Վարդանը

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Լուսանկարը՝ Հռիփսիմե Եղիազարյանի

Մեր սրտի մի փոքրիկ անկյունում բոլորս էլ ունենք երազանքներ, ձգտումներ ու նպատակներ, որոնք շաղկապված են խաղաղության հետ ամենանուրբ ու ոսկեփայլ լարերով: Խաղաղությունն այն է, ինչի համար ամեն մի հայրենասեր զոհում է իրեն: Այսօր այն մեզանից յուրաքանչյուրի համար կյանքի նպատակ է, ազատ, հանգիստ ու արժանապատիվ ապրելու ձգտում: Եվ հանուն այդ մեծ նպատակի, հանուն լուսավոր ու խաղաղ ապագայի, մեծ կյանքի շեմից դեռ նոր ներս մտած երիտասարդը անքուն, ամբողջովին միայնակ՝ ցրտի, բնության ու թշնամու առաջ, կանգնել ու հսկում է մեր խաղաղ քունը: Այդ երիտասարդը եղբայրս՝ Վարդանն է: Կյանքով լեցուն քսանամյա այս տղան մինչ բանակ գալն ուներ իր պատկերացումները կյանքի ու ապագայի հանդեպ: Երազում էր բժիշկ դառնալու մասին, որպեսզի մարդկային կյանքեր փրկեր: Նա սիրում էր, սիրում՝անմնացորդ, ու մտովի արդեն իսկ կառուցել էր իր երջանիկ ապագան, որի անբաժան մասնիկը սիրած աղջիկն էր: Նրանց սերն այդ երկու տարիների ընթացքում հաղթահարել էր բոլոր դժվարությունները: Ընդամենը երկու ամիս… Երկու ամիս, և Վարդանը կվերադառնար բանակից՝ աղջիկը նրան էր սպասում ու… Հնչեց կրակոցի ձայնը: Թողնելով ապագայի կիսատ երազները, նա վերցրեց կողքին դրված զենքն ու գիտակցաբար գնաց մահվանն ընդառաջ: Ու այդ անվերջանալի թվացող կրակոցների ներքո, որոնք ասես մահվան քայլերգ լինեին, նա զոհվեց հանուն կյանքի, հանուն ապագայի և… հանուն սիրո:

Նա մահացավ, որ մենք ապրենք, ապրենք արժանապատիվ, որ այս մեծ աշխարհի մի փոքրիկ անկյունում կարողանանք անել այն, ինչ ինքը չհասցրեց: Եվ այդ ամենը հանուն խաղաղության, մի խաղաղության, որ կյանք արժի: Բայց թեև կիսատ, միևնույն է, այդ պատմությունը կկարդացվի, այն կապրի մեր բոլորի սրտերում հավերժ:

Նրա կորստյան ցավին խառնված հպարտությունն օգնեց մեզ ոտքի կանգնել ու շարունակել ապրել, որպեսզի ավարտին հասցնենք իր կիսատ թողած գործերը: Իսկ սիրած աղջիկը… կհասկանա նրան, ու գուցե մեծ դժվարությամբ, բայց կշարունակի ապրել, կշարունակի ժպտալ ու հպարտանալ, որ նման ընկեր է ունեցել:

Վարդանն այդպես կուզենար, վստահ եմ…