Յոթ երջանիկ օրեր կամ #sss19

Այս ամռան իմ լավագույն ձեռքբերումներից մեկը Seaside Startup Summit 2019-ին մասնակցելն էր։ Նախկինում շատ էի լսել այդ վրանային բիզնես ֆորումի մասին, բայց երբեք չէի պատկերացնի, որ Ստարտափ ակումբի շնորհիվ հնարավորություն կունենամ ինքս էլ այդ մեծ հեքիաթի մի մասը դառնալ, ապրումակցել բոլոր նրանց, ովքեր արդեն մասնակցել են ու կիսվում են աննկարագրելի ոգևորությամբ, գիտելիքներով, հետաքրքիր, արկածային հիշողություններով։ Իմ հաջորդ տողերում ես կպատմեմ այդ  7 երջանիկ օրերի մասին, որ ապրել են Հայաստանի տարբեր մարզերից ու աշխարհի 45 և ավելի երկրներից ժամանած ավելի քան 1000 ստարտափերները։

Օր 1

 

Դեռ լույսը նոր էր բացվել, բայց դրսից արդեն լսվում էին Վարդավառը տոնող ջրվածների ձայները։ Վեր կացա, ուրախ տրամադրությամբ արագ-արագ պատրաստվեցի ու սկսեցի բանակցությունները հարևան երեխաների հետ, որ թողնեն առանց թրջվելու Sevan startup summit հասնեմ։ Դիվանագիտական հնարքներս իզուր չանցան, և շուտով, առանց մի կաթիլ թրջվելու, հասանք ճամբարի տարածք։

Մուտքը սահմանափակ էր, անհրաժեշտ էր թույլտվություն ստանալ, ապա գրանցում անցնել, և  համապատասխան բեյջը ստանալուց հետո միայն գնալ վրանների մոտ։

Սևանի փեշին՝ ծառերի շվաքում տեղակայված անհաշվելի վրանների մի մասը շրջանցելով ես և Գավառի մեր մյուս մասնակիցները հասանք մեր ջոկատին՝ Startup club անունով։ Այստեղ հավաքվելու էին տարբեր մարզերի ստարտափ ակումբներից կրտսեր ստարտափերներ, ավելի փորձառուներից նոր բաներ սովորելու և սեփական նորարարական գաղափարը ստեղծելու ու աստիճանաբար կյանքի կոչելու։ Մեզ դիմավորեցին կամավորները, ծանոթացանք, հետաքրքիր սեղանի խաղեր խաղացինք, մինչ Երևանից մյուս մասնակիցները կհասնեին ընկեր Տաթևի՝ մեր ջոկատավարի ուղեկցությամբ։

Մեր ջոկատի մյուս անդամների հասնելուն պես սկսվեցին ավանդական ծանոթությունները և խմբերի բաժանվելու և վրաններում տեղավորվելու գործընթացը։ Յուրաքանչյուր խումբ ուներ մենթոր, ով օգնելու էր խմբին գաղափարը զարգացնելու գործում, իսկ վրաններում քնում էինք չորս հոգով։

Երեկոյան՝ հանգստից կամ Սևանում լողալուց հետո, հավաքվեցինք փոքրիկ խարույկի շուրջ։ Օրվա քննարկման թեման ինքնատիրապետումն էր։ Խաղերի, մոտիվացնող վարժությունների ու հարց-պատասխանի միջոցով յուրացրեցինք թեման, ինչից հետո ամբողջ ջոկատով մասնակցեցինք  բացման հանդիսավոր արարողությանը։ Կեսգիշերը մեր տրամադրության տակ էր՝ կարող էինք խարույկի շուրջ ֆիլմ դիտել, մաֆիա խաղալ, դիսկոյին մասնակցել կամ պարզապես վրանում հարմար տեղավորվելով՝ քնել։ Կարևորը՝ չխանգարել մյուսներին։

Ես քնում եմ՝ ամփոփելով օրը։ Օրվա իմ բացահայտումը կամավորներն էին՝ Եվան, Դավիթը, Արփին, Միկան, Կարապետը, Սաթենիկը։ Եթե բոլորին փորձեմ միանգամից նկարագրել, կառանձնացնեմ հետևյալ բառերով՝ համբերատար, ընկերական, կենսուրախ, խելացի, աշխատասեր…

 

Հ.գ. գիշերը մեր հարևան վրանում հյուր ունեինք. գորտ էր մտել։

Օր 2

 

Արթնացա ծաղրական քրքիջ հիշեցնող տարօրինակ ձայնից, որ պարզվեց որորների աղմուկն էր։ Գիշերը ցուրտ էր, վրանում քնելուն փոքրիշատե հարմարվել էի նախորդ վրանային ճամբարի ժամանակ, այդ պատճառով էլ գուցե ավելի երկար էի քնել, քան իմ վրանակից աշտարակցի աղջիկները։

Օրը սկսվեց մարմնամարզությամբ։ Բոլոր ջոկատների հետ միասին, երաժշտության ուղեկցությամբ սկսեցինք անվերջանալի թվացող ֆիզիկական վարժությունների շարքը։ Երբ ջոկատ վերադարձանք, համատեղ ուժերով ճաշ պատրաստեցինք (մինչև կտրոններ կստանայինք՝ գնումներ կատարելու համար):

Ազատ ժամանակվա համար շատ սեղանի խաղեր ունեինք։ Դրանցից ամենահետաքրքիրը, որը խաղալու համար պահած հերթը ամենաերկարն էր լինում, Dixit-ն էր։ Նկարը ինչ որ բանի հետ ասոցացնելով՝ անվանում ես տալիս, ապա համեմատում մյուսների ընտրած նույն թեմային համապատասխանող նկարների հետ, քվեարկությամբ միավորներ հավաքում և ամենաշատ միավորներով հաղթում։ 

Օրվա գրաֆիկի համաձայն, այսօր ևս ունեցանք դասընթաց ժամանակի խնայողության մասին, ինչը ցանկացած ձեռներեցի հաջողության գրավականներից մեկն է։

Դեռ նոր էինք դասն ավարտին հասցրել, երբ զգացինք անձրևի հեռահաս աղմուկը։ Շտապ հավաքեցինք սնունդն ու մնացած ապրանքները ծածկի տակ ու վրաններ մտանք, մինչև անձրևը կտրվեց։

Մինչ կմթներ, մեծ խարույկի մոտ զրույց ունեցանք «Սևան ստարտափ սամմիթ»-ի համահիմնադիր Հակոբ Հակոբյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և 2018 թվականի հաղթող ստարտափի հեղինակի հետ։

Այս օրվա իմ բացահայտումը փոքրիկ Մարիանէն էր, ով ապշեցնում էր բոլորին իր պարային ունակություններով։

 

Օր 3

 

«Կռունկները այս առավոտ…». Աիդա Սարգսյանի երգը ստիպում է արթնանալ։ Կողքի ջոկատից է։ Երևի ամենատարբերվող ջոկատն է, որ ամեն ժանրի երաժշտություն միացնում է օրվա տարբեր ժամերին՝ սիմֆոնիա, օպերա, ռաբիզ, ժողովրդական… Իսկ երբ երաժշտությունը չի օգնում արթնացնել, անցնում են այլ՝ շերեփ-կաթսա մեթոդին։

Այս օրը յուրահատուկ էր նրանով, որ ստացանք կուպոնները (մոնոպոլիայի թղթադրամներ հիշեցնող կտրոններ, որոնցով կարող էինք գնումներ կատարել)։

«Դիզայն մտածողություն» թեմայով դասից հետո իմացանք, որ մեր ընկերներից մեկը ջրծաղիկով հիվանդացել է։ Տխրեցինք, երբ իմացանք, որ ստիպված է տուն վերադառնալ։ Նրան ճանապարհելուց հետո մի քանիսս ափ իջանք, լուսանկարվեցինք, փորձեցինք քարեր նետել ջրի մեջ, կամ ավելի ճիշտ՝ սահեցնել ջրի մակերևույթին, քայլեցինք մինչև ճայերի կղզին ու հիացանք կարմրաթույր մայրամուտով, որ գունավորել էր հորիզոնը։ Հետ գալիս համտեսեցինք տեղում թխվող լավաշից (իդեպ, նախատեսվում է Հայաստանում լավաշի թանգարան հիմնել), որ ամեն երեկո անուշ բույրը սփռում է ճամբարի տարածքում։ Երեկոյան, ինչպես սովորաբար, սկսվեց խրախճանքը, քանի որ մեր հյուրն էր Արտեմ Վալտերը իր կատարումներով։

Օրվա իմ բացահայտումները  Հայկազը և Գեորգին էին։ Հայկազը այլ ջոկատից ակտիվ մի երիտասարդ էր, ով պարզվեց, որ իմ համաքաղաքացին է։ Նա դարձավ մեր ջոկատի անբաժան մասն ու հավատարիմ ընկերը մինչև վերջին օրը։ Իսկ Գեորգին, ով շատ խելացի թվաց, որովհետև մեր դասին ներկա գտնվելիս բավականին հետաքրքրությամբ էր լսում, հաճախ էր այցելում մեզ և մեզ հետ մաֆիա խաղում։

 

Հ.գ. Կողքի վրանի գորտը մշտական հյուր էր դարձել։

 

Օր 4

 

Զարմանալի է, որ Բասսամի մասին գրում եմ 4-րդ օրվա տողատակում, քանի որ առաջին օրվանից բոլորի ուշադրությունը գրաված շոումենը ճամբարի ամենակենսուրախ ու հումորով մարդկանցից մեկն էր։ Այս առավոտ մարմնամարզության փոխարեն Բասսամը մի քանի համարձակների փորձության ենթարկեց trust jump-ի (վստահության թռիչքի) միջոցով։ Վստահու՞մ ես, ապա բեմից ցատկիր ամբոխի մեջ և հավատա, որ նրանք ձեռքերի վրա կպահեն քեզ։

4-րդ օրվա դասընթացը թիմային աշխատանքին էր ուղղված, որի ժամանակ ստացած գիտելիքներն ու փորձը պետք եկան մեզ մնացած օրերի ընթացքում։

4 օր պահանջվեց մեզանից, որպեսզի սովորենք պահպանել հավասարակշռությունը և վայր չընկնենք գամակի վրայից։

Այս երեկոն անցկացրեցինք խարույկի շուրջ՝ հայրենասիրական երգեր երգելով, կրակի վրա կարտոֆիլ ու սունկ խորովելով։

Այս անգամ իմ բացահայտումը ընկեր Տաթևն էր՝ նույն ինքը բարության ու հավասարակշռության մարմնացումը, ով հասկանում էր բոլորիս հոգեբանությունը և միշտ պատրաստ էր օգնել։

 

Օր 5

 

Սկսվեցին ծանր մտավոր աշխատանքները։ 5-րդ օրվանից սկսեցինք խմբերով գաղափարներ քննարկել։ Ուսումնասիրել շուկան և ընտրել այն գաղափարը, որը առաջինն է աշխարհում։ Դժվար էր, ինչ խոսք։ Երբեք չեմ մոռանա, թե ինչպես էր Արմանը տանջվում, երբ հանկարծ համացանցն ապացուցում էր, որ իր մտածած սարքից արդեն աշխարհում գոյություն ունի։ Երբ բարդության էինք հասնում, մեր երևակայությունը հասցնում էր մեզ մինչև թռչող գորգերն ու ջինի թեյնիկներ։ Միգուցե հնարավոր լիներ ստեղծել։

Ես ինձ համար այդօր բացահայտեցի ևս երկու կերպար, երկու Դավիթների, ովքեր փայլում էին իրենց հանճարեղ մտքերով ու անգլերենի իմացությամբ։

Օր 6

 

Արդեն սկսվել էին չարաճճիությունները։ Արթնանում էիր, հասկանում, որ դեմքդ պատված է ատամի մածուկով։ Մեր վրանում նույնիսկ ցուցանակ էինք կախել. «Պաստել ներողամտաբար»։ Օ՜, չարաճճիներ մենք շատ ունեինք։

Գաղափարները գնալով հղկվում էին, կազմել էինք բիզնես Canvas մոդելը, ունեինք 4 տարբեր գաղափարներ։ Օրվա ընթացքում փակ քվեարկությամբ ընտրեցինք լավագույնը, որը պետք է ներկայացնեինք բեմից, որպես մեր ջոկատի ծրագիր, այնուհետև բոլորս ձեռնամուխ լինեինք դրա իրագործմանը։

Ընտրությունն ավարտված էր։ Մեր ջոկատը պատրաստվում է ստեղծել ակնոց կույրերի համար, որպեսզի նրանք հնարավորություն ունենան ինքնուրույն կարդալ գրքերը առանց բրալյան այբուբենից օգտվելու։ Սկանավորման միջոցով ակնոցը հասկանում է ցանկացած տեքստ, ինֆորմացիան ձայնայինի վերածված ուղարկվում է ականջակալին և հասանելի լինում ակնոցը կրողին։ Ակնոցն ունենալու է նաև GPS, որը հնարավորություն կտա, օրինակ, տրանսպորտից օգտվելու կամ ինքնուրույն տեղաշարժվելու։

Փորձառու ստարտափերների big battle-ից (մեծ պայքար) հետո, մեր ջոկատը ներկայացրեց երկու օրում ծնված մեր գաղափարի մասին, որը ժյուրիների կողմից ընդունվեց մեծ ոգևորությամբ, և անսպասելիորեն շահեց 1000 դոլլար։

Երջանիկ գիշեր էր։ Բոլորս երջանիկ էինք։ Մեր գաղափարը գնահատվել էր և իրագործման արժանի էր համարվել։

Դա վերջին գիշերն էր ճամբարում։ Այդ օրը բոլորը հատ առ հատ բացահայտում էին ինձ համար։ Մեկը մեկից անկեղծ, մեկը մեկից անմիջական ու զարմանալի։

 

Օր 7

 

Հրաժեշտ։ Հրաժեշտը տխուր է։ Չեմ ուզում երկար խոսել տխուր բաների մասին։ 7-րդ օրը բոլորս տուն վերադարձանք, ամբողջացրինք 7 օրերի մեր ապրածը մեր հիշողությունների շտեմարաններում։

milena sedrakyan

Զանգ քաղաքապետին

Ասում են, թե երբ տանը լույս չկա, կամա թե ակամա սկսում ես ճանաչել կողքիդ եղածներին։

Կեսօրից տան լույսերը վթարի պատճառով անջատել էին, և ես սրտատրոփ սպասում էի, թե երբ պիտի միանան:

Հաջորդ օրը պատրաստվում ենք գնալ քաղաքից դուրս, և օդի ու ջրի նման պետք էին լույսերը։

-Մամ, շատ են ուշացնում, հեսա զանգելու եմ էլեկտրացանց:

-Միլեն, ասացին մեկ ժամվա մեջ կտան:

-Տեսնենք:

-Չէ, չտվեցին, սպասի` հեսա զանգելու եմ քաղաքապետին,- կատակեցի ես ու ինքնաբերաբար մտա Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանի ֆեյսբուքյան էջ։

Չէ, ոչ մի գրառում չկար, բայց աչքովս հեռախոսահամար ընկավ:

-Հեսա իրոք զանգելու եմ:

-Աշխատանքային ժամ չի, հիմա ո՞վ կպատասխանի քեզ:

Դեռ խոսքը չէր ավարտել, ես սեղմեցի զանգի կոճակն, ու պարզվեց, որ ինձ հետ խոսում է պարոն Խուդաթյանը:

Ճիշտն ասած, զարմացած էի շարունակում խոսակցությունս, բայց ինձ այնքան սիրալիր և համբերատար էր պատասխանում, որ այլևս չէր էլ հետաքրքրում, թե լույսերը երբ են միացնելու։

Անջատեցի ու սկսեցի մտածել պատահածի շուրջ։Հիշեցի մի դրվագ իմ մանկությունից, երբ պաշտոնյան կոպտեց ինձ և ընկերներիս, երբ միասին Ջանգյուլում էինք խաղում և երգում իր համար։

Եղածը մեծ բան չէ, սակայն տպավորություններս մեծ էին, ինչ լավ է, երբ քաղաքապետը առաջին հերթին քեզ նման քաղաքացի է։

Պարոն Խուդաթյանը շատ մեծ բարեկարգումներ է անցկացնում քաղաքում, և Արմավիրը իրոք շատ է փոխվել։ Մեր քաղաքում արդեն  Yandex տաքսի կա, նոր այգում ծառեր են տնկում, նոր լուսացույցեր են տեղադրել, քաղաքում աղբամաններ են ավելացրել, և հաճախ ջրցան մեքենան մաքրում է փողոցները։

Ասածս ի՞նչ է, իմ բողոքավոր համերկրացի:

Վերջերս լսում եմ, որ գոհ չես փոփոխություններից, բայց եթե ես` 17 տարեկան պատանիս, ակնհայտ զգում եմ փոփոխությունները, վերաբերմունքը և սիրում եմ քաղաքապետիս, դու  պարտավոր ես։

Արի միասին հիշենք մեր համառ պայքարը, ու շարունակենք ավելի ուժգին թափով պայքարել, մինչ կհասնենք իմ, քո, քաղաքապետի, վարչապետի, նախագահի երազած ՀԱՅԱՍՏԱՆԻՆ։

qnarik.mkhitaryan

Պարզապես ամառ է

-Նառա, հել ջուրը մնաց, Արուսի հարսը գնաց ջուրը կապեց, հենա ջրի պրծնի` գնա կանգնի գլխին, որ բերես մերը ջրենք։

Չէ, մեր տատիկները ագահ չեն, մեր կանայք չեն մտածում ամեն ինչին տիրանալու մասին, պարզապես ամառ է: Գյուղի ոչ բոլոր տներում տղամարդ կա, բոլորը արտագնա աշխատանքի են, ու էլի հոգսը՝ չորացած բոստանը, չքաղված խոտը, թաց վառելիքը, անասնակերը, կաթը, պանիրը ու այս ամենը խեղճ կանանց ուսերին է։

Ռիմա տատիկը երբեք չի բողոքում իր արած աշխատանի ծանրությունից։

-Ռիմա, դե հերիք է էդ պարկը ուսիդ գնաս հացատուն գաս, ոտքերդ չի՞ ցավում։

-Բա որ հիմա ոտքս ցավի, ձմեռն ի՞նչ եք ուտելու։

-Դե հերիք է, տղերքդ կգան կանեն։

-Էշ մի սատկի` գարուն կգա։

Դէ չէ, էլի, պատմում են, որ Ռիմա տատը ջահել ժամանակ փոցխը ուսին դրած հեկտարներով խոտ էր հավաքում, տան գործերն անում, դա էլ հերիք չի, տանը ապրում էին 4 եղբայրներ իրենց կանանցով, ու պարտադիր էդ չորս կանանցից երկուսը տան թամբալ հարսներն են եղել։

Հիմա էլ հո ուրի՞շ է: Էն ժամանակ ո՞վ կարար նայեր տեգոր երեսին: Հիմիկվա հարսները …

-Նառա, ջուրը մնաց, հել, չանեդ թուլցնելու վախտը չի,- պատմությունս քաղցր ընդհատեց Ռիմա տատը։

-Էն աղջկադ ասա հելնի տեղերից, թե չէ` վաղը, մյուս օրը տանելու են հարս, ասեն` ամոթ քեզ ու քեզ դաստիարակողին։Ամբողջ օրը քնած, թե բա` դաս եմ անում, հել երկու քոլ քյախան արա։

-Նառա, հել, Քնարի հարսը ոնց որ հելավ, գնա տես` չտանի ջուրը։

Ռիմա տատի կռիվներին ոչ մեկը ուշադրություն չէր դարձնում: Այ թե մեկը մտներ տուն.

-Այ բալա, էս պանիրը նոր եմ գցել, էս մածունը երեկվա ա, հարսիս ձեռի թխած հացն ա, աղջի Լիլո, մի հատ կոֆե դիր: Կեր, բալես, կեր։ Նառա, մի հատ հացատնից կարագ բեր, մեկ էլ լուսամուտից նայի, տես` ի՞նչ եղավ, չպրծա՞վ: Էդ հարսը առավոտից մի թիքա տեղը ջուր ա անում, դրան մերը լավ հաց չի տվել, անուժ ա։

Ռիմա տատի ձեռքերը ճաքճքած էին, բայց ծերացած չէին: Նրա աչքերը թախծոտ էին, բայց հուսալքված չէին: Նա սիրում է կյանքը: Նա Ռիմա տատն է, կախարդական գոգնոցով, կապույտ լաչակով, սիրունը տեսնող իր հայացքով։

֊Աղջի Նառա, էդ բահը բեր տուր ինձ, հա, քեզնից բոստանչի դուրս չի գա …

sveta davtyan

Անասնաֆերմա

Մարդու որոշիչ հատկանիշը ձեռքն է՝ չարիք գործելու նրա հարմարանքը

Ջ. Օրուել «Անասնաֆերմա»

Մեր օրերում դժվար է պատկերացնել, որ տարիներ առաջ եղել են այնպիսի գրքեր, որոնց ընթերցանությունը արգելված է եղել: Սակայն դա չի խանգարել, որ գրքերը ձեռք բերեն մեծ ճանաչում, գտնեն տարածում աշխարհի բոլոր կողմերում:

Արգելված գրականության մեջ ամենահայտնի վեպերից է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա»-ն:

Անասնաֆերման հակաուտոպիական վեպ է, որտեղ բոլոր չարիքների պատճառը մարդու բռնակալությունն է:

Օրուելը վեպը գրել է 1943-ի նոյեմբերից մինչև 1945 թվականի փետրվարը: Գիրքը քաղաքական ենթատեքստի պարունակության պատճառով երկար տարիներ արգելված էր: Այն էկրանավորվել է երկու անգամ` 1954 թվականին Մեծ Բրիտանիայում՝ որպես անիմացիա և 1999-ին ԱՄՆ-ում՝ որպես հեռուստատեսային ֆիլմ:

Գրքում նկարագրվում է մարդկային հասարակությունը, սակայն մարդկանց փոխարեն գործում են կենդանիները, որոնք աշխատում են շատ կանոնակարգված և համախմբված, միևնույն ժամանակ, փորձելով չգնալ մարդկանց հետքերով ու չվարվել նրանց նման: Նա այլաբանական  ոճով գրված վիպակում ներկայացնում  է 1917 թվականին Ռուսաստանում տեղի ունեցած հեղափոխության, դրա սկզբունքների, գաղափարների հետագա ընթացքի  մասին, որն էլ հանգեցրեց բռնապետության:

Օրուելը կենդանիների կերպարներով ցույց է տալիս, որ ազատ կյանքով ապրելու համար նրանք ամեն ինչի պատրաստ են: Նպատակը մեկն էր՝ ազատվել իրենց ագարակատիրոջ՝ Ջոնսի ճնշող ենթակայությունից: Նրանց ապստամբության է պատրաստում մի ծեր խոզ: Չնայած նա մահանւմ է, բայց մյուսները շարունակում են պայքարը: Նրանք ստեղծում են պատվիրաններ, մշակում ծրագրեր, նրանց ոչինչ չէր կարող կանգնեցնել: Սակայն վիճակը փոխվում է, խոզերից մեկը՝  Նապոլեոնը, պաշտոնը իր ձեռքը վերցնելու համար մոռանում է բոլորին և ամեն ինչ: Այն, ինչը մի ժամանակ ոգեշնչում էր բոլորին, ոչնչացվում է: Իսկ ովքեր ընդիմանում են, նրանց սպանում են:

Օրուելը վեպում ցույց է տալիս, որ պաշտոնի հասնելու ցանկությունը հաճախ այնքան շատ է լինում, որ ստիպում է մոռանալ ընկերություն, համախմբվածություն, սկզբունքները: Դրա արդյունքում, երբ ծնվում են հեղափոխական գաղափարներ, կարճ ժամանակ անց դրանք մոռացվում են, և գալիս է փոխարինելու բռնատիրությունը: Հեղինակը ցույց է տալիս անհատի ոչնչացման ընթացքը ռեժիմի պայմաններում:

mariam yavrumyan

Անքնություն

Ժամը գիշերվա հինգն է, իսկ ես շուռումուռ եմ գալիս անկողնում ու լսում մահճակալիս` դիվային քրքիջ հիշեցնող ճռռոցները:

Ժամը գիշերվա հինգն է, ու ես առանց շունչ քաշելու ստեղներ եմ սեղմում (նյութ եմ գրում, էլի), որովհետև նյութ չեմ գրել այնքան տարի, որքան գրել եմ, որովհետև չեմ քնել այնտեղ, որտեղ կուզեի, իսկ հարցին ավելի իրատեսական նայելով` ուղղակի անքնություն է սկսել արդեն տասը օր:

Ոնց որ աշխարհում ամեն ինչ, էդպես էլ անքնությունն իր լավ կողմերն ունի: Որովհետև մութ սենյակում, որ քիչ-քիչ լուսանում է, նայում ես աշխարհից աշխարհ ճանապարհորդող մարդկանց ու հասկանում, թե որտեղ է կյանքի միակ հաճույքը: Իսկ ես էդպես էլ չեմ մեծանում, որ ինքս ու մենակ նստեմ ինքնաթիռ ու հասնեմ երազանքներիս երկրներին: Կամ մեծանում եմ, բայց չափից մի փոքր (իրականում մի փոքր չէ, շատ) դանդաղ: Երազանքներն էնքան արագ են վազում, ու ես չեմ հասնում իրենց հետևից: Ես միշտ ամեն ինչ ուզում եմ ու ուզածիս կեսին էլ չեմ հասնում: Ասելիքս շատ շատ է, բայց բառերը միշտ չեն հերիքում բացատրելու համար:

Ուզում եմ արագահոս գետեր նետվեմ ու հոսանքին հակառակ լողամ, ուզում եմ 3000 մետրից ներքև թռչել ու ընկնելու փոխարեն վերև բարձրանալ: Ուզում եմ գիշերները քնել կարողանալ:

Ու ես արդեն հանգիստ նստած եմ անկողնում, որովհետև առաջին անգամ բառերը ինչ-որ տեղ հերիքել են, ու երևի արդեն կամաց-կամաց կքնեմ:

Բաղանիսյան հովվերգություն

anna  andreasyan

Եսերի պատմությունը

Երբևէ ունեցե՞լ ես այն զգացողությունը, երբ բազմաթիվ բաների մասին ես մտածում, բոլորն էլ արժանի, որ իրենց մասին խոսվի, բայց դրանք այնքան միախառնված ու միաձուլված են իրար, որ չես կարողանում հստակ սահմանազատել միմյանցից ու թեմաներից մեկը կամ մյուսը՝ առանց իրենց սահմաններից շեղելու, ներկայացնել: Դրա պատճառը այն չէ, որ թեմաները իրենց բովանդակությամբ իրար նման են կամ ինչ-որ ուրիշ առնչություն ունեն: Ուղղակի երբ ինչ-որ միտք ես ունենում, պետք է հենց այդ պահին արտահայտել, որ հետո բազմաթիվ այլ մտքերի կուտակումից ու չարտահայտելուց չստեղծվի այն շիլաշփոթը, որ հիմա իմ գլխում է:

Դե, արտահայտան միջոցները շատ են, նայած դու որն ես նախընտրում, որն է ավելի լավ ստացվում: Օրինակ ես, ինչպես տեսնում ես, գրում եմ, մեկ ուրիշը նկարում է (միշտ ցանկացել եմ լինել այդ մեկ ուրիշը, այս հարցում չեմ հանձնվում, միշտ փորձում եմ), մի երրորդը երգում է, շատերն էլ ուղղակի իրենք իրենց բարձրաձայն (ի միջի այլոց, բարձրաձայնը պարտադիր պայման չէ, մտքում էլ կլինի) խոսում են: Ի՞նչ կա որ, ինքդ քեզ հետ խոսելուց ավելի հանգստացնող ու լիցքաթափող բան տեսե՞լ ես: Երբ սկզբում դու մենակ ես, ու քեզ հակաճառող չկա, քեզանից գոհ փիլիսոփայում ես, մեկ էլ չգիտես որտեղից, հայտնվում է քո երկրորդ եսը, որը միշտ հակառակվում է քո առաջին եսին: Ասես երկու ծայրահեղություններ լինեն: Բայց, հո բանը այս երկու եսերի կռվով չի՞ վերջանում, հարցեր կան, որոնց պետք է մի քանի տարբեր անկյուններից նայել, և այստեղ է, որ հայտնվում են հաջորդաբար երրորդ, չորրորդ և այսպես շարունակ, եսերը, կախված  հարցի բովանդակ լինելու աստիճանից: Այս երրորդ եսը, օրինակ, առաջին երկու կողմերին ո՛չ ժխտում է, ո՛չ հաստատում, այլ փորձում է հավասարակշռել երկու հակադարձ կարծիքները: Յուրաքանչյուրից վերցնում է այն, ինչ իր կարծիքով ճիշտ է, ու միացնում է իրար՝ ստեղծելով իր նոր՝ երրորդ կողմը: Ահա այստեղ հայտնվում է չորրորդ կողմը՝ մի նոր կարծիք առաջ բերելով, ու առաջին երեք եսերը զարմացած իրար են նայում՝ մտածելով, թե այս չորրորդ օտարականը որտեղի՞ց հայտնվեց: Չնայած իրենք համակարծիք չեն, բայց գոնե իրար արդեն լավ են ճանաչում: Մինչև սկսում են մեր չորրորդի հետ մտերմանալ, համենայն դեպս այնքան, ինչքան ծայրահեղ հակառակ կարծիքի տեր մարդիկ կարող են մտերմանալ, հայտնվում է հինգերորդ եսը: Այստեղ արդեն նախորդ չորսով են իրար հետ փոխանակում այն խորհրդավոր հայացքը, որի իմաստը և ասելիքը արդեն բացատրեցի:

Հինգերորդի հայտնվելու նպատակը հավասարակշռելն է այս մեր չորրորդին մյուս երեքի հետ, հատկապես առաջինի և երկրորդի: Դե երրորդը ինքը մի տեսակ հաշտեցնող կողմ է, բայց միայնակ, երկուսից ավելի այդքան ծայրահեղական եսերի չի կարող հաշտեցնել: Այս է պատճառը, որ հինգերորդը հայտնվում է:

Այսպես խոսում են, բանավիճում ու իրար հետ լեզու չեն գտնում, մանավանդ որոշումներ կայացնելիս: Պետք է համբերատար հետևես այս բոլոր եսերի բանավեճին ու տեսնես` վերջում մի ընդհանուր եզրահանգման կգա՞ն, թե՞ չէ: Եթե չգան էլ, ինչը շատ հաճախ է տեղի ունենում, դու ինքդ՝ որպես արտոնյալ և վերջին խոսքը ասող, ընտրում ես եսերից մեկի առաջարկած տարբերակը՝ ուշադրություն չդարձնելով այն հայացքներին, որ ընտրյալ եսին են ուղղվում մյուս եսերի կողմից: Բայց դե նրանք երկար նեղված չեն մնում, հո այս մեկ անգամը չի՞, դեռ այնքան է լինելու: Հաջորդին, գուցե, մեկ ուրիշը հաղթի: Հետո էլ եթե հանկարծ ես սխալված լինեմ ու սխալ եսի առաջարկը ընդունած լինեմ, մյուս բոլոր եսերը որ մասնակից էին այդ որոշման ընդունմանը և որոնց առաջարկները մերժվել էին, ինձանից էլ, ընտրյալ եսից էլ մի լավ վրեժ կլուծեն՝ անընդհատ հիշեցնելով սխալ որոշման մասին: Իսկ եթե որոշումից գոհ եմ վերջում, ես եմ գոհ ու հաղթական հայացքով նայում նրանց ու մի շնորհակալական հայացք էլ ընտրյալ եսին եմ շնորհում:

Դե որ այսքան բան արդեն պատմեցի իմ ու իմ եսերի ներքին գործերից, սա էլ ասեմ: Իմ եսերից ամեն մեկը ունենալով տարբեր ես-ային հատկանիշներից ինչ-որ չափով, միաժամանակ ունի մի հատկանիշ, որ գերակշռում է: Մեկի մոտ, օրինակ, ներքին զգացողությունն է շատ լավ զարգացած՝ նույն ինքը ինտուիցիան, մեկի մոտ ավելի լավ է ստացվում տրամաբանական վերլուծություններ անելը, մյուսի մոտ մի այլ բան, որի անունը նույնիսկ չգիտեմ, և այսպես շարունակ:

Տես է, հենց նոր առաջին եսս ասաց, որ բավական է, ինչքան իրենց մասին պատմեցի, ու քանի մյուս եսերս էլ չեն հավաքվել ու պատերազմ չի սկսվել, նյութս ավարտեմ:

Երեք օր Բյուրականի աստղադիտարանում

-Ալո, բարև ձեզ,Աննայի հետ ե՞մ խոսում:

-Այո, ես եմ, լսում եմ…

-Դուք «Իմ տիեզերքը» շարադրությունների մրցույթում հաղթել եք, 3 օր անցկացնելու եք Բյուրականի աստղադիտարանում:

Տիկին Գայանեն էր, իր մի զանգով երազանքս վերածեց իրականության: Ուրախությանս չափ չկար: Իրականում չէի էլ պատկերացնում, թե կհաղթեմ, բայց, ինչպես տեսաք, բախտն ինձ ստիպեց հավատալ երազանքների իրականացմանը: Սկսեցի պատրաստվել. պայուսակում մի կերպ տեղավորեցի իրերս ու մի փոքր քաղցրավենիք: Ընթացքում մտածում էի. «Տեսնես ընկերներս լավը կլինե՞ն»: Թերևս Բյուրականի ամենամեծ ձեռքբերումս եղան նրանք:
Հենց առաջին օրն էլ հիշարժան անցավ: Այնտեղ հասնելուց հետո Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը հետաքրքիր դասախոսություն ունեցավ: Մնացած ժամանակը տրամադրեցին մեզ: Կեսգիշերն անց էր, բայց մենք շարունակում էինք անվե՜րջ զրուցել…
Հաջորդ օրվա տպավորություններն ավելի վառ էին: Այցելեցինք Վիկտոր Համբարձումյանի տուն-թանգարան, այնքա՜ն հետաքրքիր էր, ամենուր զգացվում էր նրա շունչը: Այդ օրը բոլորս սպասում էինք մի կարևոր իրադարձության. երեկոյան աստղադիտում էր լինելու: «Տեսնես ի՞նչ տեսք ունեն աստղերը, մոլորակները, երբ նայում ես աստղադիտակով: Գուցե ավելի խոշո՞ր են, միգուցե ավելի պայծա՞ռ…»: Այս հարցերը խեղդելով մեր մեջ՝սրտատրոփ սպասում էինք 23:00-ին: Իսկ ժամերն էլ այնքա՜ն դանդաղ էին սահում: Միշտ էլ այդպես է, չէ՞, սպասելը հավասարազոր է լինում մահվան, ու ինչքան մոտենում էր ժամը, այնքան րոպեներն էին դանդաղում: Կարծես մեկը կանգնեցրել էր ժամանակը՝ զուտ մեր մեջ հետաքրքրությունն ավելի մեծացնելու համար: Վերջիվերջո եկավ պահը. իրար հերթ չտալով՝ մոտենում էինք աստղադիտակին ու բերաններս զարմանքից լայն բաց արած հեռանում դրանից: Աննկարագրելի գեղեցիկ էր:
Վերջին օրը պակաս հետաքրքիր չանցավ: Տառերի պուրակ, Ամբերդ ամրոց, Սաղմոսավանք… Ճիշտ է, չկարողացա մինչև վերջ բարձրանալ 2300 մետր բարձրության վրա գտնվող Ամբերդ ամրոցը, բայց այն, որ այնտեղ եմ եղել, արդեն իսկ հպարտանալու տեղիք է տալիս:
Պի՛նդ պահեք ձեր երազանքները, դրանք իրականանալու սովորություն ունեն:

Mary Yengoyan

Աշխարհի փոթթերհեդները

«Եթե գիրքը կարդում են մեկ անգամ, ուրեմն այդ գիրքը լավն է։

Եթե գիրքը կարդում են մի քանի անգամ, ուրեմն այդ գիրքր հանճարեղ է։

Եթե գիրքը կարդում են անվերջ, ուրեմն դա Հարրի Փոթթերն է»:
Հարրի Փոթթերի մասին պատմող ֆիլմաշարն առաջին անգամ դիտեցի 3 տարի առաջ՝զարմուհուս հետ, ու պատկերացնել չէի կարող, որ դիտածս բոլոր ֆիլմերը միանգամից խղճուկ կթվան դրա համեմատ։Ֆիլմը դիտելիս ապրում ես յուրաքանչյուր պահը`Հագրիդի ու Հարրի մոտոցիկլետով թռիչքից մինչև Հոգվարթսի ճակատամարտի ավարտը։Ֆիլմերը դիտելուց հետո  կարդացի նաև գրքերի շարքը։
Յուրաքանչյուր փոթթերհեդի կյանք` ինչպես և իմը, բաժանված է երկու մասի. մինչև փոթթերհեդ դառնալն ու փոթթերհեդ դառնալուց հետո։


Կան իրավիճակներ, որոնք կհասկանան միայն իրական փոթթերհեդները, և հասարակ մագլների համար այս իրավիճակները անհասանելի ու անիմաստ կթվան։
Երբեմն պատահում է, որ բոլորի նախասիրությունները քննադատող ինչ-որ տհաս գալիս է և դիտմամբ, հատուկ քեզ նյարդայնացնելու նպատակով ասում. «Էդ քո Հարրի Փոթթերը լրիվ մանկապարտեզի մուլտիկ ա»։ Այդ ժամանակ անզուսպ ցանկություն է առաջանում հանել կախարդական փայտիկդ ու մի «Ավադա Կեդավրայով» լուծել նրա հարցերը։ Բայց ցավոք չես կարող:
-Անծանոթ շրջապատում չկա ավելի հաճելի զգացում, քան ծանոթությունը փոթթերյան աշխարհի մի նոր բնակչի հետ։Այդ ժամանակ երկուսիդ աչքերն էլ փայլում են, սկսում եք ոգևորված ու բարձր քննարկել ֆիլմի ամենատպավորիչ, ամենաուրախ ու ամենատխուր պահերը, Քեռի Վերնոնի տան նամակների անձրևն ու Ֆրեդ Ուիզլիի մահը: Մի ամբողջ հավերժություն է անհրաժեշտ, որ խոսեք ձեզ հուզող ամեն բանի մասին։
-Անգամ ձանձրալի ու սովորական երկրաչափական պատկերները նոր իմաստ են ստանում մոգական աշխարհին ծանոթանալուց հետո։ Եռանկյունը, որի պատճառով դպրոցական տարիներին բոլորը «գլուխ են կոտրել», դառնում է Անտեսանելիության թիկնոց։ Շրջանագիծը` Վերակենդանացնող Քար, իսկ ամենահասարակ հատվածը` Ավագ Փայտիկ։ Համաձայնեք, այսպես դրանք ավելի են հետաքրքրում մեզ, քան մինչև փոթթերհեդ դառնալը։
-Իսկ երբևէ փորձե՞լ եք ձեզ համար կախարդական փայտիկ կամ Հոգվարթսի նամակ պատրաստել։ Իրականում փայտիկը չի ստացվելու ճիշտ և ճիշտ այնպես, ինչպես Օլլիվանդերների խանութից գնվածները, իսկ նամակները իրական նամակներից անշուք են ստացվելու, բայց կարևորը, որ ունենալով այս իրերը (ի դեպ, քո իսկ ձեռքերով պատրաստված), քեզ կզգաս իրական Փոթթերհեդ։
-Եվ վերջում որոշեցի սա թողնել. Որքան հաճելի է կանգնել ու բարձր, շա՜տ բարձր գոռալ «նրա անունը, ում անունը չպետք է տրվեր», գոռալ, վստահ լինելով, որ նա երբեք չի վերադառնա։ Նա ձգտում էր անմահության, բայց մահացավ, որովհետև չգիտեր, թե ինչ են սերը և ընկերությունը, և մենք`աշխարհի բոլոր փոթթերհեդներս, ցավում ենք նրա համար:

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Թայմ Սքուեր. պայքարների հրապարակը

-Hey Anahit! Can you please take a picture of me facing the Times Square? – եթե ինձ վճարեին ամեն անգամ, երբ օտարերկրացիները Սենդիի նման անունս սխալ են արտասանում, ես երեկոները կանցկացնեի իմ սիրելի դերասանուհիների հետ թեյ խմելով: Բայց ինձ դեռ չեն վճարում. դրա համար էլ ինձ մնում էր ուղղակի լուսանկար անելը, իսկ հետո այդ նկարի մասին մի նյութ գրելը:

Եվ ուրեմն, բարև իմ սիրելի ընթերցող, եթե իհարկե ես ունեմ հավատարիմ ընթերցող: Երկար չգրելուց հետո համակարգիչս վերցրել, նստել եմ ու արագ-արագ ստեղներին եմ հարվածում, որ դատարկ էջը լցնեմ: Հազար տարի կլինի, ինչ չեմ գրել: Բայց երևի ասելիք չունեի: Կամ էլ այնքան ասելու բան ունեի, որ համարձակություն չունեի գրելու: Երևի ամեն ինչի մասին ասելու բան ունեի` իմ, քո, մեր, հոդվածներիս, Սենդիի լուսանկարի, մեծ ու փոքր քաղաքների, կարճ ու երկար ճանապարհների, հասանելի ու անհասանելի բաժանորդների, աշխարհ տեսնելու ու նոր երազանքներ ունենալու մասին ասելու բան ունեի:

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Վերջերս իրականացավ իմ երազանքներից մեկը` մեկնեցի Նյու-Յորք: Հա~, հա~, էնտեղ ամեն ինչ գլուխգործոց ֆիլմերի նման էր: Լիքը կեղտոտ փողոցներ, անտուն մարդիկ, աննկարագրելի բարդ համակարգով աշխատող մետրո, շենքեր որոնց սկիզբը կար, բայց վերջը չէ, իմ ու քո երազանքների առանձնատները և իհարկե, անթիվ-անհամար բաց բերաններով տուրիստներ, որոնց թվին դասվեցի նաև ես:  Էս քաղաքը ցույց տվեց, թե ինչպես կարող ես ութ միլիոն մարդկանց հետ միաժամանակ ու մի տեղում լինել մենակ: Էստեղ շատ պարզ դարձավ, որ հեռախոսի մյուս կողմում գտնվող ընկերներդ, որոնց հետ ամբողջ օրը խոսում ես, մի վայրկյանում կարող են անհասանելի դառնալ: Որ երբեմն կարճ ճանապարհներն են տանում ամենալավ արդյունքին, իսկ երկարները ոչնչի չեն բերում: Էստեղ հասկանում ես, որ կյանքում ոչ մի պահի, ոչ մի դեպքում ու ոչ մի գնով հանձնվելու իրավունք չունես, որովհետև շուրջդ բոլորն են պայքարում: Մի մասը պայքարում են, որ տեսանելի դառնան հսկայական ամբոխում, մյուսները, որ կառավարեն ամբոխը, մնացածն էլ, որ ամբոխները չխելագարվեն Չարենցի պոեմի նման: Պայքարելու ընթացքում շատերը պարտվում են ու ընկնում: Մի մասը նորից ոտքի է կանգնում, մնացածներն էլ, ոտքի կանգնելուց հոգնած ու պարտվելու հաշիվը կորցրած, ուղղակի էլ չեն բարձրանում: Երևի էստեղ կյանքի բոլոր խիստ ու դաժան կանոնները Դիսնեյի կինոների շլացնող փայլով ծածկված մի տեղում հավաքվել են ու քեզ են սպասում:

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Լուսանկարը` Անահիտ Բաղշեցյանի

Դեղին տաքսիներով անվերջ խցանումների ու տասը դոլարանոց հոթ-դոգների արանքում էս քաղաքը ինձ կապեց Թայմս Սքուերին, նոր նպատակներին: Էստեղ ինչ-որ տարօրինակ ու անսովոր կերպով կապվեցի ինձնից տասը հազար անգամ ավելի տարբեր մարդկանց հետ, որոնք էդպես էլ չկարողացան անունս ճիշտ արտասանել, բայց ինձ «լավով են հիշում», որովհետև ես իրենց սովորեցրել եմ էդ արտահայտությունը: Որովհետև նրանց համար լիքը ինստագրամյան նկարներ եմ արել Նյու-Յորքում, հետաքրքիր բաների մասին եմ պատմել ու բուռն քննարկումներ եմ վարել իրենց հետ: Վերջիվերջո մի նոր աշխարհ ենք բացահայտել` միասին անծանոթների հետ ենք զրուցել, չինական ամենահամով ռեստորաններն ենք գնացել, հայկական հեքիաթներ ենք սովորել ու ամերիկյան ամենահայտնի ընկերությունների աշխատակիցների հետ ենք ծանոթացել: 

Կարճ ասած, Նյու-Յորքը իմ ամենահավես կողմը բացահայտեց ու մի քիչ Անահիտ էլ իրեն պահեց:

Հա~, ի դեպ, քիչ մնաց մոռանայի, Սենդիի նկարը 221 լայք ունի, 15 հատ էլ քոմմենթ: