Ազատեկցի Մարիամը

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Ճիշտ լուսանկարելու գաղտնիքներին տիրապետելը մի բան է, իսկ այն գործնականում կիրառելը` այլ: Դրա համար «Մանանա» կենտրոնի Վայոց ձորի պատանի թղթակիցներով ուղևորվեցինք գյուղ Ազատեկ: Քանի որ մեզանից ոչ ոք ծանոթ չէր գյուղին, մեզ օգնության հասավ Մարիամ անունով մի աշխույժ աղջիկ: Նա մեզ ուղեկցեց մի տուն, որտեղ ապրում էին տարեց ամուսինները` Աիդա տատը և Ռազմիկ պապը: Նրանք մեզ հրավիրեցին տաք թեյ խմելու: Մենք սկսեցինք նկարել մեր շուրջը եղած ամեն ինչ: Հետո, օգտվելով Աիդա տատի հյուրասիրած ընկույզից, շարժվեցինք առաջ, ու Մարիամի ուղեկցությամբ գնացինք դեպի գյուղի վերջնամասը, քանի որ Մարիամը ցանկանում էր մեզ ցույց տալ իրենց գյուղի կովերին ու ոչխարներին: Մի քանի ֆոտո անելուց հետո գնացինք գյուղի եկեղեցի: Ճանապարհին մեզ շատ օգնեցին Մարիամի խորհուրդները: Օրինակ, երբ մեր դեմ դուրս եկավ մի մարդ, Մարիամը պտտվեց ու ասաց, որ նրանից հեռու մնանք, քանի որ սթափ վիճակում չէ: Լսելով Մարիամին, մենք շարժվեցինք առաջ:

Ճանապարհին կանգ առանք, որպեսզի նկարենք իր տան շեմքին կանգնած մի պապիկի, ինչը պապիկին այդքան էլ դուր չեկավ: Երբ մոտեցանք զրուցելու, նա հանգիստ ձայնով ասաց, որ խելքներս հավաքենք գլուխներս և գնանք: Առանց պնդելու հեռացանք այնտեղից և փոքր-ինչ քայլելուց հետո հասանք եկեղեցի: Եկեղեցու զանգը` ըստ Մարիամի, նոր էր, իսկ հնի մասին ոչինչ չասաց: Ներսում նա մեզ որոշ բաներ պատմեց եկեղեցու մասին, ինչպես նաև ասաց, որ եկեղեցին յոթ ամիս առաջ են մաքրել: Երբ դուրս եկանք եկեղեցուց, նա ասաց, որ ուզում է մեզ ցույց տալ գյուղի հին տները ու ընկավ առաջ: Հետևելով նրան, հասանք տների մոտ: Դրանք իրոք շատ հին էին ու կոկիկ: Այդպիսինն էր նաև Մարիամի հորեղբոր տունը: Հետո եկավ մեր  վերադառնալու ժամանակը: Ճանապարհին հանդիպեցինք նաև Մարիամի տատիկին: Մի կերպ համոզելով նկարեցինք նրան, ու ընկանք առաջ: Հասնելով մեքենային, մենք շնորհակալություն ասացինք Մարիամին, ու մեկ անգամ ևս խնդրեցինք թույլ տա, որ իրեն լուսանկարենք, բայց նա մերժելով բոլորիս, ասաց, որ նկարվել չի սիրում: Այ քեզ բան, բոլորին ինքն էր համոզում, որ լուսանկարվեն, իսկ ինքը չէր համոզվում:

Հետդարձին վերլուծում էինք մեր ֆոտոարշավը, և բոլորս միակարծիք էինք, որ առանց Մարիամի մեր օրը հաջողված չէր լինի:

Մարիամ, եթե կարդում ես այս տողերը, բոլորիս անունից շնորհակալություն:

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի

Լուսանկարը՝Լիլիթ Աթանյանի