Հոգեհաց` յոթ հոգու համար հավիտյան

Ավագ սերժանտ դիրքի ավագ Յուրին ամեն անգամ տնից դիրքեր բարձրանալիս մորն ասում էր․ «Մա՛մ, մենակ ինձ համար չէ, 7 մարդու համար ուտելիք դիր, որ երեխեքս էլ նորմալ ուտեն»։ Իր զինվորներին միշտ երեխաներ էր ասում ու այդպես էլ մինչև զոհվելը երեխեքին մենակ չթողեց։

Յուրի Հայրապետյանը հասուն ու հանգիստ էր իր երիտասարդ տարիքի համեմատ։ Հավասարակշռված ու վստահ իր որոշումներում՝ Յուրին Ստեփանակերտի բժշկական ուսումնարանն ավարտելուց հետո հստակ որոշեց, որ սպիտակ խալաթը պիտի փոխարինի զինվորական համազգեստով։ Այդպես էլ պարտադիր ծառայությունից հետո մնաց՝ շարունակելու ծառայել հայրենիքին։

«Երբ 14 օրով դիրքերից տուն էր գալիս, անընդհատ ասում էր՝ երբ են օրերը անցնելու, բարձրանամ դիրքեր երեխեքիս մոտ», – պատմում է մայրը՝ տիկին Սիլվան։

Սեպտեմբերի 26-ին տուն էր եկել, բայց մորը խնդրել էր շորերը չլվանալ, որ պատրաստ լիներ ցանկացած պահի դիրքեր բարձրանալուն։ Առավոտյան իրենց գյուղում՝ Ճարտարում, արդեն պայթյուններ էին լսվել, ու Յուրին միանգամից շտապել էր դիրքեր։

Պատերազմի օրերին Յուրին թոքերի լուրջ բորբոքումով հոսպիտալ էր տեղափոխվել, սակայն երեք օր դեռ չանցած ու չկազդուրված՝ բժշկի հետ կռիվ էր տվել նորից դիրքեր բարձրանալու համար։ Անընդհատ կրկնում էր՝ երեխեքիս մենակ չեմ թողնի։

Հոկտեմբերի 22-ին վերջին անգամ զանգում է տուն ու մորը խնդրում հեռանալ կամ պատսպարվել․ իրավիճակը շատ լարված էր․ առավոտյան արդեն ստանում են նրա վիրավորվելու լուրը։ Վիրավորումից հետո երկար ժամանակ արյունահոսելուց  հետո Յուրիին տեղափոխում են մոտակա հոսպիտալ, սակայն այդտեղ է ավարտվում նրա կռիվը՝ փրկելու մարդկանց կյանքեր ինչպես սպիտակ խալաթով, այնպես էլ զինվորական համազգեստով։

Յուրի Հայրապետյանի ընտանիքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառու է: