mariam tonoyan

Սևան մեդիա ճամբար. Փոփոխություններ

Գիշերային լռության մեջ հանկարծ` «թը՛խկ»: Վախեցած վեր թռա, շուրջս նայեցի: Գիրքս էր, որ բարձիս տակից սահելով ցած էր ընկել: Գետնից վեր բարձրացրի ու սկսեցի բնազդաբար թերթել էջերը` քնաթաթախ ու կիսախուփ աչքերս ծուլորեն թարթելով: Հետո համարձակորեն բացեցի աչքերս, նստեցի մահճակալիս, փաթաթվելով տաք վերմակիս մեջ, սկսեցի դողալ ու ամբողջ մարմնով ցնցվել: Բացեցի գիրքս ու սկսեցի ընթերցել հեռախոսի լույսի ներքո, չէ՞ որ մրսում էի, և դժվար էր մինչև լույսի անջատիչը հասնելը: Գիրքն օգնեց: Հանգստացած` կարծես նոր էի քուն մտել, երբ էլի` «շը՛խկ»: Այս անգա՞մ ինչ էր: «Հա՜,- մտածեցի,- վերևում էրեխեքը հլը քնած չեն: Երևի «Մաֆիա» են խաղում»:

Ափսոս… Հուսահատված հիշեցի, որ էլ ճամբարում չեմ: Հայացքս մի կետի հառած սկսեցի մտածել ճամբարային օրերի, հետաքրքիր դեպքերի մասին: Հիշեցի, որ առաջին օրը, անծանոթ միջավայր մտնելով, բոլորս անհամարձակ ու կաշկանդված էինք, բայց աստիճանաբար սկսեցինք սովորել նոր մթնոլորտին ու քիչ-քիչ հետաքրքիր դարձող ընկերական շրջապատին: Հիշում էի ճաշարանի ցուրտ ու միաժամանակ հաճելի ճամփան, ճաշարանում թեյին սպասող ընկերներիս, հիշողությանս մեջ հետք թողած ցանկալի դիմագծեր, աշխատանքային լարվածություն, օրվա վերջին հոգնած, բայց աշխույժ խաղեր կազմակերպող «Մանանայի» անձնակազմին, միմյանց ժպտացող դեմքեր… Ամեն ինչ ոգեշնչող էր, հուսալի, ընկերական:

Գիշերային մթության մեջ իմ առջև կարծես պատկերվում էին դեմքեր ու դեպքեր, որոնք ստիպում էին ինձ ժպտալ, ինչպես ես եմ սովորաբար ասում` ապրել:

Հիշարժան էր ամեն օրվա մաս կազմող «Մաֆիա» խաղը: Չնայած նրան, որ խաղալ չգիտեի և այդպես էլ չսովորեցի, բայց այնուամենայնիվ լրջորեն ու սևեռված հետևում էի խաղի ընթացքին: Աչքերիս առաջ սկսեցին պատկերվել վերջին երեք օրերը` ամենատպավորիչ ու հուզական պատկերներով:

Տեսնում էի երեկոյան մի սենյակում հավաքված, մինչև կեսգիշեր հաղթանակի համար պայքարող ընկերներիս, Թամարայի, Արտյոմի, Անգելինայի ու Էրիկի անկեղծ արցունքները, որոնք չնայած թաքուն էին, բայց նկատելի, առաջին օրվա հետ համեմատած ավելի մտերիմ շփումը, Անիի տպավորիչ պատմության ու տարեթվերի իմացությունը, որն ինձ հիացրել էր:

Ճամբարը սովորեցրեց լինել միասնական, մտածել ոչ միայն քո, այլև շրջապատի մասին, լինել հոգատար, կազմակերպված, ընկերասեր, օգնության ձեռք մեկնող, տեղեկացված… Անկասկած փոփոխությունը մեր մեջ մեծ էր: Ես լինելով ինքնամփոփ ու կաշկանդվող բնավորությամբ մարդ, գտա վերջապես մարդկանց մի խումբ, ովքեր դրդեցին զերծ մնալ բարդույթներից, հարթել խոչընդոտները ինքս ինձ հետ:

Ո՛չ, միայն ես չեմ, որ փոխվեցի: Առաջին օրերին օրակարգի մեզ համար ծիծաղելի թվացող հատվածը` «Հրաժեշտ, լացուկոծ, հեռացող ավտոբուս», ի զարմանս մեզ, իրականացավ: Մենք կապվեցինք միմյանց անտեսանելի շղթաներով, սակայն հրաժեշտն ու արցունքներն անխուսափելի էին: