Արթուր Ջանվելյանի բոլոր հրապարակումները

Չալո

Չալոն արդեն հինգ տարեկան է: Ես հիշում եմ, թե ինչպես վերցրի նրան և սկսեցի պահել: Այդ ժամանակ նա ընդամենը երկու ամսական էր: Նա ինչ-որ հատուկ տեսակի շուն չէ: Նրա մայրը հասարակ թափառական շուն էր: Մի անգամ հանդիպել էր ինձ մեր փողոցում: Ես վերադառնում էի դպրոցից տուն ու չգիտեմ, թե որտեղից, նա հայտնվեց իմ առաջ: Սկզբից վախեցա: Սև շուն էր՝ նիհար ու կարճ դնչով, երկար ականջներով, միջին հասակի: Ես միանգամից ցանկացա գոռալով փախչել ու այդպես էլ կանեի, եթե իմ ճանապարհը փակված չլիներ: Սիրտս փոքր-ինչ հանգստացավ, երբ տեսա, որ նա շարժում է իր պոչը: Ես արագ բացեցի պայուսակս և այնտեղից հանեցի երեք օրվա բուլկու մնացորդներ, առաջարկեցի՝ նետելով նրա առաջ, բայց նա այդքանով չբավարարվեց և ավելի մոտեցավ ինձ։ Ես դանդաղ քայլերով հայտնվեցի նրա թիկունքում և արագ հեռացա, իսկ նա մնաց այնտեղ: Ես հեռացա՝ կորցնելով նրան իմ տեսադաշտից: Հաջորդ օրը դասից վերադառնալիս կրկին տեսա նրան: Գնացի տուն, վերցրի հացի կտորներ և վազեցի դեպի նրա տնակը: Հացը գցեցի տնակի առաջ և հեռացա: Դրանից հետո ամեն անգամ դասից գալիս բուլկու կամ ճաշարանում չկերածս հացի փշրանքները բերում ու թողնում էի նրա առաջ, բայց նրան չէի տեսնում (ի դեպ, նրա բունը անմարդաբնակ տան նկուղ էր):

Շաբաթ էր, և ազատ էի դասերից: Տնից թաքուն հաց վերցրի և գնացի այն տուն, որի նկուղում էր ապրում այդ շունը: Տեսա, որ իմ տված ուտելիքներից ոչինչ չի մնացել: Սուլոցով կանչեցի շանը, բայց չեկավ: Հավաքեցի ուժերս և մտա նկուղ, նա այնտեղ էլ չէր… Երբ ես տխուր հեռանում էի, լսեցի թույլ ձայն, միանգամից շրջվեցի, բայց ոչինչ չտեսա: Արագ դուրս եկա նկուղից և գնացի տուն: Երբ դրսում խաղում էի, նկատեցի, թե ինչպես շունը մտավ նկուղ, և հասկացա, որ այդ ձայնը նրա ձագուկներից մեկի ձայնն էր: Ես սպասեցի այնքան, միչև շունը կրկին հեռանա, հեռանալուց հետո վազեցի դեպի նկուղը, և մտնելով ներս, առաջացա դեպի խավարը։ Տեսա երեք փոքրիկ շնիկների, որոնց աչքերը դեռ փակ էին: Մեկը սև էր՝ ինչպես իր մայրը, մյուսը՝ շագանակագույն, իսկ ամենափոքրը չալ էր և անընդհատ վնգստում էր: Ես գրկեցի նրան և իմ հետևում զգացի ինչ-որ ծանր շնչառություն: Վախեցած շրջվեցի և տեսա այն սև շանը, որը երկու շաբաթ առաջ փակել էր իմ ճանապարհը, և ում այս երկու շաբաթվա ընթացքում կերակրում էի: Ես այդ պահին գրկել էի նրա ձագին և դողում էի: Արդեն պատկերացնում էի, թե ոնց է նրա մայրը ինձ պատառոտում, բայց նա գնաց իր երկու ձագուկների մոտ և սկսեց կերակրել նրանց: Ես, տեսնելով այդ ամենը, գետնին դրեցի մյուս ձագին և հեռացա:
Մոտ մեկ ամիս ուտելիք էի տանում նրանց համար, և այդ շնիկներին, բացի ինձնից, նկատել էին նաև ուրիշները: Ես սկսեցի համոզել իմ ծնողներին, որ վերցնենք Չալոյին։ Այդպես էլ արեցինք: Մեզնից առաջ վերցրել էին մյուս երկու շնիկներին, և նրանց մայրը մնացել էր միայնակ Չալոյի հետ: Չալոի մայրը երկար ժամանակ չէր երևում։ Նրան տեսա չորս ամիս անց ավելի նիհար, կարճ և գազազած: Նա հարձակվում էր անցորդների վրա: Ես մոտեցա, շոյեցի նրա գլուխը, և նա կարծես քարացավ: Չգիտեմ՝ ինչ էր պատահել, ինչու էր այդքան չարացել, բայց ես քաշեցի իմ ձեռքը, և նա հեռացավ իմ տեսադաշտից այնպես, ինչպես երևացել էր վեց ամիս առաջ:

Հ. Գ. Ես ցանկանում էի այս պատմությունը գրել Չալոյի մասին, բայց ստացվեց այն, ինչ ստացվեց, իսկ Չալոյի մասին ես դեռ կգրեմ…

artur janvelyan

Քաչալ քար

Ես մեծերից լսել եմ մի պատմություն Քաչալ քար անունով տեղամասի մասին, որտեղ ապրել է մի ընտանիք։ Քաչալ քարը գտնվում է սարի գագաթին, որն իր վրա կրում է կայծակների և տարիների հետքերը։

Այդ վայրը գտնվում է Տավուշի մարզի Կոթի գյուղին պատկանող սարում։ Այնտեղ ապրող ընտանիքը ըմբոստացած է եղել այն ժամանակվա կառավարության դեմ, ինչն էլ պատճառ է հանդիսացել նրա փախուստին դեպի սարեր՝ երեք ամսական երեխայի հետ։ Նրանք Քաչալ տաղի գլխին՝ Քաչալ քարում, գտել են իրենց փոքրիկ օթևանը։ Ինչպես նշեցի՝ երեխան դեռ փոքր էր, նրան անկողնում քնեցնելը դարձել էր մեծ գլխացավանք ծնողների համար։ Այդ իսկ պատճառով ծնողներն սկսեցին հարմար վայր փնտրել, որտեղ կարող էին ճոճ գցել երեխայի համար։ Հիմա այդ վայրը հայտնի է Հատկի ճոճատեղ անվամբ։ Այնտեղ կա նաև ձիու մեծ ոտնահետք, որն, ըստ ավանդության, պատկանում է Վարդան Մամիկոնյանի ձիուն։

Քաչալ քարը կարծես լինի օթևան, որը տրված է մարդուն Աստծո կողմից, որպեսզի նա կարողանա պաշտպանել իր կյանքը։ Մոտ 150 տարի առաջ իշխանությանն ընդդիմացած մարդկանց անվանում էին ղաչաղներ։ Քաչալ քարի գլխին տարբեր ձևերի և չափերի մի քանի փոսեր կան, որտեղ պատսպարվել են ղաչաղները։

artur janvelyan

Հարաբերական անդորր

Հիմա իմ գյուղում՝ Կոթիում, հարաբերական անդորր է, որը պայմանավորված է թշնամու պասիվությամբ:

Ես մինչև հիմա հիշում եմ այն օրը, երբ ես առաջին անգամ լսեցի թշնամու կրակած հրանոթի ձայնը: Այդ օրը ես հիշում եմ այսօրվա պես: Այդ օրը քունս ընդհանրապես չէր տանում, կարծես ինչ որ զգացողություն լիներ, որը ես էլ չէի հասկանում: Հեռախոսս սովորականի պես վերցրեցի և փորձեցի ժամանակ սպանել: Հեռախոսս վերցնելուն պես լսեցի մի ձայն, անմիջապես պահեցի հեռախոսը: Մտածեցի՝ ծնողներիցս մեկը մտնում է սենյակ, բայց ձայնը լսվեց ևս մեկ անգամ: Անհանգստությունս մեծացավ, դրան զուգահեռ՝ նաև հետաքրքրությունս, թե ինչ ձայն կարող է լինել: Դուրս եկա տանից և տեսա երկնքը «գունավորող» կարմիր լույսեր: Հասկացա, որ դա լուսածրող փամփուշտներ են: Հաջորդ վայրկյանին, երբ ես պատվեցի ավելի շատ անհանգստությամբ և մտածմունքներով, լսվեց ավելի հզոր ձայն: Գունատված մտա տուն, այնուհետև ծնողներիս սենյակ: Արթնացրի ծնողներիս, և գնացինք ապաստարան: Այնտեղ անցավ սովորականից երկար թվացող գիշերը:
Լույսը բացվեց: Հայրս սկսեց զննել տան չորս կողմը: Բարեբախտաբար այդ անգամ վնասներ չկրեցինք, սակայն դրանից հետո տունը վնասվել էր: Վնասվելուց հետո ինչպես բոլորը՝ այդպես էլ մենք, վերանորոգեցինք: Վերանորոգվեց: Վերանորոգվեցին բոլոր նյութական վնասները, իսկ հոգեպե՞ս: Հոգեկան վնասները մնացին: Բոլոր ապրումները ամեն կրակոցից հետո տպավորվեցին վատ հիշողություններով: Արդեն ամեն մի չնչին ձայն լսելիս ուղեղիցս մեկ րոպե չէր հեռանում կրակոցի վարկածը, որը անխուսափելի էր: Ես վախենում էի, սակայն այդ ամենը տևեց մեկ ամսից ոչ շատ: Չնայած վախերի հաղթահարման, հայրս կրակոցից հետո մեր կամքին հակառակ ինձ և փոքր եղբորս ուղարկեց ավելի ապահով համայնք: Մենք սկսեցինք այնտեղ դպրոց հաճախել: Այնտեղ մենք ուսում ստացանք վեց ամիս, և վերադարձանք թեկուզ ոչ ապահով, բայց հարազատ ծննդավայր:
Մինչև հիմա ես գնում եմ այն գյուղը, որը թշնամուց պատսպարվելու համար անկյուն էր հատկացրել ինձ, և բոլոր նրանց, ովքեր գնացել էին պաշտպանվելու նպատակով: Հանդիպում եմ ընկերներիս, զրուցում եմ նրանց հետ, բայց բնականաբար, ես չեմ ունենում այն զգացողությունը, ինչ Կոթիում իմ ընկերների հետ զրուցելիս:
Հիմա ավարտվել է իմ կյանքում ունեցած ամենամեծ վախի շրջանը: Այդ ամենը փոխվել է նաև տարիքի հետ: Չէ՞ որ ընդամենը երկու տարուց ես կփոխարինեմ սահմանապահ քաջ տղերքին: Ես կկանգնեմ սահմանին: Այնպես կանեմ, որ այլևս ոչ մի երեխա չունենա այն ապրումները, որ ես ունեցա այդ մի քանի լարված օրերին:
Մենք ապրում ենք ներկայով: Անցյալի վախերից ազատված, վառ ու գունավոր ապագայի հույսերով:

artur janvelyan

«Աֆլաթունի»

«Աֆլաթունի» սոցիալ-ֆինանսական ծրագրի Կոթիի թիմը ստեղծվեց 2017 թվականին՝ ուսումնական տարվա սկզբին և շարունակվելու է միչև մայիս ամիսը:

Ծրագրի նպատակն է՝ երեխաներին տալ ինքնաճանաչման և ինքնադրսևորման հնարավորություն, նրանց մոտ ձևավորել թիմային աշխատանքի հմտություններ, խթանել երեխաների մասնակցությունը համայնքային կյանքում, զարգացնել երեխաների սոցիալական պատասխանատվությունը և ձեռնարկատիրական որակները:

Ստորև ներկայացնում ենք պայմանագիրը, որը գրվել է մեր կողմից և չի խախտվում: Ըստ այս պայմանագրի, կան կարևոր կետեր, որոնք մենք պարտավոր ենք կատարել մինչև մայիս ամիսը: Նշված կետերից է, օրինակ, դասից չուշանալը, դասին ներկայանալ, հնարավորինս քիչ բացակայել և դրսևորել լավ պահվածք:
Մեր թիմում այժմ սոցիալ-ֆինանսական կրթություն է ստանում մոտ 20 երեխա, և մենք միասին մշակել ենք սոցիալ-ֆինանսական ծրագիր: «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի կողմից տրամադրված նյութերով պատրաստել ենք խաղալիքներ, գունավորել ենք հետաքրքիր մուլտիպլիկացիոն կերպարների, որոնք գիպսից են պատրաստված, կազմել ենք «Ներկի՛ր ինքդ» նկարչական ալբոմներ, պատրաստել ենք թղթե բուխարի և այդ ամենը վաճառել ենք գյուղացիներին: Այդ գումարը, ինչպես նաև հետագայում մեր աշխատած գումարը, մենք ծախսելու ենք համայնքի համար որևէ կարևոր և մնայուն բարեփոխում անելու վրա:
Մենք տոներին ընդառաջ աշխատում էինք ավելի հետաքրքիր նվերներ պատրաստել և վաճառել:

Դե ինչ, ամենաջերմ նվերները կարող եք ձեռք բերել Կոթիից:

Ֆուտբոլային կյանքի սկիզբը

Լուսանկարը՝ Նաիրի Խաչատրյանի

Լուսանկարը՝ Նաիրի Խաչատրյանի

Բոլոր ինձ ճանաչողները գիտեն, որ ես շատ եմ սիրում ֆուտբոլ: Նրանք նաև գիտեն, թե որ թիմին եմ ես երկրպագում: Ես ֆուտբոլով սկսել եմ հետաքրքրվել տասներկու տարեկանից: Հիշում եմ, թե առաջին անգամ ինչպես մտա խաղադաշտ: Ես ինձ զգում էի կարևոր խաղացող, բայց ընդամենը պահեստային դարպասապահ էի: Մինչև հիմա հիշում եմ՝ ֆիզկուլտուրայի դասին լավ խաղացողները թիմ էին հավաքում, որ սկսեն մրցել հակառակորդ թիմի հետ: Շատ էի ուրախանում և ոգևորվում, երբ լավ խաղացողների թիմում էի լինում՝ թեկուզ ինձ ընտրում էին ամենավերջում: Այս ամենը տևեց հինգերորդից միչև յոթներորդ դասարան: Հիմա այդպես չէ:

Ես նպատակ դրեցի իմ առջև, որ պետք է լավ խաղամ: Սկսեցի հաճախել ֆուտբոլի պարապմունքների: Երեք ամսյա պարապմունքների ժամանակ ծանոթացա դարպասապահի գործին, կարելի է ասել՝ մասնագիտացա, բայց համարելով դարպասապահի պարտականությունները ձանձրալի՝ սկսեցի պարապել իբրև խաղացող, որպեսզի ընդգրկվեմ հիմնական թիմում: Մեկ տարի հաճախեցի ֆուտբոլի, բայց դա էլ ավարտվեց, երբ թշնամու գնդակոծության ժամանակ վնասվեց մեր Կոթի գյուղի ֆուտբոլի դաշտը: Մենք վերջին ժամանակներս ֆուտբոլ էինք խաղում միայն բակում: Ես մտածում էի՝ իմ երազանքը կմնա անկատար: Բայց դաշտում սկսվեցին վերանորոգման աշխատանքները:
Այժմ ես խաղում եմ որպես հարձակվող, այն էլ՝ հիմնական թիմում: Նաև թիմի ավագն եմ: Բայց մինչև հիմա էլ ինձ դասարանում ֆիզկուլտուրայի ժամերին չեն ընտրում դասարանի լավագույն խաղացողները, քանի որ լավագույն խաղացողներից մեկը ես եմ, և հիմա արդեն ես եմ որոշում իմ թիմի կազմը:

Իմ պապի սարերը

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Մանուկ հասակից պապիկիս հետ սար էի բարձրանում: Ես սիրում էի ձի հեծնել, ինչը պապս նկատել էր: Ամեն անգամ՝ անտառից տուն գնալիս, կանչում էր ինձ, նստեցնում ձիու վրա և ման էր տալիս: Երբ ես ձիու վրա էի, նա մոռացության էր տալիս իր բոլոր հոգսերն ու ցավերը:

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Մի քանի տարի անց, երբ ես դարձա դպրոցական, նրան այցելում էի միայն արձակուրդներին: Իմ հրաշքներով լի մանկությունն ավարտվեց այն ժամանակ, երբ ես ընդամենը վեց տարեկան էի: Իմ մեջ կարծես ինչ-որ բան փլուզվեց: Իմացա, որ պապիկս մահացել է:

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Լուսանկարը՝ Արթուր Ջանվելյանի

Ես մինչև հիմա տատիս հետ բարձրանում եմ սար և գիշերում այն կտուրի տակ, որը պապս էր կառուցել մահվանից ընդամենը մեկ տարի առաջ: Բայց իմ մեջ ինչ-որ մի բան դատարկ է, հիմա չկա այն զգացողությունը, որը կար մանուկ ժամանակ: