mane minasyan -2

Վառածն ավելի համով է

Դեռ փոքր տարիքից սիրել եմ խոհանոցն ու պատրաստելը:

 Ճիշտ է, շատ էի լսում՝ «դուրս արի խոհանոցից», «խանգարում ես», «հերիք ա փչացնես ամեն ինչ» արտահայտությունները, բայց, ինչպես միշտ, ես համառ էի ու շարունակում էի ինձ երևակայել «ընտիր» խոհարար ու անել գործս:

Սկզբում, անկեղծ ասած, շատ էի նեղվում, բայց մի օր, երբ երևի յոթ կամ ութ տարեկան էի, պապիկս ինձ համար բաղադրատոմսերի գիրք բերեց ու ասաց, որ ինձ բան չասեն, որ ես պիտի վառեմ, փչացնեմ ու վերջապես սովորեմ:

Ու ես ամեն երեկո կապում էի գոգնոցս, կանգնում սեղանի մոտ ու կրկնում. «Բարի երեկո, սիրելի՛ հեռուստադիտողներ»: Դե հա, ես միշտ էլ երազել եմ խոհանոցի վերաբերյալ հաղորդում վարել:

Արդեն տասնմեկ տարեկան էի, երբ մերոնք սկսեցին չվախենալ փորձել պատրաստածներս:

Տասներկուսում առաջին տորթս դրեցի ջեռոցը: Առաջին կտորը տատիկս փորձեց, ու երբ ասաց, որ լավ է ստացվել, աշխարհն իմն էր:

Դե, տասներեք տարեկանում արդեն լավ էի պատրաստում, որովհետև փորձողը տասից ինն էր գնահատում: Ուրեմն լավ էր ստացվել:

Հիմա էլ եմ ազատ ժամանակ խոհանոցում լինում, ու մաման, որը մի քանի տարի առաջ ինձ խոհանոցից հանում էր, հիմա ասում է.

-Մա՛ն, մի բան սարքի ուտենք:

Աղջիկնե՛ր, մի՛ վախեցեք վառելուց, վառածն ավելի համով է, իսկ դուք, սիրելի՛ մայրիկներ, մի՛ արգելեք մեզ պատրաստել մեր առաջին «գլուխգործոցները»: