qristine epremyan

Սերը

Անգլերենի ժամն էր: Թեման՝ սերը: Սերը ընկերոջ, բարեկամի, հակառակ սեռի, ծնողի և առհասարակ, մարդու հանդեպ:

Հարցուպատասխանի էր նման դասը, բայց ես դրա մասը չէի կազմում: Ես չունեի ոչ մի հարցի լիարժեք պատասխան: Ո՞ւր էին կորել մտքերս… Լավ: Ինչևէ, կարևոր չէ…

Հիմա մենակ եմ: Չէ, հիմա երկուսով ենք՝ ես ու ես… Այ, հիմա ինքս ինձ հետ մի փոքրիկ հարցազրուց կանցկացնեմ, ի վերջո պարզելու՝ ինչ է ինձ համար սերը:

Դե՜, սկսենք.

-Ի՞նչ է սերը: Կարո ՞ղ է այն բացատրվել:

-Է՜, չէ: Այսպիսի հարցի չեմ պատասխանի: Ուղղակի անցնենք հաջորդ հարցին:

-Լավ:.. Ո՞րն է սիրո դերը մարդու կյանքում: Կպատկերացնե՞ս կյանքդ առանց սիրո:

-Այ, սա հարց է՜ր… Կարծում եմ՝ սերը մարդու կյանքի երջանկությունն է, այն միակ դրական ու մնայուն բանը, որը կարելի է ունենալ: Չկա սեր՝ չկա մարդ: Մենք ծնվում ենք ու սիրում: Մեռնում ենք ու էլի սիրում: Սերը մարդու ամբողջ կյանքն է, դրա նկարագրությունն ու իմաստը:

Շատ ճոխ ստացվեց երևի, բայց պատկերացրեք՝ մենք դառնում ենք գիտակից ու սիրում ենք: Սիրում ենք նրան, ով հոգ է տանում մեր մասին, ով մեզ ինչ որ լավ բան է նվիրում, ով մեզ ժպտում է, կամ պարզապես նրան, ով մեզ դուր է գալիս… Չեմ պատկերացնում կյանքն առանց սիրո, ոչ միայն իմը, այլև բոլորինը: Այո, ես բոլորի փոխարեն ասում եմ, որ չկա կյանք, որում սեր չլինի:

-Որո ՞նք են իսկական սիրո չափանիշները:

-Չափանիշնե՞ր: Էլ չմտածես նման բաներ: Սիրո մեջ չկան չափեր և նիշեր: Այնտեղ ամեն ինչը տանում է դեպի անսահմանություն…

-Կնախընտրես դո՞ւ սիրել, թե ՞ լինել սիրված:

-Չեմ ասի՝ երկուսը միասին: Չէ, ես միշտ նախընտրում եմ ինքս սիրել: Ավելի լավ է այդպես: Ինձ համար սեր նվիրելը մի փոքր ավելի հաճելի է, քան ստանալը: Ու պատկերացրու, որ բոլորն ինձ նման մտածեն՝ կսիրենք և կլինենք սիրված:

- Մեկի կողմից շատ սիրվելը տալիս է քեզ ուժ, մինչդեռ որևէ մեկին շատ սիրելը՝ քաջություն : Ի ՞նչ ես կարծում դու:

-Միայն կավելացնեմ՝ սերը տալիս է քաջություն, համառություն ու երջանկացնելու ցանկություն, իսկ սիրված լինելը այս ամենի արժանի պատասխանն է…

Վերադառնալով առաջին հարցին, ուզում եմ ասել՝ սերը մարդու անբաժան ընկերն է և միշտ ունի ուշադրության կարիք: