ՄԻ ՇԵՐԵՓ ԱՊՈՒՐԻ ՕՐՀՆՈՒԹՅՈՒՆԸ

Ամեն անգամ դպրոցից հոգնած տուն մտնելիս տեսնում եմ մորս հոգատար ու բարի դեմքը, ով  գեղեցիկ ժպիտով ինձ ուղեկցում է մինչև խոհանոց՝ ճաշի սեղանի մոտ, որտեղ միշտ կգտնեմ ինձ համար սիրելի ու համեղ կերակուրներ: Ու բարի ախորժակ մաղթելով մայրս գնում է իր գործերին: Բայց լինում են բացառություններ, երբ ինչ-որ հարցերով կամ գործերով տանից դուրս է գալիս, և ես ստիպված եմ լինում ինքնասպասարկմամբ զբաղվել:

Եվ ահա մի այդպիսի օր:

Դասից եկա տուն, ու մայրս տանը չէր, ավելին՝ տանը ոչ ոք չկար: Համոզվելով, որ տանը մենակ եմ, առաջինը, որ արեցի, եղավ խոհանոցում ուտելիք փնտրելս: Ցավոք, ոչինչ չգտա պատրաստած ու սկզբում բարկացած, հետո հոգնած ու անհավես նստեցի այն հույսով, որ ուր որ է` մեկը կգա, ու մի բան կպատրաստի, որ ուտեմ: Նստեցի, նստեցի ու մի քառորդ ժամից հասկացա, որ սովը նեղում է: Վեր կացա ու որոշեցի մի բան պատրաստել ուտելու:

Ճիշտ է, ճաշ եփելու համար այնքան էլ հավես չունեի, բայց սկսեցի քիչ-քիչ պատրաստելը: Կաթսան գտա, դրեցի կրակին ու որտեղից ձեռքս ինչ ընկավ, լցրեցի մեջը: Մի կես ժամից տարօրինակ ճաշս պատրաստ էր: Լցրեցի, սովից լեզուս դուրս գցած շան նման պատրաստվում էի ուտել, երբ…

Թըխկ, թըխկ. դռան ձայնն էր: Մտքիս մեջ բարկացած ասացի.«Վըխք, տեսնիս` ո՞վ է, որ հացս հարամ էրեց»:

Ու գդալը ձեռքիցս գցելով՝ գնացի տեսնելու, թե ով է: Երբ արդեն հասնում էի դռանը, գոռացի.

-Ո՞վ է:

Ձայն չկա: Նայում եմ` մարդ էլ չկա: Եվս մի անգամ էլ գոռացի ավելի բարձր ու բարկացած.

-Ո՞վ է:

Էլի ոչ մի ձայն: Զարմացած ու զայրացած, մի քիչ էլ վախեցած գնացի ճաշս ուտելու: Գդալն արդեն հասցնում էի բերանիս, երբ նորից կրկնվեց նույնը: Իրավիճակը այնպիսին էր, որ թվաց, թե մեկը հետս կատակել է ուզում: Էլի գոռացի. «Ո՞վ է, ի՜յա, վա՜աաայ», ու գնացի դեպի դուռը: Պատասխանի փոխարեն դռան երկու հարվածի ձայն լսեցի միայն: Բարկությունից դողալով կամ չգիտեմ, գուցե վախից, այնպես գոռացի, որ երբ տեսա վախեցած հյուրիս, ես էլ իր վախենալուց ավելի վախեցա:

Մի խեղճ կին էր, մոտ 80 տարեկան, արտահայտիչ կուզով, ճեփ-ճերմակ մազերով, որոնք լաչակի տակից ցից-ցից դուրս էին եկել ու, ճիշտն ասեմ, շատն էլ դրանից վախեցա: Կուզը տնկած անձայն կանգնել էր դիմացս ու նայում էր վրաս:

-Բարև,- հարցական դեմք ընդունելով, որով նաև հարցնում էի, թե դու ո՞վ ես: Բարևս անպատասխան մնաց: Գլուխը կախելով քթի տակ խոսեց, ասելով.

-Մեռնի՛մ ջանիդ, բաժակըմ ջուր կուդա՞ս:

Ասացի` սպասի, հիմա կբերեմ: Ջուրը ձեռքիս հետ եկա, նայեմ` նստել է դռան մոտ, աստիճանների վրա: Դուրսն էլ զզվելի շոգ էր, տեսա քրտնած էր, ջուրը տվեցի, վերցրեց խմեց: Խմեց ու կզկռտված մնաց: Սպասում էի գնար, որ ես էլ ներս գնայի, հացս ուտեի: Մի 5 րոպե նյարդերիս հաշվին մնալուց հետո, տեսա, որ ուզում էր գնար, ու դարձա` տուն մտնեմ, բայց չգիտեմ ինչու, սիրտս ճմլվեց մի անծանոթ զգացումով: Չգիտեմ, դա խի՞ղճ էր, թե՞ սով, թե երկուսը միասին, բայց վատ բան էր: Իսկույն դարձա հետ ու գոռացի.

-Տա՛տ, ա՛րի գնանք` հաց ուտենք:

Նախքան դա ասեմ, որ խուլի տպավորություն էր թողել մոտս, ինչ-որ խոսել էի հետը, չէր լսել ու չէր պատասխանել, բայց հենց լսեց ասածս, միանգամից կուզը ուղղելով դարձավ հետ  ու արագ-արագ առաջ եկավ:

Շատ չերկարացնեմ, վերջը հասանք խոհանոց: Ճաշս սառել էր, տաքացրի, արդեն երկուսիս էլ լցրի ու նստեցի, որ ուտենք: Անձայն կերանք, կյանքումս առաջին անգամն էր, որ ուտելու ժամանակ պահպանվեց «ուտելու ժամանակ չեն խոսում» պատվիրանը: Երբ վերջացրինք, սեղանից մինչև դուռը ճանապարհելիս օրհնանք տվեց: Բարի տատիկը օրհնեց ինձ ասելով.

-Բալա՛ ջան, սիրտդ միշտ ըդպես լեն մնա, ձեռդ էլ ըդպես դալար, ապրի՛ս, երկար արև՛ ունենաս:

Ասացի. «Ապրե՛ս, տա՛տ ջան», ու ճանապարհեցի գնաց…

Ու այդ օրն էլ, ճաշն էլ, տատիկն էլ, օրհնանքն էլ միշտ կմնան իմ հիշողության մեջ:

Միայն թե անընդհատ մտածում եմ. Ծեր տատն ինչո՞ւ էր դրսում, ո՞ւմ տատն էր, ինչո՞ւ ոչ ոք չուներ…

Ապրիլ, 2016

lia avagyan

Գյուղս. Ներքին Կարմիրաղբյուր

Իմ գյուղը թաքնված ժայռերի մեծ ու փարթամ ծառերի մեջ դարերի պատմություն ունի: Տատիս խոսքերով, գյուղս ստեղծվել է 1400-ական թվականներից հետո: Գյուղի անվան հետ կապված շատ պատմություներ կան: Օրինակ, որ դիմացի բլուրից մարդկանց մի խումբ իջել ու բնակություն են հաստատել ներքևում` գյուղի անունը կոչելով Ներքին Կարմիրաղբյուր, կամ երբ գյուղի աղջիկները բարձրացել են սարերը և գետի վրա կարմիր վարդի թերթիկներ նետել: Գետը իջել է ներքև` կարմիր ներկված, ժողովուրդը հեռվից տեսնելով, գյուղի անունը կոչել է Ներքին Կարմիրաղբյուր: Ճիշտն ասած, չեմ կարող ասել` որ պատմությունն է ավելի ճիշտ, որվհետև այնքան գեղեցիկ ու հետաքրքիր է գյուղս, որ շատ պատմություններ կունենա իր հետ կապված, որից անգամ տատս տեղյակ չի լինի: Տատս նաև ասում է, որ մեր տարածաշրջանի ժողովուրդը եկել է Ղարաբաղից, և մեր արմատները Ղարաբաղից են: Այնպես որ, կարող եմ հպարտությամբ նշել, որ ես կիսով չափ ղարաբաղցի եմ: Ներքին Կարմիրաղբյուրի ժողովուրդը հիմնականում զբաղվում է հողագործությամբ: Սովետի ժամանակ մարդիկ զբաղվել են ծխախոտագործությամբ, անասնապահությամբ, բայց այդ ամենը եղել է կոլեկտիվ: Իսկ հիմա էլ գյուղում զբաղվում են հողագործությամբ ու անասնապահությամբ, բայց արդեն մասնավոր: Ուղղակի այն ժամանակվա ծխախոտի փոխարեն հիմա խաղող են մշակում: Չնայած դա էլ ակտիվորեն չէն անում, քանի որ թշնամու կրակի տակ է այգիները: Բայց գյուղս կամաց-կամաց երիտասարդանում է, մարդիկ հաղթահարում են պատերազմի հանդեպ վախը: Նրանց դեմքին ժպիտ է հայտնվում ավելի եռանդով են աշխատում, ինչպես այն ժամանակ, երբ առաջին անզամ եկան գյուղ` բնակություն հաստատելու:

Տաք օրերին սիրում եմ նստել այգում՝ մեղվի փեթակների մոտ ու նայել գյուղին: Չնայած մեր տունը գտնվում է ոչ այնքան կենտրոնական մասում, ու մեր այգուց բացվող տեսարանը այնքան էլ գեղատեսիլ չէ: Բայց, դե պարտադիր չէ, որ ամբողջ գյուղը երևա, միայն գյուղին պատկանող հողերը բավարար են, որոնք ամեն եղանակին մի գույն ու մի նոր «սանրվածք» են ընդունում: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել:

Մեր ոչ այդքան գեղատեսիլ այգուց երևում են տներ, որոնց ամեն մեկի հետ մի պատմություն կա կապված: Դե, ես այս պատմությունները չէի իմանա, եթե տատիկս չպատմեր, իսկ տատիկս հիմնականում կռիվներից ու նրա հետևանքներից է պատմում: Ապրելով սահմանապահ գյուղում, ուզած չուզած ամեն օր լսում ու ականատես եմ լինում նմանատիպ պատմությունների: Օրինակ, տատս պատմում է, որ 90-ականների պատերազմի ժամանակ ինչքան խաղաղ բնակիչներ են զոհվել կամ տուժել հակառակորդի գործողություններից:

Պատմում է Արամ անունով մեր համագյուղացու (Ն.Կարմիրաղբյուրեցու) մասին, ով տանն էր, երբ շիլկայի (տանկանման զենք) բեկորը մտավ տուն ու պոկեց վերջինիս թևը: Նա այդ դեպքից հետո չմահացավ, բայց ստիպված էր կյանքի մնացած մասն անդամահատված թևով անցկացնել: Իսկ մեր գյուղի մեկ այլ բնակչուհին՝ Նիվիկը, կռվի տարիներին մահացավ, երբ շիլկայի բեկորը մտավ վերջինիս որովայնը: Այսպիսի դեպքեր շատ են եղել, նույնիսկ ճանապարհին երեխաներ են զոհվել: Նույնիսկ եղել են դեպքեր, երբ բեկորը կամ հենց ինքը՝ փամփուշտը, չի դիպել մարդուն: Բայց այդ կրակոցներից, այդ լարվածությունից, ճնշումը բարձրանալու հետևանքով մահացել են: Այսպիսի դեպքեր էլի գյուղում եղել են:

Տատս պատմում է, ես ուշադրությամբ լսում եմ ու նաև մտածում, թե նման դեպքեր միայն 90-ականների կռիվների ժամանակ չէ, որ եղել են: Շատ լավ եմ հիշում, համարյա մեկ տարի առաջ էր, երբ էլի կրակում էին: Մենք ապաստարանում էինք, երբ հայրիկս եկավ, եկավ, որովհետև այդ ժամանակ գնացել էր խոտի դեզին հետևելու, որպեսզի, եթե վառվի հրետակոծության ժամանակ, կարողանա արագ հանգցնել, որովհետև համ տանը շատ մոտ էր, համ էլ, եթե դեզը վառվեր, այդ ուղղությամբ կրակոցները ավելի ինտենսիվ կլինեին: Ինչևէ, հայրիկս ասաց, որ Վանիկ պապը մահացել է: Այդ պահը շոկային էր բոլորիս համար: Երևի երբեք չեմ մոռանա, որովհետև դաջվել է հիշողությանս մեջ: Հայրիկս պատմեց, որ բեկորից է մահացել: Փափուշտը տան մեջ է պայթել, ու բեկորները ցրվել են տնով մեկ՝ մահացու վիրավորելով նաև տանտիրոջը, ով Բերդի հիվանդանոցի ճանապարհին մահացավ:

Տատս իր կյանքի մեծ մասը պատերազմի մեջ է եղել, ես էլ ապրածս 16 տարիները էլի կրակոցների տակ եմ անցկացրել ու անցկացնում: Մտածում եմ. ես է՞լ իմ թոռներին միայն պատերազմից եմ պատմելու:

 Նոյեմբեր, 2015 

Հոգեհաց` յոթ հոգու համար հավիտյան

Ավագ սերժանտ դիրքի ավագ Յուրին ամեն անգամ տնից դիրքեր բարձրանալիս մորն ասում էր․ «Մա՛մ, մենակ ինձ համար չէ, 7 մարդու համար ուտելիք դիր, որ երեխեքս էլ նորմալ ուտեն»։ Իր զինվորներին միշտ երեխաներ էր ասում ու այդպես էլ մինչև զոհվելը երեխեքին մենակ չթողեց։

Յուրի Հայրապետյանը հասուն ու հանգիստ էր իր երիտասարդ տարիքի համեմատ։ Հավասարակշռված ու վստահ իր որոշումներում՝ Յուրին Ստեփանակերտի բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո հստակ որոշեց, որ սպիտակ խալաթը պիտի փոխարինի զինվորական համազգեստով։ Այդպես էլ պարտադիր ծառայությունից հետո մնաց՝ շարունակելու ծառայել հայրենիքին։

«Երբ 14 օրով դիրքերից տուն էր գալիս, անընդհատ ասում էր՝ երբ են օրերը անցնելու, բարձրանամ դիրքեր երեխեքիս մոտ», – պատմում է մայրը՝ տիկին Սիլվան։

Սեպտեմբերի 26-ին տուն էր եկել, բայց մորը խնդրել էր շորերը չլվանալ, որ պատրաստ լիներ ցանկացած պահի դիրքեր բարձրանալուն։ Առավոտյան իրենց գյուղում՝ Ճարտարում, արդեն պայթյուններ էին լսվել, ու Յուրին միանգամից շտապել էր դիրքեր։

Պատերազմի օրերին Յուրին թոքերի լուրջ բորբոքումով հոսպիտալ էր տեղափոխվել, սակայն երեք օր դեռ չանցած ու չկազդուրված՝ բժշկի հետ կռիվ էր տվել նորից դիրքեր բարձրանալու համար։ Անընդհատ կրկնում էր՝ երեխեքիս մենակ չեմ թողնի։

Հոկտեմբերի 22-ին վերջին անգամ զանգում է տուն ու մորը խնդրում հեռանալ կամ պատսպարվել․ իրավիճակը շատ լարված էր․ առավոտյան արդեն ստանում են նրա վիրավորվելու լուրը։ Վիրավորումից հետո երկար ժամանակ արյունահոսելուց  հետո Յուրիին տեղափոխում են մոտակա հոսպիտալ, սակայն այդտեղ է ավարտվում նրա կռիվը՝ փրկելու մարդկանց կյանքեր ինչպես սպիտակ խալաթով, այնպես էլ զինվորական համազգեստով։

Յուրի Հայրապետյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է:

aniharutyunyanarm

Մենք պատրաստ չենք

Երբևէ նկատե՞լ եք, թե ինչքան հակված ենք հավատալու ինչ-որ մանր ու տարօրինակ երևույթների։

Մենք մեր երազանքները կապում ենք ժամերի հետ։ Այն վստահում ենք ինչ-որ կլոր ժամի (ասենք 22:22)։

Մենք պատրաստ ենք մեր երազանքի հետ մի ամբողջ յասամանի ծառ ուտել՝ կազմված 5 կամ ավելի թերթերով յասամանի ծաղիկներից։

Պատրաստ ենք ամեն գնով նույնանուն մարդիկ գտնել (անկախ նրանց ով լինելուց, իրարից որքան տարբեր լինելուց) և ուսերով հրելով խցկվել նրանց մեջտեղը՝ սպասեք՝ երազանք պահեմ։

Պատրաստ ենք բոլորի ծննդյան մոմերի մեջ մեր երազանքը դնել ու այն փչել, խառնել օդին, անէացնել։

Պատրաստ ենք ամեն հնարավոր ու անհնարին ինչ-որ բանի, բայց ոչ երազանքը նպատակով համեմելու ու քայլ առ քայլ դրա հետևից գնալու։

Պատրաստ ենք ծաղիկների թերթերը պոկել, քամուն տալ՝ ստուգելու «սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում», որպես սիրո առհավատչյա սառն ու անմարմին կամուրջներին կողպեքներ կախել, ծառերին՝ գույնզգույն կտորներ։

Մենք պատրաստ ենք կոտրել տան բոլոր հայելիները, ապակիները, բաժակները ու չարը խափանված համարել, բայց հանկարծ չնայենք մեր ներսը, չփոխվենք։

Պատրաստ ենք երեք անգամ թու-թու անել, շորը կծել, փայտին տկտկացնել, բայց չհավատալ, չաղոթել։

Պատրաստ ենք ամեն պատահականություն ընդունել ճակատագրի չար կատակ, բայց չընկալել, որ ճակատագիրը մենք ենք չափում, գծում, կտրում։

Ուզում ենք երջանիկ լինել, բայց պատրաստ չենք ինչ-որ բաներ բաց թողնելու, ասենք՝ զոհաբերելու։

Ցանկություն կա իրականությունը վայելելու, բայց հաճախ պատրաստ չենք ինչ-որ հեռախոսից մեզ զրկելու։

Պատրաստ ենք ապրել բոլորի համար, ցանկությամբ, բայց լիարժեք չհասկանալ, որ յուրաքանչյուրիս կյանքը մեկն է, սեփականը։

Ապրիլ, 2017 

Հասմիկ Արզումանյան

44-օրյա պատերազմի առաջին զոհերից մեկը 35-ամյա կրտսեր սերժանտ Հասմիկ Արզումանյանն էր։ Մայրը պատմում է՝ դեռ 2020թ․-ի ամռանը ասում էր՝ մամ, պատերազմ է լինելու, բայց չգիտենք՝ երբ, որ օրը, ասել է՝ թող, դուրս արի, Հասմիկ ջան, պատասխանել է՝ մամ, եթե ես ծառայում եմ ու երդում եմ տվել, պիտի մինչև վերջ ծառայեմ հայրենիքիս։

Մոր՝ Նունիկ Արզումանյանի բնութագրմամբ շատ հայրենասեր Հասմիկը թեև մանկուց չէր երազում զինվորական ծառայության անցնելու մասին, բայց երբ սկսել էր աշխատել, միանգամից սիրել էր ծառայությունն ու նվիրվել բանակին։

«Դպրոցն ավարտելուց հետո Հասմիկը վարսահարդարություն էր սովորել, սակայն միշտ ձգտում էր բարձրագույն կրթություն ստանալ: Մի օր ամուսնուս եղբորորդին ասաց, որ Սիսիանի զորամասում Հասմիկին հարմար աշխատանք կա», – պատմում է մայրը։

Սկզբում թե՛ Հասմիկը, թե՛ մայրն ու եղբայրը մերժել են առաջարկը, մտածելով, որ չի կարող հարմարվել ծառայությանն ու զորամասին։ Հետո Հասմիկը մտափոխվել է ու 2014թ․-ից անցել ծառայության որպես օպերատոր։

«Մի քանի ամիս աշխատում էր մեզ մոտ, այնուհետև տեղափոխվեց Կապան։ Երբ Կապան պիտի գնար, ես էլի դեմ էի, ասում էի՝ հեռու ես գնում, բայց ինքն ասում էր՝ մամ, Կապանում միշտ տաք է, ես էլ էդպիսի եղանակ սիրում եմ, իսկական իմ տեղն է։ Ու աղջկա հետ գնացին ապրելու Կապանում», – ասում է մայրը։

Մի քանի օր էր, ինչ տիկին Նունիկը Կապանում էր, երբ սեպտեմբերի 27-ի առավոտյան Հասմիկը սկսեց զանգերին չպատասխանել։

«Դեռ չգիտեի, որ պատերազմ է սկսվել, և որ կրակել են Հասմիկենց զորքի ուղղությամբ․ բոլորը վիրավոր են, հոսպիտալում են։ Անմիջապես գյուղ վերադարձա։ Մեր բակում հավաքված մարդիկ և վառվող լույսն ամեն ինչ գուժեցին»։

Անչափ աշխույժ, ընկերասեր ու բարեհամբույր Հասմիկին զորամասում սիրում էին բոլորը։ Ուրախ մարդ էր, կատակասեր, երաժշտությունն ու պարելն էլ անբաժան էին իրենից։ Նրա նման է նաև 15-ամյա աղջիկը՝ Քրիստինեն։ Տիկին Նունիկի խոսքով՝ նման է Հասմիկին թե՛ արտաքնապես, թե՛ բնավորությամբ։ Ինչպես Հասմիկը, ինքը նույնպես նպատակ ունի բարձրագույն կրթություն ստանալու ու կատարելու նաև մոր երազանքը։

Հասմիկ Սմբատի Արզումանյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառու է։