Anush abrahamyan

Ձմեռվա խաղ

-Տասնյոթ, հիսունհինգ, քսանվեց,- փոքր եղբայրս շարունակում էր պարկի միջից հանել լոտոյի թվերը ու մեծ հանդիսությամբ հայտարարել: Չէ՞ որ սենյակի տասից ավելի մարդիկ ուշի ուշով լսում էին նրան:

-Մարդ չսպասա՞,- շուրջը նայելով՝ ասաց փոքրերից մեկը, ով իր հայացքը արագ սահեցրեց բոլորի խաղաթղթերի վրայով:

Զարմանալի են այս փոքրերը, բացի իրենց խաղաթղթերին նայելուց, նայում են ամենուր ու այդ անուշադրության հետ մեկտեղ էլ միշտ հաղթում են: Իհարկե, հաղթանակն ուղեկցվում է մեծահասակների թույլ ժպիտով ու նրանց բարձր ճիչով, որովհետև փոքրերի համար դա կյանքում ամենամեծ հաղթանակներից է: Տեսնելով, որ ձայն չկա, և բոլորը տրամադրված են հաղթանակի, Աբրահամը շարունակեց.

-«Թարս մարդ ու կնիգ», «խաբար», «պադերազմ»,- այս բառերի տակ թաքնված թվերի մասին ոչ մեկը ոչինչ չհարցրեց, որովհետև գիտեին, որ «թարս մարդ ու կնիգ» ասելով նկատի ուներ 69 թիվը, «պադերազմ» ասելուց հետո բոլորը պետք է նշեին 41 թիվը, իսկ «խաբարը» 1 թիվն է, որ նշանակում է մի խաբար (լուր) բերող: Այս թվից հետո բոլորը սպասում են հաղթանակի: Սեղանի մոտ, բացի իմ ընտանիքի ութ անդամներից, նստած էին նաև մեր մի քանի բարեկամները և հարևանները: Այդ պատճառով սեղանը երկու կողմից բացել էինք: Այս խաղը մենք կոչում ենք «ձմեռվա խաղ», որովհետև միայն ձմեռն ենք խաղում:

Ձմռան երեկոները հետաքրքիր են անցնում՝ մի օր լոտո ենք խաղում, մի օր նստում վառարանի կողքին ու լսում տատիկների պատմած պատմությունները: Սեղանի վրա ազատ տեղ չկար, ամենուր կոճակներ էին ու մասնակիցների խաղաթղթերը, իսկ մեջտեղում՝ հաղթական կարմիր կափարիչն էր, որի մեջ մի բուռ կոպեկներ էին լցված: Յուրաքանչյուրը սահմանված չափով գումար է գցում կափարիչի մեջ, և երբ խաղավարը հանում է այնպիսի թվեր, որոնք համապատասխանում են տվյալ մասնակցի խաղաթղթի մի շարք կազմող թվերին, այդ մասնակիցը դառնում է հաղթող:

-Ես կսպասիմ,- գրեթե գոռաց Աբելը՝ ժպիտը դեմքին (սա նշանակում է, որ նրա շարքը լրանալուն մեկ հաջողակ թիվ է պակասում):

Բոլորը լուռ և ուշադիր կոճակները դնում էին համապատասխան թվերի վրա, որպեսզի մի թիվ անգամ բաց չթողնեն, որովհետև ըստ նրանց՝ դա կլիներ հաղթական թիվը: Առհասարակ, լոտոյում այդպես է, թվում է, թե միշտ այս վերջին թիվը քեզ հաջողություն կբերի: Հենց այդ ժամանակ էլ Աբելը գրեթե ճչաց.

-Ես պրձա՛, ջա՜ն,- ու արագ կարմիր կափարիչի պարունակությունը վերցրեց:

Իհարկե, այդ կոպեկները մեծ գումար չէին կազմում, բայց լոտոյում դրանցով բավականին երկար կարող էիր խաղալ, եթե նույնիսկ անընդհատ պարտվես: Ասում եմ, չէ՞, այս փոքրերը զարմանալի են. նախ, աչքերը չորս արած նայում էր խաղաթղթերիս ու քթի տակ ժպտում, որովհետև այդ խաղում անհաջողակ եմ, հետո էլ ինչ-որ բան վերցնելու համար խփեց խաղաթղթերիս, կոճակները տեղաշարժվեցին ու դրանք իրենց դիրքին վերադարձնելու ժամանակ ես չհասցրի հիշել Աբրահամի ասած վերջին երկու թվերը, որոնք կարող էին ինձ հաջողություն բերել: Դա քիչ է, մի հատ էր ականջիս տակ ճչում է, թե հաղթել է: Ինչպես բոլորը, այնպես էլ ես, դժգոհ դեմքով խաղաքարտերի վրայից վերցրի կոճակները ու իմ վերջին լուման դրեցի կարմիր կափարիչին: Մեծահասակների համար ուղղակի զբաղմունք դարձած խաղը ինձ նյարդայնացնում է: Ինչքա՞ն կարելի է պարտվել:

-Մի քիչ կոջակ տուր, Անուշ ջան,- ցածր ձայնով ասաց քեռի Իգորը,- ու ուշադիր էղի, հաստադ դու կհաղթիս:

Զարմանալի բան է ասում քեռին: Մարդ, ում կողքին նստած է եռանդով լեցուն մի երեխա, դժվար թե հաղթի: Ամեն խաղից հետո պետք է ինչ-որ մեկը պարկից հանի թվերն ու հնարավորինս ճիշտ ու հստակ արտասանի դրանք, թե չէ բոլոը կդժգոհեն, որ հենց այդ պատճառով էլ չհաղթեցին: Մեծերի համար այդ կոպեկները նշանակություն չունեն, նրանց համար կարևորը զբաղմունքն է, հենց այդ պատճառով էլ, երբ հայրս է հաղթում, խնդրում եմ իմ փոխարեն էլ գումար դնել, ու կոպեկներս պահում եմ հաջորդ խաղին: Խաղը սկսվեց, և այս անգամ թվերը կարդում էր քեռի Արշակը.

-Տըսնըխինգ, (քեռին Մարտունուց է), տըսնըյոթ:

Մի քանի թվերից հետո ես էլ գոռացի՝ սպասում եմ: Ինչքան էի ուզում գոնե մեկ անգամ ասել այդ արտահայտությունը, ու հանկած դուրս եկավ իննսուն թիվը, որը վատ թիվ է բոլորի համար, բայց ինձ հաջողություն բերեց: Ես վերցրի ինձ հասանելիք գումարը և որոշեցի այլևս չխաղալ:

Այդ պահին փողոցից շների բարձր հաչոց լսվեց: Դա, իհարկե, չէր նշանակում, որ գյուղ՝ Ներքին Գետաշեն,  սարերից գայլեր են իջել: Նախ, որովհետև սարերը չափազանց հեռու են, և հետո էլ՝ կովերը դժվար թե գայլերի ճաշակով լինեն: Բոլոր երեխաները, այդ թվում և ես, վազեցինք պատուհանի մոտ, բայց ոչինչ չէր երևում, իսկ հաչոցը շարունակվում էր: Ես հասկացա, որ դեռ երկար ժամանակ մեր հյուրերը տուն չէին գնա, այսինքն՝ հետաքրքիր պատմությունները դեռ առջևում էին:

 Փետրվար, 2017 

susanna elbakyan

Ձեր տեղը մասնագիտությունների աշխարհում

Իրականում մասնագիտության ընտրությունը ոչ միայն կարևոր որոշիչ քայլ է, այլ նաև մեծ պատասխանատվություն, որը բերում է անձի լիարժեքություն։

Սկզբում պետք է հասկանալ սեփական ընդունակությունները, հետաքրքրությունները, անձնային հատկանիշները, և սա դեռ ամենը չէ։
Հաճախ դեռահասները շրջապատի թյուր կարծիքի, խորհուրդների  պատճառով ընտրում են սխալ մասնագիտություն, և այդ սխալ ընտրությունը խոչընդոտ է դառնում ամբողջ կյանքի համար։

Նման խնդրից զերծ մնալու համար կան որոշակի պարզեցված հարցեր, որոնց պատասխանելով գուցե առավել պարզեցված գտնեք հենց Ձեր  սրտին «մոտ» մասնագիտությունը.

• Ո՞վ եք դուք, որն է Ձեր ասոցացիան շրջապատում

•Ի՞նչ եք ուզում դառնալ, ինչպես դիրքավորվել՝ հիշվել

•Ի՞նչն է Ձեզ մոտ իրապես  լավ ստացվում
•Ի՞նչն եք կարևորում

•Ինչպիսի՞ն է տվյալ մասնագիտության պահանջարկը, և որքան է Ձեր համապատասխանելիությունը:

Իհարկե,այս հարցերը մասնագիտության ընտրության մի մասն են լոկ կազմում, և կան բազմապիսի թեստեր ու մեթոդներ` ամբողջական պատկերը և ելակետային տվյալները ուսումնասիրելու համար։
Գոյություն ունեն նաև անձը բնորոշող հոգեբանական թեստեր, որոնք ևս կարող են նպաստել ճիշտ մասնագիտության ընտրությանը։ Նմանատիպ հոգեբանական կայք է՝ Testmetrika-ն, որը մասնակիորեն բացահայտում է անձի հետաքրքրությունները։
Այս ամենից զատ, սկսեք իրականացնել կամավորություններ ինթերնշիփեր, ինտեգրվեք  տարբեր ծրագրերում։ Փորձարկեք Ձեր հնարավորությունները և զբաղվեք ինքնակրթությամբ։ Այս ամենը լայն հնարավորություն է տալիս ճանաչել շրջակա միջավայրը, մարդկանց, իրադարձությունները, փոփոխությունները, նպաստում է մարդու աշխարհայացքի ընդլայնմանը ևս։
Հայաստանում այս պահին առավել հաճախ են կազմակերպվում դեռահասներին աջակցող  նախագծեր, ինչպիսիք են DIGI ֆորումները, SKILL ճամբարները:
Ինթերնշիփի հնարավորություններ են ստեղծում DeEduc-ի մի շարք ծրագրեր, համագործակցությամբ  հնարավոր է ինտեգրվել անգամ COAF-ում, Tech for Armenia-ում:
Կամավորական աշխատանքների, ակտիվ մենթորինգի համար մեծ հնարավորություններ են ստեղծում մի շարք ՀԿ-ներ և
YES Armenia կազմակերպությունը։

Մեր որդեգրած սկզբունքներին համաձայն, երիտասարդների զարգացնող և մոտիվացնող ծրագրեր ենք կազմակերպում ոչ միայն մարզկենտրոններում, այլև սահմանամերձ գյուղերում։
Քանի որ ժամանակը շատ արագ է ենթարկվում փոփոխության, և գիտությունը օր օրի զարգանում է, առաջիկա մի քանի տարիների պահանջված մասնագիտություններն ենք առանձնացրել, որ գուցե համապատասխանեն Ձեր որոշմանը։

1.        Ծրագրավորում

2.        Մարքեթինգ

3.        Սպասարկում

4.        Վաճառք

5.        Արհեստական բանականություն

6.        Տվյալագիտություն

7.        Ռոբոտաշինություն

Եթե ցանկանում եք հասկանալ, թե որ մասնագիտության մեջ ունեք առավել պոտենցիալ զարգանալու՝ պարբերաբար շփվեք ոլորտի առաջատարների հետ։

Ani Harutynyan

Ձյունը

Կար ժամանակ, որ ձմռանը Հայաստանում ձյուն էր լինում: Իրադարձությունը ոչ վաղ անցյալում էր, այնքան, որ անգամ ես եմ հիշում: Առատ ձյունը իմ ու եղբորս համար միշտ հատուկ իրադարձություն էր, տոնակատարություն, ձմեռային ծեսի սկիզբ: Գյուղը, անսահման մեծ տարածության ու մեքենաների քչության շնորհիվ, ձյունը վայելելու բազմաթիվ հնարավորություններ էր տալիս:

Ձմեռային արձակուրդի ժամանակ առավոտյան շուտ մեզ արթնանալ էր ստիպում միայն առատ ձյունն ու հորս ձայնը` երեխեք, ձյուն ա եկել, զարթնեք: Այնպիսի արագությամբ, որ շուրջն ամեն ինչ արագության ալիքից օդ էր թռչում, հասնում էինք պատուհանին ու երջանկությունից շնչակտուր մորս կանչում, որ ձեռնոցներն ու շորերը բերի: Հայրս պատրաստվում էր բակը մաքրելու, իսկ մենք` «օգնելու»:

Հաստ շորերից ու դրանց քանակից հազիվ քայլելով, բայց հազվադեպ չբողոքելով, այլ` երջանիկ, ես ու եղբայրս ընկնում էինք դուրս: Մի պահ եկեք հիշենք, թե գյուղում այդ ժամանակ հիմնականում ինչով էին մաքրում ձյունը: Եղանի վրա ամրացնում էին բարակ, ուղղանկյուն երկաթի կտոր` մեկ ու մեջ ճկելով անցկացնելով գործիքի 4 մատներով: Ավելի արդյունավետ ձյուն մաքրող սարք, անկեղծ ասած, ես դեռ չեմ տեսել:

Փորձում էինք արագ հասցնել ու առաջինը խաղալ այն հատվածներում, որտեղ ձյունը դեռ մարդկային հետքեր չէր տեսել, ու, իհարկե, դեղին չէր: Հայրս խնամքով մաքրում ու լցնում էր մի անկյունում, իսկ մենք վայրկյանների ընթացքում հողին հավասարեցնում կույտը: Եթե այն մեծ էր, խելամտորեն էինք վարվում` անցք էինք բացում ու ձյունե տուն սարքում:

Իրար ձյան մեջ թաղելուց, բերանը, քիթը, շորերի մեջ լցնելուց, ուտելուց հոգնելուց հետո անցնում էինք ձնեմարդ սարքելուն, հատկապես, եթե ձյունը «կպչուն էր»: Սովորական. միջին վիճակագրական, 8-10 տարեկան երեխաներին հարիր ձնեմարդ էինք սարքում ավանդական բոլոր ատրիբուտներով` երկաթե դույլով, գազարով, կոճակներով: Վերջում փաթաթում էինք իմ գունավոր շարֆով, որովհետև եղբայրս ավելի ուժեղ էր:

Տուն էինք գնում, իհարկե, ստիպված ու մատները չզգալով, բայց մինչ այդ մամայից խոստում կորզելով, որ տաքանալ-չորանալուց հետո էլի էինք դուրս գալու: Հիշում եմ, որ ձմռանն ու ձյունոտ օրերին հատկապես լողանալ չէինք սիրում, որովհետև մայրս լողանալուց հետո մեզ դատապարտում էր տանը փակվելուն: Իսկ դուրս գալ չէինք կարող ոչ թե, որ կմրսեինք, այլ որ չկեղտոտվեինք ու գոնե մի օր շորերը մաքուր մնային:

Հետո, երբ գալիս էր դպրոց գնալու ժամանակը, սկզբում դժվար արթնանալու հարցը հայրս լուծում էր խորամանկ հնարքով. ամեն առավոտ բղավում էր, որ ձյուն ա եկել, իսկ մենք միամիտի պես ամեն անգամ ընկնում էինք նույն թակարդն ու լույսի արագությամբ թռչում անկողնուց:

Ես այս քաղաքինը չեմ

Մի օր կարթնանաս ու կզգաս, որ այս քաղաքում դու անկյուն չունես: Մի օր կարթնանաս իրականության ապտակից` մի կերպ բացելով կարմրած կոպերդ, խառնված շուրջդ կնայես, որովհետև դու սովոր էիր այտիդ միայն համբույրներ ստանալ, որ հազար ու մի «բարի լույս»-ից թանկ արժեն: Ու մի օր կարթնանաս սովորականի պես, ասես այդ ապտակը պիտի լիներ զարթուցիչդ: Դու կհարմարվես քաղաքի լույսերին, բարձր երաժշտությանն ու ոչինչ չասող ծիծաղներին, բայց մի բան կմնա անփոփոխ` դու այս քաղաքինը չես…

Ես այս քաղաքինը չեմ, որովհետև այստեղ ամեն «բարի լույս» սկսվում է մեկ բաժակ սուրճով, իսկ ամեն երեկոն ավարտվում թեյի սեղանի շուրջ: Ես ագահաբար  խմում եմ սուրճս ու երազում, որ գուցե այսօր նստվածքի մեջ ձեռքերս տեսնեմ, որոնք առ երկինք էի պարզում, ասես ափերիս մեջ կարող էի պահել անսահմանությունը: Ես ամեն երեկո զգում եմ, թե ինչպես են ոտքերս քարշ տալիս մարմինս. ժամն է թեյելու… Լցնում եմ շաքարավազը բաժակիս մեջ ու մտածում, որ մեր կյանքում էլ կլինի մեկը, ով պատրաստ կլինի ցանկացած պահի շաքարով քաղցրացնել դառնացած օրերը…

Ես իմ քաղաքինն եմ, ուր արցունքներդ կարող ես թաքցնել Որոտանի խորքում ու չմտածես, թե քեզնից պոկված կաթիլները, որ լռության մեջ են իրենց հանգիստը գտնում, ու չմտածես, որ գուցե վերջին հուշերդ ես նվիրում գետին…

Ես այս քաղաքինը չեմ ու երևի երբեք էլ չլինեմ, որովհետև լուսաբացների ու մայրամուտների գերին սուրճի բույրից ճաքած բաժակներին չի կարող սիրել…

Ես այս քաղաքում այլ անուն ունեմ:

Sabina Davtyan

Մարդիկ վիրակապ չեն, այլ վիրահատություն․․․

Հիվանդ ժամանակ պետք է դեղ բերեիր ու տաք թեյ պատրաստեիր ինձ համար, բայց դու ուրիշ մեկի համար ցուրտ ու քամոտ եղանակին դեղատուն գնացիր, իսկ հետո նրա սիրած թեյը պատրաստեցիր, սակայն նա արթնացավ և ուրիշի անունը տվեց․ բարկացար՝  շա՜տ բարկացար․․․

Պետք է միասին սրճեինք, չէ՞ որ միայն հարազատ մարդկանց համար ենք սուրճ պատրաստում, իսկ դու այդպես էլ ինձ համար սուրճ չպատրաստեցիր, մենք նույնիսկ տարբեր էինք այդ հարցում. դու այն դառն էիր խմում, իսկ ես՝ քաղցր: Դե, ասում են այն վնաս է սրտին, չէ՞:

Մենք երկուսս էլ սիրում էինք գինովանալ, բայց երբեք իրար հետ թեկուզ մի գավաթ գինի չխմեցինք, որովհետև գինովցած մարդու թշնամին անկեղծությունն է, իսկ դու ատում էիր քո թշնամիներին:

Պատկերացնու՞մ ես, ես մինչև հիմա տանգո պարել չգիտեմ, որովհետև դու այդպես էլ ինձ պարել չսովորեցրեցիր:

Ցավս չզգացիր, բայց փոխարենը դարձար իմ բաց վերքը, որն այդպես էլ չի բուժվի, որն այդպես էլ չի սպիանալու:

Խոսեցիր չգնահատելուց, բայց այդպես էլ գնահատել չսովորեցիր:

Խոսեցիր ապագայից, բայց ապրեցիր անցյալով:

Չեկար հանդիպման արևոտ եղանակին, բայց ձմռանը դրսում սպասեցիր լրիվ այլ մարդու:

Դու այդպես էլ չիմացար, թե ինչ ծաղիկներ եմ սիրում, փոխարենը նվիրեցիր նրան, ով ատում է դրանք:

Ընտրեցիր նրան, ով քեզ երբեք չէր ընտրի:

Ինձ չներեցիր բարձր խոսելս, բայց համակերպվեցիր նրա բութ լռությանը:

Պատերազմեցիր իմ դեմ, իսկ նրա՝ համար․․․

Գնացիր այնպես, որ երբեք հետ չես գա: Գնացիր այնտեղ, որտեղ երբեք չէին ընդունելու, առանց գիտակցելու, որ երբեք այստեղ քո տեղը չի լրացվելու:

Հ․Գ․ Մի՛ սկսիր նորը՝ նոր տողից, երբ վերջակետեր չես օգտագործում․․․

Հ․Գ․Գ․Մարդիկ վիրակապ չեն, այլ վիրահատություն․․․