anush davtyan

Իմ սիրելի Բելգիայում

Բելգիա՝ երկիր, ուր վերջապես տեսա գովազդի միջի կովերին, որ սև ու սպիտակ խալերով են, շատ մաքուր ու խնամված։

Բրյուսել՝ քաղաք, ուր ցանկացած ազգի մարդ կգտնես, ուր հայերը միշտ ունեն հայ հարևաններ, և ուր բոլորը խմում են տեղական գարեջուր՝ օրը մի տեսակի, որովհետև շատ տարբեր են, չես հասցնում բոլորը փորձել։

Մեսեն (Մեսին, Մեսինես, Մեյսեն, Միսեն կամ ոնց հարմար է)՝ քաղաք, որին բոլորը ասում են գյուղ, որովհետև մոտակա դեղատուն հասկացություն ուղղակի չկա, ասում են՝ 3կմ-ի վրա է։

Իսկ ընդհանուր առմամբ, Բելգիա՝ երկիր, որտեղից ուղղակի չէի ուզում հետ գալ։

 

Իմ սիրելի Բելգիայում կայացած ծրագրի` 18-ը 18-ին, որի մասին արդեն պատմել ենք ես ու Սուրենը, իմ մտերիմ դարձած մարդիկ չեն բացի էս նյութը, չեն կարդա ու չեն իմանա, որ ես անդրադարձել եմ իրենց, բայց առանց իրենց՝ Բելգիան լրիվ ուրիշ կլիներ ինձ համար։ Իմ ընկերներին լատինոսներս եմ ասում, որովհետև բոլորը Լատինական Ամերիկայից են. Պերու, Արգենտինա ու Նիկարագուա։ Իրար մեջ իրենք իսպաներեն էին խոսում, իսկ ես, կողքից կանգնած, գլխով էի անում կամ ասում էի՝ ահա։ Չգիտեմ՝ իրականում էդպես է, թե՝ չէ, բայց ասացին, որ լատինաամերիկյան արտաքին ունեմ։ Ու դրա համար խոսքի մեջ ինձ հետ էլ էին իսպաներեն խոսում պատահաբար։ Ես էլ ամեն անգամ ծիծաղում էի ու ասում, որ բան չեմ հասկացել։

Ընթացքում փորձում էի իսպաներեն սովորել, բայց ժամանակ չէր մնում դրա համար։ Իսպանական թեմայի մեջ մնալով՝ նոթատետրիս մեջ լատինոսներս իսպաներեն գրառումներ թողեցին։ Շնորհակալություն Անետին, որ թարգմանեց, թե չէ մենակով չէի վերծանի։ Նոթատետրեր, իրականում, բոլորս ունեինք, որովհետև ծրագրի ավարտին բաժնել էին ամեն մեկիս։ Ու հրաժեշտից առաջ ամեն մեկը մի քաղցր խոսք գրեց մյուսի համար։ Երևի էդ միակ բանն է, որ մնում է ծրագրերից հետո, եթե հաշվի չառնենք նկարները։ Իհարկե, բոլորը խոստացան, որ հանդիպելու են էլի, բայց մենք շատ տարբեր աշխարհներից ենք, ու դժվար բոլորով նորից մեկտեղ հավաքվենք։

Չնայած հենց էդ տարբերությունն էր ամենահետաքրքիր բանը։ Ես երբևէ չէի մտածի, որ Արգենտինայում ինձ սպասող կլինի, ով պատրաստ է իր տանը տեղավորել ինձ, եթե միայն հասնեմ էնտեղ։ Ու չէի պատկերացնի, որ ողջ Լատինական Ամերիկան, մեղմ ասած, զզվում է Violetta սերիալի գլխավոր դերասանուհուց։

Իմ սիրելի Բելգիայում խաչվեցին 61 հոգու ճանապարհ, ու մեզնից հետո էլ նույնը կշարունակի ուրիշների հետ։ Բելգիայի համար մենք միշտ փոխվելու ենք, նորերն են գալու։ Իսկ մեզ համար Բելգիան մեկն է մնալու։

Anna mkhitaryan

Աշոցքի սեպտեմբերի 1-ը

Ամբողջ ամառ սպասեցի սեպտեմբերի մեկին: Երևի չեմ հիշի մի դեպք, երբ ասեմ, որ ցանկանում եմ դպրոց գնալ, ու ինձ մի այլ հայացքով չնայեն ու չասեն, որ ես վերացող տեսակ եմ: Բարև, ես Աննան եմ, Աշոցքի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտուհի: Վա՜յ, էլի մոռացա, 11-րդ դասարանի: Հա՛, և էսպես գրեթե ամեն րոպե և ամեն օր: Ես դեռ չեմ համակերպվում, որ մեկ տարով մեծացել եմ, ու արդեն պետք է ինձ մի քիչ մեծի նման պահեմ:

Ամեն նոր օրվա հետ օրերն էի հաշվում դպրոց գնալու, ուսուցչուհիներիս, ընկերներիս, ինձ տեսնելու համար: Հա՛, ինձ էլ, հետաքրքրիր էր՝ ինչպիսին կլինեի 11-րդ դասարանում: Վերջապես եկավ այդ օրը, բայց ոչ իմ պատկերացրածի նման: Առավոտյան մռայլ եղանակն ու քամին իմ տրամադրության վրա ազդեցին բացասաբար, և անգամ այն աստիճան, որ չէի ցանկանում գնալ դպրոց: Բայց մի կերպ հաղթահարեցի այդ ամենը, հասանք դպրոց, և միանգամից փոխվեց տրամադրությունս։ Ճիշտ է՝ դեռ արև չկար, բայց ես ժպտացի՝ տեսնելով ընկերներիս և ուսուցիչներիս: Չեք հավատա, բայց միանգամից տաքացա:

Չնայած եղանակային բարդ պայմաններին, դե, ախր, անհնար է ապրել Աշոցքում և չմրսել, միջոցառումը սկսված էր, անհամբերությամբ սպասում էի մեր ավարտական դասարանի աշակերտների ելույթներին: Դե, ինչպես չսպասեի, երբ ամենամտերիմ ընկերուհիս հենց այդ դասարանից էր: Միջոցառումը շատ լավ էր կազմակերպված, և ես այնքան էի տարվել դրանով, որ անգամ ինձ էի պատկերացնում այդ հարթակին կանգնած՝ որպես ավարտական դասարանի աշակերտուհի: Ամբողջ մարմնովս սարսուռ անցավ, երբ լսեցի այս նախադասությունը. ես, Հայսատանի հպարտ քաղաքացիս, երդվո՛ւմ եմ…

Ախր, շատ եմ սիրում այդ նախադասությունը: Միջոցառման ավարտից հետո հերթով դասղեկների հետ մտանք դպրոց։ Սիրտս լցվել էր, կարծես երեկ էր, որ ես մայրիկիս հետ երկու պոչիկով եկա դպրոց և վստահ ներս մտա: Անգամ չպատկերացրի, որ այսքան կարևոր կդառնա դա ինձ համար: Անգիր հիշում եմ, թե ինչպես էի ուսուցիչներիցս նեղանում, երբ իմ փոխարեն ուրիշ մեկին էին դաս հարցնում: Սիրում էի, որ ինձ լսեին բոլորը: Եվ այսպես, մեկը՝ երկու, երկուսը՝ երեք… Եվ եկանք հասանք մեր օրերը: Ամեն նոր օրվա հետ մի բան տարա դպրոցիցս, վստահությունս ավելացրեցի և հասկացա գիտելիքի արժեքը: Հասկացա, որ այս կյանքում գիտելիքը միակ բանն է, որ ինձանից չեն գողանա: Առիթից օգտվելով՝ շնորհավորեմ բոլորիս, հատկապես՝ առաջին դասարանցիներին, ովքեր ինձ նման վաղը կհասկանան, որ արդեն մեծ են: Ուզում եմ հին օրերը, ուզում եմ նորից գնալ դպրոց առաջին դասարանցու կարգավիճակով, ուզում եմ դպրոցի առաջին զանգը ես հնչեցնեմ, բայց մենակ ուզելը քիչ է: Կփորձեմ համակերպվել այս իրողության հետ, և քանի որ ճանաչում եմ բոլոր առաջին դասարանցիներին, ուրեմն նրանց հետ կվերապրեմ մանկությանս այդ քաղցր էջը:

Նյութը գրելիս մտածում էի, որ բոլորը սա կարդալիս կհիշեն այդ օրը, կհիշեն ու կհասկանան, կխոստովանեն, որ մեծանալուն զուգընթաց՝ հասկանում են, թե ինչքան շատ բան է տվել իրենց դպրոցը:
Սեպտեմբերյան առաջին զանգը իր գիրկն է կանչում բոլորին՝ մեծ, թե փոքր։ Ես անգամ կարոտել եմ իմ դպրոցական առաջին հագուստը, որն այդպես էլ չսիրեցի:

anna  andreasyan

Նոր դարձած հինը

Նորից սեպտեմբերն է: Մի քանի տարի առաջվա իմ հաշվարկներով արդեն պետք է համալսարանի 1-ին կուրսում լինեի: Բայց ԱՄՆ-ում մեկ տարի սովորելու և Հայաստանում իմ ավարտական տարին բաց թողնելու պատճառով պետք է վերջին դպրոցական տարիս կրկնեմ:

Առաջին անգամ մտնում ես դպրոց, ու թվում է, թե ամեն ինչ նույնն է: Բայց փոքր-ինչ հետո հասկանում ես, որ այդպես չէ: Մի տեսակ՝ մի բան պակաս է: Փնտրում ես այն մարդկանց դեմքերը, ում հետ 11 տարի սովորել ես: Դպրոցն էլ, ընկերներդ էլ, բոլորն էլ փոխվել են, այնպես, ինչպես դու ես փոխվել: Եվ դա բնական է, մարդիկ անընդհատ փոխվում են, երբեք նույնը չեն մնում: Կախված միջավայրից և այլ հանգամանքներից՝ այդ փոփոխությունը տարբեր է լինում բոլորի մոտ: Ահա, հենց այստեղ է մեր փոփոխությունների տարբերությունը: Այս մեկ տարվա ընթացում մենք տարբեր միջավայրերում ենք ապրել, և դա մեզ փոխել է տարբեր ուղղություններով:

Գիտես, փոխանակման աշակերտ լինելու դժվարություններից մեկը այն է, որ դու լիարժեքորեն քեզ մեկ մշակույթի, մեկ շրջապատի ու մեկ համայնքի մասը չես զգում էլ: Մի տեսակ միաժամանակ պատկանում ես երկուսին էլ: Մեզ տրված ձեռնարկներից մեկում վերջին նախադասությունը ասում էր՝ «Քո փոխանակման տարուց հետո դու դառնում ես աշխարհի քաղաքացի»: Հիմա հասկանում եմ՝ այդպես է: Մի տեսակ կարիք ես զգում նոր մարդկանց հանդիպելու, ովքեր կլինեն տարբեր մշակույթի կրող, պատմել քո մշակույթի մասին ու լսել նրանց պատմությունները:

Նորից պետք է պայուսակ դասավորեմ, օրագիր լրացնեմ ու նման բաներ: Ուղղակի մի տեսակ կրկնության ու տեղում դոփելու է նմանվում:

Բարեբախտաբար, կան մարդիկ, որ հարազատ են մնում անկախ ամեն ինչից, և հենց այդ մարդիկ են, որ օգնում են հարմարվել նոր դարձած հնին:

iveta avagyan

Նոր ու վերջին

Ահա և սկսվեց աշունը։ Ինչպես միշտ, նախորդ երեք ամիսներն աննկատ անցան, և սկսվեց տանջալից ուսումնական տարին, ավելի շուտ՝ ոչ թե տանջալից, այլ ուղղակի եռուզեռով լի։ Դե, ավարտական դասարաններում դա արդեն սովորական է։

Գիտե՞ս՝ շատ եմ լսել «դպրոցական վերջին սեպտեմբերի 1» արտահայտությունը թե՛ ուրախ, թե՛ տխուր հնչերանգներով, բայց միայն այսօր իսկապես հասկացա դրա իմաստը, որովհետև ամբողջ հոգով ապրեցի այն։

Ամռանը փորձում էի մտքումս պատկերել այդ հետաքրքիր ու հիշարժան թվացող օրը՝ ամեն անգամ ինչ-որ նոր բան ավելացնելով մտապատկերումս։ Բայց, ինչքան էլ որ զարմանալի լինի, այսօր ամեն ինչ տարբեր էր։ Այսօր, հակառակ պատկերացումներիս, ուրախ տրամադրությունս իր տեղը չզիջեց տխրությանը։ Դե հա, դա չի նշանակում, որ չեմ սիրում դպրոցը, բայց դպրոցն ավարտելն արդեն նոր կյանքի սկիզբ է։

Դպրոցում օրն սկսվեց տնօրենի ողջույնի խոսքով, հետո ելույթ ունեցան Վ. Կարմիրաղբյուր համայնքի վարչական ղեկավարը, Բերդի զորամասի ներկայացուցիչը, գովասանագրեր հանձնվեցին գերազանց առաջադիմությամբ սովորող աշակերտներին և վերջապես, բեմը տրամադրվեց մեզ։

Միջոցառման ավարտվելուց հետո 12 տարի առաջվա շփոթված փոքրիկներն արդեն իրենք էին դպրոց առաջնորդում նորեկներին։ Այն երեխաներից մեկի հետ, ում ձեռքը բռնել էի, մի հետաքրքիր զուգադիպություն էր կապված. 12 տարի առաջ այդ օրն ինձ դասարան էր ուղեկցել նրա հորաքույրը։ Դա, իհարկե, հաճելի էր։ Այդ հաճելի դիպվածն այդ օրն էլ ավելի հիշարժան դարձրեց, և ես վստահ եմ, որ այն միշտ կմնա հիշողությանս մեջ։

Հ. Գ. Շնորհավոր բոլորիդ նոր ուսումնական տարին: Թող այն տարբերվի ամեն դրականով։

Նիկարագուան, System of a down –ը և հեղափոխությունը

Հարցազրույց նիկարագուացի Համիլտոնի հետ (խնդրեց բացի անունից ոչ մի ինֆորմացիա չհրապարակել), ով ինձ պես Բելգիայում անցկացվող «18-ը 18-ում» ծրագրի մասնակիցներից էր։ Կարճ ժամանակում իմացա Նիկարագուայում տիրող իրավիճակի մասին և փորձեցի ավելին իմանալ հարցազրույցի օգնությամբ։

-Կնկարագրե՞ս այսօրվա իրադրությունը Նիկարագուայում։

-Իրավիճակն իմ երկրում բավականին ճգնաժամային է։ Ամեն ինչ սկսվեց սոցիալական ռեֆորմից, որի համաձայն, թոշակները կրճատվում էին հինգ տոկոսով։ Ընթացքում կառավարությունը բազմաթիվ սխալներ էր թույլ տալիս։ Իրավիճակը շարունակվեց մինչև այն պահը, երբ մարդիկ ասացին՝ բավական է, սա արդեն չափն անցնում է։ Նրանք սկսեցին խաղաղ ցույցեր անել, սակայն բախվեցին կառավարության ճնշումներին։ Նրանք թալանվեցին, ծեծի ենթարկվեցին, նունիսկ եղան զոհեր: Սա էլ ավելի բորբոքեց ցույցերի ալիքը։

-Ինչպե՞ս սկսվեց ցույցերի երկրորդ փուլը։

-Այս անգամ երկրի բոլոր ուսանողները սկսեցին իրենց ձայնը բարձրացնել, բոլոր քաղաքներում մասսայական ցույցեր էին, և ոչ ոք այլևս չէր ցանկանում ճնշումների ենթարկվել։ Սակայն կառավարությունը կրկին գործի դրեց իր «մսաղացը»։ Սպանվում էին ուսանողներ, ովքեր պարզապես դեմ էին կառավարությանը և ցանկանում էին ազատություն։ Նրանք սկսեցին արգելափակել փողոցները՝ փորձելով կաթվածահար անել կառավարական ուժերը։ Նույնիսկ որոշ ոչ պետական կազմակերպություններ գործադուլ հայտարարեցին։ Բայց կառավարությունը՝ նախագահ Դանիել Օրտեգայի գլխավորությամբ, չէր ցանկանում հեռանալ, որովհետև Օրտեգաների ընտանիքին պատկանում են խոշոր ձեռնարկություններ, և իշխանությունից հեռանալը հավասար է ամեն ինչ կորցնելուն։ Չեմ կարող չնշել, որ այդ ընտանիքում իմ կարծիքով առավել կարևոր դեր ունի նախագահի կինը՝ Ռոզարիո Մուրիլիոն, ով պարզապես շահարկում է նախագահին։

-Իսկ հիմա նորից նույն ձևո՞վ եք արտահայտում ձեր բողոքը։

-Այո, մենք կրկին շարունակում ենք մասսայական ցույցերը, ստեղծում ենք բարիկադներ, արգելափակում ենք փողոցները։ Նոր երևույթ է ազգային բանակցությունը։ Այստեղ բանակցությունների սեղանի առջև են կառավարությունը և քաղաքացիական ակտիվիստները։ Սակայն սա արդյունք չի տալիս, որովհետև կառավարություն ոչ մի զիջման չի գնում և շարունակում է ամեն ինչ իր ուզածի պես հարմարեցնել։

-Ովքե՞ր են շարժման առաջնորդները։

-Առաջնորդները «Ապրիլի 19-ի ուսանողական շարժում»-ի անդամներն են: Անունից հասկանալի է, որ այս շարժումը ուսանողական է և սկսվել է ապրիլի 19-ին։

Կարևոր դեմքեր են՝ Լասթեր Ալեմանը (ուսանող), Ժոզե Ագուերին (անհատ ձեռներեց, հիմա բանտում է), Կարլոս Թյուներմանը:

-Ի՞նչ ես կարծում, «դրսից» օգնության կարիք ունի՞ նիկարագուացին։

-Ես կարծում եմ՝ այո։ Մեր պարագայում միայնակ պայքարելը կարծես հավասարազոր է մահվան։ Կառավարությունը հանգիստ սպանում է մարդկանց, նետում բանտերը։ Իմ ժողովուրդը ցանկանում է, որ մեծ պետությունները իրենց ուշադրությունը հրավիրեն մեզ վրա։ Այն, ինչ տեղի է ունենում մեր երկրում, ես կանվանեմ եղեռն․․․

-Առանց բռնության հնարավո՞ր է իրականացնել հեղափոխություն։

-Մենք սկսել ենք նույն սկզբունքով և փորձում ենք հավատարիմ մնալ դրան։ Ես տեղյակ եմ ձեր Թավշյա հեղափոխությունից, այնպես որ, այն ամենևին էլ անիրատեսական չէ։

-Ես գիտեմ, որ System of a down-ի երկրպագու ես և Հայաստանի մասին նրանցից ես իմացել։ Նրանք որևէ կերպ քեզ «աջակցո՞ւմ» են այս ճգնաժամային պահին։

-Ես նրանց սկսել եմ լսել յոթ տարեկանից։ Սկսեցի ուսումնասիրել խմբի անդամների կենսագրությունները և հենց այդ ժամանակ էլ բացահայտեցի Հայաստանը։ Նրանք փորձում են մարդկանց սովորեցնել ունենալ ազատ միտք, չմտաշահարկվել, լինել վերլուծող և հեշտորեն չհիմարանալ։ Երբ ես մասնակցում եմ ցույցերին, ընթացքում լսում եմ նրանց երգերը, և կարծես նույն իրավիճակի մասին են երգում, որը հիմա իմ երկրում է։ Ես կարծում եմ, որ մենք և դուք չունենք մշակութային նմանություններ, բայց գաղափարները շատ նման են։

arevik avetisyan portret

Պապիկս ու Սևանը

Պապիկս՝ Ռոբերտ Ավետիսյանը, ծնվել է 1948թ-ին: Այս տարի լրացավ նրա 70-ամյակը:

Նա ձկնորս է, արդեն 50 տարի կլինի: Դա նրա համար արդեն ուղղակի աշխատանք չէ, որով գումար են վաստակում, այլ զբաղմունք, որով ապրում են: Նա ուղղակի ապրում է ձկնորսությամբ:

Պապիկս Սևանի ամենատարեց ձկնորսն է: Նույնիսկ իր տարիքը իրեն չի խանգարում անընդհատ շարժման մեջ լինել, չի սիրում նստել, սիրում է աշխատել և նորից աշխատել:

Ինձ այնքան շատ են հարցրել. «Պապիկդ չի՞ հոգնում»:

Դե, քանի որ ես չգիտեմ պատասխանը, որոշեցի հարցնել:

-Պապի՛, դու չե՞ս հոգնում:

-Աշխատելո՞ւց հոգնեմ: Չէ, ես հոգնում եմ, երբ չեմ աշխատում:

Զարմացել էի, ախր, ո՞նց կարելի է չաշխատելուց հոգնել, աշխատել ամբողջ օրն ու չհոգնե՞լ, այ քեզ պատասխան:

Հայրս ու հորեղբայրս շատ են համոզել, որ արդեն իրենց հերթն է աշխատելու, որ պապը պետք է հանգստանա, իսկ պապիկս պատասխանել է.

-Ես էլ կաշխատեմ, դուք էլ: Ի՞նչ կա որ:

Դե իհարկե, նա չի փոխի իր որոշումը, պետք է աշխատի, և վե՛րջ:

Նա շատ է սիրում Սևանա լիճը, այնպիսի տպավորություն է, որ Սևանն էլ իրեն է սիրում:

anahit baghshetsyan

Հրաշալի ամառ

Այս տարի ամառն ինձ համար սկսվեց հենց հունիսի մեկին։ Ես էլ չեմ հավատում. ո՛չ հուլիսի մեկին, ո՛չ հունիսի տասնյոթին, այլ հենց հունիսի մեկին։ Ամառվա առաջին օրը հանձնեցի երկու քննություններս, հետո եկա տուն ու մի ամբողջ օր տոնեցի այն փաստը, որ հինգ օրում մի կերպ սովորել եմ մաթեմատիկայի բոլոր քննական տոմսերը, 10-րդ դասարանի ֆիզիկայի դասագրքի բոլոր պարագրաֆներն ու մոտ 150 խնդիրների լուծման եղանակները։

Ամառը շարունակում է հոսել իր հանդարտ հունով։ Արթնանում եմ, փորփրում սոց.ցանցերը, մի քիչ էլ եմ փորփրում, հետո ամառս ամոռանալի պահերով լցնելու հետաքրքիր առաջարկներ եմ ստանում ու առանց երկմտելու ընդունում դրանք։ Այդպես էլ դառնում եմ հետաքրքիր ծրագրերի մի մասը ու ձեռք եմ բերում նոր ընկերներ ու լիքը-լիքը լավ հիշողություններ։ Ամառվա առաջին երկու ամիսն այսպես անցկացնելուց հետո ուղևորվում եմ այն եզրափակելու արտասահմանում։

Ամառվա վերջին ամիսը ողողվում է ամենաանսպասելի արկածներով։ Ընկնում եմ Դիսնեյի հեքիաթների գիրկը, հետո պատահաբար հայտնվում եմ օվկիանոսի ափին՝ խարույկի կողքին նստած, ինչ-որ ընտանիքի հետ զրուցելիս, քիչ անց կանգնած եմ թանգարանում ու աչքերս չռած նայում եմ Պիկասոյի նկարներին։ Ու երբ մտածում եմ, որ հենց այդ պահին էլ ավարտվելու է ամառը, հայտնվում եմ իմ տեսած ամենամեծ համերգային դահլիճում՝ ամենասիրելի երգչիս համերգին, երգում եմ ու պարում, վայելում եմ ուր որ է՝ ինձ լքող ամառվա վերջին անակնկալն ու վերադառնում եմ տուն՝ ձայնս կտրված, ամառս եզրափակված համարելով։ Նստում եմ ինքնաթիռ ու 16 ժամ անց կրկին Հայաստանում եմ, որտեղ ինձ սպասում են հրաշալի ամառվա վերջին օրերը, որոնք անցկացնում եմ ընկերներիս ու ընտանիքիս հետ։ Մտովի փակում եմ մի հաստափոր գիրք, կազմին գրում եմ «Ամառ 2018: Հրաշալի ամառ» ու դնում եմ մի կողմ։

Իսկ ամենավերջում հիշում եմ, որ ես փոխադրվել եմ 11-րդ դասարան, ու երևի թե կարիք չի լինելու նոր տետրի առաջին էջին գրել. «Ինչպես ես անցկացրեցի ամառային արձակուրդները» վերնագրով ամենամյա շարադրությունը, ու դեմքիս մի աննկատ ժպիտ է հայտնվում։

Բանջարանոցի ու կորցրած ամառվա մասին

Լուսանկարը` Աննա Սահակյանի

Լուսանկարը` Աննա Սահակյանի

Այսօր առաջին անգամ գիշերով մտել էի տատիկի բանջարանոց: Լոլիկի մարգերը հեռու չէին: Տատիկը երևի այսօր էր ջրել դրանք. գետինը ցեխոտ էր: Փնտրեցի ու մի քանի կարմրած լոլիկ գտա: Արդեն ուզում էի հետ դառնալ տուն ու հանկարծ երկնքում ընկնող աստղ տեսա… Բայց ո՛չ, դա ինքնաթիռ էր: Հետևեցի թռչող ինքնաթիռի լույսերին, մինչև այն անհետացավ մեր տան կտուրի հետևում. հետո նրա ձայնն էլ կորավ: Երկինքն այնքա՜ն սիրուն էր: Մի քանի ամպեր խաղաղ լողում էին իմ գլխավերևում, իսկ հեռվում շողում էր երբևէ ինձ հանդիպած ամենապայծառ աստղը: Այս ամառ ես ամեն օր տեսնում էի այդ աստղը: Լուսինը դեռ չէր երևում: Այն միշտ հայտնվում է տատիկի բանջարանոցի ուղիղ վերևում: Երբ գիշերները չեմ կարողանում քնել, մթության մեջ գտնում եմ ակնոցս, մոտենում սենյակիս պատուհանին ու դուրս նայում: Պատուհանիցս այն կողմ մեծ բանջարանոցն է, իսկ բանջարանոցի վերևում՝ հին ընկուզենու ճյուղերի արանքում, երևում է լուսինը: Ներքևում փայլում են հեռավոր քաղաքի լույսերը: Այդ պահերին երևակայում եմ, որ հայտնվել եմ ինչ-որ կախարդական ֆիլմում, և պատուհանիցս բացվող տեսարանն իրական չէ…

Լոլիկները ձեռքերիս մեջ պահած՝ քայլեցի տան կողմ, բայց չուզեցի ներս մտնել: Երբեք չէի մտածել այն մասին, թե ինչքան եմ սիրում մեր բանջարանոցը, ինչքան եմ սիրում այս փոքրիկ ու մի քիչ թթվաշ լոլիկները, դառնահամ վարունգները, համեղ արևածաղիկները, եգիպտացորենները, գույնզգույն ծաղիկները և հատկապես կարմիր վարդի թուփը, որը տատիկն արգելում է քաղել… Առաջ ես միշտ բարկանում էի, երբ տատիկը ջրում էր բանջարանոցը, ու այդ պատճառով մեր տան ծորակներից ջուր քիչ էր հոսում, իսկ հիմա… Կարծես թե ափսոսում եմ բարկանալուս համար:

Մոտեցա տանը, շրջվեցի, մի անգամ էլ նայեցի բանջարանոցի կողմն ու ներս մտա:

Դպրոցական տարիքում ես մեր գյուղը չէի սիրում: Միշտ երազում էի այն պահի մասին, երբ կավարտեմ դպրոցն ու կտեղափոխվեմ քաղաք: Մտածում էի՝ քաղաքում ամեն ինչ կատարյալ է: Իսկ հիմա, երբ վերջանում է հերթական ամառը, և ես պիտի նորից քաղաք գնամ, բարկանում եմ, որ մի ժամանակ այդպես եմ մտածել:

Քաղաքում ես կարոտում եմ մեր գյուղը, շա՜տ եմ կարոտում: Կարոտում եմ մեր պատշգամբից մայրամուտին նայելը, կարոտում եմ այգիների հնձած խոտերի միջով քայլելը, կարոտում եմ խնձորենու տակ նստելն ու շուտահաս խնձորներն ուտելը, կարոտում եմ զով եղանակն ու անձրևից հետո ցեխոտվող փողոցները, կարոտում եմ մեր տան հետևի չորացած խոտերի գույնը, կարոտում եմ երեկոյան պապիկի փեթակներից եկող մեղրի հոտը, կարոտում եմ թաց ընկույզի համն ու առվակով հոսող ջրի ձայնը, կարոտում եմ ամեն բան։

Վերջացավ հերթական ամառը, ու ես մտածում եմ, թե ինչու ավելի հաճախ գիշերը չէի իջնում բանջարանոց, քայլում կաղամբների ու լոլիկների մարգերի միջով, ինչու ավելի հաճախ չէի հետևում մայրամուտին մեր պատշգամբից, չէի պառկում մեր տան հետևի չորացած խոտերի մեջ ու երազում…

Ես կկարոտեմ, այս տարի էլ կկարոտեմ մեր գյուղը, նորից կափսոսամ, որ ամբողջ ամառ սենյակումս փակված եմ եղել ու չեմ հասցրել կարոտս առնել: Ինձ թվում է՝ նույնիսկ պապիկի մեղուներին կկարոտեմ և անգամ չեմ բարկանա, եթե ինձ խայթեն։

Իսկ հիմա ես նորից կմոտենամ պատուհանին, կնայեմ բանջարանոցին, հետո լուսնին, հետո հեռո՜ւ-հեռո՜ւ հորիզոնում լողացող ամպերին, կափսոսամ այս ամառ կորցրած ժամանակիս համար ու մի պահ կպատկերացնեմ, որ իմ պատուհանից այն կողմ աշխարհն անիրական է…

Գիտելիքի և դպրության օրը