arusyak grboyan charencavan

Փոքրիկ հրաշամանուկը

«Մամա, պապա, պամա, մապա»: Ամեն օր լսում եմ այս խոսքերը, չնայած՝ ծնող չեմ, այլ պարզապես մեծ քույրիկ:

Ես մեր ընտանիքի մեծ երեխան եմ և ունեմ փոքր քույր և եղբայր, որոնցից այդքան էլ մեծ չեմ: Իսկ ուղիղ մեկ տարի երեք ամիս առաջ մեր ընտանիքում համալրում եղավ: Շատ կարևոր ու մեծ համալրում: Լույս աշխարհ եկավ իմ փոքրիկ եղբայրը: Իմ և եղբորս միջև տարբերությունը տասնհինգ տարի է: Նա ծնվեց և իմ կյանքը լցրեց թե՛ ուրախությամբ, թե՛ ջերմությամբ, թե՛ երջանկությամբ: Նա կարծես փոքրիկ հրեշտակ լինի՝ Աստծո կողմից ուղարկված մեր ընտանիք՝ այն ավելի միավորելու և երջանկացնելու: Նրա շնորհիվ իմ ամեն օրը լցվում է խաղով և բազում արկածներով: Երբ ես երկար ժամանակով բացակայում եմ տանից՝ զբաղված լինելով տարբեր գործերով, ինձ պարզապես խեղդում է կարոտը, և ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գրկելու նրան:

Նրա շնորհիվ ես նորից տեղափոխվում եմ դեպի մանկություն: Անգիր գիտեմ նրա բոլոր մուլտֆիլմերը և մանկական երգերը: Մենք ժամերով միասին խաղում ենք նրա ավտոմեքենաներով և գնում ենք զբոսնելու: Նրա պատճառով օրվա ընթացքում ես փոխում եմ իմ զգեստը ավելի քան հինգ անգամ, քանի որ դրանք կեղտոտված են լինում նրա կերակուրներով, շոկոլադով և «լոզերով»:

Փոքրիկս շատ հետաքրքիր և խելացի երեխա է: Նա շատ արագ սովորում է այն, ինչ տեսնում է: Նա դեռ տասնմեկ ամսեկան էր, երբ սկսեց քայլել, իսկ պարում էր նա ավելի վաղ: Սիրում է երաժշտությունը, հատկապես՝ հայկական երգերը: Սիրում է էլեկտրական լարեր և հեռախոսի մարտկոցներ: Սիրում է համակարգիչներ, սկավառակներ և նման տարբեր սարքավորումներ, որոնց ձեռք տալ չի կարելի: Շատ է սիրում զբոսնել, հատկապես՝ պոկելու և հետազոտելու համար դրսի բոլոր ծառերի բոլոր տերևները: Շատ է սիրում կենդանիներին, հատկապես՝ կատուներին և շներին: Նա նաև ուտել է շատ սիրում, ուտում է ամեն ինչ: Մեր միակ խնդիրը խոսելն է: Ինձ թվում է՝ եղբայրս պարզապես ալարում է խոսել, քանի որ մենք հասկանում ենք նրա ամեն ժեստը և միմիկան: Նա ասում է տարբեր հեշտ բառեր, ինչպես ՝ մամա, պապա, մապա, դուս, Աբա (Աբրահամ), ապիս (ապրես), բայց դե, դրանք շատ քիչ են: Իսկ ամենազվարճալին այն է, որ նա ինձ անվանում է պամա, երևի նրա համար, որ ես իր համար հա՛մ մայրիկ եմ, հա՛մ հայրիկ, կամ էլ պարզապես դժվարանում է արտասանել իմ անունը: Նա իմ երջանկության աղբյուրն է, և ես չեմ պատկերացնում կյանքիս որևէ վայրկյանը առանց նրա: