Վառարանի կողքին

 

Լուսանկարը՝Մարիամ Ղուկասյանի

Լուսանկարը՝Մարիամ Ղուկասյանի

Ինչպես ամեն տարի, այս տարի ևս մեր` Լոռու մարզի Վահագնի գյուղի ձմեռը էլ ավելի հեքիաթային էր: Ձյունը, որ Ամանորի գիշերը անակնկալի բերեց բոլորիս, գեղեցկացրեց շուրջ բոլորը, ամեն ինչ: Գյուղը ձմռանը ավելի շքեղ է դառնում. քայլում ես ձյունածածկ ճանապարհներով, ճանապարհի եզրերին ձյունից ծանրացած ծառեր են, իսկ ոտքերիդ տակ ճռճռում է ձյունը, ու մի խորհրդավոր լռություն է շրջապատում քեզ: Հատկապես  հաճելի է, երբ ձմռանը բռնում ես մառան տանող ճանապարհը, այնտեղ, ուր հիմնականում հանդիպում ես մայրիկիդ պատրաստած համեղ հյութերին ու պահածոներին: 

Երբ այլևս անելու ոչինչ չի մնում, այդ ժամանակ բոլորիս մոտ մի հանճարեղ գաղափար է ծագում: Հավաքվում ենք վառարանի շուրջը և սկսում մեր ամենասիրելի գործով զբաղվել: Մեկը կտրտում է կարտոֆիլը, մյուսը աղով համեմում է այն, իսկ ես սպասում եմ, թե երբ և ում է հասնելու առաջին «պլեճը», որն արդեն ավանդական է դարձել բոլորիս տներում:

Բայց դա իհարկե, չի փոխում գյուղի միապաղաղ կյանքը: Ձանձրույթն ու անգործությունը ավելի է ծանրանում մարդկանց վրա, և դրանից տհաճ ու դժվար, կարծում եմ, ոչինչ չկա: Անշուշտ, այդ ձանձրույթից հարկավոր  է ազատվել, և դրա տարբերակներից մեկն այն է, որ հավաքվենք  մտերիմներից մեկի տանը ու ստեղծված ջերմ մթնոլորտում դիտենք նարդու կամ թղթախաղի բուռն ու հետաքրքիր խաղերը: Բայց ինչքան էլ խոսեին այս մասին, հարցեր կան, որոնց պատասխանը ինձ նույնպես  հետաքրքրում է: Եվ զուտ հետաքրքրությունից դրդված որոշեցի մի քանի հարց ուղղել դասղեկիս՝ ընկեր Ավագյանին, ավելին իմանալու համար:

-Ձմռանը սկսում ենք նախապատրաստվել ամռանից: Ամռան և աշնան ընթացքում վառելիք  հայթայթելով` ձմռանը տաքանալու համար, ինչպես նաև պահածոներ, չրեր և մուրաբաներ  պատրաստելով:

-Ըստ ձեզ՝ ի՞նչ խնդիրներ ունի գյուղը ձմռան հետ կապված:

-Իմ կարծիքով, առաջնային է տների տաքացման խնդիրը: Շատերը չունեն գումար` վառելիք գնելու համար, մի կերպ են ծայրը ծայրին հասցնում:

Բացի այդ, գյուղում զբաղմունք չլինելու պատճառով ձմեռը անչափ հոգնեցնող է:

Գոնե երեխաների համար պետք է կազմակերպվեն ձմեռային խաղերի մրցույթներ, որոնց կկարողանային մասնակցել նաև մեծահասակներից նրանք, ովքեր կցանկանան:

Այո, զբաղվելու բան չկա, անկեղծ ասած, միայն վառարանի կողքին նստելով, նարդով ու թղթախաղով զբաղվելով, ձմռան օրերը պարզապես միապաղաղ գլորվում են:  Գործերով լեցուն տարվա ընթացքում մարդիկ գրեթե չեն հասցնում  հանգստանալ, և ձմեռը շատ լավ առիթ է մի փոքր  առօրյա գործերից կտրվելու: Բայց ժամանակը հագեցած անցկացնելու ոչ մի միջոց գյուղում չկա: Շուտով գարունը կգա, և գարնանային եռուզեռն ու կրկնապատկվող աշխատանքը երկար սպասեցնել չի տա: