Փիսոն

Լուսանկարը՝ Դարյա Մարջանյանի

Լուսանկարը՝ Դարյա Մարջանյանի

Իմ կատվի պատմությունը սկսվեց այն ժամանակ, երբ ես որոշեցի կատու բերել մեր տուն: Այդ ժամանակ նա մեկ ամսեկան էր: Ես նրան գտա մեր շենքի բակում: Նա շատ գեղեցիկ էր, սև և սպիտակ նախշերով: Նրա անունը Փիսո էր: Մենք բոլորս նրան շատ էինք սիրում և անգամ նրա համար հատուկ ուտեստներ էինք սարքում: Նա շատ քմահաճ էր, դրա համար մենք նրա համար միշտ ձուկ էինք տապակում:

Ինչքան մոտենում էր ձմեռը, այնքան դժվարանում էր նրան պահելը, բայց ամենավատը դա չէր: Մենք ապրում էին շենքի 3-րդ հարկում, և դա դժվար էր կատվի համար, քանի որ նա ազատություն էր սիրում: Բացի այդ կատվի մազից ես ու մայրս ալերգիա ունենք:

Մեր բարեկամները մեզ միշտ հորդորում էին «կորցնել» այդ կատվին: Նրանք կարծում էին, որ կատվի մազից հիվանդություններ են առաջանում:

Եվ ահա եկավ Նոր տարին: Մենք տոնածառ էինք դրել, և կատուն վազելով բարձրանում էր դրա վրա և գետնով տալիս: Բայց չնայած այդ ամենին, մենք նրան չէինք դադարում սիրել:

Տատիկս չէր հարմարվում և շարունակ զայրանում և ասում էր.

-Հերիք է, զըզվըծրիք: Էնքան  բդի էնեն, օր վերջը հիվանդության տեր դառնան: Էդ կատվին կորցրու: Մեծին չլսողը ոդը քարին է զարկըվում:

Ճնշումները գնալով շատանում էին, և մայրս որոշեց կատվին «կորցնել»: Մի երեկո, երբ իմ մորեղբայրը գնում էր Գյումրի, մենք նրան տվեցինք կատվին, որ «կորցնի»:

Այդ դեպքերից հետո ես անընդհատ մեղավոր եմ ինձ զգում: Հիշում եմ Փիսոյին և այլևս չեմ կարողանում անտարբեր անցնել մյուս կատուների կողքով: Ես հիմա կատուներին ավելի ու ավելի շատ եմ սիրում, և շատ ժամանակ մտածում եմ . «Թող ըմբես եղնի, օր էդ կատուն լավ տեր գըդնի»:

Չգիտեմ, Փիսոն լավ տեր գտա՞վ, թե…