tatev aghazaryan

Վերջապես գարուն է

Ըհը,  ավարտվեց   ձմեռը: Ինչն էր լավ ձմեռվա, չգիտեմ: Ինձ համար՝ ոչ մի բանը:  Ձմեռն իր հետ բերեց լիքը դժվարություններ, մռայլ օրեր, տխուր դեմքեր, ու շարքն ինքներդ էլ կարող եք շարունակել: Եկեք սկսեմ այս օրերի արդիական թեմա՝ կոմունալներից: Դե, մեծամասնության փայտը ձմռան կեսին վերջացավ, իսկ գազն ու էլեկտրաէներգիան շատերի համար շռայլություն էին: Երևի ձեր մտքին հիմա եկավ, թե որ ամսվան ինչքան եք վճարել ու ինչեր կարող էիք գնել այդ գումարով: Դե, էլ նոր տարվա  ծախսերի մասին չեմ խոսում, դա արդեն մի լավ քննարկել են մեր թղթակիցները: Գիտեք, եթե ձմեռը չլիներ, մեր ժողովրդի հոգեբանության մեջ հնուց չէր սերմանվի մի մտածելակերպ,  որ ամռանն աշխատածը պիտի պահես  ձմռան  «նեղ օրվա»  համար:

Ուղղակի չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր ասում են, թե ձմեռն իր դժվարությունների հետ մեկտեղ գեղեցիկ է: Ախր, լավ ուրախանում ենք մեկ օր, երկու օր, երեք օր …  Հետո գալիս է մի պահ, ու սկսում ենք զզվել: Ոնց  պտտվում եմ այս թեմայի շուրջ,  ոչ մի դրական բան չեմ գտնում: Կամ էլ լավ, որ ասում են. «Այնքան եմ սիրում, երբ թվում է, թե գետնին սպիտակ   «սավան» գցված լինի»:  Լավ, ասենք հա, այդ  պահին գեղեցիկ է, բայց մի քանի ժամ հետո բոլորիս էլ տհաճ է այդ շերտի վրա տեսնել կենդանիների կենսագործունեության արգասիքները:

Դե, էլ չասեմ ձմռանն ինչպիսի ավտովթարներ են լինում, ճանապարհների փակ վիճակները, առավոտյան մեքենայի չմիանալը, ջրի խողովակների սառելը…

Ու այս ամենի հետ մեր միակ հույսն էր Գագիկ Սուրենյանը, այն էլ ամեն անգամ հուսախաբ էր անում:

Իսկ վիրուսները, կարծում եմ, բոլորիդ էլ այցելել են:

Հ.Գ. Վերջապես գտա մի դրական կողմ՝  ձմռան հետ ավարտվեցին քննություններս: