razmikGasparyan

Վերջիվերջո, ո՞վ է ճիշտ

Իսկ միգուցե պիտի իրավագիտությո՞ւն տայի գործերս, կամ արևելագիտությո՞ւն…

Արդեն մեկ տարին կլրանա, ինչ ուղեղումս երեք ինչ-որ տեղ իրար նման, ինչ-որ տեղ իրարից տարբերվող գիտություններ կռիվ էին տալիս միմյանց հետ (ու մինչև հիմա էլ կռվում են) և սպասում էին, թե ով վերջիվերջո կհաղթի: Այդ երեք գիտություններն են` Իրավագիտությունը, Միջազգային հարաբերությունները և Արևելագիտությունը: Երկարատև պայքարից հետո վերջապես որոշում կայացվեց, և հաղթող ճանաչվեց Միջազգային հարաբերությունները: Որոշումը շատ սուբյեկտիվ էր, ու ասեմ, որ ոչ վճռական: Մինչև հիմա գլխիս մեջ գտնվող Իրավագիտությունը ու Արևելագիտությունը «բզբզում են», որ պիտի իրենց ընտրեի: Բայց որոշումն արդեն կայացված է, ասեմ ավելին՝ արդեն Միջազգային հարաբերությունների առաջին կուրսի ուսանող եմ:

Իրականում սա իրոք որ խնդիր է և խնդիր է շատերի համար: Ապագա մասնագիտության ընտրությունը կյանքիդ ամենադժվար, ամենակարևոր, ամենավճռական, ամենա-ամենա որոշումներից է: Հենց այդ ընտրությունից է կախված կյանքիդ հետագա 4 տարիները՝ համալսարանում և ընդհանրապես ողջ կյանքդ (չէ, չեմ չափազանցնում):

Մեր կրթական համակարգի ամենամեծ բացերից ու թերություններից մեկն էլ սա է (հիմա կասեմ՝ ինչը):  Մենք՝ աշակերտներս (օհ, մոռացա, ես այլևս ուսանող եմ, ինչևէ), սովորում ենք հիմնական դպրոցում 9 տարի, այնուհետև քննություններ, սթրես, ու գալիս է առաջին կարևոր ու բարդ ընտրություններից մեկը՝ ավագ դպրո՞ց, քոլե՞ջ, թե՞ միջնակարգ դպրոց: Միգուցե կողքից թվա շատ հեշտ լուծում ունեցող խնդիր, բայց իրականում այդպես չէ: Այդ փուլը շատերը հաղթահարում են բարեհաջող՝ կատարելով ճիշտ ընտրություն, իսկ շատերը ձախողվում են՝ վատնելով կյանքի տված ամենաթանկ բանը՝ ժամանակը: 3 տարի էլ անցկացնելով ավագ դպրոցում կամ քոլեջում ՝ գալիս է հաջորդ կարևորագույն խնդիրը, որի մասին էլ հենց խոսում էի՝ մասնագիտության ընտրություն:

17 տարեկան երեխայի համար բավական դժվար է որոշում կայացնել ողջ կյանքի համար, այն է ՝ ընտրել մասնագիտությունը: Կողքից խորհուրդներ, իհարկե, շատ ու շատ են լինում: Բայց խորհուրդները ուղղակի չնչին դեր են կատարում: Ըստ իս ՝ լավագույն լուծումը կլիներ այն, որ ավագ դպրոցի աշակերտները, ովքեր ունեն մասնագիտական որոշակի կողմնորոշվածություն, և նրանք, ովքեր տարակուսում են այս կամ այն մասնագիտւթյունը ընտրելու հարցում, պետք է հնարավորություն ունենան հենց դպրոցում մասնակցել սեմինարների, դասընթացների, քննարկումների ՝ կապված մասնագիտության ընտրության հարցի հետ: Օրինակ, պատկերացրեք, թե ինչ արդյունավետ կլինի ինչ-որ դերախաղ անցկացնելը կապված այս կամ այն մասնագիտության հետ, և ինձ թվում է, որ շատերը արդեն իսկ որոշակի պրակտիկայի միջոցով ավել լավ կըմբռնեն և կկարողանան ընտրել իրենց մասնագիտությունը:

Ինչևիցե, թող գլխումս դեռ շարունակվեն իրավի, միջազգի ու արևելքի քննարկումները: Մի քանի օրից սեպտեմբերի մեկն է, և արդեն պարզ կդառնա` արդյո՞ք ճիշտ որոշում եմ կայացրել, թե ոչ: