Մխոն, պահմտոցին ու հողաթափը

-Մխիթա՜ր, Գրիգո՜ր, Մանե՜, Լիլի՜թ, Արմե՜ն, տյուս եկե՜ք, հալամոլա ենք հաղ անում:

Այսպիսի սկիզբ է ունենում ամառային արձակուրդը մեր Վահան գյուղում: Մի օր հավաքվեցինք ու սկսեցինք խաղալ: Քանի որ գրասենյակի բակում թաքնվելու շատ տեղ կա, էնտեղ խաղացինք: Այնտեղ Բլոենց տան մոտ թրիքի կույտ կար, որը շուտով պետք է տանեին: Էս Մխիթարը, ինչպես միշտ, հողաթափով էր եկել: Ես թաքնվել էի, և հենց նա տեսավ ինձ, ես ընկա նրա հետևից: Մխիթարը խառնված վազեց դեպի թրիքը: Վազեց, ոտքը դրեց թրիքի մեջ ու դուրս եկավ առանց հողաթափի: Սկսեցինք փնտրել: Զարմանալին այն էր, որ գոմաղբի կույտի մեջ չէր երևում ոչ մի հետք, բայց Մխոյի ոտքը թրիքոտ էր:

-Մխո, վե՞րդե ես տրել վետդ:

-Աաայ, ընդե:

Նայում ենք` հողաթափ չկա:

-Մխո, ստե՞:

-Չէ, ընդե:

Ու այսպես մեկ էնտեղ է ցույց տալիս, մեկ` էստեղ: Հո չի լացում, հո չի լացում…

Հետո եկավ Մխոյի եղբայրը` Հայկը:

-Մխո ջան, դուխդ չգցես, ես կգտնեմ: Ի՞նչ եք ծիծաղում:

Կողքի տանից դուրս եկավ Լյուդիկ տոտան.

-Դե վեր ասեմ` վեխճար ես, կասես` ասեց: Տենում չի՞ր, վեր ղաքիտ թրիք կա:

Զարմանալի բան, մի փոքրիկ թրիքի կույտում չկարողացանք մի հողաթափ գտնել:

-Տղեք, սպասեք գնամ կոշիկ հագնեմ գամ,- ասաց Մխիթարը:

-Մխո, կոշիկ հագի, որ ոտիցդ դուրս չգա:

Մխոն գնաց և արագ վերադարձավ: Մեկ էլ տեսնենք, գնացել ու մի ուրիշ հողաթափ է հագել եկել:

Դե վեր ասեմ` վեխճար ես, կասես` ասեց:

 

Դեկտեմբեր, 2015

lia avagyan

Մրղուզը

-Րեխե՜ք, րեխե՜ք…

Րեխեքը՝

-Ինչ ա՞ լել…

-Հլա տեսեք, Մրղուզը ծընելա (ձնել)…

Էդ բառերը լսըմ եմ ամեն աշունքի վերջ, վեր արդեն ցրտըմա ու ամեն տրետ, վեր տենըմ ենք Մրղուզը ծնած ա, գիդըմ ենք, վեր մեր կոխքին մի ամսից ծուն դի կալ արդեն: Մրղուզը Մեափորի լեռնաշղթայի ամենապարցր գագաթն ա (պարցրությունը 2993 մետր): Մեր կեղիցը (Ներքին Կարմիրաղբյուր) մոտ 50 կմ հեռավորության վըրա: Կուճուր վախտվանից եմ գիդըմ Մրղզի մասին, որովհետև ով շատ տավար կամ վեչխար էր ունենըմ, տանըմ Մրղզի տակին պահըմ ին: Էն վախտ միշտ ասըմ ի՝

-Մա՜մ, արդեն հրևաննիքը տարել են սարըմը կովերը պահիլ:

Մենք էլ ինք սար ղրգըմ տավարը, բայց հրևանների հետ: Հմի էլ են Մրղզի տակին կովեր պահըմ: Կարունքը տանըմ են, աշունքի վերջ պիրըմ: Ու վենց վեր ավանդույթ ա ջահիլնիքը չեն քնըմ տավարը պահիլ: Իրանց տան տատին ու պապին են ղրգըմ: Վենց վեր հենց իրանք տատերը ու պապերն են ասըմ՝ տա ջահիլի տեղ չի: Չնայած վեր ամեն ամառային արձակուրդներին ում վեր թոռ ա ունենըմ՝ քնըմ ա տատի-պապի կողքին կենալ: Մեր ղոլըմը լեռը մենակ պարզ ղինակի վախտն ա ըրեվըմ: Մրղուզը վերին գրական Մուրղուզ են ասըմ, մեր հըմար Մասիս պես թակ ա:

Այ սենց մեր առօրյայի մի մաս կազմող մեր թանկ Մրղուզի մասին:

Դեկտեմբեր, 2015

meri araqelyan

Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում

Խաղաղությունն ու պատերազմը տեսել եմ գյուղում, որտեղ ծնվել եմ:

Գյուղը, ուր անցել է մանկությունս, սահմանն է, որից սկիզբ է առնում հայրենիքը:  Երբ փոքր էի, մտածում էի, որ հայրենիքը հայրենիք են համարում նրա համար, քանի որ այն պաշտպանում է հայրս:

Պատերազմն ու խաղաղությունը զգացել եմ միշտ հայրիկի տանը լինել-չլինելով: Տարիների հետ թվերը խճճեցին միտքս, ու թվերի անհավասար զանգվածը սկսեց ճնշել էությունս: Հիմա պատերազմ է, չհայտարարված պատերազմ:

Երբեք չի եղել օր, որ մտածեմ պարտության մասին, որովհետև հարենիքը հայրիկներն են պաշտպանում ու նրանք  սահմանին են, իսկ սահման ամբողջ Հայաստանն է դարձել:

Այստեղ` սահմանին, ոգի կա, հզորություն կա, ոգեշնչում կա, և ո՞վ կարող է խոսել վաղվա օրվա չլինելության մասին: Սահմանը տունս է, որից այն կողմ թշնամին է, ով փորձում է խանգարել ապրել: Չգիտեմ, թե ինչ է տալիս թշնամուն պատերազմը, բայց խաղաղությունն ինձ հայրս է տալիս:

Լույսերը մարում են, ու կարմիր գնդակները մահաբեր արագությամբ պայթում են երկնքում՝ խլացնելով ականջները, որոնք հոգնել են աղմուկից, որոնք սկսել են ատել բարձր ձայնը, խոսքը, աղմուկը:

Իմ սահմանն այսօր դպրոցն է, որտեղ զինվորագրվել եմ ծառայելու, իմ զենքը խոսքն է, լեզուն` հայոց լեզուն:

Սահմանը ամեն ինչի սկիզբն ու ավարտն է, այնտեղ խաղաղությունը չափվում է հայրիկի տանը լինել-չլինելով:

Զգում եմ, որ հայրենիքը գրկել է ինձ սիրահարի ուժով, և ես խնդրում եմ նրան ինձ չլքել: