Մանկության իմ իրավունքը

Alla Virabyan

Ջուր չկա

Մի օր դասերից տուն վերադառնալիս լսեցի, թե ինչպես էր մեկը բարձրաձայն ծիծաղում: Այդ ծիծաղը, չգիտես ինչու, գրավեց ուշադրությունս, մոտեցա, որպեսզի տեսնեմ: Մի երեխա  նստել էր գետնին ու ցեխերով խաղում էր, այնքան երջանիկ էր: Ամբողջ դեմքը, մարմինը  ցեխի մեջ կորած էր: Ջուրը լցնում էր ցեխերի մեջ ու լավ խառնում, ասես ինչ որ լուրջ բան էր ստանալու: Ես էլ  երկար կանգնեցի ու սկսեցի հետևել: Ես էլ ցանկացա  ցեխերով խաղալ, ծիծաղում էի  նրա հետ:

Հանկարծ տանից դուրս եկավ երեխայի մայրը և սկսեց բղավել ու սաստել նրան:

-Ես ըռվետվանից Մեծ աղբյուրից խմիլի  ջյուր պիրեմ, վեր գոնե խմիլին հերիք անի, տյու վեր ունես լրիվ ցեխ սարքե՞ս: Բա հիմա ինչո՞վ ես լողանալու, շորերդ ինչո՞վ դեմ լվանալ,- ասաց երեխայի մայրը և նրա ձեռքից բռնած տարավ տուն: Երեխան սառած նայում էր մորը, հետո կամաց-կամաց  սկսեց լացել: Այն երեխան, ով մի քանի վայրկյան առաջ բարձր ծիծաղում էր, հիմա այնքան ուժգին էր լացում:

Նրա ճիչը լսելով մի տեսակ ինձ վատ զգացի: Ինձ թվաց, որ պետք է ինչ որ բան անեի նրա համար, բայց անզոր էի: Շուտ հեռացա  կամ էլ ուղղակի փախա: Մտքերս սկսեցին խառնվել, սկսեցի ինձ հարցեր տալ: Սկսեցի մեղադրել այն կնոջը, ով երեխայից խլեց  ծիծաղը: Ախր, փոքր է, չէ՞: Հետո ամեն օր տեսնում էի, թե այդ կինը ինչպես է հոգնած և տխուր դեմքով հեռու աղբյուրից  դույլերով ջուր տանում: Իսկ այդ կնոջ ժպիտը ո՞վ էր խլել: Ես դրան երբեք ուշադրություն չէի դարձրել: Նա  հոգնում էր, դույլերը ցած դնում, հետո երևի ինչ որ բան էր հիշում, դույլերը նորից վերցնում և շտապում էր տուն, որը այնքան հեռու էր աղբյուրից:  Երեխան տանը սպասում էր:

Ամենուր տեսնում եմ, թե ինչպես են գյուղացիները բողոքում ջրի պակասից: Որոշները շաբաթներով չեն լողանում, և դա ոչ թե պետք է որպես փնթիություն ընդունվի, այլ մի մեծ բաց, որը պետք է լրացնել:

Շատ եմ տեսել մարդկանց անտարբերությունը, ոչ միայն ջրի, այլ նաև բնության այլ բարիքների հանդեպ: Որոշները այնքան ունեն, որ չգիտեն ինչ անել, որոշներն էլ քիչ բան ունեն, բայց դե գոնե գնահատել գիտեն:

Ջուր չկար, հիմա էլ չկա, հա դե ոչինչ, ի՞նչ անենք: Մենք էլ չենք լողանա շաբաթներով, այգիները չենք ջրի, թող չորանան, էլի: Լավ, դե ոչինչ, երեխան էլ չի խաղա, ախր, կկեղտոտվի,   ՋՈՒՐ ՉԿԱ…

anna khachatryan

Ես հասա

2018թ. սեպտեմբերի 29-ն էր, իմ պարապմունքի առաջին օրը: Սպասվածից է՛լ ավելի ջերմ ընդունեց ինձ ուսուցչուհիս: Ծանոթացանք. նա հստակ էր խոսում, իսկ ես այնքան էի լարված, որ հազիվ էի բառերն արտաբերում: Երբ պատմեցի նպատակներիս մասին, անվերջանալի փորձությունների միջով անցած այդ կինն ինձ ասաց.

-Դժվար է լինելու, բայց ես վստահում եմ քեզ:

Իսկապես դժվար եղավ: Քնում էի ընդամենը 3-4 ժամ, առավոտյան տեսքս սարսափելի էր լինում՝ուռած ու կարմրած աչքեր, չսանրված մազեր, վերցնում էի պայուսակս ու վազելով դպրոց հասնում: Իսկ ձմռանը, երբ բոլորը շա՜տ հանգիստ վայելում էին ճերմակ ձյունն ու գիշերն էլ քնում, ես անդադար կարդում ու գրում էի: Իմ անբաժան ընկերն էր դարձել սուրճը, որը պիտի ոչ թե քնից տանջվելով, այլ սիրելի մարդու ընկերակցությամբ խմես: Ուղիղ մեկ տարի ես սուրճ էի խմում Ժյուլ Վեռնի, Ալեքսանդր Դյումայի, Մայն Ռիդի, Մուրացանի, Րաֆֆու գրքերի հերոսների հետ: Վառարանս էլ ագահաբար կլանում էր փայտն ու չստացված շարադրություններիս թղթերի կույտերը: Երբեմն լինում էին հուսահատություններ, փոշմանում էի ընտրածս մասնագիտության համար, օրերով գրքերին ատելությամբ էի նայում, նույնիսկ չէի ուզում գրիչ վերցնել ձեռքս: Բայց հետո հիշում էի Նրան, հավաքում ինձ, կռիվ տալիս իմ ներքին ես-ի հետ այդքան թույլ գտնվելու համար ու շարունակում էի է՛լ ավելի մեծ թափով աշխատել:

Այսօր հպարտությամբ եմ ասում՝ես հասա իմ նպատակին, այդքան անհասանելի թվացող իմ մեծ, շա՜տ մեծ նպատակին, հասա իմ անկոտրում կամքի, իմ կողքին գտնվող մարդկանց շնորհիվ: Ես,առաջին հերթին, շնորհակալ եմ իմ ուսուցչին, ով բացի ուսուցիչ լինելուց դարձավ իմ ավագ ընկերը, ուղեցույցը, խորհրդատուն, հաջողությանս բանալին, նա՛ լուսավորեց իմ ճանապարհը, նա՛ տվեց այն գիտելիքները, որոնց կարիքը շատ ունեի, այդ նա՛ էր, նա՛՝ իմ «վարդապետը»…

Mary Yengoyan

Համամարդկային կարծրատիպեր

Դեռևս մանկության տարիներից ինձ աշխարհի բոլոր պետություններից ամենաշատը հետաքրքրել է Գերմանիան։ Իմ սերը նրա հանդեպ գնալով ավելի ու ավելի մեծացավ։ Սկսեցի հետաքրքրվել գերմանական մշակույթով:  Երաժշտական դպրոցում ծանոթացա գերմանացի կոմպոզիտորներին, ընթերցեցի գերմանացի գրողների ստեղծագործություններ։Ինչպես նաև հետևելով Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի խաղերին, դարձա նրանց երկրպագուն, սկսեցի ուսումնասիրել գերմաներենն ու վերջնականապես իմ առաջ նպատակ դրեցի սովորել ու աշխատել Գերմանիայում։

Բայց որքան ես մեծանում էի, այնքան մեծանում էր գիտակցությունը, որ գուցե շրջապատի մեծերի մեջ ամուր նստած է հայրենական պատերազմից մնացած կարծրատիպերը.  «Գերմանացիները աշխարհի ամենադաժան ազգերից մեկն են», կամ` «Էդ նեմեցներից ի՞նչ պիտի սովորես, որ»…

Գերմանացիներին չեն սիրում իհարկե ԽՍՀՄ-ը պաշտող ու անցյալով ապրող մարդիկ, ու նրանց պատճառով ես էլ որոշ ժամանակ մտածում էի, որ մեծերը մի բան գիտեն: Թյուր կարծիքս հօդս ցնդեց այն ժամանակ, երբ ես համացանցի միջոցով ծանոթացա մի քանի գերմանուհիների հետ, ովքեր դարձան իմ մտերիմ ընկերները։ Նրանք շատ բարի, կարեկցող ու կենսուրախ աղջիկներ են, ովքեր պատմում են իրենց քաղաքների ու հայրենակիցների մասին։Ի տարբերություն մեզ, չեն խոսում միայն իրենց տաղանդաշատ արվեստագետներից ու հանճարեղ գիտնականներից (որոնց ի դեպ մարդկությանն ամենաշատը հենց Գերմանիան է տվել), երկրի գեղեցիկ ու տեսարժան վայրերից, փառահեղ հաղթանակներից ու նվաճումներից։Նրանք առանց թաքցնելու պատմում են նաև իրենց նախնիների գործած հանցանքների մասին ու ասում, որ իրենք ընդունում են իրենց ապուպապերի մեղքերը ու ցանկանում են, որ մարդիկ դրա պատճառով իրենց չատեն, որովհետև իրենք ու իրենց հայրենակիցները ոչ ոքի հանդեպ ատելությամբ լցված չեն։

Մեկ այլ սոցցանցում էլ տեսա, թե ինչպես էր մի գերմանուհի պատմում, որ ինքը ծաղրանքի էր արժանանում ու ստորացվում էր դպրոցական տարիներին ԱՄՆ-ում, միայն նրա համար, որ գերմանացի էր։

Ինչո՞ւ են ազգերը դատում միմյանց իրենց ապուպապերի հարյուրավոր տարիներ առաջ գործված մեղքերի համար, որոնք վաղուց անցյալում են, կամ ինչո՞ւ մարդիկ ուղղակի չեն կարող միմյանց մասին կարծիք կազմել ըստ վերաբերմունքի, արարքների, բնավորության: Չէ՞ որ ամեն ազգության մեջ էլ կան լավ ու վատ մարդիկ, և ազգային պատկանելությունն այստեղ ոչ մի դեր չի խաղում:

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ստամբուլ. Մշակույթների խաչմերուկում

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Լուսանկարը` Սուրեն Կարապետյանի

Ստամբուլ, աղմուկ, մարդիկ, մշակույթների խաչմերուկ, չափից շատ տաքսի ու դե անընդհատ թեյ։ Մեկ շաբաթը մի վայրկյանի պես անցավ, և կարելի է ասել, որ քաղաքի նույնիսկ մեկ տոկոսը չհասցրի բացահայտել։ Բայց հենց մի տոկոսն էլ բավական է, որ հավաքես իրերդ և ուղիղ Ստամբուլ` մշակույթների խաչմերուկում հայկականը տեսնելու համար:

 

aneta baghdasaryan

Պարապության վերլուծություն

Պարապության դեմ պայքարելու միակ միջոցը ինչ-որ բան անելն է, ինչքան էլ դա ակնհայտ չթվա։ Այս մտքին ես հասա կյանքիս 21-րդ տարում կատարյալ պարապության պայմաններում։ Կարծում եմ՝ սխալ է «կատարյալ պարապություն» բառակապակցությունն օգտագործել, հատկապես այս նյութի մեջ, քանի որ մի քանի տող վերև ասացի, որ ինչ-որ բան անելով մենք այլևս պարապ չենք։ Եվ եթե նույնիսկ դու հիմա նստած ես բազմոցին ու անիմաստ վատնում ես կյանքիդ րոպեները, ինչպես ես վատնեցի մի ամբողջ օր, կամ էլ կիսապառկած դիրքով կարդում ես հեռախոսիդ էկրանին գրված այս նյութը, ապա շնորհավորում եմ, դու արդեն պարապ չես։ Եվ ես ամենայն լրջությամբ եմ դա քեզ ասում։

Երբևէ ինքդ քեզ հարցրե՞լ ես, թե ինչու ես փռվել բազկաթոռին ու աննպատակ թերթում ֆեյսբուքյան պատդ։ Այդ հարցի պատասխանը ես էլ չունեմ, ազնիվ խոսք, ու կարծում եմ՝ դու էլ։ Դու վստահ ես, որ ոչ մի հետաքրքիր բան չես գտնի, ոչ ոք քեզ չի գրի, ու որ մինչև կյանքիդ վերջը կարող ես այն թերթել, եթե ձեռքդ չհոգնի, ու դու ստիպված չլինես հեռախոսդ մի կողմ դնել, կամ էլ ուղղակի փոխել ձեռքդ ու շարունակել «աշխարհի ամենահետաքրքիր» զբաղմունքը։ Կամ երբ չգիտես՝ ինչ անել, վերցնում ես սեղանիդ ամիսներ առաջ դրած գիրքը ու բացում այն էջը, որտեղ վերջին անգամ դրել էիր էջանշանը։ Կարդում ես այն, չհիշելով նույնիսկ գլխավոր հերոսներին, բացում առաջին էջն ու նորից սկսում կարդալ գրքի սկիզբը, որ էլի դնես գրասեղանիդ ու մի քանի ամսով մոռանաս դրա և հերոսների գոյության մասին։ Մոռանաս դրա մասին, որովհետև մնացած օրերի ընթացքում պարապությունից ամեն ինչով կզբաղվես, բայց ոչ գիրք կարդալով։ Ինչևէ, այս անգամ գրքի մասին չեմ ուզում խոսել։

Ինչքա՞ն է եղել, որ պառկես բազմոցին ու լիովին անգործության կարգավիճակում նայես առաստաղին, հստակ մի կետի, չթեքելով հայացքդ, չշարժելով մարմնիդ և ոչ մի մաս, նույնիսկ չմտածելով։ Միգուցե և երբեք այդպես չես արել, կամ էլ ամբողջ օրը դրանով ես զբաղված, կապ չունի։ Այդ պահին դու չես էլ հասկանում, որ մարմնիդ յուրաքանչյուր մաս, նյարդ և մկան, ամեն կերպ իրեն զսպում է, որ դու մնաս անշարժ պառկած, չշարժես ձեռքդ, չնայես ուրիշ տեղ, չծարավես։ Եվ մնում է մի պահ բջիջներդ շեղվեն, ու դու մտածես քիթդ քորելու մասին, երբ այն կսկսի քոր գալ։ Ու դու ստիպված կլինես ձեռքդ շարժել ու քորել այդ անիծյալ քիթը, որը խախտեց կատարյալ պարապության կարգավիճակը։ Սակայն ես կրկին կասեմ, որ թե՛ քիթը քորելուց առաջ, թե՛ քորելուց հետո դու պարապ չես եղել։

Դու իհարկե ինձ չես հավատա, կասես․ «Ո՞նց թե պարապ չեմ, ոչինչ չեմ անում, նույնիսկ չեմ շարժվում, չեմ մտածում, ոչ մի բան չեմ անում»։ Իսկ ես կասեմ, որ չշարժվելուդ փաստն էլ դեռ քննարկման կարիք ունի։ Ախր, երբ պառկած նայում ես առաստաղին, միևնույնն է, գործողություն ես կատարում՝ նայում ես։ Ասեմ ավելին՝ պառկած ես նայում։ Տե՛ս, մեկի փոխարեն երկուսն ես անում։ Բա դա կարելի՞ է պարապություն անվանել։ Որպեսզի դու տեսնես այդ կետը, ուզում ես դու դա, թե չէ, բայց աշխատում է մարմնիդ մկանների և բջիջների մի ամբողջ բանակ։ Այն ամեն ինչ անում է, որ լույսի արագությամբ աչքից ուղեղ հասնի մի փոքրիկ իմպուլս, որ դու, անշարժ մնալով, տեսնես այդ կետը։ Եվ դա պարապության պայմաններում։ Պատկերացնու՞մ ես՝ ինչքան բան ես անում զբաղված ժամանակ, ինչքան մկան, նյարդային հյուսվածք ու բջիջ է աշխատում, ինֆորմացիա հասցնում ուղեղ, որ դու վերջում էլի անտեսես բնությունից տրված այդ ամենն ու փռվես բազմոցին։

Չգիտեմ՝ հավես ունեցար մինչև վերջ կարդալ, թե չէ, արդյո՞ք տեղիցդ շարժվել ես, թե դեռ նույն դիրքով հենված ես բազմոցին, նայում ես հեռախոսիդ էկրանին, թե մտափոխվեցիր ու բացեցիր այն էջը, որտեղ երեկվանից դրված է էջանշանը։

anna vardanyan

Արտենի գյուղի մարդիկ

-Ես Հարությունյան Գառնիկն եմ, ծնվել եմ Վրաստանի Մոլիթ գյուղում, գյուղացու ընտանիքում: Իմ մանկությունս անցկացրել եմ գյուղում, աշխատել եմ օգնել ծնողներիս: Մեր ընտանիքում 11 հոգի կային բացի հորիցս ու մորիցս. Հետո ինչ ասեմ… 17 տարեկանում գնացել եմ բանակ:

- Որտե՞ղ ես ծառայել, պապ:

-ՍՍՀՄ-ի Կիրով քաղաքում: Բանակից զորացրվել տուն եմ եկել, ամուսնացել եմ, տեղափոխվել Հայաստան, բնակություն հաստատել գյուղ Քարակերտում, աշխատել եմ բանվոր, հետո բրիգադավար, հետո հաշվապահ, և այդպես կյանքս շարունակել եմ անդուլ  աշխատելով: Ունեմ երեք երեխա՝ երկու աղջիկ, մեկ տղա:

- Ինչո՞ւ որոշեցիր այդքան վաղ տարիքում ամուսնանալ, հնարավո՞ր է որ դա ծնողների պարտադրանքն էր:

-Իմ ծնողները ինձ ասացին, որ պետք է ամուսնանաս, տարիքդ արդեն չափահաս է, պետք է ընտանիք կազմես:

-Ինչո՞ւ որոշեցիր գալ Հայաստան, եթե կարող էիր ապրել ձեր գյուղում, ծնողներիդ կողքին:

-Հայաստան գալը այսպես էր: Քանի որ Հայաստանը իմ երկիրն է, ես եկա Հայաստան, որ իմ երեխաները, ինչղ ըսած, հայ ազգով մեծանան և հայ ազգով կրթություն ստանան, դա է եղել նպատակը:

20190714_154015(0)

-Դու նշեցիր, որ աշխատել ես բանվոր, բրիգադավար և հաշվապահ, ինչպե՞ս ստացվեց, որ բանվորից դարձար հաշվապահ:

-Բանվորից դարձա հաշվապահ, որովհետև գնացի սովորելու, և սովորեցի, և աշխատեցի:

-Ինչո՞ւ որոշեցիր կրթություն ստանալ:

-Որոշեցի կրթություն ստանալ, որովհետև կրթությունը ամենապետքականն  է աշխարհում: Մարդ եթե կրթություն ունենա, նա խելացի մարդ է դառնում: Ուրիշ նպատակ չկար. Ընտրեցի հաշվապահի մասնագիտությունը:

-Սիրո՞ւմ էիր մասնագիտությունդ, սի՞րով էիք աշխատում:

-Այո, այո, այո… Նվիրված էի:

-Երեխաներիդ առաջարկեցի՞ր շարունակել քո մասնագիտությունը ընտրել:

-Ոչ, քանի որ նրանք պետք է սովորեին իրենց նախասիրություններին համապատասխան:

-Դժվա՞ր չէր նրանց կրթության տալը:

-Դժվար էր, բայց ինչ արած, մարդը եթե  ընտանիք է  կազմել, երեխա ունի, պետք է առաջնահերթ իր երեխայի համար մտածե, տանջվի, ստեղծե, որպեսզի երեխան ոչնչի կարիք չունենա:

-Հիմա որ չես աշխատում, ինչո՞վ ես զբաղվում:

-Ես հիմա թոշակառու եմ, դրա համար չեմ աշխատում: Չնայած իմ տնտեսական հարցերի համար: Սիրով եմ մշակում իմ այգին և էլի ինչով կարողանում եմ` օգնում եմ իմ երեխաներին:

Լուսանկարը` Հայկ Սարգսյանի

Բջջային հեռախոսից օգտվելու տարրական կանոնները

Երևի արդեն շուրջ քսան տարի կլինի, ինչ Հայաստանում զանգվածային մասշտաբով օգտվում են բջջային կապից (այն տարիները, երբ բջջային հեռախոսները նույնքան հազվագյուտ ու թանկ էին, որքան մասնավոր տիեզերանավերը, չենք հաշվում), բայց, չգիտես ինչու, դրանցից օգտվելու թեկուզ պարզագույն կանոններ չեն ձևավորվում: Եվ դա երբեմն խիստ նյարդայնացնում է:

Առաջինը` եթե մարդիկ նախընտրում են բջջային հեռախոսը միշտ պահել իրենց մոտ, դա դեռ չի նշանակում, որ նրանք ցանկանում են կամ կարող են շուրջօրյա հասանելի լինել և պատասխանել բոլոր զանգերին: Եթե ձեր զանգին չեն պատասխանում, պատճառները կարող են լինել երկուսը` ա. հեռախոսի տերը չի լսում հեռախոսի ձայնը, կամ հեռախոսն իր մոտ չէ, և նման դեպքում որքան էլ երկար զանգեք, նա չի լսի, իսկ եթե ձեր երևակայության մեջ նա այդ պահին գլխապատառ վազում է դեպի հեռախոսը, որպեսզի պատասխանի ձեր բաղձալի զանգին, ապա նույնիսկ այդ դեպքում եթե ժամանակին անջատեք, նա հետ կզանգի մեկ րոպե հետո: Եվ բ. հեռախոսի տերը չի կարող կամ չի ուզում պատասխանել զանգին: Դրա պատճառները անթիվ ու բազմազան են` նա հանդիպման է, որևէ կարևոր գործ է անում, գուցե շատ զբաղված է (կան այդպիսի մարդիկ, պետք չէ զարմանալ) կամ էլ, ինչու չէ, զուգարանում է: Միգուցե նա թատրոնում է, կամ մահացել է նրա սիրելի թութակը, ու նա թքած ունի այն «կարևոր» լուրի վրա, որ դուք հիմա հայտնելու եք: Հնարավոր է, որ նա այդ պահին երկու ծանր տոպրակ բռնած բարձրանում է աստիճաններով` անիծելով գրպանում զնգացող հեռախոսը և ձեզ էլ հետը: Կամ էլ (ի վերջո, հաշտվեք այդ մտքի հետ) այդ պահին ցանկություն չունի ձեզ հետ խոսելու, այդ տարբերակը ինչո՞ւ ոչ ոք երբեք չի դիտարկում:

Այս պարզ երևույթը հասկանալն իրականում բոլորովին բարդ չէ. եթե հեռախոսի տերը չի լսում ձեր զանգը, կամ էլ նրան հարմար չէ պատասխանել, անգամ եթե մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը շարունակեք զանգել, ոչինչ չի փոխվի: Էլ չեմ ասում ամենասարսափելիի մասին` երբ կես ժամ շարունակ բարձրախոսի մեջ հնչող ազդանշանները լսելուց հետո զանգողը անջատում է հեռախոսն ու անմիջապես նորից զանգում, ասես թե առաջին զանգը պարզապես անհաջող էր ստացվել, ու հիմա երկրորդ կրակոցը հաստատ կկպնի նշանակետին: Հավատացեք, համառությունն այստեղ չի օգնում: «Ջուրը քար կծակի» կարգախոսը տվյալ պարագայում արդիական չէ: Իսկ երբ ոչ միայն չեն պատասխանում ձեր զանգին, այլև նույնիսկ անջատում են` հստակ ազդանշանելով, որ զանգին պատասխանելու անհարմարությունը հասել է իր կիզակետին, անմիջապես ևս տասներկու անգամ զանգելով դուք նույնացնում եք ձեզ այն նեանդերթալցու հետ, որը բութ քարե դանակով փորձում է սպանել իր որսին:

Այո, բոլորս էլ չենք սիրում, երբ զանգերին չեն պատասխանում, բայց նույնիսկ եթե դուք կարևոր գործով եք զանգում, կամ նույնիսկ եթե ձեր զանգին սպասում են, ավելին` խնդրել ու թախանձել են, որ դուք այդ ժամին զանգահարեք, մեկ անգամ չվերցնելու դեպքում սպասեք առնվազն 20-30 րոպե ու նոր միայն կրկին փորձեք: Երկրորդ անհաջող փորձից հետո մնում է միայն սպասել պատասխան զանգի: Մյուս տարբերակները բացառվում են, եթե, իհարկե, խոսքը հույժ հրատապ զանգի մասին չէ: Տանեցիների առողջական վիճակով ու որպիսությամբ հետաքրքրվելը, որքան էլ դա զարմանալի հնչի հայերի մեծամասնության համար, հույժ հրատապ զանգերի շարքին չի պատկանում:

Նույնիսկ այս ամենը ճիշտ կատարելուց հետո, երբ զրուցակիցը պատասխանել է զանգին, պետք չէ կրկին մոռանալ քաղաքավարության կանոնների մասին: Կա մի ցավալի միտում շատերիս մոտ. մեզ բոլորիս թվում է, թե մեր գործերից ավելի կարևոր բան աշխարհում չկա, և որ բոլոր մյուս մարդիկ պարտավոր են ահով ու սարսափով սպասել մեր զանգերին, և նրանց մտքով անգամ չպետք է անցնի զբաղվել այլ ճղճիմ ու երկրային գործերով` երբ զանգում ենք մենք` միջմայրցամաքային կարևորության գործունեություն ծավալող վերամբարձ անձիքս: Իրականում դա այդքան էլ այդպես չէ, և պետք է քաջ գիտակցել, որ բոլորիս գործերն էլ կարևոր են միայն ինքներս մեզ համար. անծանոթ կամ քիչ ծանոթ մարդկանց դրանք, մեղմ ասած, չեն հուզում, իսկ կոպիտ ասած` նրանք թքած ունեն դրանց վրա: Այդ պատճառով, նույնիսկ եթե ձեր զրուցակիցը ժամանակին է պատասխանել ձեր զանգին, պետք չէ անմիջապես խոսափողի մեջ աղաղակել ձեզ հուզող հարցը: Նախ պետք է հարցնել, հարմար պահի՞ եք արդյոք զանգահարել: Իսկ խոսելու պահին էլ ցանկալի է, որ հեռու գտնվեք ամեն տեսակի բարձր աղմուկից: Օրինակ` բավականին տարօրինակ կլինի, երբ զանգեք սրճարանից այն պահին, երբ վատ ֆիլմի սաունդտրեկի պես հնչում է Ստաս Միխայլովի ոսկե հավաքածուից որևէ մի կատարում (և ընդհանրապես մի լսեք Ստաս Միխայլով, դա ի՞նչ աննորմալություն է, չեմ հասկանում), կամ երբ ձեր խոսակցությանը զուգահեռ հնչում է ձեր ընկերոջ պատմած անպարկեշտ անեկդոտը, իսկ այնուհետև մյուս ընկերների ծիծաղի մեղմիկ դայլայլը: Այդ ամենը կարող է տհաճ տպավորություն թողնել այն մարդու վրա, ում հետ դեռ մտադիր եք պահպանել երկարատև գործնական հարաբերություններ:

Այս կանոնները ես չեմ հորինել, դրանք գոյություն ունեին դեռևս քաղաքային հեռախոսների կիրառման ժամանակներից (հիշո՞ւմ եք, այդպիսի հեռախոսներ կային ժամանակին), պարզապես մի փոքր ձևափոխվել են: Դրա համար հերթական «բոլորովին նոր», կատարելագործված մոդելի հեռախոս առնելուց առաջ կատարելագործենք մեր վարքը, հազար ու մի հարց կա բա:

estela voskanyan

Չորս տարբերակ նոր լեզու սովորելու համար

Ես ուսումնասիրել եմ չորս լեզու՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն, և ինձ համար կատարել եմ մի քանի բացահայտումներ, որոնցով կցանկանամ կիսվել ձեզ հետ։ Լեզուներ սովորելու գործընթացը բոլորս դպրոցից ենք հիշում՝ տառեր, քերականություն, ուղղագրություն, և այս շարքը տևում է բավականին երկար, մինչև անցնում են տարիներ, ու մեր բանավոր խոսքը մնում է միայն բազային մակարդակի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև քերականությունը մեզ չի սովորեցնում խոսել, այն միայն կարող է արդեն իսկ ձևավորված խոսքը բարելավել։ Իսկ նոր լեզու սովորելու և դրան ազատ տիրապետելու համար սկզբում պետք է․

Ես ուսումնասիրել եմ չորս լեզու՝ անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, թուրքերեն, և ինձ համար կատարել եմ մի քանի բացահայտումներ, որոնցով կցանկանամ կիսվել ձեզ հետ։ Լեզուներ սովորելու գործընթացը բոլորս դպրոցից ենք հիշում՝ տառեր, քերականություն, ուղղագրություն, և այս շարքը տևում է բավականին երկար, մինչև անցնում են տարիներ, ու մեր բանավոր խոսքը մնում է միայն բազային մակարդակի վրա։ Ինչո՞ւ։ Որովհետև քերականությունը մեզ չի սովորեցնում խոսել, այն միայն կարող է արդեն իսկ ձևավորված խոսքը բարելավել։ Իսկ նոր լեզու սովորելու և դրան ազատ տիրապետելու համար սկզբում պետք է․

1․ Լսել

Այո, այո։ Ես անգլերենին արդեն իսկ որոշ չափով տիրապետում էի մինչ համալսարան ընդունվելս, որովհետև 11 տարեկանից լսում էի անգլալեզու երգեր։ Ժամանակի ընթացքում այդ լեզվի արտասանությունն ինձ համար բավականին պարզ դարձավ, և չնայած՝ դեռ որոշակի բառեր կարդում եմ գերմանական արտասանությամբ, բայց բանավոր ելույթի ժամանակ խոսքս քիչ թե շատ հասկանալի է դառնում։ Իհարկե, լսելը չէ միայն, որ ձեզ կտա տեսանելի արդյունք։ Պետք է նաև․

2․ Արտասանել

Այս կետը տրամաբանորեն առաջինի շարունակությունն է, բայց իր կարևորությունն ստիպեց ինձ առանձնացնել այն։ Միայն լսելը չի կարող արդյունք տալ, որովհետև անգլերենում շատ բառեր միանման են հնչում, և դրանք հստակ տարանջատելու համար պետք է բավականին մեծ ուշադրություն։ Նույնը չեմ կարող ասել գերմաներենի մասին, որտեղ բառերի 90 տոկոսն ունեն հստակ արտասանություն, և հեշտորեն կարելի է դրանք տարբերել։ Անգլերենում, օրինակ, հետևյալ բառերը ունեն տարբեր նշանակություն և միանման արտասանություն․ read-red, bare- bear, be-bee, coarse-course։ Լսելու ընթացքում միայն տեքստի կոնտեքստից կարող եք հասկանալ թե խոսողն ինչ նկատի ունի։ Խոսակցական թյուրիմացություններից խուսափելու համար պետք է նաև արտասանել լսածը։ Վերոնշյալ անգլալեզու երգերի տեքստերը ժամանակի ընթացքում ես սկսեցի նաև կարդալ։ Մի կողմից ես լսում էի տեքստը, իսկ մյուս կողմից կարդում, ինչի շնորհիվ շատ բառեր ինձ համար հասկանալի դարձան։ Նաև կարդում էի որոշակի երգերի թարգմանություններ ռուսերենով, ինչը հավելյալ ինձ օգնում էր երկու լեզուների լեզվամտածողության զարգացման, ինչպես նաև ռուսերենի բարելավման համար։

3․ Պատմել

Այս կետը, թերևս, սկսնակ լեզվակրի համար ամենադժվար, բայց և ամենաօգտակար կետն է։ Տեքստի բովանդակությունը մայրենի լեզվով իմանալն ու օրիգինալ լեզվով պատմելը շատ օգտակար է բառապաշարի համար։ Ունենալով անգլերենի որոշակի բազային մակարդակ և գրեթե չունենալով բանավոր խոսք՝ ես սկսեցի մասնագիտական տեքստեր պատմել, որը, ինչ խոսք, չափազանց դժվար էր։ Առաջին հերթին դա թարգմանելն էր դժվար, և հետո՝ պատմելը։ Բավականին ժամանակատար և հոգնեցնող էր, բայց քանի որ արդեն արտասանության և կարդալու վրա ժամանակ չէի ծախսում, գործս մի փոքր հեշտանում էր։ Պատմելու միջոցով բառապաշարս բավականին զարգանում էր, և թարգմանություն կատարելու կամ խոսելու պահին ես կարող էի հիշել առանձին անգլերեն բառեր, որոնք սովորել էի հենց այդ տեքստերից։ Օտար լեզուն լեզվակրի մոտ կարող է զարգանալ միայն այն ժամանակ, երբ այն ակտիվ է։ Իսկ օտարալեզու տեքստեր պատմելը օգտակար է և՛ արտասանության, և՛ լսողության, և՛ իհարկե, բառապաշարի զարգացման համար։

4․ Առանձին արտահայտություններ

Եվ հասանք վերջին կետին, որը կարելի է լրացում համարել։ Այս կետը նույնպես կարևորում եմ նրանով, որ ընդհանրապես, օտար լեզվով խոսելու ժամանակ կարևոր է օգտագործել առանձին արտահայտություններ խոսքը պարզունակության մակարդակից բարձրացնելու և ավելի քաղաքակիրթ ձևով շարադրելու համար։ Այլապես նախադասությունները տախտակների նման կշարվեն և դրանց մեջ կապող ոչինչ չի լինի։ Խոսքը կդառնա անիմաստ, անկապ և չոր։ Իհարկե, խոսքը ճոռոմաբանությունների և ամպագոռգոռ ու նույնիսկ լեզվակրի համար չօգտագործելի բառերի մասին չէ, ոչ, այլ այնպիսի արտահայտությունների, որոնք խոսքը ավելի գրագետ և խոսակցական ոճից ավելի բարձր են դարձնում։ Օրինակ՝ այստեղ կարող եմ ներկայացնել գերմաներեն մի քանի այդպիսի արտահայտություններ։

Ich bin der Überzeugung, dass․․․ -Ես այն համոզման եմ, որ․․․

Mit Sicherheit kann ich behaupten, dass․․․ -Վստահությամբ կարող եմ հավաստիացնել, որ․․․

Nach meiner persönlichen Einschätzung․․․ -Ըստ իմ անձնական գնահատականի/եզրակացության․․․

Ein wichtiger/zentraler Punkt ist… -Կարևոր/կենտրոնական հանգամանք է այն, որ…

Սրանք հարմար կապող արտահայտություններ են, որոնք թույլ են տալիս ձեզ տարբեր նախադասությունների մեջ իմաստալից և տրամաբանական կապ ստեղծելու։