seryoja baboyan

Տանը մենակ

Մարդիկ ասում են, որ մենակությունից վատ բան չկա։ Ես համաձայն եմ դրա հետ։

Ես սիրում եմ տանը մենակ մնալ, վայելել այն ամենը, ինչն իմ շուրջն է, իհարկե չափի մեջ։ Բոլորը զարմանում են, որ ես սիրում եմ տանը մենակ մնալ։ Մի անգամ տանը նորից մենակ էի։ Մեր հարևան Քնար տոտան եկավ մեր տուն և հարցրեց․

-Սերոժ ջան, մամադ տուննի՞։

Ասաց, որ կարևոր բան է ասելու։ Ես պատասխանեցի, որ տանը չի ու նաև ասացի, որ մի քանի ժամից կգա, ծնունդի է հրավիրված։ Հետո հարցրեց ինձ․

-Բը, տատիդ ուրի՞։

-Նա էլ է մայրիկիս հետ։

-Լավ։

Գնաց, ուղիղ կես ժամ անց նորից եկավ։ Հարցրեց, չե՞ն եկել, ասացի` ոչ։ Գնաց, նորից կես ժամ անց եկավ, նորից նույն հարցը, նորից նույն պատասխանը։ Չորրորդ անգամ եկավ և ասաց հետևյալը․

-Տնաշենի տղը, տու չե՞ս վախենալ, բը որ իկյան քոնը տանե՞ն։

Ես չկարողացա պահել ծիծաղս, հինգ րոպե անդադար ծիծաղում էի։

-Քնար տոտա, ինձ տանում են` ի՞նչ անեն։

-Եսի՞մ, մեկ էլ տըսար։

-Քնար տոտա, ի՞նչ էիր հարցնում, ասացիր` կարևոր բան ես ասում։

-Խա, Սերոժ ջան, կոֆե եմ էր ուզել։

Դե արի ու մի ասա, այ Քնար տոտա, դրա ի՞նչն էր կարևոր։

Ես վատ եմ զգում, երբ լսում եմ, որ զավակները իրենց տարեց ծնողներին թողնում են մենակության մեջ և գնում առանձին ապրելու։ Այո՛, մենակությունը տհաճ երևույթ է, և ոչ մեկին չեմ ցանկանա, որ հայտնվի այդ իրավիճակում։ Բաց երբ այդ մենակությունը տևում է մի քանի ժամ, այն էլ իմ նման մարդու մոտ, այդ դեպքում դա ընդամենը երազելու, մտքերը հավաքելու և լռելու լավ առիթ է:

Չնայած, Քնար տոտան էլի կես ժամը մեկ կգա ու չի թողնի…