մարինե իսրայելյան

Խաղ անձրևի հետ

Անձրևներից ամենաօգտավետը, թերևս, ամռան անձրևներն են, երբ հողը, ճաքճքած հայացքը երկնքին հառած, սպասում է կենարար ջրին՝ իր զավակների փարթամությունը, հաճախ նաև կյանքը փրկելու համար: Բայց ամենագեղեցիկ անձրևները գարնանն են գալիս: Նրանց ավետաբերը քամին է  կամ ամպրոպի հեռավոր ձայնը, և կարելի է աչքով տեսնել անձրևի վազքը, իհա՛րկե, տեսնել, թե ինչպես են կաթիլները սրընթաց արշավանքով գրավում ողջ տեսանելի աշխարհը, իսկ նվագախուբը ամպրոպի ձայնով թնդացնում ու ոգևորում է իր զինվորներին: Երկնքը պատռվում է խաչվող բազմաթիվ անձև սրերից, լույսը՝ կուրացնում, իսկ աղմուկը գալիս է լրացնելու տպավորության կատարելությունը: Ճակատամարտի նմանվող այս անձրևները երկար չեն տևում, իսկ վերջում օդը լցվում է օզոնի թավշյա բույրով, երկինքը՝ պսակվում հաղթանակի ծիածանակերպ կամարով, և ներկայացումն ավարտվում է:

Հանդիսատեսը մտածում է՝ ինչու այդ գարնանային անձրևներից  մարդու սրտում էլ չի գալիս, որպեսզի պայքարի դուրս գան լավ ու վատ արարքները, մեղքերը, սխալները, հիշողությունները, թնդյունով ու աղմուկով պատերազմեն, նրանց բախումից ճեղքվի հոգին, իսկ վերջում տարածվի խղճմտանքի բույրը, մարդը կարողանա ներել ինքն իրեն, ներբեռնվել  գարնան նորությամբ, նոր կյանքի սպասումով, աշխարհը բարեփոխելու ճանապարհին զինվի ինքն իրեն փոխելու գիտակցությամբ:

Երանի՜, երանի գարնանային անձրև գար մարդո՛ւ սրտում, լվանար, մաքրեր ու տաներ անցած կյանքի մոխիրը, ծլարձակում տար սիրո ծաղիկին, լույս ծնվեր մարդու մթնած աչքերում, և հոգին հուսավորվեր ապագայի պայծառ գույներով: