Առավոտ էր։ Ժամը 7։35 զարթուցիչը զնգաց։ Լսում էի ձայնը, բայց մեջս չէի կարողանում ուժ գտնել, որ այն անջատեմ, քանի որ անջատելու համար պետք է գնայի սենյակիս մյուս ծայրը։ Ի վերջո, քրոջս բղավոցները՝ «Էլզա, միակ օրն է, որ կարող եմ մինչև 10-ը քնել, այսօ՞ր էլ ինձ հանգիստ չես թողնում», ինձ մոտիվացրին, և ես անջատեցի զարթուցիչը։ Կանգնեցի, որպեսզի գնամ լոգարան, բայց զգացի, որ ոտքերս ցավում են, հետո հիշեցի, որ երեկ 2 ժամ թենիս եմ խաղացել։
Մի կերպ հասա բաղնիք, հայելու մեջ տեսա մի մարդու, որի միակ նպատակն էր այդ պահին վերադառնալ սենյակ և գոնե 1 ժամ ավել քնել։
Լվացվեցի և դուրս եկա։
Դո՞ւք էլ առավոտյան չեք կարողանում որոշել՝ ինչ պետք է հագնեք։ Եթե այո, ուրեմն մենք շատ նման ենք։ Փորձում ես ինչ-որ բան ընտրել և հագնել, չի ստացվում, բայց հասկանում ես, որ արդեն 30 րոպե դա ես անում և ստիպված հագնում ես այն, ինչ ամենաքիչն ես ուզում։
Տխուր և մի փոքր հիասթափված դեմքով դուրս եմ գալիս սենյակից և տեսնում եմ մայրիկիս։
-Ի՞նչ է պատահել։
-Մամ, չե՞ս տեսնում։
-Ի՞նչ է պատահել։ Օ՜յ, դե լավ էլի, ուղղակի դպրոց ես գնում։
-Դու չես հասկանում։
Եվ հետ եմ վերադառնում սենյակ։ Տեսնելով, որ արդեն դուրս գալու ժամանակն է՝ արագ հավաքվում եմ և դուրս եմ գալիս՝ ինչպես միշտ մոռանալով ուրվագծային քարտեզը և հեռախոսս։ Տեսնելով, որ ուզում եմ երգ լսել, իսկ հեռախոսս չկա, որ ականջակալներս միացնեմ, վերադառնում եմ տուն, և ինչպես միշտ, հանդիպում եմ հարևանիս, որը հարցնում է.
-Հըն, էլի՞ ինչ-որ բան մոռացել ես։
Վերցնում եմ հեռախոսս և վազում դասի։