
Լուսանկարը՝ Սիրան Մանուկյանի
Այսօր Հայաստանում շատ խնդիրների կողքին ես կդնեի նաև պատանիների` հատկապես մարզերում բնակվող պատանիների վատ տեղեկացվածության հիմնախնդիրը: Մարզերում ապրող, սովորող աշակերտները շատ վատ են տեղեկացված, որ իրենք հնարավորություն ունեն մանակցելու միջազգային մրցույթների, ֆորումների, տարբեր ծրագրերի, անդամագրվելու ինչ-որ կազմակերպությունների, քանի որ դպրոցներում նման բաների մասին տեղեկություններ չեն տալիս: Նման ծրագրերի մասին հիմնականում իմանում են այն աշակերտները, ովքեր Երևանում սովորող ընկերներ և ծանոթներ ունեն: Միայն վերջին երկու-երեք տարիների ընթացքում է, որ որոշակի չափով մեծացել է տեղեկացվածության աստիճանը: Երբ ես դեռ դպրոցական էի, նման դասընթացների, ծրագրերի մասնակցել եմ միայն անգլերենից, քանի որ ուսուցիչս էր հետաքրքրվում, իմանում և իր աջակցությամբ էր, որ մենք մասնակցում էինք դրանց: Դա նաև խթան էր, որպեսզի մենք ավելի լավ սովորեինք: Սակայն նույն դպրոցում սովորող քույրիկիս ուսուցիչը չէր հետաքրքրվում, և նրանք հնարավորություն չէին ստանում որևէ ծրագրի մեջ ընդգրկվելու: Առաջին անգամ համալսարանում էր, որ զգացի, թե որքան տեղեկացված են քաղաքի երեխաները` ի տարբերություն մարզերի երեխաների: Դասընթացի ժամանակ սկսեցին խոսել ֆորումներից, և ես սկզբում չէի հասկանում ինչի մասին է խոսքը, այնինչ նրանք դրանց մասնակցում էին դեռ դպրոցական տարիքից: Դա նաև օգնել էր նրանց ազատվել բարդույթներից: Իմ կարծիքով պետք է տեղեկացված պահել նաև մարզերի երեխաներին, քանի որ նրանց մեջ հաստատ կգտնվեն տաղանդավոր և, հնարավորության դեպքում, մեծ ապագա ունեցող երեխաներ:
Պատանիների հիմնախնդիրների շարքին կարելի է դասել նաև կենդանի շփման պակասը, և դրանում տեխնիկայի դերը: Այսօր շատ երեխաներ նախընտրում են երկար նստել համակարգչի առաջ իրենց հասակակիցների հետ դրսում խաղալու փոխարեն: Կամ էլ եթե նախկինում զբաղված մայրիկներին փրկում էր երեխաներին մուլտֆիլմով հանգստացնելը, այժմ դա անում են համակարգչային խաղերը: Ես ինքս էլ շատ ծանոթներ ունեմ, որոնց երեխաները դեռ երեք-չորս տարեկանից սկսել են օգտվել համակարգչից, մինչդեռ մենք ինքներս այդ տարիքում նույնիսկ չէինք էլ կարող երազել հեռախոսի մասին: Այսօր տեխնիկայի մեծ առաջընթացը նույնիսկ հնարավորություն չի տալիս երազել: Սոցիալական կայքերի առկայությունը պատճառ է դարձել կենդանի շփման պակասի: Հիմա երիտասարդության մեծ մասը գրանցված է Facebook, Twitter, Instagram սոցիալական կայքերում և գուցե օրվա մեծ մասը անցկացնում է այդտեղ: Մեծ մասի համար լուսանկարվելն անհրաժեշտ է նոր գլխավոր նկարի համար: Իմ կարծիքով այսօր փոխվել են նաև շատ արժեքներ: Շատերը հին ընկերների հետ հանդիպելու փոխարեն նախընտրում են մի քանի նամակ փոխանակել, դրանով իրենց պարտականությունն ավարտած համարելով: Այսպիսով շփման պակասը, շփում ասելով հասկանալով զուտ համակարգչի կամ հեռախոսի միջոցով շփումը, հանգեցնում է մեկ այլ հիմնախնդրի, այն է`բարդույթներ ունենալուն: Եթե երիտասարդներին հարցնես. արդյո՞ք գիրք կարդում են, թե ոչ, և դրան հետևի ոչ պատասխանը, ապա նրանք հաստատ արդարանալու տարբերակ կգտնեն` պատճառաբանելով, որ ժամանակ չեն ունեցել, մինչդեռ բավականին երկար ժամանակ կարող են անցկացնել համակարգչի առաջ: Տեխնոլոգիաները ստեղծված են հեշտացնելու մարդու կյանքը, բայց ոչ զրկելու նրան իրական կյանքով ապրելու հնարավորությունից, քանի որ մանկության, պատանեկության, երիտասարդության տարիները համակարգչի առաջ անցկացնելը կզրկի հետագայում ունենալ հիշողություններ ընկերների հետ անցկացրած լավ պահերից, որոնք ավելի արժեքավոր են:
Նոր ուսումնական տարի է սկսում, և ես հույս ունեմ, այս տարի իմ արտահայտած մտահոգությունները մտածելու տեղիք կտան իմ հասակակիցներին:
Ամեն ինչ սկսվեց հենց այն ժամանակ, երբ ես ավելի լրջորեն և ուշադիր լսեցի կլառնետի վայելուչ հնչյունները: Երբ ես յոթ տարեկան էի, ծնողներիս հայտնեցի, որ ուզում եմ հաճախել երաժշտական դպրոց: Քանի որ հայրս նույնպես կլառնետ է նվագում, դա շատ դուր եկավ նրան, և ինձ ուղարկեց երաժշտական դպրոց: Իմ կլառնետի ուսուցիչը հայտնաբերելով իմ մեջ գործիքին տիրապետելու տաղանդը, հաճախակի ինձ ներկայացնում է տարբեր մրցույթներում և փառատոներում, որտեղ ես մեծ հաջողությամբ եմ հանդես եկել: Այս ասպարեզում իմ ամենամեծ հաջողությունն այն էր, որ 2013 թվականի ապրիլին մասնակցեցի Գյումրիում «Վերածնունդ» միջազգային փառատոնին: 2500 մասնակցի մեջ հայտնվեցի լավագույն 30 պատանի երաժիշտների շարքում և ստացա դիպլոմ «Լավագույն կատարող» անվանակարգում: Վերջերս` հունիսին, UNESCO-ի նախաձեռնությամբ Երևան էր հրավիրվել Մոսկվայի պետական կոնսերվատորիայի փողային բաժնի ամբիոնի վարիչ Ռաֆայել Բաղդասարյանը: Այցի նպատակն էր`ստուգել երեխաների ունակությունները: Լոռու մարզից ինձ ընտրեցին գալ Երևան և մասնակցելու այդ լսումներին: Պարոն Բաղդասարյանը ինձ մասնագիտական օգտակար խորհուրդներ տվեց, հորդորեց, որ ավելի շատ ուշադրություն դարձնեմ դասական կատարմանը, և ասաց, որ ունեմ շատ լավ տվյալներ բարձրակարգ երաժիշտ դառնալու:
-Մանե, կցանկանա՞ս ճամբար գնալ,- հարցրեց ինձ հայրս:




