Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Լուսանկարը՝ Զարա Ղազարյանի

Մեզանից 2017 տարի առաջ՝ մեր թվարկության մեկ թվականի հուվարի 5(6)-ին կատարվեց մարդկության կողմից երկար սպասված մարգարեությունը: Եսայի մարգարեն ասում է. «Ահա Կույսը պիտի հղիանա և որդի ծնի, և Նրա անունը պիտի լինի Էմմանուել» (Եսայի Է 14): Ապա Ղուկասի Ավետարանում կարդում ենք. «Եվ նա ծնեց իր անդրանիկ որդուն, խանձարուրի մէջ փաթաթեց նրան ու դրեց մսուրի մեջ, որովհետև իջևանում նրանց համար տեղ չկար»: Նախ մենք տեսնում ենք, որ Փրկչի ծննդյան համար ընտրվել էր ամենահասարակ տեղը, ապա Քրիստոսի ծննդյան լուրը հրեշտակը առաջինը հայտնում է հասարակ հովիվներին. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկ.Բ 10-11): Իրապես և եղավ ամբողջ ժողովրդինը:

Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան, քանի որ եկեղեցական օրը փոխվում է երեկոյան ժամերգությունից հետո` ժամը 17.00-ից: Սուրբ Ծնունդն սկսում ենք տոնել հունվարի 5-ի երեկոյան և հունվարի 6-ին: Նախօրեի երեկոյան բոլոր գործող եկեղեցիներում մատուցվում է ճրագալույցի Ս. Պատարագ: Ճրագալույց նշանակում է ճրագ (մոմ) լուցանել, այսինքն` վառել: Այդ օրը երեկոյան մարդիկ եկեղեցում վառված ճրագներն իրենց հետ տուն են տանում: Այն խորհրդանշում է աստվածային լույս, եկեղեցու օրհնություն: Ճրագալույցը խորհրդանշում է բեթղեհեմյան աստղի լույսը, որն առաջնորդեց մոգերին դեպի մանուկ Հիսուսը: Իսկ հունվարի 6-ին` Ս. Ծննդյան Ս. Պատարագից հետո, կատարվում է Ջրօրհնեք, որը խորհրդանշում է Հորդանան գետում Քրիստոսի մկրտությունը: Խաչով և Սրբալույս Մյուռոնով օրհնված հրաշագործ ջուրը բաժանվում է ժողովրդին` ի բժշկություն հոգևոր և մարմնավոր ախտերի: Ճրագալույցից հետո բացվում է մեկ շաբաթյա պահքը և գցվում է տոնական սեղանը: Սեղանին գլխավոր ուտեստը ձուկն է : Ձուկը քրիստոնյաների խորհրդանիշն է: Սեղանին դրվում է նաև բրնձով, յուղով և չամիչով փլավ: Սա ևս պատահական չէ. բրինձը մարդկությունն է, իսկ չամիչները` ընտրյալները: Վերջում մնում է ավելացնել, որ բարևին մի քանի օրով փոխարինելու եկած այս արտահայտությունը` «Օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի» խորհրդանշում է Աստվածահայտնության տոնի հիմնական ասելիքը: Դէ ինչ, սիրելիներս,

ՔՐԻՍՏՈՍ ԾՆԱՎ ԵՒ ՀԱՅՏՆԵՑԱՎ, ՄԵԶ ԵՒ ՁԵԶ ՄԵԾ ԱՎԵՏԻՍ:
 ՕՐՀՆՅԱԼ Է ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ: