ella mnacakanyan yerevan

Քեզ համար, Հայաստա՛ն

«Քեզ համար նոր գարուն կգա,

Եվ պայծառ կշողաս կրկին…»

Ասում էր Ազնավուրը 30 տարի առաջ՝ Սպիտակի աղետալի երկրաշարժից դեռ երկու շաբաթ էլ չանցած՝ 1988-ի դեկտեմբերի 20-ին, երբ թվում էր՝ ժամանակն արդեն կանգ է առել, իսկ արևի շողերը սառել են կես ճանապարհին. նոր գարունները չեն գալու այլևս, ու նորից շողալը գրեթե անհնար է: Բայց Ազնավուրը վստահ էր իր խոսքերում, ու երևի հենց այդ վստահությունն էր պատճառը, որ նրա կողքին ևս 86 ֆրանսիացի հանրահայտ արտիստ շարունակում էր համառորեն ու վստահաբար կրկնել՝ նոր գարունները կգան քեզ համար, Հայաստա՛ն:
Դրանից հետո 30 գարուն եկավ: Ոմանք՝ ավելի ծանր ու մռայլ, ավելի թևաթափ ու հուսահատ, ոմանք էլ՝ այնպիսին, որ ստիպեցին ավելի պայծառ շողալ ու ձմռան բոցից մահաբեր հառնել ինչպես փյունիկ կրկին՝ ճիշտ այնպես, ինչպես Ազնավուրն էր կանխատեսել իր տողերում: Բայց Ազնավուրը իր տողերում կանխատեսումներ անելուց բացի, նաև իսկական քայլեր էր արել դրանք իրականություն դարձնելու համար: Երկրաշարժին հաջորդած բոլոր 30 գարուններին էլ նա մնացել էր Հայաստանի կողքին՝ գուցե ոչ միշտ ֆիզիկական ներկայությամբ, բայց միշտ իր արվեստով ու տեսակով, իր հայկական արմատներով, որոնց կյանքի 94 տարիների ընթացքում այդպես էլ չդավաճանեց: Գուցե որովհետև այդպես ստացվեց, բայց ավելի հավանական է, որ ուղղակի որովհետև իսկական հայկական արյունը դավաճանողներից չէ: Իսկական հայի տեսակը սկզբունքայինն ու դիմացինին օգնության ձեռք մեկնողն է՝ ավելի ցած գցելու փոխարեն, որքան էլ, որ այս ճշմարտությունը կորցրած կամ մոռացած լինենք վերջին շրջանի՝ սրտխառնոց առաջացնող ներքաղաքական թոհուբոհում: Իսկական հայը 88-ից մինչև 94 թվականներն ինչ դժվարության միջով ասես անցածը, դրանք վերապրածը, հաղթահարածն ու իր դեմքը չկորցրածն է և ոչ երբեք հանուն ինչ-որ իշխանական մղումների կամ շահադիտական նպատակների այն կորցնելու ճանապարհը բռնածը: Ախր, իսկական հայը մի քանի վայրկյանում իր տունը գետնին հավասարված տեսածը, պարզապես մի չարաբաստիկ ցնցման արդյունքում մի անցյալ ու ընտանիք կորցրածը, բայց, միևնույնն է, կյանքի հանդեպ չչարացածն է: Իսկ հիմա մենք չարանում ենք ամենաչնչին նյութական արժեքների համար անգամ, որովհետև այն, ինչ ունենք, մեզ շարունակ քիչ է թվում: Մենք կորցնում ենք մեր դիմագիծը, մինչդեռ նույնիսկ ուղիղ 30 տարի առաջ՝ մեր ճակատագրի ամենաանարդար ու անհաղթահարելի թվացող պահերից մեկին, հզորություն ունեցանք պահպանելու այն…
«Կզնգա երգդ ամենուր,
Կուռ կամքով վեր կսլանաս…»
Ասել է Ազնավուրը 30 տարի առաջ ու հիմա, երբ նա այլևս ֆիզիկապես մեր կողքին չէ ու, ցավոք, չի կարող լինել, մենք պարտավոր ենք ձեռնարկել քայլել, որ իր  մարգարեությունն ի կատար ածվի: