tina maqoyan kotayq

Փխրուն տարիք

Բարև: Նորից նեղսրտած եմ և ուզում եմ զրուցել քեզ հետ: Հուսով եմ՝ կլսես:

Քեզ հետ եղե՞լ է այնպես, որ ուզես փախչել բոլորից: Պարզապես տանից դուրս գալ՝ թեյ գնելու, ու փախչել քաղաքից: Երբևէ ցանկություն չե՞ս ունեցել գնալ մի տեղ, որտեղ քեզ ոչ ոք չի ճանաչի, ոչ ոք չի հարվածի մեջքից, որտեղ դեռ ոչ ոք չի տեսել քո արցունքները, որտեղ կկարողանաս ամեն ինչ զրոյից սկսել: Վս տահ եմ՝ շատ հաճախ ես նման ցանկություններ ունեցել, իսկ հաջորդ րոպեին ինքդ քեզ թափ ես տվել ու գիտակցել՝ միայն թույլերն են փախչում:

Երբևէ խնդիրներ չե՞ս ունեցել ուսուցիչներիդ հետ: Վստահ եմ՝ ունեցել ես: Ես էլ եմ շատ հաճախ ունեցել: Իսկ դու երբևէ վիճե՞լ ես ու մատնացույց արել ուսուցչիդ սխալը: Այ, դրանում համոզված չեմ… Ես էլ հաճախ էդպես չեմ անում՝ գիտակցելով հանդերձ, որ սխալ է լռելը:

Մանկավարժների մի տեսակ կա, ովքեր պարզապես տարիներով խաղում են աշակերտի հոգեբանության հետ: Խոսքս ուղղում եմ նման մարդկանց. մի՛ արեք էդպես, խնդրում եմ: Աշակերտի հոգին ձեզ համար խաղալիք չէ, ու եթե հաճախ լռում են՝ որպես իրենց ուսուցիչ հարգելով, կամ վախենալով, դա չի նշանակում, որ դուք ճիշտ եք: Սիրելի՛ մանկավարժներ, դուք նույնպես պարտավոր եք հարգել աշակերտին, որպես անհատ, որպես սեփական կարծիք, սեփական մտածելակերպ ունեցող հասուն մարդու:

Շատ ուսուցիչներ կան, ում որպես մարդ ես չեմ հարգում, բայց որպես ուսուցիչ պարտքս եմ համարում հարգել:

Չգիտեմ, գուցե տարիք է, երբ մարդու ամբողջ ներաշխարհն է ցավում, երբ ամեն ինչ ծայրահեղությունից ծայրահեղություն է, երբ ամեն մանրուքից արցունքոտվում են աչքերը՝ երբեմն նաև օտարների ներկայությամբ:

Երևի տարիք է, երբ հաճախ արցունքների փոխարեն ագրեսիվությունն է հորդում, ու անհիմն վիրավորանքներ են ուղղվում մարդկանց հասցեին, որի համար հետո զղջում ես: Չգիտեմ:

Քեզ հետ եղե՞լ է, երբ ցանկացել ես հարազատիդ լավություն անել, բայց լավությունդ քո՛ դեմ է դուրս եկել:

Իսկ եղե՞լ է, երբ հարազատդ քեզ պաշտպանելու համար հաշվի չի առել նույնիսկ սեփական շահերը: Այ, պաշտում եմ մարդկային էս տեսակը:

Համենայն դեպս, երբ հարազատս հաշվի չառնելով, որ կարող է հետագայում խնդիրներ ունենալ՝ պաշտպանեց ինձ ուսուցչիս մոտ, դա իմ աչքին բարձր երևաց: Մինչ ես փորձում էի արցունքներս թաքցնել ու բողոքել քաղաքիս «քառակուսի կաղապարված» մտածելակերպից, նա ինձ մեղադրում էր, որ ոչինչ չեմ գնահատում: Իրականում, ես ամեն մանրուքն էլ գնահատել եմ, թեև հաճախ չեմ արտահայտվել: