arxiv

Շաբաթօրյա եռուզեռ

Այսօր արթնացա սովորականից շուտ, բայց, իհարկե, պատճառ կար: Մեր հարևանը նորից դրսում ցույց էր կազմակերպել, դե ես էլ արթնացա նրանց գոռգոռոցներից:

-Մա՛մ, որտե՞ղ ես,- ձայն տվեցի մայրիկիս:

-Մաման տանը չէ, թող քնեմ, ձայնդ գլուխդ մի՛ գցիր,- զայրացած ասաց քույրս:

-Դի՛ն, բա ո՞ւր գնաց, միգուցե…

-Հա, ճիշտ այդպես, դրսում ցույցին է մասնակցում:

-Մամա՞ն, զարմանալի է,- հազիվ լսելի ձայնով ասացի ես:

-Չէ, Ջո՛ւլ, չէր ուզում գնալ, ստիպված էր. եթե չգնար, Սեդա տատիկը կներխուժեր մեր տուն ու զոռով կտաներ: Չէ՞ որ կարևոր հարց էր:

-Ի՞նչ հարց:

-Դե, պետք է շաբաթօրյակ անենք,- ասաց քույրս:

-Մե՞նք,- վախեցած հարցրեցի ես:

-Հա, դրա համար էլ ասում եմ` գնա, թող քնեմ, մեկ ժամից իջնելու ենք բակ, որ մաքրենք,- ասաց քույրս ու արդեն պատրաստվում էր քնելու:

-Բայց ոչ, ես արդեն զզվել եմ. մեկ շաբաթօրյակ, մեկ ծառատունկ, բավակա՛ն է, էլի, ոնց որ շենքի ղեկավարը լինի, զզվեցինք, էլի,- գոռալով խոսում էի, բայց թերևս քույրս ինձ չէր լսում:

Սեդա տատիկը շատ ծեր է` մոտ 85 տարեկան, սակայն 38 տարեկանից ավել չես տա, և ունի շա՜տ-շա՜տ էներգիա: Նա գիտի, թե ում տուն երբ է մարդ գալիս ու գնում, ինչու է գալիս, և ով է նա:

-Ջուլիանա՛,- լսում եմ ներքևից մայրիկիս ձայնը:

Նայեցի պատուհանից և…

-Ներքև իջիր, Ջուլիանա՛, արա՛գ,- ասաց Սեդա տատիկը:

Նա նույնիսկ չթողեց, որ մայրիկս խոսի:

-Մա՛մ…

-Իջի՛ր, հա՞,- մայրիկս էլ չէր ուզում, բայց պետք է իջնեի հանուն մայրիկի:

Իջա: Սեդա տատիկը միանգամից ձեռքս տվեց ավելը և աղբի արկղը, որ գործի անցնեմ:

-Մա՛մ, այս ի՞նչ է:

-Ես չգիտեմ, Սեդա տատիկն է կազմակերպել:

Ես, իհարկե, շատ բարկացա, բայց հետո զրուցեցի մայրիկի հետ և հասկացա, որ առանց մեր այս հարևանի ամեն ինչ կատարյալ չէր լինի, բամբասանքը օրեցօր չէր ճյուղավորվի, ու մենք էլ այսքան չէինք ծիծաղի, բայց չեմ հասկանում, թե ինչ կա այստեղ ծիծաղելու, ախր, շատ լուրջ խնդիր է:

Ջուլիանա Առաքելյան 15տ., 2006թ.