Օդեսան

Լուսանկարը` Սվետա Մելիքյանի

Լուսանկարը` Սվետա Մելիքյանի

Օդեսա… Քաղաքի մասին առաջին պատկերացումը սառն էր ու մռայլ։ Շատ ցուրտ էր, անձրևոտ, իսկ ես՝ հիվանդ։ Չէ, չէ հոգեկան չէ, ուղղակի գրիպ էի ու դեռ հիմա էլ։ Շենքերը վանում էին, մարդ չկար փողոցներում, կարծես թափառող հոգիների քաղաք լիներ։ Ժամանակի ու տարածության մեջ ես էլ էի արդեն խճճվել։ Մի պահ ինձ թվաց 90-ականների Գյումրի եմ ընկել։ Տխրեցի։

Լուսանկարը` Սվետա Մելիքյանի

Լուսանկարը` Սվետա Մելիքյանի

Ձմռանը ամբողջ օրը դրսում դրված երկաթի էր նման էս քաղաքը՝ ժանգոտված ու մոռացված էր: Առաջին օրը սառած էի և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես: Ժամերն էի հաշվում, որ մտնեմ տաքուկ ու ինձ միշտ սպասող անկողինս, որը ինձ ներում էր նույնիսկ, եթե ուշ էի տուն գալիս։ Իսկ Սև ծովը իր համար հանգիստ ննջում էր ինձանից 15 րոպե հեռու։

Ծովը սև էր, երկինքը՝ կապույտ, մարդիկ՝ մոխրագույն, իսկ ես կարմիր կրակ դարձած այրվում էի ինքս ինձ տանջելով, որ Օդեսան էն քաղաքը չէր, որ կարծում էի։ Պատկերացումներս բախվեցին իրականության հետ, ու ժամանակից առաջ ուզեցի հիսաթափվել այն քաղաքից, որը երկար ժամանակ է ուզում էի տեսնել:

Լուսանկարը` Սվետա Մելիքյանի

Լուսանկարը` Սվետա Մելիքյանի

Վերջին օրը հետ չէի ուզում գալ: Սիրահարվել էի քաղաքի մթնոլորտին: Հիմա մտածում եմ, բայց ինչ տարօրինակ քաղաք է: Կարծես կին լինի. Ուզեց՝ կսիրես, չուզեց՝ քիչ չէ, կտանջի քեզ, մի հատ էլ դու մեղավոր կլինես: Իսկ Սև ծովը վերջում ինձ աչքով արեց ու խոստացավ, որ էլի կտեսնվենք, միգուցե հաջորդ անգամ նրա մյուս ափին: