Սովորական օր էր: Արթնացա քնից, պատրաստվեցի և գնացի քոլեջ քրոջս հետ: Քոլեջում, ոնց որ միշտ, դասերս անցան սովորականի պես: Արդեն տուն էի գնում, երբ տեսա մեր ռազմագիտության դասախոս ընկեր Մարտիրոսյանին:
-Երեխեք ջան, վաղն առավոտյան գնալու ենք զորամաս:
Պետք է ասեմ, որ վաղուց էի երազում լինել զորամասում, ծանոթանալ զինվորների առօրյային:
Չէի համբերում, թե երբ է անցնելու այդ մի քանի ժամը, որ գնամ երազանքիս հետևից:
Արդեն գիշեր էր: Չէի կարողանում քնել, գլխումս միայն մի բան էր՝ զորամասը: Վերջապես բացվեց լույսը: Վեր կացա, հագա զինվորական համազգեստս:
-Մամ, ես գնացի, երկու տարի երեսս չեք տեսնի:
-Էս աղջիկը գժվել ա, վրաներս խաբար չկա,-արձագանքեց մայրս:
Շտապեցի կանգառ ,որտեղ սպասում էր զորամաս տանող ավտոբուսը:
-Յա, էս եկա՞ք, զինվորուհիներ ջան,- լսվեց ընկեր Մարտիրոսյանի ձայնը:
Գնացինք Լուսակերտի զորամաս: Այդ օրը զորամասում տոն էր: Նշում էին հրաձիգների օրը:
Սիրտս արագ էր բաբախում: Մտնելով զորամասի տարածք, սկսեց էլ ավելի արագ բաբախել, երբ տեսա իմ շատ սիրելի զինվորներին և պատկերացրեցի ինձ նրանց շարքերում: Շրջում էինք ամբողջ զորանոցով, ճաշարանով, բուժկետով զինվորների ուղեկցությամբ: Ինձ շատ ազատ էի զգում զորամասում: Կարծես ամբողջ կյանքս այնտեղ էի անցկացրել և չէի ուզում, որ օրս ավարտվեր: Տարված այդ ամենով չնկատեցի, որ ժամանակն այդքան արագ անցավ, և եկավ հրաժեշտի պահը: Տխրեցի, որ արդեն պիտի վերադառնանք, բայց դասախոսս խոստացավ, որ մի օր նորից մեզ կբերի զորամաս:
Այժմ ես տասնութ տարեկան եմ և իմ հիշողության մեջ միշտ լսվում է մայրիկիս ձայնը.
-Վայ, երբ դառնաս տասնութ տարեկան…
-Ախր, մամ ջան, արդեն տասնութ տարեկան եմ, իսկական ժամանակն ա բանակ գնալու:
Երևի կգնամ այդ երազանքիս ընդառաջ և նյութս կունենա շարունակություն արդեն իսկ իմ զորամասից:
Եվ քանի որ այսօր Հայոց բանակի օրն է, ցանկանում եմ անփորձանք ծառայություն և բարի վերադարձ մաղթել մեր բոլոր զինվորներին: Թող զինվորը իմանա, որ հայ աղջիկը միշտ իր կողքին է: