sona mkhitaryan

Օսկար Ուայլդի գրքի մեկնաբանությունը՝ ըստ իմ տեսակետի

Օսկար Ուայլդի «Դորիան Գրեյի դիմանկարը» գիրքն ընթերցելիս ամեն մի խորիմաստ նախադասություն ինձ հիշեցնում էր մերօրյա գյուղական բնակիչների կյանքը, նաև հակասություններ էր առաջացնում, հիշեցնում մեր ներկայիս պետության ծավալած գործունեությունը։

Գրքի գլխավոր հերոսը՝ Դորիան Գրեյը, իր ապրելակերպի հանդեպ ունեցած պատասխանատվությունը գցեց մի նկարի վրա՝ հենց իր դիմանկարի վրա՝ փորձելով փախչել իրականությունից։ Տեսեք՝ երբ մեր երկրում կային մենաշնորհներ (չենք բացառում, որ հիմա էլ կարող են լինել), և հիմա արդեն բացահայտվում են նրանց հափշտակությունները և այլ մեղքերը, նրանք հանդես են գալիս որպես անմեղ՝ իրենց մեղքը վերագրելով ուրիշին։ Գրքից մեջբերում անեմ․ «Փաստերի իրական աշխարհում մեղսագործները չեն պատժվում, ոչ էլ՝ անմեղները հատուցվում»։

Մեր իրականությունում միշտ է եղել և գործել այս վարկածը, սակայն հիմա երկիրը (կառավարությունը և ժողովուրդը) պատժում են մեղսագործներին, մնում է այդ առաքելությունը հասցնեն իր վերջնական արդյունքին՝ անմեղներին հատուցելով։
Ուզում եմ դիմել բոլոր այն հարուստներին, ովքեր ամեն ինչի հիմքում փողն են տեսնում։ Իրականում ձեզ մի խորհուրդ կտամ՝ ձեր զավակներին ճիշտ դաստիարակեք, մի ներարկեք ձեր մտածելակերպը նրանց, որովհետև դա շարունակվելու է, փոխանցվելու է։ Ձեր երեխաների հետ ճիշտ կերպով շփվեք, կյանքի դասեր տվեք, որովհետև համոզված եղեք, եթե նրանք հիմա ապրում են ձեր հաշվին, հույս չունենաք, որ հետո դուք կարող եք ապրել նրանց հաշվին։ Կրկին մեջբերում անեմ․ «Չարաբախտ գյուղացին, որ հենց նոր մեռավ, ինձանից երջանիկ էր»։ Այս խոսքերը ասում էր Դորիան Գրեյը, որն ամեն ինչ ուներ՝ գումար, շքեղ բնակարան, ծառաներ, համբավ (որը հետո կորցրեց), նույնիսկ ուներ հավերժական երիտասարդություն, որը դուք չունեք, բայց իրեն համարում էր դժբախտ։ Գյուղացին չարաբախտ է համարվում, որովհետև աղքատ է, որովհետև չի կարողանում իրեն թույլ տալ ինչ-ինչ բաներ, ճոխություններ, հաճույք։ Բայց իրական հաճույքը այն է, երբ հայրդ հոգնած գալիս է տուն, իսկ դու՝ զավակդ, ջուր ես տաքացնում ոտքերը լվանալու համար, ինքդ ես ջուրը թափում՝ ընդունելով հորդ հոգնած լինելը։ Իսկ երբևէ մտածե՞լ եք, որ կան մարդիկ, որոնց առողջությունը իրենց չի ներում նման հարցերում, ու հենց իրենց երեխաներն են այդ ամենը անում։

Գրքի հերոսներից Լորդ Հենրին ասում էր, որ գյուղացի բնակիչները բացարձակապես անքաղաքակիրթ են։ Անքաղաքակիրթ են, երևի, այն առումով, որ գյուղացի երեխաները շատ-շատ բաներ չեն տեսել իրենց կյանքում, գլուխ չեն հանում ձեր application-ներից, իսկ տեսնելիս նրանց վարքը կողքինի համար ոչ ադեկվատ է համարվում։ Անքաղաքակիրթ են, երևի, որ տանը ուտելու ոչինչ չլինելու դեպքում ոչ ոք չի բարձրաձայնում իր սոված լինելու մասին, որ մեկը մյուսին չտխրեցնի։ Կամ էլ անքաղաքակիրթ են նրա համար, որ 13-15 տարեկան երեխաները իրենց հիվանդ տատիկ-պապիկներին կամ հիվանդ մորն են խնամում (դեպքերը իրականություն են, եթե կցանկանաք՝ գրեք, կմանրամասնեմ)։
Այսպիսի մի մեջբերում էլ անեմ․ «Ծերության ողբերգությունը նրանում չէ, որ մարդը ծերանում է, այլ նրանում, որ մարդը հոգով երիտասարդ է մնում»։ Գեղեցիկ խոսքեր են, չէ՞, ափսոս, որ գյուղացին 10-11 տարեկանից արդեն կյանքի դառը համն է զգում, հոգով սկսում է ծերանալ և հոգնել, իսկ ֆիզիկապես ծերանալով՝ հոգով արդեն մահանում է։
Իսկ այն մարդիկ, ովքեր իրենց կատարած յուրաքանչյուր սխալ քայլի համար մեղադրում են ուրիշին, մի օր նմանատիպ սխալ քայլի կամ սխալ խոսքի պատճառով վատ ավարտ կունենան, ինչպես և Դորիան Գրեյը: