Ani avetisyan

Փոխե՞նք

Թող ձախ ձեռքդ չիմանա, թե ինչ է անում աջդ: Իսկ երբ աջ ձեռքդ դողալով մեկին բարություն է անում, թող ձախդ աշխարհին չհայտնի…

-Ո՞վ ենք մենք, որ փոխենք աշխարհը, կամ մարդկանց ճակատագրերը: Եվ հետո, ի՞նչ կարող է անել միայն մեկ հոգին:

Երևի շատերդ եք լսել այս խոսքերը, կամ գուցե նաև ասել: Գուցե…

Բայց գիտե՞ք, այն ժամանակ, երբ մենք ու շատերը ինքներս մեզ փորձում ենք համոզել, որ միայնակ ոչինչ անել հնարավոր չէ, որ մի ծաղկով գարուն չի գա, կան մարդիկ, ովքեր հենց այդպես, մի ծաղկով գարուն են բերում ուրիշ մարդկանց համար: Այդ ինչպե՞ս:

Նյութերիցս մեկում արդեն ասել եմ, որ համակարգիչը չարիքից բացի կարող է նաև հրաշագործ լինել: Ֆեյսբուք սոցիալական ցանցում պատահաբար գտա մի խումբ, որի նպատակը կարիքավոր, անապահով ընտանիքներին օգնելն է: Սակայն այն ոչ թե որևէ մեծահարուստի կամ բարեգործական կազմակերպության կողմից էր ստեղծված, այլ մի խումբ մարդկանց, ովքեր ուղղակի փորձում են մեր փոքրիկ երկրում մեծ խնդիրներ ունեցող մարդկանց կարիքների մասին հայտնել ուրիշներին, միգուցե մեկն ու մեկը օգնել ցանկանա: Եվ ստացվում է:

Գիտե՞ք, օգնել ցանկացող մարդկանցից որևէ մեկը չի մտածում, որ իր հազար կամ թեկուզ հինգ հարյուր դրամի օգնությունը ոչինչ չի փոխի, նրանցից որևէ մեկը չի մտածում, որ մի ծաղկով գարուն չի գալիս: Չէ՞ որ միայն մի ծաղիկը, որ կարող է լինել տաք կոշիկ, վերարկու կամ նույնիսկ ոչինչ չարժեցող ձեռնոց, մի փոքրիկ գարուն է այդ ամենի կարիքն ունեցող մանկան համար: Իսկ որքան մեծ ուրախություն է տեսնել, որ աղքատ ընտանիքի երեխան անվասայլակ կամ հենակ ունենալու հնարավորություն է ստանում:

Ահա այդ մի ծաղկով գարունը…

Հիմա մի թեթև հաշվարկ: Ֆեյսբուքյան խումբն ունի մոտ 20 000 անդամ, նույնքան հավանում՝ էջը, եթե հաշվի առնենք, որ նրանցից շատերը նույն մարդիկ կարող են լինել, մոտավորապս ընդունենք 25-30 հազար հոգի, իսկ յուրաքանչյուր ընտանիքի կամ անհատի մասին պատմությունը մոտ 100-200 ու ավելի տարածում ունի, հավանական է, որ հազարավոր մարդիկ էլ այդպես կարող են տեսնել: Եթե ընդունենք, որ մոտ հիսուն հազարի գոնե կեսը օգնել ցանկանա թեկուզ հազար դրամով՝ բավականին գումար կստացվի: Սակայն սա տեսականորեն, գործնականում արդյունքն ավելի լավ է, կարող եք ինքներդ համոզվել…

Իսկ վերջում ուղղակի կասեմ, որ վստահաբար, օգնություն ստացող մարդկանցից ավելի երջանիկ զգում են տվողները, չէ՞ որ հրաշալի զգացողություն է տալ ու փոխարենը ոչինչ չակնկալել:

Բայցև, այս կյանքում ոչինչ անպատասխան չի մնում: