meri avetisyan

Ֆրակ հագած մարդը

Կեսօրին, ամպամած երկնքի ներքո, նեղլիկ ու մարդաշատ փողոցներով քայլում էին երկու տղամարդ: Տղամարդկանցից մեկը, ով երեսունութ տարեկան էր` անգլիական, հնաոճ ֆրակ էր հագել ու չէր լսում կողքով քայլող ընկերոջ` Սուրենի ձայնը: Ֆրակ հագած տղամարդը Գուրգեն Գրիգորյանն էր: Սուրենն անդադար խոսում էր, փոխադարձ բարևում իրենց կողքով անցնող մարդկանց, իսկ Գուրգենը լուռ էր, մինչև որ նրանք կանգ առան զինկոմիսարիատի դիմաց: Սուրենը վերջին անգամ էլ հարցրեց. «Վերջը գնալու ես, հա՞»: Նա գլուխը դրական շարժեց ու ներս մտնելուց առաջ վառեց ծխախոտը:

Մեկ շաբաթ չկար, որ սկսվել էր պատերազմը: Սուրենը հենց առաջին օրը կանգնեց ընկերների դիմաց ու հայտարարեց, որ գնում է պաշտպանի հայրենիքը, որ ոչինչ չունի կորցնելու` ո՛չ մայր ու հայր, ո՛չ կին, ո՛չ երեխա, ասաց ու չգնաց:

Գուրգենը դառը շնչով բերանից բաց թողեց ծխախոտի ծուխը ու նայեց վերև: Անձրևը կաթկթաց դեմքին, նա աչքերը փակեց ու խորը շունչ քաշեց:

Գուրգենը սովորել էր գրականության ֆակուլտետում ու նույն ինստիտուտում ծանոթացել կնոջ` Անահիտի հետ: Կինը ֆիզիկոս էր, ու նա այդպես էլ չէր հասկանում ոչ ֆիզիկան, ոչ էլ այն տարօրինակ ֆիզիկական կապը, որը միասին էր պահում նրանց, թեև յոթ տարվա ընթացքում ոչ մի երեխա չկարողացան ունենալ: Յոթ տարիները անցան հանգիստ, լուռ, իսկ վերջում` հաշտված: Ամուսիններով դասավանդում էին քաղաքի հիմնական դպրոցներից մեկում, ու թեև Գուրգենը պաշտում էր գրականությունը` այդպես էլ ձեռքը գրիչ չվերցրեց, որովհետև չգտավ այն բառերը, որոնք ավելի ճիշտ կլինեին իր ներսինը ազատագրելու համար, փոխարենը` ընտրեց մի քանի սեղանի գրքեր, որոնց կարիքը զգում էր, երբ բարձրանում էր հոգու փոթորիկը: Սիրում էր Սարոյան, և հաճախ էին իրենից լսում, որ այս աշխարհում ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան սխալ է: Աշակերտները սիրում էին Գրիգորյանին,  նա էլ իր հերթին անըմբռնելի զգայական հակում ուներ դեպի երիտասարդությունը:

Հիմնական դպրոցում դասավանդելու տարիներին Գուրգենի կյանք ներխուժեց Սիրանուշը, ով նույն դպրոցի բուժքույրն էր: Երիտասարդ, գեղեցիկ կին էր նա, ով ի տարբերություն կնոջը` Անահիտի, բավականին շատախոս էր: Դպրոցում շշուկներ էին պտտվում նրանց մասին: Անահիտն էլ գիտեր, հասկանում էր ու անգամ Սիրանուշի երեխա ունենալու լուրը իմացավ ամուսնուց: Իր բնավորության համաձայն, շատ հանգիստ լսեց լուրը, բայց Գուրգենը այդ գիշեր տուն չգնաց, գիտեր, որ փշրվելու է կնոջ լացի ձայնից:

Սիրանուշը չհրաժարվեց երեխայից, ավելին, նա խոստացավ, որ ամռանը կթողնի ամեն ինչ ու կկորչի նրանց կյանքից, բայց Գուրգենը չհամաձայնվեց: Նա Սիրանուշի հետ տեղափոխվեց գյուղ, որտեղ իր հայրական հին տունն էր: Չկարողացավ բաժանվել Անահիտից ու իր տանից գրեթե ոչինչ չվերցրեց հետը, նույնիսկ սիրելի գրքերը: Գյուղում աշխատանքի անցավ միջնակարգ դպրոցում և էլ ավելի կապվեց աշակերտների հետ: Գուրգենը մեկ գյուղում էր, մեկ քաղաքում, կամ ինչպես սիրում էին ասել շենքի դիմաց նստող կանայք. «Մի ոտքն այստեղ էր, մյուսն` այնտեղ»:

Անահիտը փոխեց աշխատանքը ու էլ ավելի խորացրեց ֆիզիկայի գիտելիքները, նորովի ուսումնասիրեց աստղագիտությունը: Իր ամեն ձեռքբերումը Անահիտը կիսեց ամուսնու հետ ու էլ երբեք ամուսնու համար նշանակություն չունեցավ, որ ոչինչ չի հասկանում ֆիզիկայից ու աստղագիտությունից, նա միևնույն է, լսում էր դրանք մեծ հետաքրքրությամբ:

Պատերազմն սկսվեց, և երկու կանայք էլ հաստատապես ստիպեցին նրան մնալ և զբաղվել աշխատանքով, քանի որ հայրենիքը պաշտպանելուց բացի կարևոր է նաև հայրենիքի համար սերունդ կրթելը: Այդ օրերին նա ստիպում էր աշակերտներին էլ ավելի շատ Սարոյան կարդալ, փորձում էր նրանցում  կատարելագործել մարդկային արժեքները: Մեկ շաբաթ անց նա նկատեց, թե ինչպես է իր երեք տարեկան որդին  սեղանի վրա հեռուստացույցի հեռակառավարվող վահանակն ավտոմեքենայի պես քշում`  համապատասխան ձայնով, թեև իր բոլոր խաղալիքները փռված էին հատակին: Լուռ ժպիտով հետևեց, ու երբ երեխան նկատեց հորը, ասաց.

-Տանկ եմ քշում:

-Տեսնում եմ,- քնքշանքով պատասխանեց հայրը:

Նա վեր կացավ, որ աշխատանքի գնա, բայց զանգահարեց Անահիտը` հուզված ձայնով ասաց, որ տուն գնալիս իր սիրած կոնֆետներից շատ գնի, որովհետև հղի է:

Գուրգենը բացեց աչքերը: Անձրևը ամբողջությամբ թրջել էր դեմքը, իսկ ընկերը նայում էր հարցական հայացքով: Նա ուղղեց հագուստը և ներս մտավ: Դուրս եկավ, ասաց, որ իրեն էլ կտանեն ու նույն ճանապարհով քայլեց ընկերոջ հետ: Հետո խանութից կոնֆետներ գնեցին ու մտան խաղալիքների խանութ, որտեղից էլ տանկ գնեց որդու համար: Դուրս գալուն պես Գուրգենը մի քանի վայրկյան կանգնեց ու կրկին մտավ խանութ` նույն խաղալիքից ևս մեկը գնելու: Կոնֆետներն ու խաղալիքները տվեց Սուրենին, որպեսզի տանի հասցեատերերին:

Ֆրակ հագած մարդը, անձրևի տակ փողոցի մեջտեղը միայնակ կանգնած ժպտում էր ու ոչ ոք, նույնիսկ ինքը չուներ այդ ժպիտի պատասխանը: Գուցե աշխարհում ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի բան ուղղվել էր: