anna vardanyan

Ֆուտբոլն Արտենիում

Արտենիի ֆուտբոլի դաշտը լիքն է գունավոր շորեր ու գուլպաներ հագած ֆուտբոլ խաղացող երեխաներով։ Այդքան էլ չեմ հետաքրքրվում ֆուտբոլով, բայց երբ ակտիվություն նկատեցի ֆուտբոլի դաշտում, մտածեցի.

-Արտենին առաջադիմել է, էս ինչքա՞ն երեխա կա ֆուտբոլ խաղացող։

Հետո լսեցի, որ գյուղի ֆուտբոլի թիմը մասնակցում է առաջնության` բավականին լավ արդյունք ցուցաբերելով: Մի քանի ամիս առաջ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայից էին եկել, ֆուտբոլային մարզահագուստ էին բաժանում ոչ միայն տղաներին, աղջիկներին նույնպես, և բոլորը սկսեցին ֆուտբոլ խաղալ։

Դասընկերներս նույնպես գնում են ֆուտբոլի խմբակի: Ինչպես նշեց Արտաշեսը, ֆուտբոլը իր օրվա մի մասն է, և որքան ժամանակ տրամադրում է ընկերներին, այդքան էլ տրամադրում է ֆուտբոլին։ Այս ամենը լսելով սկսեցի հարցեր տալ.

- Երբևէ պատկերացրե՞լ ես քեզ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի դերում:

-Այո, մրցումների ժամանակ միշտ պետք է մտածես քո թիմի հաղթանակի մասին և պայքարես մինչև վերջ։

-Իսկ, եթե մի օր հասկանաս, որ ֆուտբոլը ապագա չէ քեզ համար, կհրաժարվե՞ս։

-Դե,- երկար մտածում է,- վերջնականապես չեմ կտրվի, բայց գուցե ուրիշ գործով զբաղվեմ:

-Ըստ քեզ Արտենիում ֆուտբոլը ապագա կունենա՞:

-Չեմ ասի, որ չի ունենա, բայց հաստատ ուրիշ տեղեր ավելի մեծ շանսեր կլինեն առաջ գնալու։

Ուրախ եմ, որ իմ գյուղում կա հնարավորություն երեխաների համար: Չեմ ասի, որ դա մեծ ապագա կլինի որևէ երեխայի համար գյուղում, սակայն ամեն դեպքում  լավ է, որ կա հնարավորություն ինքդ քեզ բացահայտելու, մարզվելու, ազատ ժամանակը ավելի օգտակար անցկացնելու: