Gayane Avagyan

Մեր ընտրությունը

Ձմռան այս «անտանելի» եղանակից փախչելով, սենյակում լուռ նստելով, գրքի էջերը արագ թերթելով ու ինչ-որ բան փնտրելով, տաք թեյի մասին երազելով` ես հիշում եմ, թե ինչպես էր Չերչիլն իր հարցազրույցներից մեկում կիսվում իր այս խոսքով. «Քո արածը քեզ մոտ էլ վերադառնում է»: Հետո զարմանում եմ ինձ վրա, թե ինչու հիշեցի այդ միտքը: Ու սկսում տարվել այդ մտքով և մոռանում ամեն ինչի մասին:

Չէ, իր պատմությունը զարմանալի է, այս միտքը վիրաբերում էր մի ագարակատիրոջ, որը փրկել է մի երիտասարդ տղայի կյանք: Տղայի հայրը շնորհակալության դիմաց այդ ագարակատիրոջ տղային ուսման է ուղարկում արտասահման և հոգում ֆինանսական ծախսերը: Ագարակատիրոջ տղան դառնում է հայտնի բժիշկ: Հետագայում նա բուժում է այն տղային, ում կյանքը փրկել էր իր հայրը: Ուսման համար հոգացող այդ պարոնի որդին Չերչիլն էր:

Գլխով անելով համաձայնվում եմ Չերչիլի հետ, կիսում իր կարծիքը ու շարունակում մտածել: Իսկ մի՞թե այս խոսքերը միայն այս դեպքի համար են ճիշտ, չե՞ ն գործում այս խոսքերը կյանքում: Հիշում եմ այն բոլոր դեպքերը, ինձ հետ կատարված, որ ինչ-որ չափով վերաբերում են այս խոսքին: Աստվածաշնչում էլ գրված է՝ բարին կամեցիր մերձավորիդ:

Վերջացնելով այս պատմությունը, գալիս եմ իրականություն ու մտածում. ինչ լավ է, որ մտքեր կարդալու ունակություն չունեն մարդիկ:

Պատուհանից դուրս մի անծանոթի եմ նկատում: Նա ձեռքը տարավ գրպանը, հանեց մի ճմրթված թերթի կտոր: Ինչ- որ ժպտացող մարդկանց պատկերներ էին: Նայեց, տխրեց, արցունքները հոսեցին, և գնաց: Հետո միայն հասկացա, որ անծանոթը կարոտել էր իր տունն ու ընտանիքը:

Երանի կարողանայինք գնահատել ու սիրել, մեր անձից բացի սիրել նաև ուրիշին, դե, թեկուզ փողոցում կանգնած այն անծանոթին, որը երևաց իմ պատուհանից:

Կարողանանք կիսել նրա վիշտը: Սկզբի համար, մտածում եմ, թե ինչ լավ կլիներ, եթե վատ բաներ չկամենանք մարդկանց: Նայենք այս անծանոթին և մտքում նրան ուժ տանք ու համբերություն: Երանի, երանի մարդկանց հետ վարվեինք այնպես, ինչպես մեր սեփական անձի հետ ենք վարվում:

Իսկ դու քեզ պատասխանատու զգո՞ւմ ես այս մոլորակում ապրող մարդկանց համար: Լավ, գոնե մեր հողի վրա ապրող մարդկանց համար: Ինչո՞ւ: Դե, որովհետև նրանք էլ են քեզ նման, որովհետև օգնելով ծեր կնոջը, կամ փոքր երեխային ժպիտ պարգևելով, դու երջանկացնում ես այս մոլորակում ապրող մեկ մարդու:

Երևի սրա համար էլ աշխարհում կան բարի ու չար մարդիկ, կա ազնիվը և անազնիվը: Եթե այդպես է, ուրեմն կյանքն էլ այդ բումերանգի սկզբունքով է աշխատում, և ամենաճիշտն է դա: Պետք է բարին գործել: Հարցը կայանում է նրանում, որ քո գործած չարն էլ, բարին էլ, մեկ է քեզ հետ է վերադառնում: Չերչիլը…

Հետո հիշեցի պարսկական մի առասպել, որտեղ պատմվում էր աստված Զրվանի մասին, որը պետք է ունենար զույգ որդիներ, և, իբրև աստված, նա գիտեր, որ ով առաջինը ծնվի, նա էլ պիտի տիրի աշխարհին: Զրվանը որոշում է առաջինը լույս աշխարհ բերել Որմիզդին` բարու, լույսի որդուն, բայց առաջինը ծնվում է Ահրիմանը` չարի և խավարի մարմնավորումը: Եվ Զրվանը որոշում է, որ նրանք աշխարհին կտիրեն հերթականությամբ: Այստեղից էլ առաջանում են լույսն ու խավարը, գիշերը և ցերեկը:

Այսինքն, մեկն առանց մյուսի գոյություն ունենալ չեն կարող, և այստեղից է ծագում բարու և չարի հավիտենական պայքարը:

Ու ես իմ թերթած գրքի իննսունիններորդ էջում գալիս եմ այս եզրակացությանը:

Ինչպիսին մեր մտքերն են, այնպիսին էլ կլինի մեր կյանքը: Եթե բարին ենք կամենում, հարգում դիմացինին, երջանկացնում նրան, ապա մեր կյանքն էլ այդպիսին կլինի, իսկ եթե չարն ենք կամենում, վատաբանում ու չարախոսում, կյանքն էլ այդպիսին կլինի, ու մեզ էլ հենց այսպիսի մարդիկ կշրջապատեն:

Իսկ գրքի իննսունիններորդ էջում գրված էր.

«Մարդ իրավունք ունի վերևից նայելու մեկ ուրիշին` միայն այն ժամանակ, երբ օգնում է վերջինիս բարձրանալ» (Գաբրիել Գարսիա Մարկես):