shushanik papazyan

Վարդագույն կտուրի հրեշին

Մեկ շաբաթից ավել է, ինչ ուզում եմ գրել։ Չի ստացվում։

Այս անգամվա համար ընդամենն ուզում էի ասել, որ իմ մեջ բոլոր կանայք հոգնել են։ Ինձ խաբել են ու ամենավատն այն է, որ ես հավատացել եմ։
Մայրս ինձ հաճախ է ասել, թե սա էլ կանցնի։
Գիտես, ես էլ մի բարի մեկին ուզում եմ փողոցում կանգնեցնել ու ասել՝ վատ եմ, կամ չի անցնում։ Երբեմն իմ մեջ ցանկություն է առաջանում գլուխս պատեպատ տալու, բայց ավելի հաճախ ջանքերս իզուր ջուրն են ընկնում։ Ինչպես մղձավանջներս, երբ առավոտյան տագնապած վազում ու ջրին եմ պատմում տեսածներս։ Սկսել եմ հաճախ մտածել, թե ինչ է լինում երկգլխանի հրեշների հետ, որոնք ուտում են ձեռքս, բայց առավոտյան հայտնվում են  ջրատար խողովակում։
Երեկ առավոտյան որոշեցի գոնե իրենց չտանջել։ Ահա, սկսել եմ մորս չլսել ու երազներս ջրին չեմ պատմում։ Հավանաբար ջրատար խողովակում մթություն է՝ հրեշներս երևի միայնակ են զգում իրենց։ Հետո ծիծաղում եմ այս մտքիս վրա՝ իսկ եթե գնացել իրար գտել ե՞ն ու հիմա երեկոներն իրար ձեռք ձեռքի պար ե՞ն գալիս։
Այսօր առավոտյան արթնացա։ Սովորական է արդեն սկզբից ստուգել ձեռքս՝ տեսնելու. կա՞, թե՞ չկա։ Առաջինը նկատում եմ եղունգներիս նոր գույնն ու հուսադրում ինձ, թե իրենք էլ հավանել են։
Ուզում եմ երկար-բարակ պատմել նախորդ գիշերվա երազս, բայց գրեթե նույնն է ամեն բան։ Բացառությամբ, որ այս անգամ անծանոթ ինչ-որ վարդագույն կտուրի վրա էինք, և երբ սուր ժանիքներով օձը սողաց  դեպի ինձ՝ ես նետվեցի  տանիքից ու գիշերը արթնացա մի քանի անգամ։
Ութն անց երեսուն է, ես առավոտյան սուրճ եմ խմում, ու սովորական զգացողություն է՝ ասես անպետքության մի ամպ կախվել է ուսիս։ Մտածում եմ երազիս մասին ու որոշում եմ գրել վարդագույն այդ կտուրի մասին։
Առաջինը, որ անցնում է մտքովս, այն է, թե որքան հաճելի կլիներ համբուրվել այդ կտուրին անծանոթ մեկի հետ կամ էլ նախկին սիրածի։ Իսկ ինձ բաժին է ընկել խուսափել օձի հետապնդումից՝ բա որ հանկարծ կո՞ւլ տա ձեռքս, ու ես չկարողանամ գրել։
Եթե ճիշտը պատմելու լինեմ, քեզ կասեմ՝ այդ առավոտ մտաբերեցի բոլոր տանիքները, որոնցում եղել եմ ու գտա մեկը։ Ծիծաղդ կգա, բայց կպատմեմ։
Երևանյան մյուս տանիքները պահում են գաղտնիքը՝ լավ եմ համբուրվում, թե` ոչ։ Վարդագույն այդ տանիքին եղել եմ ուղիղ տասն անգամ։ Որքա՜ն փոքր էր թվում քաղաքը՝ իրար վրա լցված երազանքներով։ Հաջորդ անգամներին բարձրից նայում էի անցորդներին ու խոսում հետները, թե այդ վերնաշապիկը չի սազում քեզ, եղբայր, կամ զուգագուլպաներդ վնասվել են, աղջիկ։
Ինձ որևէ մեկը չէր լսում։ Գիտես, չեմ ստի, եթե ասեմ, որ իմ հարցում սա սովորություն է։ Ես խոսում եմ կարդացածս վերջին գրքի մասին, բայց գնահատական եմ ստանում, թե այս անգամ կարմիր շրթներկն ինձ ավելի է սազում։
Գիտե՞ս, վերջերս եմ միայն նկատել՝ կանայք, ովքեր ապրում են իմ մեջ, սկսել են ընդվզել նման դեպքերում։ Վերջերս ինձ հազիվ եմ փրկել՝ մի երիտասարդի ապտակ հասցնելու փորձից։ Մտածում եմ՝ ինձ հետ ապրելն իսկական գլխացավանքի է վերածվում։
Կանայք, որոնք մնացել են իմ մեջ, երբեմն զզվեցնում էին։ Ես հիմա մտաբերում եմ, որ այդ օրերին ես քաղաքին նայում էի վարդագույն կտուրից։ Ավելի հաճախ ես նյարդային կծկումներ էի ունենում, անզուսպ լաց լինում ու անկանոն ձայնարկություններ արձակում։ Չեմ էլ հիշում ինչպես, մի օր գրողի ծոցն ուղարկեցի մի հիմարի։ Այդ երեկո վարդագույն կտուրին պառկած նայում էի ուղիղ երկնքին։ Պատկերացնո՞ւմ ես տեսարանը ՝ մի քանի աստղ է երկնքում երևում, իսկ այտիցս առաջին, հետո քսաներորդ արցունքի կաթիլը  գլորվում ու թրջում է շապիկս։
Ես փակում եմ աչքերս։ Հետո մտաբերում եմ երկգլխանի հրեշի ու ժանիքավոր օձի մասին ու արագ կոպերս բարձրացնում ու տնտղում եմ տարածքը։ Գիտես, չէ՞, ավելի հաճախ է լինում, որ երկնքից ոչ մի աստղ էլ չի ընկնում, որևէ մեկը չի գալիս քեզ փրկելու։ Հնարավոր է այնպես, որ տունդ էլ չգտնես, ու հրեշավոր ինչ-որ ձայներ գիշերով քեզ հանգիստ չտան։

Իմ սիրելի, գիտես, ավելի հաճախ հնարավոր է, որ ականջ դնես  հրեշավոր շշուկներին ու որոշես, թե քո մեջ բոլոր կանայք արդեն հոգնել են։

Այստեղ ուզում եմ գրել վարդագույն կտուրից երևացող ամպերի մասին։ Երբեմն դրանք ստանում էին որևէ կենդանու կերպարանք։ Ավելի հաճախ ես պատկերացնում էի բոլոր այն հիմարներին, ովքեր կոտրել են սիրտս։ Ես նայում էի ուղիղ իրենց աչքերին ու կարգին հայհոյում։ Ծիծաղդ կգա, բայց սիրտս ուզածիդ չափ թեթևանում էր։
Երբեմն ամպերը մուգ կապույտին կամ սևին էին տալիս։ Այս օրերին ես հարևան շենքից նկատում էի կանանց, ովքեր  լվացքը պարանից անհանգիստ հավաքում ու տուն էին տանում։ Պատահում էր, որ լվացքն իր տեղում էլ մնում էր։ Երևակայում էի, թե լվացքը հավաքելու փոխարեն այդ կինը հանգիստ քնած է ու երազում խնձորով իսկական կարկանդակ է ուտում։
Ինչպես հեքիաթում, երբ թագավորն իր հարստության կեսը տալիս է, ես էլ նույնը կանեի՝ միայն թե մեծ-մեծ հրեշների փոխարեն խնձորով կարկանդակներ տեսնեի։

Երբ փոքր էի, գիտեի` հենց  լույսը միացնեմ, սենյակի բոլոր հրեշները կչքվեն։ Հիմա տատիս հաճախ ուզում եմ հարցնել. բա ես ի՞նչ անեմ, որ հրեշները ոչ թե մեկսենյականոցում են, այլ կոկորդումս կամ կրծքավանդակիս արանքում։
Սխալ կլինի կարծելը, թե քիչ ջանքեր եմ ծախսել՝ ազատվելու հրեշներից։ Գիտես, չէ՞, ոչ տաք կաթ խմելն է օգնում, ոչ էլ լիտրերով ջուրը։
Նախքան անկողնուս մեջ պառկելը, տատիս խնդրում եմ, որ մի կարգին երազ պատմի քնիս մեջ։ Բայց սարսափում եմ, երբ գիշերվա մեջ հազար անգամ ստուգում եմ՝ ձեռքս կերել են, թե` չէ։
Երեկ դադարեցի գրել այստեղից ու գիշերը կրկին վարդագույն կտուրի ժանիքավոր օձի հետ կռիվ էի տալիս։
Ամբողջ օրը չէի գրում։ Մտածել եմ մի երկար նամակ գրել հրեշին ու երազիս պատմել, թե ինչու իմ ձեռքն այդքան էլ համեղ չէ, ես էլ այդքան լավը չեմ։
Ուզում էի սկսել` բարև, իմ սիրելի հրեշ-ով, հետո հիշեցի, որ ինքն ուզում է ուտել ինձ, ու բարևելու համար իսկի ժամանակ էլ չի մնում։ Որոշեցի գրել, թե իմ աջ ձեռքը ընդհանրապես համեղ չէ, որովհետև սովորաբար ինչ հիմարություն ասես, այս ձեռքով եմ գրում։ Ծիծաղեցի, բայց եթե համոզելու կարիք լինի, գրածներիցս մեկը արագ կկարդամ։ Բա որ դրա ժամանակն էլ չլինի՞։ Կեսօրի կողմը գլխիս տվեցի, թե ինչ հիմար գործի եմ լծվել՝ հրեշին համոզել կլինի՞ բա։ Ճիշտն ասած, որշեցի ոչինչ էլ չանել։

Սիրելիս, գրում եմ քեզ կեսգիշերին։ Կրկին արթնացել եմ ցավից, ասես աջ  ձեռքս արնաքամ է լինում։  Խոսելու ժամանակ չունեցանք, միայն հասկացրի, որ գիտեմ՝ քաղաքի որ կտուրին ենք։ Հիմարություն եմ մտածում, բայց եթե այդ հրեշը նախկին սիրեցյալներիցս է, գործս ավելի կհեշտանա։ Գիտես` ինձ ինչ կմնա անելու։ Չծիծաղես, բայց կասեմ։
Հաջորդ անգամ պետք է հասկացնել, որ աստիճանների մոտ թաքցրած գինի կա։