Seroj zinvor

Մեկ ամիս բանակից հետո

Բարև, գիտե՞ս, էս անգամ էնպես անսովոր ա: Միշտ նյութ որ գրելուց եմ եղել, չէ ավելի ճիշտ կներես, միշտ չէ, վերջին երկու անգամը, ծառայության ընթացքում, միշտ գրել եմ արձակուրդիս ու չգիտեմ ինչի վերջին օրը, վերջին պահին ու արագ, շտապելով, որպեսզի կիսատ չմնար, բացառությամբ «27. 09. 2020թ., Արցախ» նյութը, որը ոնց հասկացաք, բավականին երկար էր, ու դրա համար այն սկսել էի հենց արձակուրդիս առաջին օրվանից: Այս անգամ արձակուրդ չէ: Հա, ի դեպ, եթե ընթերցողների մեջ կան մարդիկ, ովքեր կարդացել են իմ նյութերը կամ տեսել ֆոտոները ու ինձ ճանաչում են՝ ասեմ, որ ես վերադարձել եմ, ավարտել եմ ծառայությունս, ու դու հաճախակի կտեսնես թե նոր նյութեր, թե ֆոտոներ իմ ստորագրությամբ:

Հիմա պատմեմ մի քիչ իմ մասին, թե ոնց է ընթանում կյանքս, ինչ կա: Սկսեմ հոդվածներ գրելուց, որը  ոնց որ առաջին անգամ լինի կյանքումս, անծանոթ ստեղնաշար, բայց իրականում այն մեծաքանակ նյութերը, որ նախկինում գրել եմ, գրել եմ նույն ստեղնաշարով ու միտքս հեշտությամբ էի շարադրում, դժվար կապակցվող բաներ չկային, ինչպես հիմա է: Բայց ասեմ, հաճելի է, ոնց որ սկսնակ լինես ու պայքարես ամեն խոսքի հետ, որպեսզի լավագույնս արտահայտես մտքերդ:

Երեկ լրացավ մեկ ամիսը, որ ես արդեն իմ ընտանիքի հետ եմ, իմ տանն եմ, իմ սենյակում: Արդեն մեկ ամիս է, ինչ քնելուց առաջ հեռախոսս հանգիստ դնում եմ լիցքավորման և արթնանում հանգիստ, առանց մտածելու, որ  քնած ժամանակ ուրիշը կարող է վերցնել: Գիշերը ֆիլմ եմ նայում, գծագրում հատակագծեր, լոգոներ, մշակում ֆոտոներ և նաև այս պահին այս ուշ ժամին գրում այս նյութը` չմտածելով անգամ, որ քուն հրաման է, ու որևէ սպա չի գա ասի` ինչի՞ քնած չես: Բայց դե առաջին 15 օրը, անկախ իմ քնելու ժամից, վեցն անց տասնհինգ արթնանում էի՝ տեսնում անաղմուկ սենյակ, պատից միացված հեռախոսս, տանն առավոտյան հանգստությունն ու մեկ ուրիշ հաճույքով վայելում այդ երկար սպասված պահը:

Մի քանի օրից կգամ Երևան էլի, ավելի ճիշտ, մշտական կտեղափոխվեմ թե ապրելու, թե մնացած երկու տարին համալսարանը շարունակելու:

Երբ մի քանի օր առաջ Բաղանիսից եկա Երևան, կարծես թե առաջին անգամ էի քաղաքում, բայց գիտեի, որ շենքի հետևում սուպերմարկետն է, որտեղից միշտ գնումներ էի անում տուն գնալուց առաջ: Նույն կերպ համալսարանը: Ես հիմա երրորդ կուրս եմ՝ գնալու եմ դասի ուրիշ համակուրսեցիների հետ: Դեռ չեմ ճանաչում ոչ մեկին, և էլի կարծես առաջին անգամ եմ ուսանող: Իրականում ես երկու տարի սովորել եմ այդտեղ՝ Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի Ազգային Համալսարանում, համալսարան, որը կստիպի էլի քաղաքի անցորդներին շեղել ուշադրությունը դեպի իմ կողմը, իմ ձեռքի գծագրերի ու մեծ գծագրական տախտակի պատճառով, ու արդեն սեպտեմբերյան ոճով, ինչպես միշտ, ծննդյանս օրով, էլի համալսարան սեպտեմբերի 1-ին:

Արդեն քսաներկու տարեկան եմ դառնում, բայց դե վերջին երկու ծննդյանս օրը անմոռանալի էին ինձ համար: Առաջինը մարտավարամասնագիտական դասերին սողեսող ցեխերի մեջ, իսկ երկրորդը` 148 մարտական դիրքում գիշերը, դիրքում կանգնած ժամանակ, տղաների հաճելի անակնկալը. վաֆլիի վրա լցրած սուրճի ու խտացրած կաթի միջոցով ստացված շոկոլադե տորթը:

Լավ ամիս է սեպտեմբերը: Չգիտեմ ինչու, միշտ լավ հիշողություններ են եղել սեպտեմբերի հետ կապված. թե որպես աշնան ամիս,  որն իմ սիրած եղանակն է տարվա, թե որպես արձակուրդներից հետո նոր կյանք մտնելու ու սկսելու ամիս, և ինչու չէ, նաև ծննդյանս օրվա պատճառով: Բայց 2020թ.-ի սեպտեմբերի 27-ը կստիպի ամեն ամիս այդ օրը  լրջանալ, քարանալ, հիշել, փշաքաղվելով հիշել, թե ինչպես առավոտյան սկսեց այդ արյունալի պատերազմը: Փակել աչքերը, ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ես կամ, և շարունակել ապրել, ոնց որ մնացած մարդիկ, այդ ամենը չմոռանալով, բայց թողնելով անցյալում: Այսքանը, երկար չեմ գրի: Ուղղակի գրել եմ, որ ես եկել եմ, ու մենք հաճախ կհանդիպենք իրար, թե նյութի, թե ֆոտոների տեսքով, ու ևս մեկ անգամ էլ կրկնեմ. ուղղակի ուրախ եմ, որ էլի հնարավորություն ունեմ էստեղ գրելու ու իմ նյութերով Ձեզ հետ շփվելու:

Մինչ նոր հանդիպում:

Lilit Abrahamyan

Պապիս թողած գանձերը

Հա, հիմա կմտածեք գանձեր ասելով նկատի ունեմ փող։ Սխալվում եք։ Պապիս թողած գանձերը երբեք չեմ փոխի ինչ-որ բանի հետ։ Նրա թողած գանձերը դրանք գրքերն են։ Երբ պապ ու թոռ  զրուցում էինք, պապս շատ էր սիրում խոսել իր գանձերից՝ գրքերից։ Պատմում էր հերոսների կյանքից, թե նրանք ինչքան բան են սովորեցնում, թե  ինչքան բան են փոխել իր կյանքում, ինչքան կարևոր են իր համար ու միշտ ասում էր․

-Գիրքը կարող է փոխել ներաշխարհդ։ Գրքում դու կարող ես գտնել այն հարցերի պատասխանները, որոնք մարդիկ չեն կարող տալ։

Ու իրոք, պապս ճիշտ էր։

Երբ դեռ փոքր էի, չէի մտածում, որ ինչ-որ գիրք կարող է փոխել վերաբերմունքս մարդկանց նկատմամբ։ Չէի մտածում, որ կլինի գիրք, որ հետագայում կդառնա իմ ամենասիրելի գրքերից մեկը։ Բայց փաստորեն նման գիրք կա․ ինձ համար դա Ռաքել Պալասիոսի «Հրաշք» վեպն էր, որը դասվում է պապիս թողած «գանձերի» շարքին։ Նախքան վեպը կարդալը, ես վերևից էի նայում այն երեխաներին, ովքեր ունեին առողջական խնդիրներ,  խղճում էի  նրանց, փորձում էի ծաղրել։ Բայց դա առաջ էր․․․

«Հրաշքը» ամեն ինչ փոխեց․ թե վերաբերմունքս, թե հայացքներս նրանց նկատմամբ։ Գիրքը սովորեցրեց, որ նրանք մեղավոր չեն։

Մեղավոր չեն, որ ունեն նման խնդիրներ։

Մեղավոր չեն, որ նման կյանք է իրենց բաժին հասել։

Մեղավոր չեն, որ ես չէի գիտակցում իմ սխալ լինելը։

Ու ես հասկացա, որ պետք չէ մարդու մասին կարծիք կազմել արտաքինով։

Հասկացա, որ նրանք են բոլորից ուժեղը։ Քանի որ կարողանում են ՊԱՅՔԱՐԵԼ։

Հ․Գ․«Հրաշք»-ը դարձավ  իմ ամենասիրելիներից և իմ գրասեղանի գիրքը:  Ու «պապիս թողած գանձերը» իմ գրապահարանը լցրեցին, և ինչպես փոխեցին պապիս կյանքը, այնպես էլ իմն են փոխում։

«Վերաբերմունք» /«Einstellung»

Լուսանկարիչ Զավեն Խաչիկյանը Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնում օգոստոսի 24-ին ներկայացրեց իր նոր՝ «Վերաբերմունք»/«Einstellung» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 3-ը։

Լուսանկարչական ցուցահանդեսի հիմքում 2020-2021թթ. համավարակ-պատերազմի պայմաններում գրեթե անշարժացած մշակութային մեր կյանքի բեմահարթակում Երևանի  Իսահակյան թաղամասի բնակիչ` լուսանկարիչ Զավեն Խաչիկյանի բակն է, նրա լուսանկարային անդրադարձները` դիտված բազմաբնակարան շենքի իր պատուհանից:

«Սա մի փորձ է ակնադիտական (visual) տիրույթում հետահայաց զննելու ներկան` նյութի մեջ ընդգծելով արվեստայինը: Դիտողին հնարավորություն կընձեռնվի միջամտել լուսանկարներին` դառնալ համաստեղծող: Նախագծի ոգեշնչման աղբյուր է հանդիսացել գերմաներեն լեզվի «Einstellung» («Վերաբերմունք») բառը. ակնադիտական արվեստում ընդգրկուն հասկացություն, որին մանրամասն անդրադարձել է գերմանացի հանրահռչակ ռեժիսոր Վիմ Վենդերսը»,-ասում է Զավեն Խաչիկյանը։

Ցուցահանդեսի առաջնային հիմնախնդիրներն են` լուսանկարչության և արվեստի  այլ բնագավառների միջև կապերի  զարգացման հարցերի քննարկումը, արդի լուսանկարչության այլընտրանքային ուղիների բացահայտումը, լուսանկարչություն-մարդ-միջավայր-իրադարձություն հարաբերություններում  արվեստային գործոնի կարևորումը, պատկերահանդեսի` նորարարական ինտերակտիվ հարթակի վերակերպումը:

Լուսանկարները` Աիդա Շահբազյանի

Կեչուտի հիվանդանոցը

Կեչուտ գյուղի հիվանդանոցի տեղում առաջ ճահճոտ վայր էր,  մինչև կառավարությունը որոշեց, որ պետք է կառուցվի հիվանդանոց, որը եղավ բոլոր գյուղացիների և ոչ միայն գյուղացիների, այլ հարակից տարածքների լավագույն հիվանդանոցներից մեկը։

Էմմա տատիկը թախիծով, բայց մեծ հպարտությամբ պատմում է: Սկսեց ամենասկզբից, թե  երբ է կառուցվել։

-1989 թվականի սեպտեմբերից սկսել է աշխատել հիվանդանոցը, երեք հարկանի էլ եղել  է: Ամեն հարկը բաժանված է եղել  մասերի: Առաջինը մանկական բաժինն էր, երկրորդը` ծննդաբերության, երրորդը` վիրահատական և թերապիայի  բաժինը։ Բժիշկները լավագույնն էին՝ Հակոբյան Սիլվան, Սլավիկ Ծատուրյանը  (մանկական բաժնից), ծննդաբերականից` Բելլան (ազգանունը չեմ հիշում), թեև նրան բոլորը գիտեին Բելլա, Օպերացիոն բաժնից` Վալերի Ջալալյանը։

Սարքավորումներով  հագեցած էր: Բոլորը ձեռք էին բերված Ամերիկայից, գերհզոր էր ամեն բան։ Հանրապետությունում  նման սարքավորումներ ունեցող, այն էլ էդ թվականներին, շատ քիչ էին։ Ունեինք գաղտնի ստորգետնյա տարածք, որտեղ կարող էին պատերազմի ընթացքում 100 հիվանդի բուժել  և տեղավորել,- ժպիտով ասաց,- ինչքան գետնի վրա է, այնքան էլ տակն է: Դեղորայքները նույնպես Ամերիկայից էին։ Տոննաներով սնունդ էին ստանում, բաժանում հիվանդներին: Անգամ ամեն հարկում մատուցողներ կային, որպեսզի սպասարկեին հիվանդներին։

Մինչ  Էմմա տատիկը իր խոսքը կավարտեր, ամուսինը ներս մտավ, ասաց.

-Ուտելիք  ասեցիք` հիշեցի: Կային  այնպիսի մթերքներ, որոնք մեզ անծանոթ էին, – հավելեց Էդիկ պապիկը,- հիշում եմ,  մի օր ձվի փոշի էինք բաժանում ժողովրդին, հետաքրքրեց, թե  ինչ է:  Մեր բախտից մնացել էր  մեկ հատ:  Խոհարարին  ասացի`  փոքր ժամանակ սրանից կերած կա՞, ասաց` հա՛: Դե  պատրաստի`  տեսնեք էդ ինչ ա: Պատրաստեց,  ու եղավ պանիր: Փաստորեն դա պանրի փոշի էր, այլ ոչ թե ձվի, անգլերեն գրվածն էլ չէինք հասկացել:  Բայց ամենահամեղը շոկոլադի փոշին էր։

Բայց  հիվանդանոցն այս ամենով չէր սահմանափակվում: Ունեցել է քոլեջ, որի շրջանավարտները մինչև այսօր աշխատում են և շատ լավ մասնագետներ են։

Իսկ թե որ դեպքը երբեք չի մոռանա, խորը հոգոց հանելով պատմեց.

-Այն, որ աղջկա կյանք ենք փրկել ես և ընկերուհիս (մենք մաքրուհիներ էինք):

Ծանր հիվանդ աղջիկ բերեցին մեզ մոտ, համարյա մահամերձ: Ես ու ընկերուհիս էինք` Օվսանը:  Միանգամից տեղափոխեցինք պալատ, իր հետ տառապեցինք, շատ ծանր գիշեր էր,  մինչև լույսը բացվեց, եկավ գլխավոր բժիշկը։ Հարցրեց, թե ուր է ծանր հիվանդը, ասացինք` վերակենդանացման բաժնում: Աղջիկը հիմա լավ է ամուսնացել  է:

Հիվանդանոցը աշխատել է միչև 2005 թվականը, ապա երկրի փոփոխությունների հետ նաև փոխվեց նաև հիվանդանոցը: Այլևս չէին կարողանում աշխատակիցներին  աշխատավարձ տալ և ապահովել շենքի ծախսերը։ Այդպես փակվեց հիվանդանոցը, իսկ շենքը մնաց լքված ու ամայի:

Tsovinar Galstyan

Բարի անծանոթին

«Երբեմն կարևոր խոսքերը պետք է ասվեն, որպեսզի լռությունը դատարկ չմնա»:  Հրաչուհի Ութմազյան

 
Օրեր են անցել, բայց պահի ջերմությունը մնալու է երկար, որովհետև իսկական զգացմունքները, որոնք նույնիսկ կյանք չեն ապրել, հիշվում են առաջին սիրո ջերմ ելևէջների նման:

Նա գեղեցիկ էր․․․
Կան գեղեցիկ դեմքեր, դեպքեր, դիպվածներ, որոնց  գեղեցկության քո պատկերացումների մասին խոսել չես կարող, որովհետև պետք չեն բառեր, որոնք կբացատրեն քո զգացածը: Այն, ինչ զգում ես ներսում, դրանք չունեն բառեր: Դրանց պետք չեն բառեր:
Մենք՝ մարդիկս, ունենք մեր խնդիրները ուռճացնելու բնավորություն, բայց այս խնդիրները չքանում են, երբ տեսնում ես ու լսում ես դեպքեր, որոնց մեծությունը քեզ սովորեցնում է շնորհակալ լինել ու միշտ պայքարել կորցրածը ետ բերելու համար:

Հայրենիքի հանդեպ կարոտը դարձավ կարոտներից այն մեծը, որը մեզ արթուն  է պահելու մինչև այն անժամկետ պահը, երբ հնարավորություն կլինի կարոտդ փարատելու պահն ապրելու․․․ Մեր մեջ կան բացակա մնացած կարոտներ, որոնց  մեծությունը թուլանալու թույլտվություն չի տալիս մեզ:

…Նա քայլում էր, ես՝ վազում, որովհետև ցավում էր ատամս ու պիտի դեղ գնեի։ Կյանքից հոգնած ու զայրացած քայլելիս շուրջդ նայելն էլ դառնում է անիմաստ գործողություն, մինչ այն պահը, երբ կյանքը քեզ ուղարկում է  սթափվելու խրատ:
Գլուխս բարձրացրի, ու մի մարդ հենակի օգնությամբ փորձում էր տանից դուրս գալ, ու իր ապրելու և ուժեղանալու մասին պատմող հայացքը ինձ սթափեցրեց:
Հայացք էր, որի անխոս ու սիրուն լռությունը արժեքավոր էր հազարավոր բառերից, հայացք էր, որի խոսուն լռությունը ուժեղ էր հազարավոր դեղերից: Ինչու՞, որովհետև հասկանում ես, որ նախքան սեփական խնդիրներիցդ վախենալը, բարկանալը, կարելի է հասկանալ մի պարզ ճշմարտություն․ հաղթում է այն մարդը, ով ոչ մի վայրկյան չի չարանում։ Ասում էի, որ պատերազմից հետո ոչինչ ինձ չի ցավեցնում, բայց մի փոքրիկ խնդիր, ու ես չարացել էի, թուլացել, բայց երբ հետհայացք եմ նետում, հասկանում եմ, որ կան խնդիրներ, որոնք մեզ հավերժ կառչած են պահում կյանքին, որովհետև դրա հասցրած ապտակը դաջվում է սրտիդ՝ մինչև վերջ, բայց կան խնդիրներ, որոնք այնպես են դաս տալիս, որ դու հավերժ պարտական ես լինում հանգամանքին․․․

Օրեր են անցել, բայց ես դեռևս կառչած եմ պահից, որովհետև հասկացա մի պարզ բան. անտարբեր գնացի, գնեցի դեղ, խմեցի  և լավացա, բայց Մարդ, ով դժվարությամբ էր շարժվում, նա շարունակելու է մնալ նույն իրավիճակում: Նա շարունակելու է կյանքով լի աչքերով նայել շատերի աչքերին ու բժշկել․․․

Կան հայացքներ, որոնք լուռ են, անխոս, առանց մի բառի, բայց արժեն մի ամբողջ կյանք:

Գյուղս. համերի, հիշողությունների ու մարդկանց մասին

Գյուղը մշտապես համերի, հիշողությունների ու մարդկանց մասին է:

Լիքը տխրություն ու կարոտ կա ամեն պահի մեջ: Մեծանում ես և հետո զգում, թե ինչքան է յուրաքանչյուր ձևավորված մասնիկդ կյանք առած այս ամենից:

Քայլում ես գյուղում, Անիկ տատը կանչում հարցնում է, թե ով եմ ու անվերջ կարոտած համբույրներ թողնում այտիս: Ինձ գուցե մեկ-երկու անգամ տեսած լինի, ես նրան չէի հիշում, բայց նույնն էի զգում: Կարծես իր մեջ ամփոփված լիներ ողջ հավաքական գյուղը, կարծես նրա աչքերը պատմեին իմ կարոտած հիշողությունների մասին:

Մորական կողմի պապիս տուն գնացի, որը վաղուց լքված է, արդեն տեղափոխվել են: Մինչև հիմա հիշում եմ դրսի խոհանոցից եկող տաք հացի հոտը, որից հետո միշտ ալյուրի շերտով էին պատվում ձեռքերս, ու ես մատներս լայն տարածած գրկում էի տատիս, որ չսպիտակեցնեմ իրեն: Բայց դե ժամանակը սպիտակեցրեց տատիս, խոհանոցի դուռն էլ հավերժ փակեց իր ետևում սպիտակ հեքիաթով լցված մանկությունս:

Գյուղը շատ էր դատարկվել, շատ դռներ էին հավերժ փակվել, որ էլ երբեք սպիտակ թարմ ներկի խեղդող անուշահոտը չէին զգալու:

Մանկությունից տպավորված անվերջ ակտիվությունը, շարժը, աշխատանքը կարծես կանգ առած լիներ, կարծես գյուղը հոգնած լիներ ու մտած լիներ հավերժ հանգստի մեջ: Ես էլ զգուշորեն էի քայլում ու շշուկով խոսում, որ չխանգարեմ նրա անդորրը:

Լուռ քայլում էի` կանգ առնելով ու վերապրելով յուրաքանչյուր անկյունում կատարվածը, բարևում ծանոթ-անծանոթին` հետևում թողնելով կիսազննող հայացքները, որ փորձում էին բացահայտել անծանոթի ինքնությունը:

Երևի ժամանակը անծանոթ է դարձնում մեզ, ու կյանքի մեկ ուրիշ փուլում նույն տեղում հայտնվելով մենք նորից ենք ծանոթանում կամ անխոս հիշեցնում մեր մասին` վերապրելով այնպիսի պահեր, որ միայն մեզ է պատկանում:

Khachik Grigoryan

Մուտքն ազատ չէ

«Պիտի սիրես քո ընկերոջը ինչպես քո անձը»: 

(Ղևտ. 19:18, Մատթ. 22:39,  Մարկ. 12:31, Ղուկ. 10:27)


Փողոցներում թափառելս կարոտել եմ։

Ավտոբուս չեմ սպասում, ոչնչի չեմ սպասում։
Կանգառների ու շենքերի ծածկերի տակ այլևս չեմ կանգնում, որովհետև ուզածս ինձ հետ խոսել չցանկացող անձրևն է, ուզածս` սովորություն դարձած ջերմ գրկող արևին բաց երկնքի տակ սպասելն է։

Ուզում եմ հասնել նրանց լու՜ռ խորհրդատվությանը։
Այս ինքնամերժումս չմտածեք, թե ինքնասպանություն է կամ էդպիսի մի բան։
Հրաժարում։
Հրաժարում սահմաններից, որ անցել եմ գուցե շատ անգամ, կամ անցել եք դուք։
Հրաժարվել և ինքնամաքրվել։

Ընկեր… Ձեռքդ մի ծանրացրու բանալիների այդ խրձով, մի լարիր աչքերդ ու մի փնտրիր իմ կողպեքներին համապատասխան բանալի։ Ես փակ դռներ չունեի, կողպեքներն էլ կոտրված են արդեն, ի՞նչ ես փորձում։
Իմ ճանապարհին դռներ չկան ինչպես քո, այնպես էլ այն անծանոթի համար, որ նույնիսկ բարև չենք տալիս։ Ես նույնացնում եմ ինձ մոտեցնող ուղին բոլորի համար։

Մինչև քեզ ես ունեի իմ աշխարհ հասցնող երկար ճանապարհ, ես խստապահանջ էի իմ կառուցած աշխարհ մուտք-ելք անողների նկատմամբ։ Քմահաճ ընկեր եմ ես, եթե անցատոմս ես ստացել իմ աշխարհ, ուրեմն վերացրու բոլորինը լինելու սովորությունդ։

Գուցե դուրդ չգա, բայց ես սեփականատիրոջ հոգեբանությամբ ամեն ինչով ապահովող ընկեր եմ ու ես տեր եմ։ Իսկ քեզ տեր լինելու, քեզ հոգ տանելու, քեզ լսելու, քեզ ուղղորդելու, ինձ քեզ նվիրելու պատրաստ լինելս չեմ սիրում, որ փոխարինում ես։

Իմ կյանքում ազատ ունկնդիրներ չկան, հյուրեր էլ չկան։ Անիմաստ հնչող արտահայտություններից է «զգացեք ձեզ, ինչպես ձեր տանը»։ Իսկ ես ի՞նչ իմանամ դու քո տանը քեզ ինչպես ես զգում։ Դու գուցե ամեն օր մտնում ես տուն ու լաց լինում, մտնում ես տուն ու զգում, որ քունդ տանում է, տանը զգում ես, որ ամենախաղաղն ես, կամ զգում ես` հեսա կգժվես։ Տունը վերադարձի տեղն է։ Իսկ ինձնից դու չպիտի գնաս ու հետևաբար, չպիտի վերադառնաս։

Ինձ մոտ զգա քեզ ինչպես ինձ մոտ։

Մի ձևացրու։ Եթե կգա մի պահ, որ կփոխվի զգացողությունդ ու այլևս ինձ մոտ չես զգա քեզ ինչպես ինձ մոտ զգում էիր, ուրեմն մի արի։ Ես կստորագրեմ քո՝ իմ աշխարհը լքելու ազնիվ որոշումը։

Էնքան գնացիր-եկար իմ դարպասներից ներս, որ արդեն դարձրել եմ մուտքն ազատ։ Հիմա արդեն անծանոթին էլ ուզում եմ ձեռքերս լայն բացած գրկել։
Հանում եմ շուրջս պարսպված սահմանները, որոնք թե՛ իմ չանցնելու և թե՛ քո չառաջանալու համար էին։
Դու ունես հետաքրքրասիրություն աշխարհի հանդեպ․ սիրում ես քաղաքականությունը, հետևում ես լրատվականներին, որ գլուխ են արդուկում, կարդում ես գրքեր, փնտրում ես արկածներ, երգում ես շարականներ, և՛ ամենաերջանիկն ես, և ՛ ամենադժբախտը..․ և հավատավորը։
Ինքնամաքրմանս ամենադաժան փուլն այն պահն է, որ համոզում եմ ինձ, որ ոչ ոք և ոչ մի բանի համար ինձ պարտական չէ, արի և դու էլ օգնիր ուղեղս մտցնել սա։
Ոչ ոք պարտավոր չէ հենց այնպես սովորեցնել ինձ հավատալ և  ընկերանալ ինձ հետ, փակել սրճարանում իմ հաշիվը, կամ լիցքավորել հեռախոսս, հետաքրքրվել առողջականովս ու այցի գալ նուշով ու ընկույզով։ Չէ, չէ։
Եթե հանկարծ ես կորցնեմ այն,  ինչ դու սովորեցրել ես, գրպանիցդ էն անպետք բանալիների խուրցը չհանես, ոչ էլ դրամապանակդ` հաշիվ փակելու համար։
Ինձ ուղղակի ժամանակ տուր հիշելու։ Իսկ եթե չհաջողվի ինձ հիշել, չանհանգստանաս։  Հիշողությունն ամենաթանկն է, որ մենք ձեռք ենք բերում կյանքում։ Անցյալը ներկայում պահելու տարածքն է հիշողությունը։
Բայց կրկնությունը պետք չէ․ դեժավյու պետք չէ, նորովի կապրեմ…
Գուցե ավելի կատարելագործված, գուցե և ավելի սերտող, գերազանց սերտող աշակերտ կլինեմ ընկերության դասերի համար և կարող կլինեմ շալակել քո մտագրածը։
Նորը կսովորեմ։ Երգիր «Տե՜ր, Ողորմեա», և Տերը կողորմա։

Ես պատրաստ եմ նստել տխրությանդ կողքին, երբ տագնապում ես, երբ հուսահատված ես, և ես չեմ փորձի ուղղորդել քեզ և ներկայացնել իմ միատեսակ սեփական կարծիքը։
Չէ՞ որ, մենք հանդիպել ենք այն ժամանակ, երբ միայնակ ու անպաշտպան էինք։

Վանքերը քեզ սպասում են, որ կորես էնտեղ, իսկ դավաճաններին ժպտալը քեզ պե՞տք է դեռ։
Ես անգրագետ եմ և միայն ունակ եմ քեզ լսել…
Երջանիկ պատահականության դիպված՝ իմ ընկեր, դու կհիասթափվես, կհանդիպես դժբախտությունների, և ես քեզ հետ, այո, կտառապեմ։
Սովորեցի պարզապես լսել քեզ, բայց քո խոսքերում ու գրքերում ոչ մի տեղ ասված չէր՝  լինել կապի մեջ սեփական եսի դրսևորումների հետ:
Թե բա` նվիրում, նվիրվել, սիրել անձի պես…
Վերցրածդ պատասխանատվությունը ավելի մեծ էր, քան Ավետարանում չորս անգամ հաստատած միտքը։ Իմ անձի պես սիրել կարողանալու համար պիտի անձը ճանաչել։
Ուսիդ հենվելու համար կամ ես շատ ծանր եղա, կամ էլ քո ուսին այնքան մարդիկ էին հենված, որ չես դիմանում։

Բայց…
Ինչո՞ւ է այնպես լինում, որ չեն խաչվում մեր հայացքներն ու մտքերը:
Հնարավոր է` չենք փնտրում, և հնարավոր է` չենք էլ ցանկանում ուժի մասին այդ կոնտեքստում հանդիպում ունենալ:
Ընկեր, մենք հանդիպեցինք, բայց ես քո մտագրերը դավաճանելով, մի այլ տեղ կարդացել եմ, որ սովորաբար երկու էություն միավորվում է մի ընդհանուր պատասխանատվությամբ, դե իհարկե, դրանից փախչել չես կարող:
Հիմա ես վստահ կարող եմ ասել, թե ինչու այդ հանդիպումները այսքան զարհուրելի են և հաճախ լինում են ցավոտ, քանի որ հասցնում է ընկերական հարաբերությունների անսպասելի ավարտի:

Դու քեզ հյուրի պես ես պահում։ Դու հանգիստ չես փռվում ու անընդհատ մտածում ես քո տարածքում չլինելու մասին։

Նայիր ինձ, ողղակի նայիր, ես չեմ նայի քեզ, որ չխաչվեն մեր հայացքները ա՜յ այն ուժի կոնտեքստում, նայիր և տես ինձ այնպիսին, ինչպիսին ես եմ, ինչպիսին կամ  իրականում,  և ոչ այնպիսին, որ դու պատկերացնում ես։ Նայիր և զգա ինձ այնպես, ինչպես զգացել ենք իրար ընկեր դառնալու պահին։

Գուցե այդ ժամանակ նորից միասին կթափառենք փողոցներում, ծածկերի տակ կվազենք, որ չթրջվենք, ես էլ արևի սովորության զոհը չեմ դառնա ու գրկելուն կարոտ չեմ մնա։
Կխոսեմ, և դու նորից մտագրերիդ հաստափոր գիրքը կբացես ու լռության արժեք ունեցող մտքերդ կպատմես ինձ…

Հրաժարու՞մ սահմաններից։
Ես երևի մի օր նորից դարպասներ կառուցեմ, որ իմ աշխարհ ներսուդուրս անելը դժվար լինի ինչպես մինչև քեզ էր։

Ինքնամաքրված եմ, որովհետև քո Տերը ինձ էլ ողորմաց։ Ես հիշողություն ունեմ՝ ամենաթանկը ներկայում, հիշողություն, որ սիրել եմ ինչպես իմ անձը, որովհետև ճանաչել եմ քո անձը։

Lilit vardanyan

Ո՞նց թե, պատվաստվա՞ծ ես

-Տատ, արի գնանք պատվաստվելու,- առաջարկում է եղբայրս։

-Պատվաստվելը ինչի՞ս ա պետք,- ամեն անգամ պատասխանում է տատիկը։

Մոտ 4 ամիս է, ինչ Հայաստանում կան պատվաստանյութեր, բայց շատ քիչ մարդ գիտեմ, ովքեր արդեն պատվաստվել են։ Պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունը բոլոր երկրներում է, բայց Հայաստանում կորոնավիրուսը արդեն վաղուց մոռացված հիվանդություն է։

Պատվաստանյութերի առաջացումը բերեց նոր օրենքներ և նոր սահմանափակումներ, որոնք ոչ բոլորին են դուր գալիս։ Իսկ ինչու՞ լինել պարտավորված պատվաստվել ճանապարհորդելու համար, ինչու՞ դիմակ կրել, եթե պատվաստված չես, ինչու՞ պատվաստվել, եթե վարակն ուղղակի հիվանդություն է։

-Լիլիթ, նախագիծ կա, որ ուսանողները կա՛մ պետք ա պատվաստված լինեն, կա՛մ էլ երկու շաբաթը մեկ թեստ հանձնեն։

-Պապ, բայց մի քիչ ու՞շ չի։ Գոնե ամառային արձակուրդների ընթացքում որոշումը կայացնեին։ Համարյա վստահ եմ, որ ոչ մեկը չի ուզի պատվաստվել,-պատասխանեցի ես։

Լինեմ անկեղծ, բավականին ուրախ էի՝ լսելով այդպիսի նախագծի հնարավոր լինելը, բայց միաժամանակ պատկերացրի համալսարանում տիրող խառնաշփոթն ու բողոքները․ մի ամբողջ գլխացավ։

Պատվաստվելու մասին ես մտածել էի այդ նախագծի մասին լսելուց շատ ժամանակ առաջ։ Բայց մինչ այդ ես չէի ունեցել ժամանակ կամ էլ առիթ պատվաստվելու համար, որովհետև որքան էլ վճռական լինեի, միևնույն է, ունեի որոշ պատճառներ և կասկածներ չպատվաստվելու համար։

Ընտրությունը շատ չէր։ Քանի որ հայրիկս շատ է ճանապարհորդում, իսկ հորեղբորս աղջիկը պետք է գնա Կանադա, նրանք արդեն պատվաստվել էին Աստրա Զենեկայով։ Ինձ այդքան էլ դուր չէր գալիս այդ Աստրա Զենեկայով պատվաստվելու միտքը, որովհետև կողմնակի էֆեկտները ինձ դուր չեն գալիս։ Սպուտնիկը միանգամից բացառվեց միայն ռուսական լինելու պատճառով (որոշ չափով էլ Աստրայի նման կողմնակի էֆեկտների)։

Վերջնական որոշումս դարձավ Կորոնավակը, որովհետև իմ որոնումների արդյունքում պարզվեց, որ մարդիկ չեն ունենում ջերմություն և թեթև են տանում պատվաստումը։

Մեգամոլի դիմացի պատվաստման կետում հերթ էր՝ մասնավորապես պարսիկներից կազմված։ Անիմաստ չսպասելու համար հարցրինք՝ Կորոնավակի միայն երկրորդ դեղամիջոցից կար։

-Կարո՞ղ եք էրեխեքին պատվաստել,- հարցրեց հայրիկը պոլիկլինիկայում։

-Երեխաներին չենք պատվաստում,- ասաց բուժքույրը՝ ենթադրելով, որ ես ու եղբայրս դեռ երեխա ենք։

Հայրիկը դեռ չէր հասցրել հասկանալ, թե ինչ է կատարվում, երբ ես, սովորության համաձայն, միանգամից պատասխանեցի․

-Բայց մենք էրեխա չենք։

Մի քանի րոպե սպասելուց և սենյակները պարզելուց հետո, մենք արդեն գրանցվում էինք՝ Կորոնավակով պատվաստվելու համար։

-Առաջինը աղջիկը,- ասաց մեզ ստուգող բժիշկը։

-Չէ, թող առաջինը ինքը լինի,- ասացի ես՝ մտածելով, որ գրանցվելուց հետո միանգամից պատվաստելու են։

Ամբողջ ամառվա ընթացքում այդքան ժամանակ ունեի պատվաստվելու, բայց երբեք չէի պատկերացրել ինձ պատվաստվելուց։

-Ճնշումը՝ 110/70,- ասաց ինձ ստուգող բժիշկը, որը ինձ բավականին զարմացրեց, որովհետև դեռ կես տարի առաջ 90/60 էր։

-Ծերանում եմ էլի,- կատակեցի ես։

Առաջին անգամ իմացա սատուրացիայի մասին, որը բավականին բարձր էր։

Պատվաստման սենյակում մեզնից առաջ 4 հոգանոց ընտանիք էր։ Կինը և տղամարդը սպասում էին մյուս երկուսին։

- Չե՞ք պատվաստվում,- հարցրեց բժիշկը։

Նրա տոնից երևում էր, որ առաջին անգամը չէր տալիս այդ հարցը։

-Սպասենք մյուսներն էլ գան, որ բոլորով միասին պատվաստվենք,- ասաց կինը, որի աչքերում մի փոքր վախ կար։

Որոշ ժամանակ անց ես և եղբայրս նրանցից առաջ անցանք։ Պատվաստողը բարեհամբույր և ժպտերես 50-ն անց կին էր։ Նա նույնպես սկսեց ինչ-որ թղթեր լրացնել։

-Հիմա մեր սիրուն աղջկանը,- ասաց նա, երբ վերցրեց իմ թղթերը,- բա դուք պատվաստվե՞լ եք, որ ձեր էրեխեքին ռիսկով բերում եք պատվաստվելու,- հարցրեց նա հայրիկիս։

-Ես շուտ եմ պատվաստվել,- պատասխանեց հայրիկս և ցույց տվեց իր սերտեֆիկատը։

-Առաջինը դու ես,- ասացի ես եղբորս՝ շատ լավ գիտակցելով, որ միևնույն է, հաջորդը ես եմ լինելու։

Չունեմ վախ բժիշկներից կամ պատվաստվելուց, բայց պատվաստանյութի ազդեցության մասին քիչ տեղեկությունը կամ էլ տեղեկության պակասը անհանգստացնող է։

-Իսկ կարո՞ղ եք ձախ ձեռքը պատվաստել,- հարցրի ես, որովհետև սիրում եմ աջ կողմի վրա քնել և աջլիկ եմ։

-Իհարկե, իմ սիրուն աղջիկ։

Մի փոքր ավելի ցավոտ էր, քան պատկերացնում էի (իսկ ես մտածում էի, որ չի ցավի)։

Պատվաստանյութի առաջին դեղաչափից ոչ մի կողմնակի էֆեկտ չզգացի, բացի պատվաստված ձեռքի մի փոքր ցավից։ Երեկոյան չափեցի ջերմությունս՝ 36,5 էր։

«Էրեխեք, ուսանողների պարտադիր պատվաստման մասին տեղյա՞կ եք»,-կարդացի ես, երբ մտա կուրսի չատ։

-Սկսվե՜ց,- ասացի ես՝ հիշելով կորոնայի պատճառով անցած ուսումնական տարվա խառնաշփոթը։

Հ․Գ․- Պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալու եմ դասերը սկսելուց մի շաբաթ անց։ Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի, և թեթև կտանեմ։

marat sirunyan

Գեղջկական խաղիկ

Հագեր իս կարմիր սոլերդ,
Յարո՜ ջան,
Կերթաս սարը՝ սինձ ժողվելու,
Ջանե՜ ջան,
Սարե՜ր, ծաղգնե՜ր, յարիս բույրը
առեք,
Որ գամ ձեզ մոտ, կարոտ սիրդս զով
անեք։
Ա՜խ, էրվել եմ, յա՜ր, քո սիրուց,
Սիրդս արուն-արցունք՝ կուց-կուց,
Թող արա, որ քեզի մոտ գամ,
Վառ երեսիդ մեկ համբույր տամ։
Ա՜խ, էդ ի՞նչ սար ես դու ելել,
Յարո՜ ջան,
Ծաղկի տեղաք ցավ ես բերել,
Ա՜խ, յա՜ր ջան,
Սիրդկոտրուկ է, ա՜խր, սիրտս
կվառե,
Ինձի խղճա, իմ սիրդը դու մի հանե։
Աղջի՜կ, էդ քո սիրդը քար է,
Իմ արցունքը քեզ համար է,
Ինչո՞ւ սիրուս սազ չես անում,
Ա՜խ, ինձ հալ ու մաշ ես անում։