Տղամարդկանց տուն Աբովյանում

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյանի

Հերթական երեկոն էր. ես ու ընկերս, ինչպես միշտ, շրջում էինք մեր սիրելի քաղաքում՝ Աբովյանում: Բայց այս երեկոն տարբերվեց մյուսներից. մենք բացահայտեցինք մի նոր վայր: Անցնում էինք Եղբայրության փողոցով, երբ նկատեցինք հնաոճ մի վարսավիրանոց: Մոտենալով լսեցինք ռոք-ըն-ռոլի ձայնը: Բացելով դուռը և մտնելով ներս՝ տեղափոխվեցինք 70-ականներ՝ զգալով 70-ականների շունչը: Տեղեկացանք, որ սա հինգերորդ տղամարդկանց վարսավիրանոցն է Հայաստանում, իսկ Աբովյանում՝ առաջինը: Բաց չթողնելով առիթը՝ խոսեցինք վարպետի՝ Հովսեփ Մուրադյանի հետ:

-Սիրում եմ այս գործը, արդեն չորս տարի է, ինչ զբաղվում եմ այս գործով: Շատ հետաքրքիր է, երբ օրվա ընթացքում շփվում ես տարբեր մարդկանց հետ ու գեղեցկացնում ես նրանց:

Ողջ ընթացքում իմ ու ընկերոջս ուշադրության կենտրոնում էին խորհրդավոր պատերը. 70-ականների շունչը գրավել էր մեզ:

-Իմ վարսավիրանոցը հինգերորդն է Հայստանում: Անգլերենից թարգմանած՝ «բարբերշոփ» նշանակում է տղամարդկանց տուն, այստեղ խնամում ենք տղամարդկանց մորուքները, մազերը: Իմ պատերին տեղ են գտել ֆոտոներ, որոնք արտահայտում են վարսահարդարի գործը դեռ անցյալում՝ պատերազմի տարիներին, սովի ժամանակ, խաղաղության ժամանակ: Ցանկացած վարսավիր, եթե սիրում է իր աշխատանքը, կանի իր գործը ցանկացած պահի և ցանկացած պայմաններում: Վարպետը իր գործը կատարում է տարբեր միջավայրերում՝ պատերազմի ժամանակ, բանտում: Նկարներից մեկն արված է հենց սիրիական պատերազմի ժամանակ: Վարպետը տարբեր պայմաններում իր ծառայությունները կմատուցի բոլորին:

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյանի

Լուսանկարը՝ Արման Արշակ-Շահբազյանի

Ինչ վերաբերում է ներսում տիրող միջավայրին՝ այն հին ոճ ունի, քանի որ ինքս շատ եմ սիրում հնությունը: Հնությունը չպետք է մոռացվի, պետք է հիշվի ու օգտագործվի՝ ժամանակակից լուծումներով: Ոճը դուր է գալիս նաև հաճախորդներին, պատին փակցված լուսանկարները հետաքրքրություն են առաջացնում հաճախորդների մոտ: Ներսում տիրող մթնոլորտը լայն արձագանք գտավ Աբովյանում, հետաքրքրվողները շատ են և գնալով շատանում են: Հետաքրքրությունն այնքան շատ է, որ յուրաքանչյուր այցելու ինքն է առաջարկում տարբեր լուծումներ, ունենում իր փոքրիկ ներդրումը գեղեցկացման գործում: