arevik avetisyan portret

Վերջապես եկավ ուրբաթ օրը

Եվ ահա նորից եկավ ուրբաթ օրը: Չէ՛, չէ՛, նրա համար չէ, որ դասերը ավարտվեցին (չնայած դրա համար էլ), բայց ուրախ եմ նրա համար, որ եղբայրս Երևանից գալու է: Այո՛, կարոտել էի, չէ՞ որ երկու շաբաթ է, ինչ չեմ տեսել նրան: Նա ասել էր, որ դասերը վերջանալուն պես գալու է, իսկ նրա դասերը վերջանում են 15:30: Հաճախ ավելի շուտ են վերջացնում: Այսօր այդ օրերից մեկն էր: Դասերը ավարտվել էին ժամը 14-ին, և նա գնացել էր տուն, հավաքել իր գրքերը և շտապել գյուղ: Ես այնքան էի կարոտել, որ 10 րոպեն մեկ զանգում էի: Երբ առաջին անգամ զանգեցի, նա մտածեց, թե մայրիկն է զանգում, բայց ես նրան ասացի, որ ես եմ: Իսկ երբ երկրորդ անգամ զանգեցի, նա արդեն իմացավ, որ ես եմ: Վերցրեց և ասաց.

-Արև՛, հասկացա, երբ հասնեմ Գավառ, կզանգեմ,- քանի որ ես նրան խնդրել էի, որ երբ հասնի Գավառ, անպայման զանգի:

Այդքան զանգերից հետո վերջապես նա հասավ տուն: Ես այնքան էի կարոտել, որ երբ իմացա հասել է, միանգամից վեր թռա համակարգչի մոտից, որպեսզի առաջինը ես տեսնեմ նրան:

Եկավ, գրկեցի, կարոտս առա և մտանք ներս: Նրան այնքան բան ունեի պատմելու, որ չգիտեի` որտեղից սկսել: Պատմեցի, վերջացրեցի: Հետո եղբայրս որոշեց, որ պետք է ֆիլմ դիտի: Դե, ես էլ որոշեցի չխանգարել նրան: Կարճատև արձակուրդն ավարտվեց, և նա նորից գնաց Երևան:

Հիմա ես սպասում եմ, թե երբ է նորից գալու ուրբաթ օրը, որ նորից տեսնեմ եղբորս: Ճիշտ է, մենք հաճախ ենք կռվում, ինչպես բոլոր քույր ու եղբայրները, բայց ես իմ եղբորը շատ եմ սիրում:

Հա՛, մոռացա ասել.

-Ռո՛բ, որ ուրբաթ օրը գաս, իմացի՛ր, միասին շախմատ ենք խաղալու: