- Պապ, դու մեզ ամեն անգամ մանկապարտեզ էիր տանում, իմ ու Մանեի համար համով բաներ էիր առնում, դու հաստատ ինչ-որ դրվագներ կհիշես էդ ժամանակներից:
- Մերի, արդեն լիքը ժամանակ ա անցել, ո՞նց հիշեմ, ա’յ բալես:
- Գիտեմ, պապ, ուզում եմ պատմես էն, ինչ հիշում ես:
- Դե դուք շատ կապված էիք, ու չեմ հիշում օր, որ միասին չխաղայիք կամ չզբոսնեիք:
- Իսկ ինչի՞ իրենք որոշեցին գնալ երկրից
- Դե հիմա ծնողներն են որոշել, ես ի՞նչ իմանամ…
Ինչ իմանամ: Թե ասա, որ դու ինքդ ընկերուհուդ հեռանալու պատճառը չգիտես, հայրդ ի՞նչ իմանա…
Դե, ինչպես հասկացաք, Մանեն իմ մանկության ընկերուհին է: Մենք շփվում էինք երեք տարեկանից, ու ես այդ ժամանակներից ոչինչ չէի հիշում: Ուզում էի իմանալ, թե երբ ենք ծանոթացել ու ինչպես: Իսկ ո՞վ ինձ ավելի լավ կպատմեր այդ ժամանակների մասին, եթե ոչ հայրս, ով գրեթե միշտ մեզ հետ էր:
Մեր ընկերությունը շարունակվեց մինչև 13 տարեկանը, երբ Մանեի ծնողները անսպասելիորեն որոշեցին ընտանիքով մեկնել երկրից: Իմ ու Մանեի ընկերության վերջին աշունն էր: Սեպտեմբերը վերջանում էր: Օրերը կարճանում էին: Երեկոյան ժամերին կարճաթևով արդեն կարելի էր մրսել: Մանեի մեջ մշտապես արյունը եռում էր, ու ինքը երբեք չէր զգում, որ մրսում է: Սեպտեմբերի վերջերն էր. Մանեն զգաց մարմնով անցնող դողը, բայց շատ ուշ էր. ջերմությունը 39 էր:
- Պապ, դու մեզ միշտ շոկոլադ էիր առնում, չէ՞:
- Դե հա, երբ ինչ պատահեր` էդ էլ առնում էի, դուք միշտ սոված էիք:
- Մանեն ամենաշատը ի՞նչ էր սիրում:
- Չեմ հիշում, Մերի:
Մենք մի փոքր վիճել էինք, ու ես մմայրիկից իմացա, որ Մանեն ջերմություն ունի:
-Ալո, Ման, ո՞նց ես:
- Դե վառվում եմ, էլի 39 ա ջերմությունս, բայց դե էդ քեզ քիչ կհետաքրքրի:
- Մտածում ես, որ չե՞մ մտահոգվում:
- Դե դու կիմանաս…
36 շենքն ի վիճակի չէր երկար պահմտոցի խաղալու և շուտով տեղի տվեց: Մոտավոր հաշվարկներ անելով` վերելակով բարձրացա 13-րդ հարկ. պարզվեց, որ մի հարկ պետք է իջնեմ: Մնում էր ամենադժվարը. ինչպես շոկոլադը հանձնել Մանեին: Իմ բախտից հարկում մեծ ծաղկամանով տարօրինակ բույս կար: Շոկոլադի տուփը դրեցի ծաղկամանի մեջ և շտապեցի շենքից հեռանալ: Զանգահարելու համար երևի մի փոքր ուշ էր, որոշեցի հաղորդագրություն ուղարկել. «Ման, շոկոլադը ձեր հարկի ծաղկամանի մեջ է, հավանաբար առավոտյան կվերցնես ու այլևս չես կասկածի իմ սրտացավության վրա: Անուշ լինի»:
Պատասխանը շատ չսպասեցրեց «Մե՜ր, ապշած եմ, միևնույն ժամանակ շոյված: Շնորհակալություն»:
Մեր նախավերջին խոսակցությունը: Վերջինն արդեն հրաժեշտի ձոն էր:
Ամիսներ անցան, ես հաճախ էի լինում նրանց բակում: Միշտ քայլում էի 36 շենքի հարևանությամբ գտնվող պուրակով և մտածում, որ բակը, որտեղ ապրում է հարազատ մարդկանցից մեկը, մեխանիկորեն մեզ հարազատ է դառնում: Հարազատ է դառնում նաև փողոցի ծայրին գտնվող չորացած այն ծառը, որի վրա միգուցե Մանեն երբևէ ուշադրություն չէր դարձրել, հարազատ են դառնում այդ բակի բնակիչները, խանութները, տերևները ու նույնիսկ նստարանները: Թանկ ու հարազատ է դառնում ամեն բան, որպես նրան զգալու միակ, հուսահատ, վերջին միջոց:
-Պապ, մենք իրենց տուն հաճա՞ խ էինք գնում:
- Բալես, ոչ այնքան, բայց իրենց դռան դիմացի ծաղկամանը շատ լավ եմ հիշում, ինչ-որ տարօրինակ բույս էր, բայց մամադ շատ էր հավանել…
Վանաձորի Գրիբոյեդովի անվան թիվ 11 ավագ դպրոցում դեկտեմբերի 3-5-ը տեղի ունեցավ «Առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը: Այն իրականացնում է Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը և ֆինանսավորվում է Եվրոպական միության ու Եվրոպայի խորհրդի կողմից: Ծրագրի նպատակն էր երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Առաջին օրվա ընթացքում դպրոցի «Պատմություն» և «Հասարակագիտություն» առարկաների ուսուցչուհի Նաիրա Բարիկյանը մի քանի աշակերտների հետ բաժանեց ուղեցույց-գրքույկներ տարբեր դասարաններում, իրազեկեց աշակերտներին գալիք ընտրությունների, դրանց ընթացակարգի և որպես իրավագիտակից և պատասխանատու քաղաքացի դրսևորվելու կարևորության մասին: Թեկնածուները մշակեցին իրենց ծրագրերը, ընտրեցին վստահված անձանց:
Երկրորդ օրը՝ դեկտեմբերի 4-ը, պատասխանատու և որոշիչ օր էր թեկնածուների համար, քանի որ նրանք պետք է անցկացնեին քարոզարշավ և ընտրողներին ներկայացնեին իրենց ծրագրերը: Նրանք դպրոցի պատերին փակցրին իրենց ծրագրերը, անցան դասարաններով, խոսեցին իրենց կողմից բարձրացված հարցերի և դրանց տրված լուծումների մասին, պատասխանեցին առաջացած հարցերին: Քարոզարշավից հետո տեղի ունեցավ մամուլի ասուլիսը, որի ընթացքում թեկնածուներն արդեն ավելի մանրամասն ներկայացրին իրենց ծրագրերը, ինչին հետևեց բուռն հարց-պատասխանի շրջանը:
Լրագրողները և հետաքրքրված ընտրողներն ուղղում էին ամենատարբեր բովանդակություն ունեցող հարցեր՝ սկսած աշակերտ-ուսուցիչ հարաբերություններից, վերջացրած ՀՀ բյուջեին վերաբերող հարցերով: Հարցերը նաև տեղիք տվեցին հետաքրքիր ու սուր բանավեճերի և քննարկումների թեկնածուների միջև: Երրորդ և ամենասպասված օրվա ընթացքում աշակերտները կատարեցին իրենց ընտրությունը, հանձնաժողովի անդամները հաշվեցին ձայներն ու հայտարարեցին հաղթողին, որը 2019թ.-ի փետրվարին հանդիպում է ունենալու ՀՀ վարչապետի, ԱԺ նախագահի և տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյաների հետ: 