Sabina Davtyan

Երևանում

Բարի գալուստ մի քաղաք, որտեղ փողոցները տխուր են, իսկ մարդիկ մռայլ կամ միգուցե հակառակը: Քաղաքի անունը գեղեցիկ է, իսկ այլ քաղաքում տեղի ունեցող պատմությունները միշտ ողբերգական կամ ծայրահեղ վերջաբան են ունենում: Քաղաքի անունը Երևան է, իսկ ապրող մարդկանց կարգավիճակը՝ ծանր: Երևանը հաճախ անվանում են վարդագույն քաղաք, թեկուզ գունավորը քաղաքում քիչ է, իսկ հակառակը՝ անգույնը միշտ գերակշռում է: Երևանը միշտ իր այցելուներին է սպասում, որպեսզի զարմացնի հազարավոր քանդակներով, թանգարաններով, պուրակներով ու բազմազան համեղ ու հետաքրքիր վայրերով, բայց չգիտես ինչու, այդ ամենը քիչ է մարդկանց: Երևան շատ չեն գալիս, Երևանից շատ գնում են…

Գիտե՞ս, Երևանը տխուր քաղաք է: Դե հա, գիտեմ, հիմա մտածում ես այդքանից հետո էլ ո՞վ ուրախ կլինի, բայց չէ, դա դեռ ամենը չէր: Երևանում միշտ բաժանվում են, Երևանում միշտ դավաճանում են… Երևանից բաժանվում են, Երևանին դավաճանում են, բայց Երևանը բարի է, միշտ ներում է, միշտ հետ ընդունում` համոզված լինելով ու գիտակցելով, որ իրեն կրկին լքելու են, երբ ավելի հարմար տարբերակ գտնեն: Իսկ ի՞նչ անի խեղճ Երևանը, ելք չկա, ճար չկա…

Երևանում ամեն քայլափոխին քեզ ստում են: Ստում են, որ նման գնով ոչ մի խանութից զգեստ կամ ինչ-որ հիմար ապրանք չես կարող գնել, ստում են, որ ձմերուկը քաղցր է, ստում են, որ… Ստում են գումարի, զգացմունքի, վերաբերմունքի մասին… Ստում են, որ ձմռանը Երևանում ցուրտ չի լինում, բայց չեն պարզաբանում, որ չես մրսի, եթե ձմռանը միայնակ չլինես կամ հաստ վերարկուդ քեզ չի տաքացնի, եթե կողքինդ սխալ մարդ է:

Երևանում տարբերվողներին, խելացիներին, գեղեցիկներին չեն սիրում: Երևանում սովորել են տեսնել ստանդարտ ինչ-որ բաներ, ինչ-որ մարդկանց, իսկ երբ տեսնում են ինչ-որ ստանդարտներից դուրս բան, կամ մարդ, միանգամից սկսում են ընկճվել, վիճել, բամբասել: Երևանում սովորել են շրջապատված լինել հիմարներով, որովհետև հիմարի ստին հավատալը ավելի ձեռնտու է, քան խելացի մարդու կողմից հիմնավոր բերված փաստերին: Երևանում գեղեցիկը ու գեղեցիկներին չեն սիրում, որովհետև վախենում են միայնակ մնալուց, փոխարինելուց ու փոխարինվելուց: Կամ միգուցե գեղեցիկը վախեցնում է նրանց…

Երևանում քիչ են ժպտում, որովհետև ցավ ու տառապանք են տեսել, պատերազմ են տեսել, կորուսնտեր են ունեցել, ցուրտ, խավար ու ավերվածություններ են տեսել…

Երևանում հիասթափված են, որովհետև հոգնել են նույն միապաղաղ կյանքից, նույն ավտոբուսներով տուն ու աշխատանքի գնալուց, նույն մարդկանց միշտ տեսնելուց…

Երևանում մարդիկ էլ առաջվանը չեն… Նրանք էլ միմյանց չեն իդեալականացնում, իրավիճակները նույնպես, որ վերջում չկանգնեն այն իրականության առաջ, ոչ այն մարդիկ կան, որոնց իդեալականացրել էին, ոչ էլ  իրավիճակները…

Երևանում Ամանորը էլ առաջվա պես հույսերով ու երազանքներով չեն դիմավորում: Էլ ո՛չ հույսեր ունեն, ոչ երազանքներ, երևի հոգնել են միշտ սպասելով ու այդպես էլ չստանալով ու հիասթափվելով: Երևանում դադարել են հավատալ հեքիաթներին ու հրաշքներին…

Երևանում դադարել են հավատալ սիրուն, որովհետև հոգնել են խաբված, կոտրված, հիասթափված լինելուց: Հոգնել են առաջ շարժվելուց, իրենց այնպես պահելուց, ասես ամեն ինչ կարգին է, բայց իրականում աշխարհը փուլ է եկել իրենց գլխին, իսկ երազանքներն էլ ծանր օդի նման խեղդում են իրենց:

Երևանում հոգնել են ուժեղ լինելուց, սխալ մարդկանց սիրելուց:

Հոգնել են ավտոբուսներին երկար սպասելուց, ժամանակը անիմաստ վատնելուց:

Երևանում ուղղակի ուզում են երջանիկ ապրել:

Երևանում ուղղակի ուզում են ապրել…

vahe11-1038x576

Թե ինչու սիրել կամ չսիրել հայերին

Ես հայ ազգին շատ եմ սիրում: Բայց ոչ դրա համար, որ բոլոր հայերը ընդհանրապես շատ լավ մարդիկ են: Ուղղակի իմ շրջապատում՝ իմ գյուղում, վատ մարդիկ շատ քիչ են: Այսինքն, վատ մարդը ընդհանուր է ասված: Եկեք ասենք՝ էն մարդիկ, ում արարքները  մնացածին դուր չեն գալիս: Օրինակ, ինձ դուր չի գալիս անտարբեր մարդը: Ուրեմն…

Ուրեմն, ամսի 6-ն էր: Առավոտյան ինձ մի կերպ արթնացրի, իջա կանգառ, նստեցի մեր ավտոբուսը ու գնացի Եղեգնաձոր, որ էդտեղ էլ իջնեմ, նստեմ մի ուրիշ ավտոբուս ու գնամ Երևան: Դե, այդ մասը հետաքրքիր էլ չի: Մենակ ասեմ, որ հետևիս նստած աղջիկը, որ ինձնից երևի մի երկու տարի մեծ էր, ամբողջ ճամփին էդ սփինեռը էնքան ֆռռացրեց, որ արդեն կարող էի վայրկյանով ասել, երբ կֆռռացնի ու երբ կկանգնի: Ինչևէ: Պիտի գնայի համալսարան՝ ատեստատս տալու համար: Ու քանի որ ես գիտեի, որ հաստատ մի բան էն չի լինի, մի տեսակ նույնիսկ հաճույք ստացա, երբ ասացին, որ ինչ-որ ստացական է պետք, որը ես թողել եմ մի 120 կմ-ի վրա: Իհարկե, ես գտա ճարը: Ինձ ասացին, որ նկարն էլ է բավական: Ես էլ դուրս եկա, զանգեցի ընկերոջս ու ասացի, որ գա համալսարանի մոտ: Որովհետև իմ հեռախոսով դժվար նկարը ցույց կարողանայի տալ (ինչ հիանալի է, երբ առանց սմարթֆոնի ես ապրում, հետ ես վարժվում նորմալ կյանքին): Վերջը: Նստել եմ համալսարանի դիմացի նստարաններից մեկի վրա ու նայում եմ գնացող-եկող մարդկանց: Ուրեմն, ամեն ինչ այնպես կատարվեց, որ ես չհասցրեցի էլ տեսնել՝ որտեղից եկան: Մի տատ ու մի իմ տարիքին աղջիկ, իրար թև մտած քայլում էին: Մի կին, 35 տարեկան կլիներ, քայլում էր դեպի համալսարան, էլի ինձնից մի երկու մետրի վրա: Ամեն ձեռքում էլ մի վեց լիքը լցված տոպրակ: Ուրեմն, իրար ընդառաջ էին քայլում: Հասան իրար: Կինը նայեց աղջկան ու ասաց:
-Excuse me.

Մյուս կինն ու աղջիկն իրենց ուղղությունը փոխեցին՝ «на одиннадцать часов»:
-Excuse me?

Կինն ու աղջիկը բանի տեղ չդնելով նրա ասածին, արագ հեռանում էին:
-Hey. I’m not a beggar. I’m a professor at this university.

Էս բառերը ասաց էնքան նեղացած տոնով, որ ես ծիծաղից փորս բռնեցի: Հետո իհարկե, հասա նրան, ու պարզվեց, որ իրեն ուղղակի պետք էր էսինչ շենքը: Նոր էր եկել Հայաստան: Ինչ ափսոս էր: Հայերի մասին առաջին հիշողություններից մեկը վատը եղավ նրա համար: Այ, սրա համար արժի չսիրել հայերին: Իսկ այ, ինչի սիրել…

Ուրեմն նույն օրը գալիս եմ կանգառ, որ նստեմ մեր «գազելը» ու վերադառնամ տուն: Երևանից, էլի: Իմ սովորության համաձայն եկա ու նստեցի էն վերջին անկյունի նստարանին: Տեղ համարյա չէր մնացել. կողքիս երկու տեղ  ու առջևի մի ծալովի նստարան: Մի կին երկու տղայի հետ եկավ ու անդորրս խախտելով հարցրեց.
-Ստեղ ազատ ա՞:
-Չէ, ոնց որ:

Մի 10 վայրկյան երեքի ձայնը ցածրացավ, ոնց որ իրար մեջ խորհրդակցեին, ու տղաներից մեկը ասաց.
-Ախպերս, որ խնդրեմ՝ չես հելնի դեմը նստես, մենք նստենք ստեղ:
-Հա,- ասացի,- ինչի՞ չէ որ:
-Ապրես, ցավդ տանեմ:

Հա, ուրեմն դուրս եկա գնացի, նստեցի էն ծալովի նստարանին: Չէի հասցրել պայուսակս նստարանի տակ տեղավորել, մի չաղլիկ կին եկավ ու ցանկություն հայտնեց իմ տեղը նստելու: Ես արդեն ուզում էի ասել, որ էլ տեղեր չկան, իսկ ես ուզում եմ էսօր տուն գնալ, էն էլ մեր վարորդը ինձ առաջարկեց իր կողքին նստել: Ես էլ զարմացած, որ էդտեղ զբաղված չէր, ուրախ դուրս եկա ու նստեցի մի մե՜ծ ու սիրուն աչքերով աղջկա ու վարորդի արանքը:

Շարժվեցինք: Վարորդը «բարդաչոկից» վերցրեց ծամոնը, մի հատիկ վերցրեց, հետո տուփը տվեց ինձ ու ասաց, որ աղջկան էլ տամ: Մենք էլ շնորհակալություն հայտնելով վերցրինք: Էս մեր վարորդը կարգին մուժիկ էր, ու մենք ուրախ ասել-խոսելով եկանք:

Հետևի նստարաններից մեկին մի չաղ մորքուր էր նստել: Էն տիպիկ քծիպ հայերից: Ուրեմն, մեկ էլ չհասկացա՝ ոնց, տեսնեմ՝ վարորդի հետ վիճում է, թե ինչու են ուղևորները տոմսի գումարը սկզբից տալիս: Մեր հոպարն էլ, առանց հեգնանքը թաքցնելու, ձեռ էր առնում մորքուրին: Մորքուրը, թե.
-Բա էս ո՞ր երկրում ես տեսել տրանսպորտ նստելիս փողը սկզբից տաս: Ամբողջ աշխարհում ֆռռաս, տենց բան չկա, մենակ մեր մոտ ա: Որովհետև անտեր երկիր ա:
-Չէ, այ ցավդ տանեմ: Թարսի պես, օրենքով՝ մարդը իրա տոմսը պիտի առնի ու նոր նստի տրանսպորտ,- հոպարը վառեց ծխախոտը:
-Չկա տենց բան: Հիմա ինձ մի արի բան սովորացրա, էլի: Ոչ մի քաղաքակրթված երկրում տենց բան չկա:
-Բայց չէ, է: Օրենքով առնում՝ նոր են նստում,- կիսաձայն ասացի ես՝ ցույց տալով օգնությունս հոպարին:
-Հա, տղա ջան, ես էլ տենց գիտեմ: Այ, ցավդ տանեմ, օրինակ, որ նստում ես սամալյոտ, էթում-հասնում ես, նո՞ր ես փողը տալի, կամ պոեզ:
-Հա, բայց սամալյոտների պասաժիրներին որ բան ըլնի, էդ ապահովագրման փողերը տալիս են, չէ՞, ընտանիքներին:
Նայեցի հոպարի դեմքին: Քմծիծաղելով գլուխը տարուբերում ու ծտծտացնում էր:
-Է, մորքուր ջան: Հըմի որ Աստված չանի, մի բան ձեզ լինի, կարո՞ղ ա ես փող չտամ: Մի տեղից կճարեմ, կտամ, էլի:
-Նենց էլ խեղճ-խեղճ ես խոսում, ոնց որ փող չես ստանում: Հեսա, էս ռեսը տարար, 20 000-ը կդնես ջեբդ, քեզ ի՞նչ կա:
-Է՜, մորքուր ջան: Բանից բեխաբար ես: Որ իմանաս՝ ցելի օրը 2 անգամ գնում-գալիս եմ Երևան, 5000 փող եմ ստանում:
-Պահ-պահ-պահ…
Էստեղ իրականում մտքիս մեջ ասացի՝ ցավ-ցավ-ցավ…

Իսկ հոպարը ընդհանրապես ոչ իրեն վատ էր զգում, ոչ էլ նյարդայնանում: Մենակ դեմքի հեգնանքով լի ժպիտը ավելի էր լայնանում:
-Է, մորքուր, է՜…
-Հա, ի՞նչ: Ի՞նչ գործ ա, որ: Սաղ օրը քո համար նստած ավտոյի մեջ քշում ես, էլի:
Մեկ էլ հետևից մորքուրի կողքից մի հոպար էլ խառնվեց:
-Խի՞ ես, է, տենց ասում: Էս գործն էլ իրա դժվարությունն ունի: Սրա վեշը տար, դրա վեշը հասցրա, սրան տեղ գտի, էն մեկի մուննաթը տար:
-Հա, դե լավ,- մեղմանալով ասեց մորքուրը,- ես տենց տեղյակ չեմ:
-Բա որ տեղյակ չես՝ ի՞նչ ես մարդու ականջին նստե: Հիմա էս ա էսօրվա դրությունը:
-Է՜, չգիտեմ, է,- մորքուրը մեղմացավ ու արդեն սկսեց խոսքը փոխել,- ախր, էս ի՞նչ անօրեն երկիր ա: Մարդ պետք ա թողնի գնա ստեղից, գլուխը փախցնի: Երկիր չի էլի, հո զոռով չի՞: Ո՞վ ա սենց բան տեսել:
-Դե հիմա՝ էս ա: Պիտի յոլա գնանք,- եզրափակեց հետևիս հոպարը:
-Ժողովրդի ձեռը մի կոպեկ փող չկա, էն վերևներն էլ չգիտեն՝ փողը ոնց ծախսեն:
Ոչ ոք ձայն չհանեց: Նայեցի կողքիս նստող մե՜ծ ու սիրուն աչքերով աղջկան: Իր դեմքին էլ էր հեգնանքը սառել: Հոպարը կողքիցս արմունկով բզեց.
-Երևի երկիրը երկիր չի,- աչքով տվեց, մի թեթև քմծիծաղ ու գլուխը թեքեց ճանապարհին:

Այ հիմա ասեք՝ մենք մարդ չենք, որ ապրում ենք նման մորքուրներով, տատիկներով ու աղջնակներով լիքը Հայաստանում: Մարդ ենք: Հիմա «յոլա» ենք գնում, էլի: Իսկ իրենց համար Հայաստանը…  Է… Երկիրը երկիր չի, էլի:

Հուլիս, 2017

Tatyana Voskanyan

Աշխարհը մեկ Աստված ունի, և Նա ապրում է Արցախում

Ես մի թռվռուն ու երազանքներով լի աղջնակ եմ, որն ապրում էր Արցախ աշխարհի սրտում` Հադրութի Մեծ Թաղերում։ Իմ մանկությունը անցել է դրախտում, քանի որ Հադրութը երկրային «դրախտ» է։ Ես շատ լայն ու հետաքրքիր շրջապատ և մեծ գերդաստան ունեի իմ բնակավայրում։ Իսկ բնությունը ասես կախարդական լիներ, որը չորս կողմից շրջապատված էր վանքերով ու եկեղեցիներով։ Սովորում էի գերազանց ու հաճախում տարբեր խմբակներ։ Իմ կյանքի տասներկու տարիները անցել են այնտեղ, և իմ ապուպապերը ապրել ու արարել են Արցախ աշխարհում։ Ի դեպ, իմ նախապապը ապրել է 126 տարի, պապիկս շատ էր պատմում նրա մասին։ Այնքան երջանիկ և անհոգ էի… Սակայն իմ կյանքի ճանապարհը շեղվեց իր ուղուց…

Ո՞վ իմանար, որ 2020թ սեպտեմբերի 27-ը կլինի իմ վերջին երջանիկ մանկական լուսաբացը։ Չարաբաստիկ պատերազմի պատճառով մենք կկերտենք կյանքի նոր ու դաժան ճանապարհ՝ թողնելով ամեն ինչ… Ինչքան հոգու մեծ ցավ տանելով և դառնացած կարոտով հեռացա ես հայրենիքիցս՝ թերթելով մանկությանս էջը։ Ես չգիտեի, ու իմ ամենավատ երազում չէի կարող պատկերացնել, որ կարող եմ հեռանալ այն ճանապարհից, որտեղ կատարել եմ իմ առաջին քայլը, ասել իմ առաջին բառը։

Հիմա հոգիս փոթորկվել է խորը ցավից ու միայն այն նշույլ շողը, որ փափագում էր իմ մանկական հոգում, հիմա փակ է։ Փակ է այն միակ կյանքի ճանապարհը, որով ես պետք է գնայի իմ հայրենիք ու փարվեի լանջերին վեհ…

Ես գիտեմ, որ շատ դժվար է և անհնար է, որ ամեն բան այսքան վատ լինի, անարդար է, բայց աշխարհը լուռ է, կարծես ոչինչ չի եղել։ Իմ կյանքի ամեն մի առավոտ սկսվում է իմ Արցախ աշխարհի միակ ճանապարհով, որտեղ ապրում են 120 հազար մարդիկ՝ շրջափակված ազերիներով։ Նրանք զգում են մահվան շունչը, սակայն չեն լքի իրենց հայրենիքը։ Իհարկե, չեմ թաքցնում, որ ամեն առավոտ և երեկո տեսնում եմ մորս կարոտը, ցավը, տառապանքը, ու նրա աչքերից հոսող արցունքներից գոյացած գետը, որը ավելի է փոթորկում իմ հոգին։

Երազում եմ, որ իմ ծնողների հետ նորից ձեռք-ձեռքի բռնած` դեռ կքայլենք մեր ազատ կյանքի ճանապարհով։

…Եվ մենք զատված ենք, գուցե մասնատված, կիսատված գուցե: Ճիշտ է, մեզ չար մարդիկ ու պատերազմն են զատել իրարից, սակայն մենք զատված ու հեռացված ենք ժամանակով: Ու ես չեմ դադարում սպասել մեր հեռավոր, մեր բաղձալի կյանքի ճանապարհի բացմանը։

Հայության մեռած հույսերը հարություն են առնելու իմ Արցախում։ Եվ միայն կարոտի, ցավի ճիրաններում եմ հասկանում, որ կյանքում ոչինչ չի փոխվում, և ժամանակը չի բուժում, այլ ավելի է խորացնում հոգուս ցավը առ Հայրենիք։ Իմ կյանքի ճանապարհը շեղվեց իր ուղուց… Ի’մ կյանքի իմաստը, ի’մ Հադրութը մնաց հեռվում և գերության մեջ… Բայց աշխարհը մեկ Աստված ունի, և Նա ապրում է Արցախում։

Իմ Արցա’խ, դու դեռ կերտելու ես քո պատմությունը, տոնելու ես հաղթանակդ, և իզուր չեն քո զավակները իրենց վերջին շունչը թողել լանջերիդ… Ճանապարհ դեպի Հայրենիք` իմ կյանքի իմաստն է, իսկ իմ Արցախը` ողջ էությունս։ Թող մեզ ներեն երկնքի զավակները, թեպետ Աստծո ջերմ գրկում, բայց կտեսնեն դեռ հայրենիքի փառահեղ հաղթանակը։ Այս պատերազմը դեռ չի ավարտվել, մեր կյանքի ճանապարհը դեռ փակ է, այն կբացվի և կավարտվի հայի փառահեղ հաղթանակով։

Իսկ դուք տեսե՞լ եք

Մի կտոր հողում, այսքա՜ն երազանք։

Մի կտոր հողում, այսքան դառնություն,

Այսքան վիշտ ու ցավ…

Մի կտոր հողում այսքան կիսատ կյանք…

Իմ փոքրիկ սրտում

Այսքան մեծ կարոտ և փակ ճանապարհ…

Սպասիր ինձ, Արցախ…

Neli Nersisyan

Երկիր սիրելը կռվողի գործն է

Այսօր կճառեն,
Կերգեն, կպարեն,
Սրտաբուխ կխոսեն,
Բայց սրտում մի տեղ պահած
Սիրո աղբյուր կունենան:

Սահմանին կանգնած
Քո զինվորը հիմա
Սիրուդ մասին է մտածում,
Թե ինչպես կգա տուն,
Որ բուժես
Սիրտն իր վիրավոր…

***
Հայրենիքը սրբություն է,
Որից ոչ բոլորն ունեն:
Իսկ դու այն եզակիներից ես,
Որ ունես հայրենիք,
Հայ հայրենիք,
Իսկ ինձ համար
Անհայրենիք ժողովուրդը նման է անծնող  երեխայի`
Որբ է…

***
Խղճա նրանց,
ովքեր սեփական անունն ասելիս
ամաչում են:
Ու վեհ պահիր քեզ,
Որ անունդ ասելիս հպարտ ես։

Կյանքի օրենքն է այսպիսին

***
Այս լեռները լեգենդներ են պատմում ինձ`
Տավշո կամքի մասին աննկուն,
Հին լեգենդներ, որ եկել են դարերից,
Հասել են մեզ ու երգ դառել մեր հոգում։

Քանի սուրբ խորան տաճարներդ ի վեր,
Խաչի փոխարեն կեռ լուսին չկա,
Պահանջիր, աշխարհ, հատուցում արդար՝
Անմեղ զոհերիդ ծով արյան դիմաց:

Lilit Avanesyan Ararat

Բարև, ես Լիլիթն եմ և ես Արցախից եմ

Իմ մանկությունը անցել է աշխարհի ամենագեղատեսիլ վայրերից մեկում’ Արցախում: Ես 12 տարի ապրել ու մեծացել եմ Արցախի գողտրիկ անկյուններից մեկում’ Մեծ Շենում: Ես վեց տարի սովորել եմ իմ հարազատ գյուղի դպրոցում, որը կրում է Սասուն Դավթյանի անունը: Ես իմ գյուղից ունեմ շատ հիշողություններ, իմ կյանքի լավագույն 12 տարիները անցել են հենց այդ գյուղում: Ես ունեմ շատ ընկերներ, որոնց թողել եմ այնտեղ, բայց ես գիտեմ, որ դեռ հանդիպելու  եմ նրանց:

2020 թվական, աշուն, սեպտեմբերի սկիզբ․․․․ Բոլորը ուրախ գնում էին դպրոց, գնում էին չմտածելով, թե հետո ինչ կլինի: Եվ ահա եկավ չարաբաստիկ օրը’ սեպտեմբերի 27, առավոտյան ժամը 7:30 րոպե, և բոլորը խուճապահար եղած փորձում են փրկել իրենց կյանքը, քանի որ թշնամին ամբողջ ուժով հրետակոծում էր Ստեփանակերտը, Շուշին, Հադրութը և շրջակա տարածքները:

Այս ամենի պատճառով ես իմ ընտանիքի հետ դուրս եկա իմ հարազատ գյուղից՝ վերադառնալու հույսով: Նոյեմբերի 9-ի առավոտյան իմացա, որ պատերազմը վերջացել է, բայց չգիտեի, որ դրա դիմաց պետք է Արցախը տանք հակառակորդին:

Երբ իմացա այս լուրի մասին, մարմնովս մեկ սարսուռ անցավ, ես փորձում էի չհավատալ, բայց ավաղ, չէր ստացվում:

Սակայն Արցախ աշխարհի տառապանքները այսքանով չսահմանափակվեցին: Հիմա արդեն 58 և ավել օր է, ինչ թշնամին դավադրաբար փակել է Արցախը Մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը: Թշնամին պարբերաբար անջատում է Ստեփանակերտի լույսը, գազը, և դրա պատճառով հազարավոր երեխաներ չեն կարողանում հաճախել դպրոց, մանկապարտեզ: Բլոկադայի պատճառով Արցախում սկսել է ճգնաժամ, բայց արցախցին այնքան հզոր է, և այնքան կամք ունի, որ չի պատրաստվում հանձնվել:

Ես հիմա ինձ վատ եմ զգում, քանի որ այն ժամանակ գոնե կարող էի գնալ Արցախ, բայց հիմա չեմ կարող, քանի որ միակ ճանապարհը դեպի Արցախ փակ է թշնամու կողմից:

Ես հույս ունեմ, որ շուտով կավարտվի այս մղձավանջը, և արցախցին հաղթանակած դուրս կգա այս պայքարի միջից ևս: Ես որպես արցախցի կոչ եմ անում, որ ինչ էլ լինի, ինչ փորձություններ էլ լինեն, մեկ է, չպետք է կոտրվենք, այլ պետք է ավելի ուժեղ գտնվենք և համախմբվենք, որպեսզի կարողանանք պահպանել մեր իրավունքները, և ի վերջո այն հողը, որի համար հազարավոր հայորդիներ իրենց կյանքը զոհեցին:
ՀՊԱՐՏ ԵՄ, ՈՐ ԱՐՑԱԽՑԻ ԵՄ: