aniharutyunyanarm

Ֆարենհայթի աստիճանը

«Մարդիկ սարսափում են արտասովորից»,- ասում է Բրեդբերին:

Միգուցե համաձա՞յն ես մտքի հետ ու արտասովոր մարդկանց ուզում ես դո՞ւրս հանել հասարակությունից: Քո կարծիքով տարբերվող մարդիկ նորմալ չեն, իրենց միտքը միշտ ուրիշ տեղերում է թափառում, կապույտ մազերով աղջիկները երբեք անկեղծ չեն սիրում. ո՞նց կարող է նման արտաքինով մեկը զգացմունքներ ունենալ: Սեփական կարծիք ունեցող մարդիկ գոռոզ ու ինքնավստահ են, որովհետև քո անգիր արած դատողություններն իրենց հետաքրքիր չեն, որովհետև երբ դու խոսում ես ուրիշի նախադասություններով, երբ դու սերը պատմում ես Սևակով, աշունը` Տերյանով, նա խոսում է իր «ես»-ով, ու դու դրա համար նրան չես սիրում, որովհետև քեզ բարկացնում է քո անկարողությունը, քո կաղապարված լինելը, որովհետև դու բավականին շատ ես խրված ամբոխի մեջ, որ կարողանաս դուրս գալ, մտածել, դատողություններ անել, որովհետև քեզ համար հեշտ է համաձայնել նրա հետ, ում հետ դու այդ պահին խոսում ես, որովհետև դու չես ուզում երբեք վիճել, պաշտպանել քո համոզմունքները:

Ես քեզ նմաններին տեսնում եմ ամեն օր։ Քեզ, որ վախենում ես խորտակվել դիմացինի աշխարհում, դրա համար դու ուզում ես հեռու լինել նրանից, քեզ համար հեշտ է փախչել ամբոխի մեջ, քան կարդալ, որովհետև կարդալով դու կսկսես մտածել, մտածել ու հասկանալ, հասկանալ ու մտածել, իսկ հասկանալը երբեմն ցավոտ է, գիտակցելը երբեմն տանջում է, երբ վերլուծում ես, թե որքան սխալ բաներ կան աշխարհում, թե դու որքան անելիք ունես, դու դրանից վախենում ես: Քեզպեսները սիրում են ապրել անգիտակից, ասել է, թե` անտեղյակ, կամ ավելի կոնկրետ` բթացած:

Մեղավորը մենք ենք՝ բոլորս, որովհետև մենք սիրում ենք լսել, կարդալ, տեսնել հասանելին, պարզն ու հասարակը, որ չի ստիպի նախ զարմանալ, հետո փշաքաղվել, սառել տեղում, վերջում անկարող լաց լինել ու հասկանալ, թե որքան փոքր ենք մենք այն մարդկանց մոտ, որոնք ստեղծում են արժեքներ։

Մենք չենք գտնում ինքներս մեզ, մենք չենք գտնում մեր տարբերությունը, մենք յուրաքանչյուրս մի մատնահետք ենք, մի տերև՝ միակը, չկրկնվող, յուրահատուկ։ Մենք, գրողը տանի, ծնվում ենք ամեն մեկս ուրիշ լացով, որ հետագայում դարձնում ենք հազիվ լսելի մի ձայն, որ երբեմն ամբոխի մեջ «այո» գոռալու համար ենք բարձրացնում։

Մենք մեզ կապկպում ու գցում ենք մեր ներսի ամենամութ անկյունը, մեր մարմնի մեջ մենք բանտարկված ենք ու ազատությունը տվել ենք ուրիշին։ Ասում են՝ գիրքն այրվում է 451°-ում՝ ըստ Ֆարենհայթի, ընտրությունը մերն է. մենք կգտնե՞նք ամեն գրքում մեր տողը, թե՞ անտարբերության կրակով կայրենք դրանք։