Lusine Karapetyan

#տարկետումլինելուԱ

Արդեն վաղը Ազգային Ժողովում քվեարկության է դրվելու «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծը։ Նախագծի հաստատումը իրենից ենթադրում է տղա ուսանողների ակադեմիական տարկետման վերացում, բացառությամբ այն քաղաքացիների, ովքեր կնքում են պայմանագիր հավատարմագրված բուհերի հետ, որ համապատասխան մասնագիտություններ ձեռք բերելուց հետո միայն կանցնեն զինվորական ծառայության։ Ստացվում է այնպես, որ ներկայումս սովորող և ակադեմիական տարկետում ունեցող տղաները, իրենց կրթական շրջանն ավարտելուց հետո և մնացած տղաները՝ համալսարանը նույնիսկ անվճար ընդունվելու դեպքում, պարտադիր պետք է ծառայեն Հայոց բանակում։

Նախագիծը առաջադրվել է Պաշտպանության նախարարության կողմից և իր դրական արձագանքն է ստացել Կրթության և Գիտության նախարարության կողմից։ Սա «Ազգ-բանակ» հայեցակարգի անվտանգության ամրապնդման օրենսդրական արմատներն են դեռ։

Երևի նորություն չի լինի, թե ասեմ, որ յուրաքանչյուր երկրի ու հասարակության շարժիչ ուժը երիտասարդներն են։ Իսկ երիտասարդների ամենաակտիվ ու, պայմանականորեն ասած, փոփոխություն բերող կորիզը մեծամասամբ ուսանողներն են։ Հայաստանը երբեք չի եղել բացառություն։ Լինելով նախկինում զինվորականի դուստր, երկու հնարավոր վերաբերմունք պիտի ունենայի այս հարցի շուրջ․ դրական՝ քանզի փոքրիշատե միլիտարիստական գաղափարների շուրջ եմ մեծացել, չեզոք, քանի որ աղջիկ եմ, ու ինձ երբեք չի սպառնա ծառայելու կամ չծառայելու խնդիրը։ Բայց ամեն ինչ չէ, որ պետք է դիտարկել անհատական մակարդակում։

Այս խնդրի առնչությամբ ստեղծվեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնությունը՝ կազմված ամեն ինչ անհատական մակարդակում չդիտարկող երիտասարդ աղջիկներից ու տղաներից։ Նախաձեռնությունը արդեն տևական ժամանակ քննարկումներ, հանրային լսումներ, խաղաղ ակցիաներ է իրականացնում նախագծի դեմ։ Կարծիքների և քննարկումների մասին ամբողջական պատկեր կարող եք ստանալ խմբից և ֆեյսբուքյան էջից, ինչպես նաև Վիգեն Սարգսյանին և Լևոն Մկրտչյանին ուղղված բաց նամակից։

Այսպես․ անվճար ընդունված և տարկետում ստացած միայն 140 երիտասարդի համար է սույն տարկետումը դառնում բանակից «խուսափելու» միջոց, որովհետև միայն այդքան երիտասարդ կարող են շարունակել ուսումը ասպիրանտուրայում։ Իսկ բակալավրիատում անվճար տեղերի քանակը տատանվում է 1800-ի, իսկ մագիստրատուրայում՝ 400-ի սահմաններում։ Ինչպես հասկացանք, նրանցից միայն 140-ն է ամբողջապես ազատվելու բանակից, մնացածը՝ ծառայելու են, բայց որոշակի դադարից հետո։

Արծրուն Հովհաննիսյանը հարցազրույցներից մեկում նշում է, որ լրագրողներից մեկի ուսումնասիրությունը հանգեցրել է այն կարծիքին, որ պաշտոնյաների տղաները խուսափում են ծառայությունից երկու հիմնական ոլորտները կոռումպացնելով՝ կրթության և առողջապահության։ Ինձ իրավունք չեմ վերապահում բացառել ասպիրանտուրայում սովորող ոչ ահռելի քանակի երիտասարդներից մի քանիսի՝ համակարգի կոռումպացված լինելու պատճառով այդտեղ հայտնվելու և բանակից ազատվելու փաստը, բայց, արդյո՞ք ամենաօպտիմալ տարբերակն է՝ չորացած ճյուղը կտրելու փոխարեն կտրել ամբողջ ծառը։ Կամ չե՞ք կարծում, որ պետք է աշխատել ոչ թե ակադեմիական տարկետումները վերացնելու, այլ կոռումպացված կառույցների վրա վերահսկողությունը մեծացնելու ուղղությամբ։ Եվ այս մեթոդի օգտագործումը կոռուպցիան ուղղում է միայն առողջապահական ոլորտ․ կաշառք տվողի համար ոչինչ չի փոխվում, բայց երիտասարդ գիտնականների, գենդերազգայուն գիտական ոլորտի և առողջ հասարակության համար շատ բան է տանուլ տրվում։

Ամենաշատը ինձ համար հիասթափեցնող է այն փասը, որ այս օրինագիծը հավանության է արժանացել ոչ միայն Կրթության, այլ նաև Գիտության նախարարության կողմից։ Չէ՞ որ հայրենիքին ծառայելը միայն զենքով պաշտպանելու մեջ չէ, այդ դեպքում ինչի՞ համար են մասնագիտությունները։

Նախաձեռնության դեմ անհատների, ինչպես նաև Արծրուն Հովհաննիսյանի անձնական փորձի վրա հիմնված այն փաստարկին, թե՝ «գիտությամբ զբաղվել ցանկացողը կշարունակի գործունեությունը բանակից հետո», մեծամասնություն կազմող դեպքերում սին են: Ես դա հասկացել եմ իմ փոքր դիտարկումների արդյունքում՝ և՛ իմ կուրսում, և՛ ծառայած ընկերների շրջանակում։ Չընդհանրացնելով ուղղակի ասեմ, որ բանակից հետո տղաների ընկալումները աշխարհի նկատմամբ փոխվում են՝ հաստատ ոչ հօգուտ գիտության։

Այնուամենայնիվ, ևս մի դիտարկում․ ամենաուշը 4 տարի հետո զորակոչիկները կլինեն բացառապես 18 տարեկան, և տարիքային բազմազանությունը, ինչպես որ հիմա է, պարտադիր զինծառայողների շրջանում կվերանա ակադեմիական տարկետման հետ միասին, և միգուցե իրականանա նախագիծը կազմողների երազած սոցիալական արդարությունը՝ գիտնականներին դեմոտիվացնելով, և «վերացնելով կոռուպցիան» պաշտպանության ոլորտում։