lilit grigoryan ararat

Պայքար ոչ պարտադիրի դեմ

 Նախորդ օրերի ամենաքննարկված թեման ԿԳՄՍ նախարարության մշակած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրինագիծն է, որը շուտով պետք է դրվի հանրային քննարկման: Ըստ օրինագծի` բուհերում «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների դասավանդումը այլևս պարտադիր չի լինի:

 Կարծիքները տարբեր են: Խնդրով հետաքրքրված մարդկանց մի մասը կարծում է, որ առարկաները չպետք է դուրս գան պարտադիր դասավանդվողների ցուցակից, քանի որ այս առարկաները հայագիտական նշանակություն ունեն:

 «Հայոց լեզուն պետք է պարտադիր լինի բոլոր բուհերում` գոնե առաջին մեկ տարին: Շատ եմ հանդիպել մարդկանց, որոնք իրենց ոլորտում մասնագետ են՝ հաշվապահ, ծրագրավորող, ֆինանսիստ, բայց հայոց լեզվից նվազագույն գիտելիքներ չունեն,-նշում է Հայասատանի պետական ճարտագիտական համալսարանի առաջին կուրսի ուսանող Համլետը,- Հայոց պատմություն առարկայի դեպքում կարծիքս մի փոքր այլ է: Կարծում եմ՝ ուսանողը տվյալ առարկային պետք է հրաժեշտ տա դպրոցում՝ արդեն բավարար գիտելիքներ ստացած»:

 Իսկ կրթության նախարարությունում պնդում են`ուսանողը պետք է իր ժամանակի մեծ մասը տրամադրի մասնագիտական առարկաներին:

 Ինչ վերաբերում է ինձ, ես լրագրության ֆակուլտետի ուսանողուհի եմ և հայոց լեզու պետք է անցնեմ ընդամենը երկու տարի: Եթե ես, լինելով ապագա լրագրող, հայոց լեզու առարկան պետք է ուսումնասիրեմ ընդամենը երկու տարի, ապա այդ տրամաբանությամբ օրինակ, տնտեսագիտական համալսարանում այդ առարկան չպետք է դասավանդվի, որովհետև հայոց լեզուն իմ մասնագիտության հիմքն է, տնտեսագետինը՝ ոչ: Այս ամենից կարելի է ենթադրել, որ պետք է ապահովել դպրոցներում Հայոց լեզու առարկայի դասավանդման բարձր որակը և պետք է բարձրացնել միասնական քննության անցողիկ շեմը:

 Հայոց պատմություն առարկայի դասավանդման վերաբերյալ կարծիքս այլ է: Ես անտրամաբանական եմ համարում այն տեսակետը, ըստ որի, դպրոցական տարիների ընթացքում հայոց պատմություն առարկայից բավարար գիտելիքներ չկուտակած ուսանողը, կարող է դա անել մեկ տարվա ընթացքում: Ի վերջո, եթե նա դա չի արել մի քանի տարիների ընթացքում, մեկ տարվա ընթացքում դժվար թե անի: