Lusine Manukyan bazmaghbyur

Երբ պատերազմ էր

Բարև, ընկե՛ր։ Ես 14 տարեկան եմ, շատ վախկոտ, բայց միևնույն ժամանակ՝ համարձակ։ Կարծում եմ իմ տարիքի ցանկացած երեխա պետք է համարձակ լինի։ Ինչու՞, որովհետև Հայաստանում վախկոտներ պետք չեն: Հունվարի 28-ին նշում ենք Բանակի օրը, իսկ ո՞ւմ կամ ինչի՞ հաշվին ենք նշում այն… Շատ ենք խոսել Քառօրյայի մասին, բայց իմ կողքին ապրում է Արամը՝ մասնակիցը: Որոշեցի հարցազրույց վերցնել ու ամեն ինչ իմանալ նրանից:

 -Արամ ջան, պատմիր որոշ բաներ Քառօրյայի մասին։ 

-Ապրիլի 1-ն էր, մենք դիրքերը հանձնեցինք հաջորդ գումարտակին և իջանք զորամաս, բայց արդեն իրավիճակը լարված էր, ու հակառակորդը կիրառում էր տարբեր հրետանիներ։ Ոչ ոք չէր մտածում, որ այդ ամեն ինչը կարող է հասնել լայնամասշտաբ գործողությունների։ Իջնելու ժամանակ, երբ հակառակորդը կրկին հրետանի կիրառեց, մենք ունեցանք վիրավոր, բայց թեթև էր վիճակը։ Տագնապը հուշեց, որ սկսվեց… Հակառակորդը իր ուժը կիրառում էր մեզ վրա, կարծես կարկուտ թափվեր։ Մեզ ուղարկեցին թաքստոցներ, արդեն առավոտյան ժամը 6-ն էր։ Հակառակորդը հարձակվել էր մեր գլխավոր դիրքերից մեկի վրա, բայց տղաները հերոսաբար կռվում էին. դիրքում մնացել է Ռոբերտ Աբաջյանը՝ մի նռնակով, զոհվել են Քյարամ Սլոյանը, Անդրանիկ Զորաբյանը և Արմենակ Ուրֆանյանը։ Իսկ մենք մեծ դժվարությամբ հասանք դիրքեր երկու գումարտակով։ Ապրիլի 2-ից մինչև 6-ը տեղի էին ունենում ծանր մարտեր։ Վերջապես հրադադար:

2016 թվականի հոկտեմբերի 20-նն էր։ Արամին մնացել էին հաշված օրեր տուն վերադառնալու, և նա դիրքում էր՝ ականապատված խրամատում, Արամը հետ քայլելով ոտքը դրել էր ականի վրա։ Դիրքում բարդ է. մեկ անզգույշ քայլ և… Արամի նման քաջ տղաների շնորհիվ է, որ հիմա կա մեր երկիրը: Նրանց միշտ սպասող կա, միայն թե պատերազմը… Պատերազմ… Չեմ հասկանում ու հանուն ինչի՞, մի հողակտորի՞, մի՞թե մարդկությունը այդ հողակտորի մեջ է։ Ամենքս մեր հողակտորի տերն ենք, մեր մի բուռ հողակտորի: