
Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի

Լուսանկարը` Արտյոմ Մամյանի
2018 թվականի օգոստոս ամսին Բելգիան հյուրընկալեց 61 երիտասարդների 35 տարբեր երկրներից։ Ամբողջ աշխարհից եկած մասնակիցների թվում էինք երկու հայերս՝ «Մանանա» կենտրոնից ես ու Սուրենը։ Այս ծրագիրը նվիրված էր Առաջին համաշխարհային պատերազմի 100-ամյակին և ոգեկոչում էր բոլոր նրանց հիշատակին, ովքեր զոհվել էին կռվի դաշտում կամ հենց իրենց տներում, ովքեր անհայտ կորած էին ճանաչվել, գնացել էին ու այլևս չէին վերադարձել։
Հինգ օրերի ընթացքում 16-20 տարեկան երիտասարդները միջազգային շփումը հասցրին նոր մակարդակի։ Շփվում էինք լրիվ անկաշկանդ, խոսում էինք բոլոր հնարավոր թեմաներից, քննարկում էինք ամեն տեսակի հարց։ Անկախ ազգությունից ու լեզվի իմացության մակարդակից՝ մենք հավասարապես մասնակցում էինք բոլոր միջոցառումներին, տարատեսակ խաղերին ու զբաղմունքներին, որոնք ուղղված էին պատերազմի մասին հնարավորինս շատ գիտելիքներ ստանալուն։
Հինգ բազմազան օրերի վերջում եկավ նաև այն պահը, երբ մենք պիտի ներկայանայինք, ցույց տայինք այն ամենը, ինչ սովորել ենք այս ընթացքում և ինչ հասկացել ենք այդքանի արդյունքում։ Փակման միջոցառման կազմակերպումը ամբողջովին դրված էր մասնակիցների ուսերին։ Ու չնայած այդ ծանրաբեռնվածությանը՝ մենք կարողացանք պատվով դուրս գալ դրա տակից։ Բոլորը (հատկապես մենք) շատ գոհ մնացին թե՛ մեր թատերական խաղից, թե՛ նկարահանված ֆիլմից, թե՛ պատրաստած ուտելիքից և անգամ մատուցման ձևից։
Սկզբում հաճելի խոսքեր էինք լսում բոլոր ներկաներից ու հյուրերից, իսկ հետո արդեն մասնակիցներով իրարից էինք շնորհակալություն հայտնում իրար հետ անցկացրած ժամանակի համար։ Այս օրերի ընթացքում հասկացանք, որ խաղաղությունը հենց մենք պիտի բերենք ու տարածենք, որովհետև ապագայի սերունդը մենք ենք։ Ու այդ հաղորդագրությունը մեր մտքերում՝ վերադարձանք տուն՝ խոստանալով նորից հանդիպել։ Անպայման։

«Գլոբալ կրեդիտը»՝ լինելով մշտապես սոցիալական ծրագրեր իրականացնող կազմակերպություն, այս անգամ որոշեց այցելել մեզ՝ Արագածի թիվ 2 միջնակարգ դպրոց: Կազմակերպությունը մեզ՝ 10-րդ և 11-րդ դասարանցիներիս, հնարավորություն տվեց այցելել Կենտրոնական բանկ և ծանոթանալ դրամաշրջանառության պատմությանը: Մենք հերթով ուսումնասիրեցինք Քրիստոսից առաջ եղած դրամները ու տեսանք մինչև մեր օրերի դրամներն ու թղթադրամները: Ծանոթացանք դրանց պատմության հետ: Որոշ բաների մասին ավելի հստակ տեղեկություններ ունեցանք: Իմացանք նաև այն, որ հայկական դրամները Հայաստանում չեն տպագրվում, այլ եվրոպական երկրներում, քանի որ տպագրական սարքերը մեր երկրի համար թանկ հաճույք են, ու մենք դրանցից չունենք:

Դրամների պատկերները փոխվելու են, քանի որ հին դրամներն արդեն մաշվել են: Դրամների էսքիզները տեսանք: Երեխաների առաջարկած դրամների վրա պատկերված էին Արթուր Ալեքսանյանը, հայտնի ֆուտբոլիստները, մուլտֆիլմի հերոսներ, կերպարներ: Գիտե՞ք՝ ես միշտ համաձայն չեմ եղել էն մտքի հետ, որ մեր հայ մեծերի նկարներն են լինում դրամների վրա, որովհետև կարծում եմ, որ Չարենցը 1000 դրամի արժեք չունի, ոչ էլ Սարյանը՝ 20000-ի, սակայն պարզվեց, որ դա արվել է այն բանի համար, որ կեղծարարները չկարողանան կեղծել դրամը, դիմագծերը կեղծելը դժվար է, իսկ մենք էլ գիտենք, որ որտեղ փող, այնտեղ` կեղծարար: Ինչևէ:
Այնուհետև գնացինք «Գլոբալ կրեդիտի» գրասենյակ, որտեղ մենք հստակ իմացանք մեզ հուզող հարցերի պատասխանները: Ամեն սենյակ մտնելով, հարցեր տալով՝ ունեցանք լիարժեք տեղեկություն ֆինանսական համակարգի մասին: Իսկ վերջում ստացանք նվերներ և՛ Կենտրոնական բանկից, և՛ «Գլոբալ կրեդիտից»:
Հ. Գ. Մեկ է՝ չեմ ընդունում հայ մեծերի նկարներով դրամները։
-Կարուսե՜լ, ուխ, հավե՜ս, ուզում եմ նստել…
Այսպես մոտենում ենք կարուսելին, գնում տոմս, և ահա, կարուսելը բարձրանում է: Ոչ մի դժվար բան չկա, կամ այդպես թվում է: Կարուսել, որը սիրում են անկախ տարիքից ու մտածելակերպից: Որը մանկության խորհրդանիշն է: Բայց կարո՞ղ եք պատկերացնել, որ «կարուսել» բառը ինչ-որ մեկի համար նույնիսկ մղձավանջ է։
Կան մարդիկ, որոնց համար կարուսել նստելը մաթեմատիկայի դժվարագույն խնդիր լուծելուց էլ բարդ է կամ թերևս անհնար… Ես ուզում եմ խոստովանել, որ ես այդ մարդկանցից մեկն եմ: Դե, տեսքիցս հեչ չի երևում, որ ես կարող եմ նման տեսակի վախ ունենալ՝ վախ կարուսելից։ Չգիտեմ՝ նման վախը ինչ գիտական անուն ունի, բայց ես իսկապես վախենում եմ կարուսել նստելուց: Չեմ կարող բացատրել զգացողություններս, դրանք շատ ցաքուցրիվ են ու հակասական: Կարծես «Կարապն ու խեցգետինը» պատմությունը լինի: Մի կողմից նստելու և այդ վախը հաղթահարելու ցանկությունն է, մյուս կողմից՝ այդ չհիմնավորված ու ծիծաղելիորեն ամուր վախն է: Ամեն մեկը ինձ իր կողմն է քաշում: Չգիտեմ, կանգնել ու մնացել եմ մեջտեղում: Ախր, այնքա՜ն գեղեցիկ է ու գունավոր, այնքա՜ն եմ նախանձում այն մարդկանց, ովքեր վայելում են չվախենալու հաճույքը: Ես մտովի նստում եմ այն, հա, հենց այն ամենաբարձր կարուսելը և րոպեներ անց հայտնվում ամենավերևում։
Գուցե հենց բարձրն է խանգարում։ Գուցե ես էլ վախենում եմ բարձրանալո՞ւց, այլ ոչ թե հենց կարուսել նստելուց։
Վարորդ եմ մտքի ավտոմեքենայի։ Ու վարելով իջնում եմ մեր գյուղի ճամփեքով։ Դանդաղ, զգույշ։ Էս ճանապարհներին այլ կերպ հնարավոր չի։ Հասկանում եմ, որ էս ճանապարհները խնդիր են։
Կանգնեցնում եմ մեքենան։ Համայնքի սրտացավ մարդկանց հավաքում։ Որոշակի գումար ենք հավաքում։
Մտնում եմ կառավարության շենք։ Ներկայացնում եմ, որ անհրաժեշտ գումարի մեկ քառորդը կա։ Մյուս կեսն էլ ստանում եմ ու դուրս գալիս։
Մեքենաս արդեն դուխով քշում եմ։
Ու կողքիս տեսնում եմ մի գյուղացու, որը իր մթերքը մի քանի րոպեից վերը նշված ճանապարհով կհասցնի քաղաք ու կիրացնի։
Զբոսաշրջիկներով լցված ավտոբուսը կողքովս անցնում ու հասնում է Սարյանի կտավի վրայի գյուղը։
Իմ առջևի մեքենայի վարորդի ձեռքը պատուհանից շպրտում է սիգարետի տուփը։ Մեքենաս կանգնում է։ Իջնում եմ, էդ տուփը տալիս վարորդի գլխին ու ասում. «Ես հեղափոխություն չեմ արել, որ դու էստեղ-էնտեղ աղբ շպրտես»։ Վարորդը մեղքը ընդունում ու գնում է։
Շարունակում եմ ընթացքս։
Անտառի կողքով եմ անցնում։
Դե, գուշակում եք՝ ինչ եմ տեսնում ու լսում։ Հատվող ծառերի ճռռոց։ Չեմ կանգնում։ Հասկանում եմ, որ հատողը ինձնից ու ձեզնից լավ գիտի, թե ինչ կլինի եթե ծառերը վերանան, բայց հավատացեք, տանը մրսող ու սոված երեխան ստիպում է աշխարհի բոլոր ծառերին կորցնել իրենց նշանակությունը։ Այնուամենայնիվ կանգնում եմ։
Ներդրողի եմ գտնում։ Ու էս անտեր տարածաշրջանում մի նորմալ բիզնես դնել տալիս։ Այնպիսին, որ բնությանը վնաս չի տա։ Մեկ էլ անտառ հատողը դառնում է ամսվա վերջում քարտից սեփական աշխատավարձը ստացող մարդ։
Անիվները շարունակում են գլորվել։
Աշխարհը խոսում է Մերկելի հայաստանյան այցի մասին։ Աշխա՞րհը… Հայաստանը, շատ-շատ` Ադրբեջանն ու Թուրքիան։
Կանգնեցում եմ մեքենան։ Մտնում եմ վարչապետի մեջ ու նրա փոխարեն բանակցում։ Մերկելին ասում եմ, որ մեր գլխավոր խնդիրը էդ անտեր չլուծված հակամարտությունն է, ոչ թե էն, որ դու այցելեցիր Ծիծեռնակաբերդ։ Էդ քո Եվրոպաներում ասա՝ շահի հետևից մի ընկեք, էն ժողովուրդը մեղք է։ Դուրս եմ գալիս։
Շատ պրիմիտիվ բանակցող եմ։
Հասկանալով, որ իմ ներուժը ավելի լավ է՝ համայնքում պահեմ, հետ եմ շրջում մեքենաս ու գնում դեպի գյուղ։
Մի խումբ մարդիկ գյուղամիջում հավաքված բողոքում են՝ ջրագծերը լավը չեն, Նիկոլ, արի՛, վերանորոգի՛։ Կանգնում եմ, իջնում, բացատրում, որ ախր, էն մարդը զբաղված է, Մերկելի հետ բանակցությունների մեջ է, ո՞նց գա։ Մի կերպ հասկացնում եմ, որ նախաձեռնել ու սկսել է պետք։
Հետո մեքենան կանգնում է, հետո՝ վերանում։ Ես հասկանում եմ, որ ես մեքենա վարել չգիտեմ։ Ու համ էլ չգիտեմ՝ իմ մտքի մեքենան մի օր կաշխատի՞։

Լուսանկարը` Սերյոժա Առաքելյանի
Հայաստանը ցնցվում էր այն ամենով, ինչ կատարվում էր իր ներսում, նա և՛ հպարտ էր, և՛ անհանգիստ։ Սկսվել էր մի շարժում, որը պիտի գլխի վրա շրջեր եղած Հայաստանը: Հայաստանը պիտի ոտքի կանգներ գլուխը բարձր պահած, զգաստ, ինչպես հայ ֆիդայիներն են կանգնել: Եվ մեր տանջված հայրենիքը հավատում էր դրան, հավատում էր փողոցը փակած ցանկացած մարդ, լիներ ծեր, երիտասարդ, թե սայլակի մեջ նստած, էդ ամենից չհասկացող փոքրիկ երեխան:
Մեզ միշտ ասել են, մտցրել են մեր մեջ՝ քեզ պետք չի: Բա քեզ պե՞տք է՝ խառնվես, քեզ չեն հասկանա, ավելորդ քաշքշուկների մեջ կընկնես, պետք չի, հավատա:
Հայրենիք սիրո՞ղ ես, ցույց տուր դա քո արարքով, գործերովդ, հայրենիքը սիրել չի նշանակում անգիր անել միայն մեր պատմությունը, եռագույնը ծածանել, ռազմահայրենասիրական երգեր լսել ու դրանց իմաստը չհասկանալ, ամեն տեղ գոռալ, որ սիրում ես երկիրդ: Որովհետև դեռ դպրոցից մեզ սովորեցնում են հայոց պատմության ժամին՝ պատմությունդ չիմացար՝ էլ ի՞նչ հայ ես, ամոթ է: Ու մի պահ եկավ, որը վաղուց պիտի գար, քայլ պիտի անեինք, վճռական քայլ… Հայաստանը վաղուց էր էդ քայլին սպասում, և վերջապե՜ս: Օրերով ցուցարարները հանդուրժում էին ճամփեքին քնելը, ցրտին դրսում նստելը, հանդուրժում էին թշնամական պատնեշը ոստիկան և քաղաքացի հարաբերություններում, աշակերտների վրա դպրոցի դռներ փակելը: Ազգը մի տեղ էր հավաքվել, աշակերտները (էդ ամեն ինչից հասկացող աշակերտները) նստած դասին մտածում էին դուրս գալ, գնալ, միանալ, բայց ձեզ պե՞տք է, դա աշակերտի գործը չէ: Ինչո՞ւ, աշակերտը չի՞ հասկանում՝ ինչ է կատարվում, աշակերտը իր երկրի կողքին կանգնելու իրավունքը չունի՞: Երևի մենք՝ աշակերտներս, սովոր ենք դպրոցի քառակուսու մեջ մնալ, ազատ չմտածել, մեզ ասել են՝ 2+2=4 և վերջ: Այլ ոչ թե՝ 2+2=5։
Հայաստանի հյուսիսում եմ՝ հեռու էդ հեղափոխական մթնոլորտից: Բայց դա չխանգարեց անել իմ քայլը՝ աշակերտիս քայլը: Եվ երբ առաջարկեցի դպրոցականներին ցույց կազմակերպել, ոմանք ասացին․
-Քեզ պե՞տք է, ո՞վ է քեզ լսելու, ո՞վ։
Այսպես է, բոլորս կարծում ենք, որ ոչ մեկը մեզ չի լսելու, և արդյունքը լինում է՝ 1+1=0: Ոմանք էլ եկան ինձ հետ, Հայաստանում ոչ ոք (բացի մեր շրջանից) չիմացավ, որ հեռավոր հյուսիսում Քայլ անողներ եղան: Հայաստան աշխարհը իմացավ ու ժպտաց ինձ:
Մենք էքսկուրսիաներ ենք կազմակերպում, պատմական վայրերում լինում, բայց ո՞ւմ է դա հետաքրքրում: Ո՞ւմ է հուզում, թե ինչու են Հայաստանի լեռները այսքան սիրուն, դրանք սիրուն են ու վերջ, պարզապես սիրուն են։ Մեզ ասել են՝ քեզ պետք չի ու վերջ… Մենք անընդհատ գլորվում ենք դրա մեջ: Աշակերտ ենք ու տեսնում ենք լիքը անարդարություններ ամեն պահի, բայց անարդարությունների անարդարությունը առջևում է, մեզ է սպասում, ու երբ հասնենք դրան, շալակած անարդարության բեռը՝ գլուխներս կախ կգնանք, որովհետև մեր ուղեղում խցկված է՝ «քեզ պետք չի»-ն: Քառակուսու մեջ մեջքներս ծռվում է:

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի
Օգոստոսի 8-ից 10-ը Գորիսում անցկացվեց «#SummerDEMOCamp»-ը:
Դավիթը, ով իրականացնում էր «#SummerDEMOCamp»-ը, պատմում է.
-2016թ.-ի ամռանը մասնակցել եմ ԱՄՆ դեսպանատան կողմից իրականացվող ուսանող-առաջնորդների փոխանակման ծրագրին (Study of the U.S. Institutes for Student Leaders), որի շրջանակներում սովորել եմ Հարավային Իլինոյսի համալսարանում՝ ուսումնասիրելով ԱՄՆ հանրային քաղաքականության ձևավորումը տեղական, նահանգային և դաշնային մակարդակներում, ծանոթացել արտաքին քաղաքականությանը, երիտասարդական և այլ նախաձեռնություններին, ապրել եմ հյուրընկալող ընտանիքի հետ: Այնուհետև դառնալով ԱՄՆ կառավարության շրջանավարտ՝ հնարավորություն ունեցա շրջանավարտների աջակցության ծրագրի շրջանակներում իրականացնել #SummerDEMOCamp-ը:

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի
Առաջին օրը նախ և առաջ ծանոթացանք բոլոր մասնակիցների հետ, այնուհետև Դավիթը անցկացրեց դասընթաց առաջնորդության մասին: Դասընթացը շատ հագեցած էր, նաև ստացանք տնային առաջադրանքներ, քանի որ նախքան ճամաբարը օնլայն հարցումներ էինք անցկացրել, հանձնարարել էր ընտրել 3 կաևորագույն հիմնախնդիրներ և դրանց լուծման միջոցները:
Երկրորդ օրն այցելեցինք Գորիսի համայնքապետարան, հանդիպեցինք Գորիսի համայնքապետի երկրորդ տեղակալ Իրինա Յոլյանի հետ, նրան տվեցինք մեզ հետաքրքրող հարցերը: Հանդիպում ունեցանք նաև համայնքապետարանի որոշ աշխատակիցների հետ, ովքեր պատմեցին իրենց գործունեությունից և պատասխանեցին մեր հարցերին:
Այնուհետև գնացինք շարունակելու մեր դասընթացը:

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի
Երրորդ օրը, որը վերջինն էր, սովորեցինք ինչպես ճիշտ ծրագիր գրել, բաժանվեցինք խմբերի և մեր ընտրած հիմնախնդրի շուրջ աշխատեցինք, որի վերջնանպատակը հետևյալն էր. ակտիվ երիտասարդական կենտրոնի ստեղծում, որը կհամախմբի նորարար մտքեր ունեցող երիտասարդներին, կստեղծի շփման նոր եզրեր և հետաքրքիր համագործակցություններ:
Նաև գնացինք գրադարան, որտեղ էլ ուզում ենք իրականացնել մեր ծրագիրը, հանդիպեցինք մշակույթի տան տնօրենի՝ Հայկ Խաչատրյանի հետ, ով հավանեց մեր գաղափարը: Վերջին օրը նաև հանդիպում ունեցանք Խաղաղության կորպուսի կամավոր Բիանկայի հետ, որը կիսվում էր իր տպավորություններով։ Նա նաև ասաց, որ Հայաստանի և Մեքսիկայի մշակույթները իրար շատ նման են։

Լուսանկարը՝ Դավիթ Դադալյանի
Հետաքրքիր ճամբար էր, ինչպես նախորդ տարի, այս տարի ևս մեծ ոգևորությամբ մասնակցեցի «#SummerDEMOCamp»-ին և նոր գիտելիքներ ստացա:
Չմոռանամ նշել, որ մենք պատրաստել ենք տեսանյութ Crowdfunding արշավի համար, այնպես որ, աջակցեք մեզ և ձեր ներդրումն ունեցեք մեր ծրագրի մեջ:
Եղբայրս՝ Ռոբերտը, ծառայում է ԼՂՀ-ում արդեն 1 տարի 1 ամիս: Նրա արձակուրդ գալուն սպասում են բոլոր նրանք, ովքեր ճանաչում են իրեն:
Ամեն անգամ դիրքերից իջնելիս արձակուրդի հույս ունենք: Ոչ մի անգամ չարդարացավ այդ հույսը, սպասում ենք ու սպասում:
Երբ ամբողջ օրը չի զանգում, մտածում ենք՝ ստացվել է, գալիս է: Բայց երբ երեկոյան զանգում է, այդ հույսը ևս մարում է: Վերցնում ենք հեռախոսը ու հարցնում.
-Հը, Ռոբ, ի՞նչ կա:
-Դե, նույնը, էլի, արձակուրդի հույս չկա:
Ու էսպես ամեն օր, ախր, կարոտել ենք…
Վերջին անգամ 7 ամիս առաջ եմ տեսել եղբորս, անարդար է, չէ՞: Ամեն անգամ 2 շաբաթով բարձրանում է դիրքեր, ասում է՝ կիջնենք դիրքերից, կգամ, էլի, ու չի գալիս:
Որ զանգում է, ասում է.
-Պատմեք, գյուղում ի՞նչ կա։
Պատմում ենք, մե՜ծ զարմանքով ասում է.
-Ինքան բան է փոխվել, կարո՞ղ է գամ`՝ չճանաչեմ,- ծիծաղում է:
-Դե, էնքան չես գա, մինչև չես ճանաչի, էլի:
Ասում եմ.
-Ռոբ, որ սովորում էիր, ամեն շաբաթ սպասում էինք, հաստատ գիտեինք, որ կգաս:
-Դե հիմա, սա էլ կանցնի:
Ու էլի նա իջել է դիրքերից, ու մենք էլի հույսով սպասում ենք արձակուրդի լուրին:
Բելգիա՝ երկիր, ուր վերջապես տեսա գովազդի միջի կովերին, որ սև ու սպիտակ խալերով են, շատ մաքուր ու խնամված։
Բրյուսել՝ քաղաք, ուր ցանկացած ազգի մարդ կգտնես, ուր հայերը միշտ ունեն հայ հարևաններ, և ուր բոլորը խմում են տեղական գարեջուր՝ օրը մի տեսակի, որովհետև շատ տարբեր են, չես հասցնում բոլորը փորձել։
Մեսեն (Մեսին, Մեսինես, Մեյսեն, Միսեն կամ ոնց հարմար է)՝ քաղաք, որին բոլորը ասում են գյուղ, որովհետև մոտակա դեղատուն հասկացություն ուղղակի չկա, ասում են՝ 3կմ-ի վրա է։
Իսկ ընդհանուր առմամբ, Բելգիա՝ երկիր, որտեղից ուղղակի չէի ուզում հետ գալ։
Իմ սիրելի Բելգիայում կայացած ծրագրի` 18-ը 18-ին, որի մասին արդեն պատմել ենք ես ու Սուրենը, իմ մտերիմ դարձած մարդիկ չեն բացի էս նյութը, չեն կարդա ու չեն իմանա, որ ես անդրադարձել եմ իրենց, բայց առանց իրենց՝ Բելգիան լրիվ ուրիշ կլիներ ինձ համար։ Իմ ընկերներին լատինոսներս եմ ասում, որովհետև բոլորը Լատինական Ամերիկայից են. Պերու, Արգենտինա ու Նիկարագուա։ Իրար մեջ իրենք իսպաներեն էին խոսում, իսկ ես, կողքից կանգնած, գլխով էի անում կամ ասում էի՝ ահա։ Չգիտեմ՝ իրականում էդպես է, թե՝ չէ, բայց ասացին, որ լատինաամերիկյան արտաքին ունեմ։ Ու դրա համար խոսքի մեջ ինձ հետ էլ էին իսպաներեն խոսում պատահաբար։ Ես էլ ամեն անգամ ծիծաղում էի ու ասում, որ բան չեմ հասկացել։
Ընթացքում փորձում էի իսպաներեն սովորել, բայց ժամանակ չէր մնում դրա համար։ Իսպանական թեմայի մեջ մնալով՝ նոթատետրիս մեջ լատինոսներս իսպաներեն գրառումներ թողեցին։ Շնորհակալություն Անետին, որ թարգմանեց, թե չէ մենակով չէի վերծանի։ Նոթատետրեր, իրականում, բոլորս ունեինք, որովհետև ծրագրի ավարտին բաժնել էին ամեն մեկիս։ Ու հրաժեշտից առաջ ամեն մեկը մի քաղցր խոսք գրեց մյուսի համար։ Երևի էդ միակ բանն է, որ մնում է ծրագրերից հետո, եթե հաշվի չառնենք նկարները։ Իհարկե, բոլորը խոստացան, որ հանդիպելու են էլի, բայց մենք շատ տարբեր աշխարհներից ենք, ու դժվար բոլորով նորից մեկտեղ հավաքվենք։
Չնայած հենց էդ տարբերությունն էր ամենահետաքրքիր բանը։ Ես երբևէ չէի մտածի, որ Արգենտինայում ինձ սպասող կլինի, ով պատրաստ է իր տանը տեղավորել ինձ, եթե միայն հասնեմ էնտեղ։ Ու չէի պատկերացնի, որ ողջ Լատինական Ամերիկան, մեղմ ասած, զզվում է Violetta սերիալի գլխավոր դերասանուհուց։
Իմ սիրելի Բելգիայում խաչվեցին 61 հոգու ճանապարհ, ու մեզնից հետո էլ նույնը կշարունակի ուրիշների հետ։ Բելգիայի համար մենք միշտ փոխվելու ենք, նորերն են գալու։ Իսկ մեզ համար Բելգիան մեկն է մնալու։
Ամբողջ ամառ սպասեցի սեպտեմբերի մեկին: Երևի չեմ հիշի մի դեպք, երբ ասեմ, որ ցանկանում եմ դպրոց գնալ, ու ինձ մի այլ հայացքով չնայեն ու չասեն, որ ես վերացող տեսակ եմ: Բարև, ես Աննան եմ, Աշոցքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի: Վա՜յ, էլի մոռացա, 11-րդ դասարանի: Հա՛, և էսպես գրեթե ամեն րոպե և ամեն օր: Ես դեռ չեմ համակերպվում, որ մեկ տարով մեծացել եմ, ու արդեն պետք է ինձ մի քիչ մեծի նման պահեմ:
Ամեն նոր օրվա հետ օրերն էի հաշվում դպրոց գնալու, ուսուցչուհիներիս, ընկերներիս, ինձ տեսնելու համար: Հա՛, ինձ էլ, հետաքրքրիր էր՝ ինչպիսին կլինեի 11-րդ դասարանում: Վերջապես եկավ այդ օրը, բայց ոչ իմ պատկերացրածի նման: Առավոտյան մռայլ եղանակն ու քամին իմ տրամադրության վրա ազդեցին բացասաբար, և անգամ այն աստիճան, որ չէի ցանկանում գնալ դպրոց: Բայց մի կերպ հաղթահարեցի այդ ամենը, հասանք դպրոց, և միանգամից փոխվեց տրամադրությունս։ Ճիշտ է՝ դեռ արև չկար, բայց ես ժպտացի՝ տեսնելով ընկերներիս և ուսուցիչներիս: Չեք հավատա, բայց միանգամից տաքացա:
Չնայած եղանակային բարդ պայմաններին, դե, ախր, անհնար է ապրել Աշոցքում և չմրսել, միջոցառումը սկսված էր, անհամբերությամբ սպասում էի մեր ավարտական դասարանի աշակերտների ելույթներին: Դե, ինչպես չսպասեի, երբ ամենամտերիմ ընկերուհիս հենց այդ դասարանից էր: Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, և ես այնքան էի տարվել դրանով, որ անգամ ինձ էի պատկերացնում այդ հարթակին կանգնած՝ որպես ավարտական դասարանի աշակերտուհի: Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ, երբ լսեցի այս նախադասությունը. ես, Հայսատանի հպարտ քաղաքացիս, երդվո՛ւմ եմ…
Ախր, շատ եմ սիրում այդ նախադասությունը: Միջոցառման ավարտից հետո հերթով դասղեկների հետ մտանք դպրոց։ Սիրտս լցվել էր, կարծես երեկ էր, որ ես մայրիկիս հետ երկու պոչիկով եկա դպրոց և վստահ ներս մտա: Անգամ չպատկերացրի, որ այսքան կարևոր կդառնա դա ինձ համար: Անգիր հիշում եմ, թե ինչպես էի ուսուցիչներիցս նեղանում, երբ իմ փոխարեն ուրիշ մեկին էին դաս հարցնում: Սիրում էի, որ ինձ լսեին բոլորը: Եվ այսպես, մեկը՝ երկու, երկուսը՝ երեք… Եվ եկանք հասանք մեր օրերը: Ամեն նոր օրվա հետ մի բան տարա դպրոցիցս, վստահությունս ավելացրեցի և հասկացա գիտելիքի արժեքը: Հասկացա, որ այս կյանքում գիտելիքը միակ բանն է, որ ինձանից չեն գողանա: Առիթից օգտվելով՝ շնորհավորեմ բոլորիս, հատկապես՝ առաջին դասարանցիներին, ովքեր ինձ նման վաղը կհասկանան, որ արդեն մեծ են: Ուզում եմ հին օրերը, ուզում եմ նորից գնալ դպրոց առաջին դասարանցու կարգավիճակով, ուզում եմ դպրոցի առաջին զանգը ես հնչեցնեմ, բայց մենակ ուզելը քիչ է: Կփորձեմ համակերպվել այս իրողության հետ, և քանի որ ճանաչում եմ բոլոր առաջին դասարանցիներին, ուրեմն նրանց հետ կվերապրեմ մանկությանս այդ քաղցր էջը:
Նյութը գրելիս մտածում էի, որ բոլորը սա կարդալիս կհիշեն այդ օրը, կհիշեն ու կհասկանան, կխոստովանեն, որ մեծանալուն զուգընթաց՝ հասկանում են, թե ինչքան շատ բան է տվել իրենց դպրոցը:
Սեպտեմբերյան առաջին զանգը իր գիրկն է կանչում բոլորին՝ մեծ, թե փոքր։ Ես անգամ կարոտել եմ իմ դպրոցական առաջին հագուստը, որն այդպես էլ չսիրեցի: