշել, սկսում ես թարգել ճուտիկ, պոնչ ու ապուշ ասելու ջիգյարով սովորությունդ, որովհետև մտածում ես, որ հաջորդ անգամ նրա ժայթքելուց ճակատագրական «լավ»-եր կլինեն, կազմում ես հատուկ գրաֆիկ, որ չաղանաս։ Չաղանաս տեղը տեղին՝ սալիկներով ու թշիկներով։ Բայց ինքը էլի քո նամակին չի սպասում կամ քեզ չի հավանում, սատանի ականջը չկանչի՝ գուցե ուրիշին է հավանում։

Հպարտանում ես ինքդ քո մեջ, որ շատ խելացի ու «քյարթ» չի, ու դիմանում ես, որ ամեն անգամ պոնչո չանես էդքան լավը լինելու համար (բայց տեսնես՝ թմբը՞լ ա, թե՞ չէ), փորձում ես հանդուրժել իր յուրաքանչյուր «ֆազոտման» պրոցես (էս ինչ բառ էր, բայց «ջղայնացած» չէր սազի)՝ աղջկական դոմինանտությունը կոծկելով երեխայական հայացքների մեջ։ Ականջի հետև ես գցում էն փաստը, որ մագնիսի նույն բևեռները իրար չեն ձգում, այլ վանում են։

Քեզ լուրջ ես պահում, որ չմտածի, թե տարօրինակ ես։ Ու հասկանում ես, որ էդ քո ու ուրիշը դառնալու պայքարում հաղթում է քո եսը, որովհետև քոնը չի ո՛չ Մերսեդեսի մարտկոցը, ո՛չ Ռոնալդուի գնդակները, ո՛չ տնային պայմաններում պատրաստված լեչոյի տիրուհու կերպարը, ոչ էլ պոնչ չասելու (չ)հակումները, որովհետև դու ուզում ես լինել դու` քո պրակտիկ բոթասներով, խայթելու սովորությամբ, անիմաստ անեկդոտների պաշարով ու հա, հավերժական նիհար լինելու տոմսով։

Ու հա, հետո ի՞նչ, որ Վաչոյին նման չի։ Կամ էլ, եսիմ։ Կարևորն՝ ուրիշ ա։

Ոգեշնչման աղբյուր՝ Սյունե Սևադա