jenya yeghikyan

Վառ կանաչ քաղաքս

 Կսկսեմ այնտեղից, որ ես էլ չգիտեմ՝ ինչպես իմ բառապաշարում հայտնվեցին բառեր, որոնց համար ստուգաբանական բառարան չկա։ Ամեն տարի ես կշտապեմ քեզ մոտ, որ բարձունքից նայեմ իրար կողքի կքած տներիդ։ Ես ամռանը գալիս ու գրկում եմ քեզ, երկար ժամանակով մնում եմ գրկումդ և միակողմանի համաձայնությամբ բաց եմ թողնում քեզ։ Վերմակի տակ ծածկված այդ քաղաքը Բերդագյուղն է, Բերդը։

Բերդը ես հասկանում էի իր ուղիղ իմաստով, երբ փոքր տարիքում էի գալիս: Ընկերները քիչ էին, ինձ համար դժվար էի հետաքրքրություններ գտնում, ու ես իրոք, հասկանում էի, որ Բերդում եմ, հատկապես, երբ եղբայրս գործի էր դնում իր նկարչական շնորհը և սկսում էր նկարել ձեռքերիս՝ կասկած անգամ չկար, որ ես Բերդում եմ։ Հարևանի «չափարից» տանձ գողանալը միակը չէր, որ ինձ հաճույք էր պատճատում: Անկեղծ ասած, դեռ շարունակում է հաճույք պատճառել։ Հավերի հանդեպ ունեցած իմ վախը սկսեց այն օրվանից, երբ պապս ասաց.
֊Քըյնա հըվանոցիցը ծյու պի։
Մինչ երկար ժամանակ նախադասությունը կծամեի բերանումս, որ հասկանամ` պապս ի՞նչ է ուզում, և վերջապես ո՞վ է այդ անիծյալ «ծյուն», հասկացա, որ ձվի հետ է։ Օ՜, ես գլխի ընկա։ Երեսուն հավերից բաղկացած բազմանդամ հավանոցը միակը չէ, որով զբաղվում է պապս։ Ես դեռ պետք է հասկանայի, թե ո՞րն է «կյոճին», որո՞նք են «ճգըրնին» և այդպես մնացած անհասկանալիները։ Երբ արդեն որոշ գիտելիք ունեի, և ինձ կարող էի թույլ տալ ձևակերպել առաջին նախադասությունս, ասացի.
֊Վեդրենունցովը շյլոր կըվաքե՞մ։
Ես այդ օրը ստացա «հինգ», հենց ձեռքիս վրա։ Բառապաշարս էլ ինձ պաշարեց իր ուրախությամբ։ Բարբառային նոր բառերս դեռ շատ կդասավորեմ իրար կողքի, դա ընթացքում։
Մեր տան հարևանությամբ հոսպիտալն է։ Փոքր ժամանակ կանգնում էի քարի վրա, ձեռքերս դնում պատին, թաթերիս վրա ձգվում, որ տեսնեմ՝ ո՞ւմ բերեցին, ո՞վ դուրս գրվեց: Այնքան երկար էի նայում, որ հանգիստ կարող էի պահակի աշխատանքը ինձնով անել, նստել հսկելուց լավ էի, ստացվում էր։

Հոսպիտալը, առաջին նախադասությունս, Բերդագյուղիս վառ կանաչը միշտ ինձ հետ են։ Ես արդեն խեղդվել եմ գեղեցկությանդ մեջ: