lia avagyan

Կենսափորձ

-Մեր դովրովը, էն վախտին, վեր թուրքի ու հայի սահմանը պաց էր,-տատիկս է պատմում,- համ թուրքերը կին մեր կեղը, համ մենք քնինք ընդեղ` առևտուր անիլ: Մենք ընդեղան պամիդոր, խիյար առնինք, իրանք էլ մեզանի՝ ալիր, ցորեն, ղրդալի: Թուրքի կնանիքը էտ ձևի պաներըմը ըլարկոտ ին: Իրանք ըտենց պաներ չին բեջարըմ, կալի մեզանի ին թանգով առնըմ: Մենք միշտ իրանցի զգույշ ինք մնըմ: Դե, թուրքը մընմա թուրք: Վեր քընինք կայարանը՝ թուրքի բազարնիքը, իրանց րեխեքը կանչին` «էրմենի», «էրմենի», ու մեզ քարերով տին…

Տատիս ասածներից հետո ավելի համոզվեցի, որ  հիմա էլ ոչ մի բան չի փոխվել՝ թուրքը մնացել ա թուրք (իհարկե, չմոռանանք 1915 թվականը): Հիմա էլ էդ երեխաները մեծացել, իրենց սերունդներին էլ նույն կերպ են դաստիարակել: Ուղղակի էն ժամանակվա քարերի փոխարեն հիմա ավելի ծանր ու վտանգավոր զինտեխնիկա են օգտագործում: Նույն մարտավարությունն է, նույն ցեղը: Կարող է` շատերիդ համար դա սովորական լինի, մտածելով, որ թշնամին նույնն է, հա համամիտ եմ: Բայց մեկ ուրիշ բան է դա հեռվից տեսնել կամ իմանալ, լրիվ ուրիշ բան` և՛ իմանալ, և՛ ականատես լինել, ինչպես հիմա մենք` Ներքին Կարմիրաղբյուրցիներս ենք և իմանում, և ականատես լինում:

Ամեն օր դպրոց գնալիս, կամ գիշերը քնելիս, կրակահերթերի աղմուկը լսելիս, որոնք հաճախ հենց գյուղին են ուղղված, մտածում եմ. երանի տատս սխալված լիներ…

Փետրվար, 2016

Օտարություն

Ձմեռ է… Ցուրտն ու բուքը վրա են հասել: Փողոցներում մարդկային ոչ մի հետք չես գտնի: Կարծես գյուղը պատված լինի հավերժական սառույցով, իսկ այդ սառույցը «հալեցնողներ» են պետք: Չկան այդ  «հալեցնողները»: Կարծում եմ, նրանք հիմա դեգերում են օտար ափերում: Ախր, այնտեղի սառույցները արդեն հալեցնողներ կան…

Կրկին քայլում եմ փողոցով: Մարդկային ոչ մի հետք: Գուցե այդ հետքերը ձյան տակ փնտրեմ: Ես հետքեր գտա, բայց դրանք նման չեն մարդկային հետքերի: Դրանք կենդանու հետքեր են: Ահա մի փոքրիկ փիսիկ կծկվել է մեր դարպասի մոտ: Դողում է: Գուցե քաղցած է: Լավ: «Փիսո, փիսո»: Ես կերակրում եմ նրան, նա արդեն չի դողում: Իր համար տաքուկ տեղ է գտել ու ննջում է: Իմ գլխում անընդհատ նույն միտքն է պտտվում. «Ո՞ւր են մարդիկ»: «Դա ամենևին քո գործը չէ »,-ասում է ուղեղս: «Ոչ, քո գործն է»,- ասում է սիրտս: Ասում են` միշտ պետք է սրտին լսել…

Ներս եմ մտնում տուն: Տատիկս նստել է բազմոցին և հայացքը հառել մի կետի: Աչքերը լցված են, շուրջը լռություն է տիրում: Միայն վառարանի կրակի ճարճատյունն է խախտում այդ հանդիսավոր լռությունը: Մի ավելի հզոր ձայն խախտեց այդ լռությունը:

-Տատ, ի՞նչա եղել:

-Է, բալա ջան, խոխորցս մհար եմ մտածըմ: Տեսնես` շտե՞ղ են, հի՞նչ են անըմ, լա՞վ են, թե՞ չէ: Օտարության մեջ ապրիլը փիս պանա, բալաս:

Ահա ինձ այդքան հուզող հարցի պատասխանը: Փաստորեն մարդիկ օտարության մեջ են: Մի պահ հիշեցի փիսիկին: Իմ մտածմունքը խախտեց տատիկիս ձայնը:

-Հեսա տու էլ կմեծանաս, օտարության մեջ կիլես, կգիդաս, էտ հինչ պանա:

Երկուսս էլ լռեցինք:Նորից լսվում էր կրակի ճարճատյունը:Եվ միայն դա էր խախտում մեր հանդիսավոր լռությունը:

Vera Sahakyan

Ձմեռային զրույց

-Ըհըը, լե մը պուճուր ցուրտն ընգավ, սա լետ խաստա ընգավ։

-Ադեե, մամ…

- Քիչ ձներմը թոլ-թոլ ըլի, էնքան էլ ասի։

-Հազիվ ձին ա էկել, ո՞նց չգնաս դռանը խաղ անես։

-Դե, որ լսըմ չես, ես ի՞նչ անեմ։

-Օֆֆ, մամ, կարո՞ղ ա գիդես ուշքս գնըմ ա լե հիվնդանալու հըմար։

-Ուշքդ գնըմ չի, բայց որ պադոշ ես, ասած բանը լսըմ չես, ուրեմն լավ ա ըլըմ։

-Պա, էդ ի՞նչ ես ասել, որ լսել չեմ։

-Ես, որ քի ասըմ էի` ամեն ռավոդ մի գդալ մեղր կի, դա տեղովը դեղ ա, դե՜ղ, չէ, դե բա` ո՞նց, ես միշտ գեշ բան եմ, չէ՞, ասըմ։

-Մամ, դե գիդես` մեղր չեմ սիրըմ, զոռո՞վ ա էդ անդերը։

-Մեղրը սիրըմ չես, հըսկացանք, բա կամպո՞տը, ղանչաք եմ անըմ, որ մինդ մի բաժակ կամպոտ խմեք, չէ, դե դուք պետք ա միշտ էդ զբլդի ջուրը խմեք, չէ՞, կամ գազով զադերը։ Իմ շաշ խելքն ասա, որ չըրչարվըմ եմ սրանց հըմար կամպոտ, ջեմ ու եսիմ ընչեր սարքըմ, թերեքնին լցնըմ։ Խալխը գժվըմ ա դեհե բաների հըմար, էնքան ա` մի բանկա բան տենու, մեջն ա ընգնըմ, սրանք ոնց որ կպածնի ըլին։

-Մամ ջեն, հըմի կռիվդ ո՞րն ա, երբ էլ բաց ես անըմ, խմըմ եմ, էլի։

-Կռիվս էն ա, որ էդ խանութի առնովի բաներն եք դվեր ածըմ, բայց տնական, արդար, մաքուր բաներիցը ֆոտ էլ չեք քաշըմ։

-Լավ, դե ի՞նչ ասեմ, գնա մի հատ մոռի կամպոտ բի, խմեմ։

-Մոռի կամպոտ չունինք։

- Բա փագե՞լ չէիր էս տարի։

-Փագել էի, բայց խմեցիք ոչ, Անժըկի քուլփաթին տվի, նրանք քղաքի ապրած են, գեղի բաների հըմար նղավըմ են։

-Լավ, մամ ջեն, գնա քու սրտովը մի բան բի, կխմեմ…

Նպատակի ու հաղթանակի մասին

Տեքստս սկսում եմ երեք կաչաղակների մասին պատմելով, որոնք հայտնվում են պատուհանիցս այն կողմ, ծառի ճյուղերին, որը չգիտեմ, ով է տնկել, ով ջրել կամ ով մեծացրել:

Պատուհանները մարդու կյանքի պատմության մեծագույն բացահայտումներից են, պատուհանը ինքնին բացահայտում է: Հազարամյակներ առաջ  գետնափոր տներին պատուհաններ չեն եղել, հետո եղել են փոքրիկ կլորները` մաքուր օդ կացարան բերելու համար: Ժամանակները փոխվում են, պատուհանները` ևս: Լավ, պատկերացրեք, թե չլինեին  պատուհանները, մեր կյանքը արդյո՞ք նույնը կլիներ:  Հա, միգուցե մաքուր օդ տանդ մեջ չէր լինի, սենյակումդ ու գուցե հոգումդ էլ լուսավոր չէր լինի: Մարդիկ չէին խոսի պատուհանների մասին, և որ հիմա ամենահետաքրքիրն  է, ես չէի տեսնի այդ կաչաղակներին, որոնք փեղկի, ծառի ճյուղերի նստած են, որոնց արմատների մասին տեղյակ չեմ, ու կապույտ երկնքի հետ շատ իրական ու բնական բնանկար չին ստեղծի:

Մեր կյանքի լավագույն մասերը, կարելի է համարել դրանք, երբ նպատակներիդ կամ երազանքներիդ հասնելու ճանապարհին ես գտնվում: Հիանալի է, բայց մենք հիմնական գործը անելով մոռանում ենք այն գեղեցիկը, որը մեր կյանքի աղն է: Այդ նպատակներից մեկի իրագործման համար էլ ես հայտնվեցի Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում: Վերադառնում եմ երեք կաչաղակներին, որոնց երևի դուք չտեսնեք, որովհետև հենց փորձում եմ նկարել, միասին թռչում-գնում են:

Տեքստիս շարունակությունը նվիրում եմ Խաչիկում գտնվող բոլոր  այն տներին, որոնց միայն կտուրներն են նշմարվում ձյան հաստ շերտի տակից: Այն կտուրներին, որոնք երկար ժամանակ ծուխ չեն տեսել,մարդկային ձայն չեն լսել, չեն տխրել, բայց չեն էլ ուրախացել: Տուն տանող ճանապարհը` հանգիստ, բայց փակ: Ձյունն էլ մեղմ ու անշտապ է գալիս, գիտի` իրեն մաքրող չկա:

-Ժամանակ կար, ակումբում մեծ խաղեր, երեկույթներ էինք կազմակերպում: Բոլորս գնում էինք, ուրախանում: Հիմա, հիմա դասարանների մեծ մասում մի երկու հոգի են, գյուղի ժողովուրդը քչացել ա, ամեն մեկը իրա խնդիրն ունի, ամեն մեկը իրա տնով,-պատմում են խաչիկցիները:
Երեկոյան քայլքի ժամանակ ձայներ, որոնք ոչ այնքան հեռու գտնվող զորամասից էին գալիս, պարզ արձագանքում էին: Մայրամուտը Խաչիկից աննկարագրելի է, բայց փողոցներում մարդ չկա, վայելող չկա, միայն արձագանքը: Հա, ես իմ նպատակին կամաց-կամաց հասնում եմ, շուրջս եմ նայում վայելելու համար կյանքը. աղը քիչ է: Գրեթե վստահ եմ, որ նույն իրավիճակն է տիրում Հայաստանի համայնքների մեծ մասում: Տեքստս ավարտվում է, կարճ թելի նման, տխրած երկար չեմ գրում, կարծում եմ, որ կարդացողն էլ է տխրում:
Տեքստս ուզում եմ ավարտել: Շատ մարդիկ սիրում են Խաչիկն էնպես, ինչպես ես եմ սիրում իմ հարազատ քաղաքը: Ես չեմ ուզում, որ այստեղի դպրոցի դասարաններում երկու հոգի լինեն, չեմ ուզում միայն զբոսաշրջիկները վայելեն այս գեղեցկությունը, բայց միևնույն ժամանակ, ուզում եմ մասը լինել գյուղի ակումբում իրականացվող միջոցառումների: Վերադարձը հետընթաց չէ, վերադարձը հաղթանակ է: Այստեղ ձեզ սպասում են:

 

Փետրվար, 2016