Anahit Badalyan

Քննությունների մասին

17-ցի ընկերներիցս շատերն են գրում միջանկյալ քննությունների մասին, ես էլ որոշեցի կիսվել իմ փորձառությամբ։ Գնացինք։

Իմոնք միջանկյալներ չեն, համենայնդեպս, էդպես չենք անվանում։ Ես սովորում եմ Միջազգային բակալավրիատ (այսուհետ՝ IB) երկամյա կրթական ծրագրի շրջանակներում, որի ընթացքում ամեն ուսանող պետք է սովորի վեց առարկա․ երեքը՝ խորացված ուսումնասիրությամբ, երեքը՝ ստանդարտ մակարդակի, իսկ մեր քոլեջում պարտադիր ուսուցման առարկա է նաև իտալերենը։ Էնպես որ, ես յոթ առարկա եմ սովորում։ Ի դեպ, որ ասում եմ ստանդարտ, դու մի հասկացիր, թե դյուրին, հասանելի ու հեշտ։ Չէ՜, բարեկամս, շատ աշխատատար է․․․ Դպրոցական առարկաներից բացի՝ ուսանողները պետք է նաև հաճախեն որևէ խմբակ, զբաղվեն ինչ-որ սպորտով ու  կամավորություն անեն համայնքում։

IB-ն ինքնին բավականին խիստ կրթական ծրագիր է։ Ուսուցումն ամբողջապես անգլերենով է՝ չհաշված այն, որ իտալերենի ժամին ուսուցչուհին առաջին օրվանից սկսած անգլերեն ոչ մի բառ չի ասել․ «Ես անգլերեն չեմ խոսում»։ Այ էսպես են մեր իտալերենի ուսուցիչները ի սկզբանե փորձել մոտիվացնել մեզ՝ իրենց երգեցիկ լեզուն սովորելու։ Բան չեմ ասում, ստացվել է։

Իմ առարկաները հետաքրքիր են, շատ բաներ նոր են ինձ համար, սովորելու, ուսումնասիրելու լիքը բան կա։ Խորացված մակարդակով սովորում եմ տնտեսագիտություն, փիլիսոփայություն ու անգլերեն։ Ստանդարտ մակարդակի ուսումնասիրման առարկաներս են իտալերենը, մաթեմատիկան, հայ գրականությունն ու շրջակա միջավայրային համակարգեր և հասարակությունը (հա, երկար ու բարդ անուն է, ու համ էլ ամենաչսիրածս առարկան): Հայաստանում գիտելիքը ստուգելու ամենատարածված ու խստագույն միջոցը ստուգողական աշխատանքներն էին, ամենավախենալուները՝ կիսամյակայինները։ Հիշում եմ՝ ուսուցչիներ ունեի, որ լրացուցիչ հարցեր էին կցում ամեն ստուգողական աշխատանքին, որոնք ենթադրաբար պիտի անթերի կերպով կատարվեին գերազանցիկների կողմից։ Մեկ-մեկ կարոտում եմ էդ հին օրերը։ Դրանք էն ժամանակներն էին, երբ տասնվեց դպրոցական առարկաներն ինձ ծանր ու բարդ էին թվում։ Էն ժամանակները, երբ ես մեր ՆԶՊ-ի ջոկատի հրամանատարն էի ու տանել չէի կարողանում շարային քայլքը։ Դասատուս ասում էր՝ զեկուցելուդ ձևը հեռուստամեկնաբանի՝ լուրեր հաղորդելու ձևին շատ նման է, էսթետիկ է, դրա համար արի, դու եղի ձեր ջոկի հրամանատարը։ Էն ժամանակներն էին, երբ ամենաբարդ բանը ֆիզիկայի ինչ-որ խնդրի լուծման քայլերից մեկը կլիներ, որ հեշտությամբ հնարավոր կլիներ վերլուծել ու հասկանալ մի փոքր ավել աշխատանքի շնորհիվ։ Դրանք իրար հուշելով դաս պատմելու, Տերյանի, Չարենցի ու Սահյանի բանաստեղծությունները հետ ու առաջ քայլելով միատոն անգիր արտասանելու ու գրատախտակի մոտ կամավոր գնալու քաջություն դրսևորելու ժամանակներն էին։ Հայկական ժամանակները․․․ Կարոտում եմ հին ջերմությունը, ինչ խոսք, բայց պիտի ասեմ, որ անասելի գոհ ու բավարարված եմ էն կրթական մակարդակով, որը ձեռք եմ բերում։

IB-ի շրջանակներում դու կարող ես ժամերով պարապել, չարչարվել, «գլուխ ջարդել», բայց այդքանով հանդերձ դասարանում լավագույնը չլինել։ Նման կրթական համակարգը սովորեցնում է առաջնորդվել սեփական առաջընթացով, նվաճում համարել մի գրավորից մյուսում երևացող բարելավումդ ու երբեք չհամեմատվել։ Քանի որ աշխարհի բոլոր-բոլոր ծայրերից աշակերտներ են հավաքված էստեղ ու բոլորը գալիս են տարբեր կրթական համակարգերից, բնական ու տրամաբանական է, որ ամեն մեկի կարողությունները, գիտելիքներն ու սովորելու ունակությունները տարբեր են։ Ու հենց էդ տարբերության գիտակցման շնորհիվ է նաև, որ ոչ մեկի հետ համեմատվելու ցանկություն երբևէ չկա։ Համեմատման միակ առարկան ու օբյեկտը ես եմ, մի տարի առաջ էսսե գրող Անահիտն ու հիմա էսսե գրող Անահիտը։ Ու եթե ես մի օր դադարեմ ժամանակի սանդղակի վրա իմ առաջընթացը նկատելուց, այ էդ ժամանակ է, որ կսկսեմ մտահոգվել։

Ինձ մոտ միջանկյալ ասվածը ուրիշ ձևաչափ ունի։ Քանի որ IB-ն երկամյա ծրագիր է, առաջին տարվա վերջում արդեն ավարտական քննություններ էինք հանձնել։ Իսկ IB-ի ամենածանր ու պատասխանատու շրջանը երրորդ կիսամյակն է, ասել է թե՝ հենց հիմա-ն։ Հիմա բոլոր առարկաներից ամփոփիչ առաջադրանքներ ենք կատարում։ Ամեն ուսուցիչ իր մեթոդներն ունի, ուստի թեզերի, էսսեների, ստուգողական թեստերի կամ բանավոր պրեզենտացիաների միջոցով բոլոր առարկաներից խստագույնս ստուգվում ենք հիմա։ Այս ամենի հետ մեկտեղ հիմա նաև զբաղվում ենք մեր համալսարանների դիմումներով, ինչը չափազանց տարբեր է հայկական համալսարան դիմելու գործընթացից։ Մեկ համալսարանի փոխարեն դիմում ենք մի քանիսը, և ամեն մեկի հետ պիտի պատրաստենք առանձին, ամբողջական ու բավականին ծավալուն պորտֆոլիո։ Քոլեջում բոլորը գիտեն, որ ամենապատասխանատու շրջանը երկրորդ կուրսեցիների առաջին կիսամյակն է։ Անելիքներն այնքան շատ են, որ ընդմիջելու ու հանգստանալու ժամանակ չի մնում։ Բայց մեկ-մեկ ուղղակի նայում եմ մի կետի, հիշում եմ, որ երկու տարի առաջ էր ամեն-ամեն ինչ։ Ես պատկերացնել անգամ չէի կարող, որ 12-րդ դասարանս սովորականի պես ավագ դպրոցում ավարտելու փոխարեն պիտի ավարտեմ UWC-ի պես կրթական շարժման ամենասիրուն կետերից մեկում։ Առաջին դասարանում դպրոց գնալիս դժվար էլ մտքովս անցած լիներ, որ ավարտելու եմ Ադրիատիկի ափին ու համալսարանների դիմումներս լրացնելիս ուսուցիչներս լինելու են իսպանական, ամերիկյան կամ հնդկական անուններով մարդիկ։

Կարճ ասած՝ մի ուրիշ սթրես է IB-ի երրորդ կիսամյակը, մի ուրիշ ծանր ու աշխատատար շրջափուլ, անբացատրելի հոգնեցուցիչ ու հաճախ քնել ու ուտել մոռացնող երևույթ։ Բայց կազմակերպված, պատասխանատու ու գիտակից ենք դառնում, երեխեք․․․ Էն էլ ինչքան։

Պինդ մնանք, մի շրջան է, կանցնի։ Գրկում եմ։