emma tovmasyan

Տատս

…Ո՞վ կպատմեր մեր մանկության կապույտ հեքիաթները, եթե տատերը չլինեին:
Վ.Պետրոսյան

Մանկությունս տևեց մի վայրկյան: Մի պահ աչքերս բացեցի ու արդեն քսան տարեկան էի…Եվ ինչպե՞ս: Չգիտեմ…
Մանկությանս վառ հիշողությունները կապված են տատիս` իմ Աղուն տատի հետ: Ու երբ տատս գնաց, ես կրկին կորցրի մանկությունս, թեև արդեն 17 տարեկան էի:
Երբ գալիս էի քեզ մոտ, միշտ նստած էիր մեր բակի մեծ, հսկա ընկուզենու տակ: Ինձ տեսնում էիր ու կանգնում` թևերդ կողքերիդ դրած: Դեռ հեռվից խոսում էիր հետս մինչև կմոտենայի: Իսկ մոտենալուց գրկում էիր ու համբուրում ուժեղ-ուժեղ: (Այդ համբույրները երբեք չեմ մոռանա, տատ): Քո գեղջկական բարբառով ինձ երեխայի տեղ դրած ասում էիր.
-Ումուդ, հորի՞ չիգաս:
Ախր, ես միշտ էի գալիս, գրեթե միշտ` հենց կարոտում էի քեզ, իսկ ես քեզ կարոտում էի ամեն օր: Գալս էլի քիչ էր քեզ համար…
Մանկությանս վկա… Ինչպես էիր սիրում ինձ: Ես քնում էի քո կողքին` քո «ծոցը», ու ինձ համար դա  ամենալավ բանն էր: Ես ապահով էի, էլ չէի վախենում «մեշոկ պապից» ու մկներից: Տատ, ես հիշում եմ քեզ հետ ապրած ամեն վայրկյանը, ես հիշում եմ քո ամեն շարժումը, հեքիաթներդ ու պատմություններդ`ջահելությանդ ու 11 երեխաներիդ մասին: Երբ տխրում էիր, ես էլ թաքուն տխրում էի, լալիս էիր` լալիս էի:
Ա~խ, ինչպիսի ջանասիրությամբ էիր ջրում այգիդ, որ հետո այդ այգու պտուղներից մեզ բաժին հանեիր: Հիմա այգիդ խնամում են հարսդ ու տղադ:
Հիմա արդեն ամեն ինչ այլ է…
Դու չկաս, ու քեզ հետ չկա նաև անցյալս: Այլևս չես նստում մեր հսկա ընկուզենու տակ, այլևս այգուդ մեջ ման չես գալիս… Այլևս… Այլևս… Իսկ ես քեզ կարոտում եմ… Շատ եմ կարոտում:
Դու չկաս, բայց հիշողություններս թարմ են, դու իմ կողքին ես, մտքումս, անցյալումս ես ու մանկությանս մեջ:

Հիմա լինեիր, ու գայի գրկեի քեզ: Գայի ու մնայի կողքիդ`«ծոցումդ»: Իմ Տատ, իմ Աղուն տատ…

Հ.Գ.Եթե իմանայի, որ մի օր այս բովանդակությամբ կգրեի քո մասին, կլուսանկարեի, որ մարդիկ էլ տեսնեին քո բարի ու տարիների բեռից կնճռոտված դեմքը, որն այնքա~ն եմ կարոտել…